RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 26-04-2019



Տեղադրվել է` 2019-04-26 00:33:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 1497, Տպվել է` 228, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՐՁԱՎ ՎԼԱԴԻՄԻՐ ԶԵԼԵՆՍԿԻՆ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

«Ես ոչ թե ձեր հակառակորդն եմ, այլ ձեր դատավճիռը»

Ուկրաինայում ապրիլի 21-ին անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում համոզիչ առավելությամբ հաղթանակ է տարել Վլադիմիր Զելենսկին: Ընտրական տեղամասերի փակումից արդեն տասը րոպե անց նախագահ Պետրո Պորոշենկեն ընդունել է իր պարտությունը: Ընտրատեղամասերի արձանագրությունների 99 տոկոսի մշակման արդյունքների համաձայն, շոումեն եւ դերասան Զելենսկին ստացել է բոլոր քվեների 73,22%-ը, նրա օգտին քվեարկել է 13,4 մլն մարդ: Գործող նախագահ Պետրո Պորոշենկոն ստացել է 24,46 տոկոս:

Հատկանշական է, որ երկրի ընտրազանգվածի երեք քառորդը տեղամասերում քվեարկել է ոչ թե հօգուտ Զելենսկու, այլ ընդդեմ Պորոշենկոյի: Ճիշտ նույն ձեւով ընտրությունների առաջին փուլում ուկրաինացիների ավելի քան 30 տոկոսը քվեարկել էր Ուկրաինայի ընդհանուր քաղաքական համակարգի դեմ:

Ֆրանսիական Liberation թերթի գնահատմամբ, չնայած նախագահի փոփոխությանը, Մոսկվայի հետ հարաբերությունները դժվար կլինի վերանայել, քանի որ դրանք անչափ վատացել են վերջին հինգ տարիներին: Պորոշենկոն իր ընտրարշավը կառուցել էր «Ես կամ Պուտինը» կարգախոսով: Կրեմլը դրան որեւէ ձեւով չէր արձագանքել:

R.Politik վերլուծական ընկերության ղեկավար Տատյանա Ստանովայան նշում է, որ Ռուսաստանը պատրաստվում էր այնպիսի սցենարի, երբ Պորոշենկոն ակնհայտորեն կկեղծի ընտրությունների արդյունքները, ինչը Մոսկվային հնարավորություն կտար չընդունել ընտրությունների կասկածելի արդյունքները եւ արմատապես խզել բոլոր հարաբերությունները Ուկրաինայի հետ:

Ուկրաինացիների մեծամասնությունը Զելենսկու օգտին քվեարկեց փոփոխությունների ակնկալիքով: Ստանովայան ընդգծում է, որ Զելենսկու հանդեպ վերաբերմունքը երկակի է. առայժմ հայտնի չէ, թե նա որքանով է ինքնուրույն, որչափով կկարողանա համաձայնության հասնել Ուկրաինայի վերնախավի հետ եւ ինչ ծրագրեր ունի Դոնբասի վերաբերյալ:

Ինչպես Das Erste հեռուստաալիքի կայքի իր հոդվածում գրել է Դեմիան ֆոն Օստենը, Զելենսկու հաղթանակը պայմանավորված է ավելի շատ նրանով, որ նախագահ Պորոշենկոն չկարողացավ կատարել իր խոստումները: Այժմ Զելենսկին պետք է ջանա չկրկնել իր նախորդի սխալները, այն էՙ վերջ դնել Դոնբասի հակամարտությանը եւ երկրում տարածված կոռուպցիային: Իբրեւ ապացույց հոդվածագիրը մեջբերում է ապրիլի 19-ին Կիեւի մարզադաշտում բանավեճի ժամանակ Պորոշենկոյին Զելենսկու ասած խոսքերը. «Ես ձեր սխալների արդյունքն եմ: Ես ոչ թե ձեր հակառակորդն եմ, այլ ձեր դատավճիռը»:

2014 թ. հեղաշրջումից հետո նախագահ դարձած Պորոշենկոն խոստացել էր երկու շաբաթվա ընթացքում վերջ դնել Դոնբասի պատերազմին, այնինչ դա շարունակվում է մինչեւ օրս: Բացի դրանից, նա խոստացել էր վերջ դնել կաշառակերությանը, բայց միայն հակակոռուպցիոն բյուրոյի ստեղծումը բավարար չէ. հակակոռուպցիոն դատարանը այդպես էլ չսկսեց աշխատել, չիրականացվեց դատական բարեփոխում: Այժմ Զելենսկին նույնպես համանման խոստումներ է տալիս:

Խոստումների թվում է երկրի արեւելքում պատերազմի ավարտումը: Հակամարտության Ուկրաինային ոչ ձեռնտու ավարտը մտահոգության պատճառ է Պորոշենկոյի եւ իր կողմնակիցների համար: Պորոշենկոն իր Twitter-ում այն տեսակետն է հայտնել, որ անփորձ Զելենսկու հաղթանակը ուրախացնում է Կրեմլին, որը հույս ունի Ուկրաինան վերադարձնել իր ազդեցության ոլորտ:

Սակայն, ինչպես նշում է հոդվածագիրը, Զելենսկու նպատակն ուրիշ է. նա ուզում է շարունակել Ուկրաինայի ճանապարհը դեպի Եվրոմիություն, ինչպես նաեւ համաձայնության հասնել ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ: Պորոշենկոյի կողմնակիցները վախենում են, որ Զելենսկին իր անփորձության պատճառով կարող է զիջումներ անել, որոնց արդյունքում Ուկրաինան տարածքներ կկորցնի:

Այժմ Զելենսկին պարտավոր է ուշադրությունը կենտրոնացնել առաջիկա խորհրդարանական ընտրությունների վրա, որտեղ նրա «Ժողովրդի ծառա» կուսակցությանը անհրաժեշտ կլինի ապահովել խորհրդարանական մեծամասնություն:

Գերմանական Handelsblatt հրատարակությունը հիշեցնում է, որ քաղաքականության հետ Զելենսկու միակ առնչությունը թերեւս այն է, որ նա սեփական սերիալում կատարել է պատմության ուսուցչի դեր, որը իր հակակոռուպցիոն օրակարգի շնորհիվ ընտրվում է պետության ղեկավարի պաշտոնում եւ միավորում երկիրը:

Սակայն մեկ այլ տեսանկյունից Զելենսկու ընտրությունը կարելի է համարել հստակ ազդանշան: Դա ցույց է տալիս, որ ժողովուրդը հրաժարվում է վերընտրել քաղաքական վերնախավին: Վերջին տարիներին ընտրություններին մասնակցում են միեւնույն մարդիկ, թեեւ արդեն մի քանի անգամ պարտություն են կրել: Handelsblatt-ի հոդվածագիրը Զելենսկու ընտրությունը համարում է կոռուպցիայի, օլիգարխների եւ քավոր-սանիկության մերժում:

Հրատարակությունը նշում է, որ Զելենսկու խոսքերին պետք է հաջորդեն գործեր, մասնավորապես, նա պետք է դիմադրություն ցույց տա իր հովանավորինՙ օլիգարխ Իգոր Կոլոմոյսկուն (վերջինս Պորոշենկոյի քաղաքական հակառակորդն է), որը ձգտում է հետ ստանալ ազգայնացված «կՐՌՉՈՑըՈվՍ»-ն ու «ձՍՐվՈՒՑ» նավթային կոնցեռնը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 26-04-2019

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ