RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 26-04-2019



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2019-04-26 00:33:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 1543, Տպվել է` 227, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՀՌԵԼԻ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐ ՀԱՂԹԱՀԱՐՈՂԸՙ ԱՐԱ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Թարգմ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

«Ես բոլորին ասում եմ, որ յուրաքանչյուրս էլ ունենք մեր սեփական Էվերեստը: Դա կարող է լինել աշխարհի ամենաբարձր գագաթը նվաճելը կամ քո որոնած ճիշտ աշխատանքը գտնելը: Դա երկար ճանապարհ է եւ պահանջում է համբերություն, ջանասիրություն եւ հաստատակամություն: Բայց գագաթը նվաճելուց կամ նպատակիդ հասնելուց հետո քեզ պատած զգացմունքը ամենագեղեցիկ պահն է աշխարհում: Այդ պատճառով էլ ես միշտ հարցնում եմ իմ խոսակցին կամ դպրոցական աշակերտինՙ ո՞րն է քո Էվերեստը», այս խոսքերով է ներկայանում «Միրոր Սփեքթեյթրի» էջերում լրագրող Մայքլ Մելքոնյանին 51 տարեկանում Էվերեստի 8848 մետր բարձունքը հաղթահարած լեռնագնաց Արա Խաչատուրյանը :

Նա լեռնագնացի փորձառություն չի ունեցել: Ծնվել է Բեյրութում (Լիբանան) 1964-ին էրզրումցի ծնողների ընտանիքում: Մեծացել է հայկական մթնոլորտում եւ սկսել զբաղվել ոսկերչությամբ: Երկրում այսպես կոչված քաղաքացիական պատերազմի բռնկումով 19 տարեկանում ստիպված է եղել հեռանալ ծննդավայրից եւ տեղափոխվել Մարսել:

Ֆրանսիայում նյութականի եւ լեզվի իմացության պակասն ստիպել են նրան շաբաթական յոթը օր եւ օրական տասնվեց ժամ աշխատել, որպեսզի կարողանար ծայրը ծայրին հասցնել եւ գոյատեւել: Բարեբախտաբար, Մարսելի հայկական համայնքի ջերմ մթնոլորտը մեղմել են նրա դժվարին կացությունը եւ նպաստել, որ նա առավել սերտորեն առնչվի իր հայկական արմատների հետՙ ներկա գտնվելով հայկական երգ ու պարով համեմված միջոցառումների: Նա նաեւ խորացրել է իր գիտելիքները ոսկերչության ասպարեզում: Զբաղվել է սպորտով, մասնակցել մարաթոնյան վազքերի: Երբ Ֆրանսիայում նոր ձեռք բերած ընկերներից մեկը լսել է այդ մասին, առաջարկել է նրան ընկերակցել իրեն Եվրոպայի բարձրագույն գագաթըՙ Մոնբլանը նվաճելու իր ծրագրում:

Մոնբլանը ճանաչված է որպես աշխարհում ամենամահացու լեռը, որի մագլցողներից տարեկան շուրջ հարյուր հոգի է մահանում: Մինչ օրս 6000-ից 8000 մահվան դեպք է գրանցվել աշխարհում:

Ֆիզիկական լավ մարզավիճակում լինելով Արան ընդունել է «մարտահրավերը» եւ լեռնագնաց մասնագետի մոտ կարճ ժամանակ դասերի հաճախելով ու օգտակար խորհուրդներ լսելով պատրաստվել բացահայտելու իր համար նոր հորիզոններ:

Իր ընկերոջ եւ մարզիչի հետ դժվարանցանելի բարձունքը նա նվաճել է առավոտյան 6.30-ին եւ հիացել արեւածագի ապշեցնող տեսարանով: Սա ոգեւորել է նրան եւ երբ դրանից հետո Արարատ լեռն է բարձրացել, խոստովանել է, որ «մեծագույն հաճույք պատճառող ամենագեղեցիկ բարձունքն է նվաճել»: Այնուհետեւ, սիրահարվելով լեռնագնացությանը, նա նվաճել է նաեւ Աֆրիկայում Կիլիմանջարո լեռան գագաթը եւ իր առջեւ նպատակ դրել հաղթահարել Էվերեստի բարձունքը: Նա մտադրվել է խստապահանջ մարզումների եւ աշխարհի մի շարք լեռներ մագլցելուց հետո ձեռնամուխ լինել այդ դժվարին նախաձեռնությանը 2015-ի գարնանը` ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակություններին:

«Գաղտնիքը վախը հաղթահարելու մեջ է», խորհուրդ է տալիս ապագա լեռնագնացներին եւ ավելացնում. «Ամենասարսափելի մասը այսպես կոչված «մահվան գոտին» հաղթահարելն է: Այդ եզրը լեռնագնացներն են հորինել բնորոշելու համար 8000 մետր բարձրության վրա գտնվող հատվածը, որտեղ շնչելը առավել դժվարանում է, եւ մարդիկ կարող են ընդամենը թթվածնի 30 տոկոսը շնչել: Սովորաբար այս հատվածում են տեղի ունենում ամենաշատ մահացության դեպքերը, եւ մահացածները սառած վիճակում հավերժ մնում են այնտեղ, որովհետեւ հնարավոր չէ նրանց տեղափոխելը: Այն հարցին, թե ի՞նչ էր նա զգացել այդ դիակները տեսնելիս, Արան պատասխանել է. «Դրանք է՛լ ավելի ուժեղացրին գագաթը նվաճելու իմ ձգտումը: Ես դա պետք է իրականություն դարձնեի ոչ միայն ինձ, այլեւ իմ ժողովրդի եւ իմ ընկեր լեռնագնացների համար»:

Նա իրականություն դարձնում է իր երազանքը, բայց ոչ առանց կորստի: Ցրտահարության որպես հետեւանք նա կորցնում է ոտքի երկու բութ մատների վերջույթները: Վերջին հատվածը նա 12 ժամում է հաղթահարում եւ հասնում գագաթը օրվա կեսօրին: Ընկերները ոգեւորված հետեւում են նրան: Տարիների մարզումները, մտավոր ու ֆիզիկական կարգապահությունը, ինչպես նաեւ հետեւողական ջանասիրությունը նպաստում են, որ նա 51 տարեկանում հպարտորեն կանգնի աշխարհի բարձրագույն լեռան գագաթին, ինչը աշխարհում միայն 4000 մարդու է բախտ վիճակվել: Իր ընկերների հետ նա այնտեղ մնում է 30 րոպե, իսկ ամբողջ ընթացքըՙ ստորոտից մինչեւ գագաթ տեւում է մի ամսից մի փոքր ավելի: Այդ ժամանակահատվածի մեծ մասը կլիմային ընտելանալու վրա է ծախսվել:

Նա այժմ մի նոր փորձության է նախապատրաստվում: Նպատակ է դրել հաղթահարել 1903 ծովային մղոններ եւ Միջերկրականով նավարկել Մարսելից Բեյրութՙ իր նոր բնակավայրից դեպի իր ծննդավայրը:

Հաջողություն մաղթենք նրան ցանկանալով, որ նա անփորձանք հաղթահարի նաեւ այս փորձությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 26-04-2019

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ