RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#015, 2019-04-19 > #016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 03-05-2019



Տեղադրվել է` 2019-05-02 23:35:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 2652, Տպվել է` 236, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ԱՉՔԱԿԱՊՈՒԹՅՈՒՆ

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել, Բելգիա

Հայոց ցեղասպանության ժխտումը դուրս մնաց օրինագծից

Ապրիլ ամիսը բելգիահայերի համար հուզականության, վստահությունից մինչեւ հուսախաբության, դառնության մի նոր փուլ վերապրելու փորձություններով էր շաղախվել: Մինչ հայ համայնքը պատրաստվում էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սգո արարողություններին, ի հայտ եկավ, որ Բելգիայի ներկայացուցիչների պալատը պատրաստվում է քվեարկելու ցեղասպանության ժխտողական ելույթներն արգելող օրենք: Այս մասին գրել էինք «Ազգ»- ի նախորդՙ 19-04-2019 համարում:

Բայց, խորհրդարան ներկայացված օրինագծում ներառված էին միայն Ռուանդայի եւ Սրեբրենիցայի (նախկին Հարավսլավիա) ցեղասպանությունները, քանի որ այդ երկուսն են ճանաչվել միջազգային դատարանների կողմից: Ներկայացված օրինագիծը շրջանցում է Թուրքիայի կողմից հայերի, ասորիների, արամեացիների եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունը:

Թեպետ Բելգիան երեք մակարդակովՙ ներկայացւցիչների պալատի, սենատի եւ վարչապետ Շառլ Միշելի պաշտոնական հայտարարությամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այդուհանդերձ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծում Բելգիայի խորհրդարանը շրջանցեց Հայոց ցեղասպանությունը եւ ընդհանրապես Թուրքիայի կողմից իրականացված բոլոր ցեղասպանությունները:

Ինքնին նկատելի էր, որ օրինագիծը մշակվել եւ ձեւակերպվել է խիստ վերապահումներով: Հաշվի առնելով թուրք-բելգիական սերտ հարաբերությունները, բացառված չէր նաեւ թուրքական ակտիվ ներգրավումը այդ խնդրում: Պաշտոնական տվյալներով Բելգիայում երեք հայրուր հազար թուրք է ապրում: Բելգիական հասարակության մեջ թուրքական համայնքն ակտիվ գործունեություն է ծավալում: Հատկապես քաղաքական բոլոր կուսակցություններում ծագումով թուրք բելգիացիներն աշխույժ են, հասարակական բարձր դիրքեր եւ պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում:

Հայ-թուրքական ատելությունը միշտ էլ ակնառու է եղել Եվրոպայի կենտրոնՙ Բրյուսելում: Հետեւաբար, պատահական չէր, որ օրինագիծը նախատեսված էր քվեարկելու հենց ապրիլի 24-ինՙ Հայոց ցեղասպանության սգո օրը;

Թեպետ հայ համայնքը հաշված օրերի ընթացքում խնդրահարույց օրինագծի դեմ հազարավոր ստորագրություններով, խնդրանք-դիմումներով եւ առաջարկներով դիմեց խորհրդարանին, նաեւ համայնքին սատարող խորհրդարանական պատգամավորներ ընդդիմացան օրինագծին, իսկ բելգիական մամուլում հրապարակվեցին քննադատող հոդվածներ, հուսալով, որ արդարության դրոշակակիր Եվրոպան անսալով սեփական արդարության սկզբունքներին օրինագծում փոփոխություններ կարձանագրի, կամ, առնվազն, այն օրակարգից կհանվի, բայց սին էին բոլոր սպասումները: Միակ փոփոխությունն այն էր, որ հիշյալ օրինագիծը ապրիլի 24-ի փոխարեն քվեարկության դրվեց հաջորդ օրըՙ ապրիլի 25-ին: Ի դեպ, օրվա ընտրությունն էլ պատահական չէր: Այդ օրը խորհրդարանի լիագումար նստաշրջանի աշխատանքային վերջին օրն էր: Մայիսի 26-ին Բելգիայում կայանալու են խորհրդարանական նոր ընտրություններ: Հետեւաբար նախընտրական քարոզչության շրջանում գտնվող պատգամավորների համար, մեծամասնություն կազմող թուրք համայնքից ձայներ ապահովելու հույսերն առավել գերադասելի համարվեցին:

Բելգիական խորհրդարանի վերջին աշխատանքային օրը գերծանրաբեռված էր: 60 օրինագիծ էր դրվել քվեարկության եւ, ըստ պատգամավորների նախնական տրամադրվածության, ներկայացված բոլոր օրինագծերն էլ պետք է ընդունվեին: Բելգիական հեռուստատեսության ֆրանսերեն լեզվով թողարկվող առաջին ալիք (la Une) լրատվական թողարկման լրագրողի հավաստմամբ, քվեարկության դրված բոլոր օրինագծերից միայն հիշյալ խնդրահարույց օրինագիծն է բուռն քննադատությունների ու երկար բանավեճի տեղիք տվել: Հայոց ցեղասպանության ժխտումը օրինագծում ներառելու թե՛ ֆրանսիական, թե՛ ֆլամանդական կուսակցության որոշ պատգամավորների ջանքերն այնուամենայնիվ ապարդյուն են անցել եւ ցավոքՙ ոչինչ չի հաջողվել փոփոխել, օրենքն ընդունվել է նախնական տեսքով, առանց Հայոց ցեղասպանության ներգրավման:

Բելգիայի ներկայացուցիչների պալատն այսպիսով աչք փակելով իր իսկ սկզբունքների, աշխարհին արդարություն մատուցող իր իսկ դավանանքի վրա, խրախուսեց Թուրքիայի ժխտողականությունը, տեղիք տալով հակահայկական նոր հակասությունների: Ազնվության եւ արդարության ջատագով շատ պատգամավորներ ձեռնպահ են քվեարկել, այսպես անհաղորդ մնալով արդարությանը: Նրանք գերադասել են առաջիկա նախընտրական քարոզարշավում թուրքական համայնքից ձայներ կորզելուվ խորհրդարանում հայտնվելու նոր մանդատը:

Ինչեւէ, մեր պայքարը դեռ շարունակվելու է:Բելգիահայ համայնքի, Բելգիայում գործող հասարակական կազմակերպությունների, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի համոզմամբ, այսուհետ առավել լայնածավալ ջանքեր ի գործ կդրվեն արդարության հասնելու համար: Առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո առավել սերտորեն կհամագործակցեն նոր ձեւավորված խորհրդարանի հետ եւ խնդիրը դարձյալ օրակարգ կբերվի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 03-05-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ