RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 09-05-2019



ՈՒՂԵԳՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2019-05-09 03:38:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 3548, Տպվել է` 235, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱՆԸՙ ԱՆԾԱՆՈԹ ԵՎ ԱՆՍՊԱՌ

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ, Իրան-Երեւան

Հայաստանցիներիս համար մեզ սահմանակից Իրանը հանիրավի կերպով մնում է terra incognita (անծանոթ աշխարհ): Աշխարհի հնագույն երկրներից մեկն այցելուի առջեւ շռայլորեն սփռում է իր անսպառ հարստություններըՙ բնաշխարհ, բազմադարյան պատմություն, արվեստ, մշակույթ, կրոններ, խոհանոց: Բազմազանության նման տեսականի առաջարկող երկրները շատ չեն, սակայն եղած ամենամոտիկին էլ մեր հանրությունը ճանաչում է լավագույն դեպքում Երեւանի մզկիթով եւ Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկներով...

Արդեն երկու տարի էՙ Երեւանի «Կասկադ կենտրոն» կազմակերպությունը տարին մի քանի անգամ կազմակերպում է մատչելի գներով ճանաչողական շրջայցեր Իրան: Կազմակերպության հիմնադիր տնօրեն Գեւորգ (Ժորժ) Աբրահամյանը , լինելով ծնունդով Իրանից, ջանք ու եռանդ չի խնայում հայրենակիցներին ծանոթացնելու իր ծննդավայրի հետ...

Ապրիլին կազմակերպված ութօրյա շրջագայությունն ընդգրկում էր այցելություն հինգ քաղաք եւ անապատ: Հիրավի, երկիր ճանաչելու լավագույն եղանակը ցամաքային ճամփորդությունն է, եւ այդկերպ քսանչորս հոգուց կազմված մեր խումբը հնարավորություն ունեցավ ծանոթանալ Իրանի կենտրոնական շրջաններին: Երեւան-Սպահան երթուղին տեւեց քսանյոթ ժամ, չնայած ավտոբուսի հարմարավետությանըՙ զբոսաշրջիկները հոգնեցին, սակայն այն, ինչ տեսան ու վայելեցինՙ լիովին փոխհատուցեց ճանապարհի պատճառած խոնջենքը...

Ո՞րն ասես, ո՞րը թողնես, այնքան բազում են տպավորություններն ու հագեցած: Նախՙ քաղաքների մաքրությունը, որ անակնկալ էր շատերի համար... Տարբեր մշակութային շերտերըՙ նախաիսլամական, մահմեդական, քրիստոնեական, արդիական... Բնության բազմազանությունըՙ ձյունածածկ անտառներից ու լեռներից մինչեւ արեւոտ անապատը... Բնակիչների սիրալիրությունը եւ հյուրամեծարությունը... Խոհանոցը, հատկապես անուշեղեններըՙ վարդաջրի ու շաֆրանի առատ գործածությամբ...

Մեզ հարազատ Սպահան-Նոր Ջուղան

Մեր առաջին հանգրվանն էր Իրանի երբեմնի մայրաքաղաք Սպահանն իր բազում տեսարժան վայրերովՙ իր մեծությամբ աշխարհում երկրորդ Նախշե Ջահան հրապարակը, բացառիկ հնչականությամբ օժտված Ալի Ղափու պալատը, հայ նկարչի վերագրվող շքեղ որմնանկարներով զարդարված Չեհել Սոթուն դղյակը, ոսկե պատեր ունեցող Աշրաֆի պատմական դահլիճը, աշխարհի հնագույն եւ անպաճույճ մզկիթներից Աթիշը, Իմամի ու Շեյխ Լոթֆոլլահի գեղեցիկ մզկիթները, ձեռակերտ նրբին արհեստագործական աշխատանքներով լի շուկան, ճոճվող զույգ մինարեթներն ու պատմական կամուրջները: Կրկնակի հաճելի է, երբ պրոֆեսիոնալ ուղեվարը հայրենակիցդ էՙ Ռիմա Խաչիկյանը , որն այդ ամենի մասին հմտորեն պատմում է իր ծորուն, ականջահաճո պարսկահայերենով...

Աշխարհի տարբեր երկրների հայկական օազիսների մեջ ուրույն է Նոր Ջուղանՙ իր տասնյակ վանքերով ու ժամանակին հայ հարուստներին պատկանած մենատներով: Եզակի է Ամենափրկիչ վանքըՙ հայկական, մահմեդական եւ եվրոպական մշակույթների ճաշակավոր համադրությամբ, իսկ վանքին կից թանգարանը հայ հին ու նոր պատմության ու մշակույթի մի գանձատուն է, որի յուրաքանչյուր ցուցանմուշը մարդ ցանկություն է ունենում մանրակրկիտ ուսումնասիրել: Ժամանակը սուղ է, հասցնում ենք լինել միայն երկու եկեղեցիներում, որոնց մասին մեզ մեծ խանդավառությամբ պատմում է մեր հայրենակից Թովման , որն Ամենափրկչի մատենադարանապետի պաշտոնում փոխարինել է Նոր Ջուղայի պատմության եւ մշակույթի լավագույն գիտակ, երախտաշատ լուսահոգի բանասեր Լեւոն Մինասյանին ...

Ջուղահայ համայնքը եւս բավական նոսրացել է, հայերի թիվը մոտ երկու հազար է: Ավելի եվրոպական ոճի որոշ փողոցներ հուշում են դրանց հայկական լինելը, ինչը հաստատվում է «Արեւիկ», «Սասուն», «Ախթամար» եւ այլ հայկական, սակայն լատինատառ ցուցանակներով...

Անակնկալ չէր Ջուղայում տեսնել հոգեւոր, մշակութային գործիչ, հրատարակիչ Խաչատուր Կեսարացու արձանըՙ որպես Պարսկաստանում տպագրական գործի ռահվիրայի (1638-ին): Սակայն մեծ անակնկալ էր մի փոքրիկ հրապարակում տեսնել մի քանի տարի առաջ մեզ լքած կինովավերագրող եւ կինոգետ Զավեն Ղուկասյանի կիսանդրին, որին երկու անգամ հանդիպել էի Երեւանում: Ծնունդով ջուղայեցի էր Զավենը, նկարահանել էր Իրանի եւ մասնավորապեսՙ Նոր Ջուղայի հայությանը նվիրված փաստագրական ֆիլմեր, նաեւ գրել էր պարսկերեն կինոգիտական աշխատություններ, այդ թվումՙ մենագրություններ իրանական կինոյի մեծանուն գործիչներ Աբբաս Քիառոստամիի եւ Մասուդ Քիմիայիի մասին: «Սպահանի կինոյի ինքնությունը» համարված Զավեն Ղուկասյանի կիսանդրին քաղաքի իշխանությունների կողմից դրվել է անցած տարվա սեպտեմբերին: Իրանի իշխանությունները գնահատել գիտեն իրենց արժեքներըՙ մարդկային թե նյութական, փույթ չէՙ որեւէ փոքրամասնության պատկանող, թե ոչ...

Անգամ մի գավաթ թեյ խմելը կամ ճաշելը տեղի էր ունենում տեղական խիստ ազգային ոճավորումով միջավայրում... Ջուղայի մի շքեղ սրճարանում, հայրենասիրությունից մղվածՙ պատվիրեցի անուշեղենի ցանկում տեսածս «Armenian Proc»-ը, սակայն պարզվեց, որ եղածը սովորական եվրոպական թխվածք է, իսկ Proc-ը ռուսերեն տՌՐՏչ բառն է... Իրանահայերը, ինչպես գիտենք, կրել են որոշ չափով ռուսական ազդեցություն, որն արտահայտվել է նրանց բառապաշարում եւ անձնանունների գործածության մեջ...

Աստվածահաճո Յազդը

Իրանի զրադաշտականների (գաբրերի) մասին առաջին անգամ կարդացել էի Րաֆֆու «Բիբի Շարաբանի»ՙ սահմռկեցուցիչ տեսարաններ ունեցող պատմվածքում (սարսափի ժանրի առաջին գործը հայ գրականության մեջ): Այդ պատմությունը Րաֆֆին գրել էրՙ լսած լինելով իր բարեկամի պատմածը Յազդի զրադաշտականների ու Թեհրանից ոչ հեռու գտնվող նրանց գերեզմանատան մասինՙ նշելով. «Սուրբ քաղաք կոչում են գաբրները Եզդ քաղաքը, որ կոչում են Եզդ-խասթ, այսինքնՙ աստվածական կամ աստվածահաճո»...

Ահա այս աստվածահաճո քաղաքը եղավ մեր հաջորդ հանգրվանը: Ճանապարհն անցնում էր անապատով, որի լանդշաֆտն աստիճանաբար սկսեց վերածվել նույն հողի գույնն ունեցող տնակների եւ ապաՙ մի ամբողջ քաղաքի... Աշխարհի առաջին կավաշեն քաղաքը, որը մինչ օրս պահպանում է իր տեսքը: Ամբողջ Իրանըՙ մի կողմ, Յազդըՙ մի կողմ: Եվ դրա պատճառը քաղաքի զրադաշտական նկարագիրն է, որ պահպանվում է մինչ օրս: Իրանում այսօր էլ ապրում են մեկ միլիոնի չափ զրադաշտականներ, փաստորեն, աշխարհի առաջին միաստվածության կրոնի հետեւորդներ, որի հիմնադիր Զրադաշտը, ըստ ավանդության, եղել է Արարատ լեռան փեշերից... Իսլամացած վերնախավից հալածվելովՙ մոգերն ու մոգպետներն իրենց հետեւորդների հետ ստիպված են եղել խորանալ անապատի մեջ եւ կուրծք տալով բազում դժվարություններիՙ պահպանել իրենց կրոնն ու ինքնությունը...

Հայտնվելով զրադաշտական գերեզմանոցումՙ ասես հետ ես գնում մի քանի դար: Քաղաքի լավագույն ուղեվարը համարվող աղա (պարոն) Նասեր Փիրուզին ամենայն մանրամասնությամբ մեզ է ներկայացնում զրադաշտական թաղման ծեսերը ժայռի վրա գտնվող Լռության աշտարակում: Հողը չպղծելու պատճառաբանությամբ իրենց ննջեցյալներին աշտարակի վրա, բաց օդում գիշակեր թռչուններին կեր դարձնելու այդ սովորությունն արգելվել է միայն անցած դարի կեսին, եւ այսօր զրադաշտականներն իրենց հանգուցյալներին ուղղահայաց կանգնեցնում են փոսերում...

Ու թեեւ Էջմիածնի Մայր տաճարի խորանի տակ տեսել էինք հանգած կրակարան, բոլորովին այլ տպավորություն ես ստանումՙ մտնելով գործող ատրուշան եւ տեսնելով արդեն քանի՜ դար անշեջ պահվող զրադաշտական սրբազան կրակը: Այլեւս չասած, որ տեսնում ես իսկական մոգիՙ ասես անտիկ բարձրաքանդակներից վար իջած կերպարանքով...

Զրադաշտական վայրերի ցնցող տպավորությունը չի ստվերում Յազդի մյուս տեսարժան վայրերըՙ փիրուզագույնով հուրհրատող կենտրոնական մզկիթը, Ամիր Չախմախ հրապարակը, ներքին ու արտաքին գեղեցիկ հարդարումներով աչքի ընկնող Լարիների պալատը, ջրի թանգարանը, որն իրազեկում է անապատային վայրերում ջրի կորզման ու պահպանման մասին... Մեկ այլ գերագույն հաճույք էր այցելությունը քաղաքի հին թաղամասերը, նեղլիկ փողոցներով քայլելը (որոնցից թերեւս ամենանեղը կոչվում էր «խռովածների ու հաշտվողների փողոց», որտեղ հաշտեցնելու նպատակով դիտմամբ երես-բերես էին անում միմյանցից նեղացածներին): Ամենից հետաքրքրականն այն էր, որ հին թաղամասում կարող ես քայլել նաեւ տանիքներով: Փողոցներում դրված են լայն թախտերՙ մութաքաներով, որպեսզի հոգնած անցորդը կարողանա վրան հանգչել... Իսկ սրճարանի վերածված հին տներից մեկումՙ ներսում կամ բակում, մի բաժակ զովացուցիչ խմելը կամ տեղական համեմունքներով պաղպաղակ ուտելը հայաստանցիներիս մեջ վայրկենապես նույն ափսոսանքն առաջացրեց, որ մեր գովական հին քաղաքում չունենք նման մի անկյուն, որտեղ կարելի լիներ վայելել հին Երեւանի շունչը: Պատճա՞ռը. այս մի անգամ հաստատ օտարները չեն...

Հեռանում ենք Յազդիցՙ սիրտներս այնտեղ թողած. պատահական չէ, որ վերադարձից հետո մեր խմբի ֆեյսբուքյան էջն անվանվեց «Յազդի սիրահարներ»...

Անապատի ռոմանտիկան

Ավտոբուսն ուշ գիշերին մեզ հասցրեց Մարանջաբ անապատը: Անապատային կեցավայրում պայմանները զիջում են մինչեւ հիմա մեր մնացած օթեւաններին, սակայն հանուն այս տարաշխարհիկության երկու գիշեր կարելի է դիմանալ: Քնում ենք հազիվ երկու ժամՙ վեր կենալով ժամը 5.30-ին, որպեսզի մեքենայով հասնենք անապատի խորքը եւ դիմավորենք արեւածագը: Իհարկե, անապատային լուսաբացը չես համեմատի ծովափնյայի հետ, սակայն միեւնույն է, արեգակն արդարի ծնունդը միշտ էլ առեղծվածային մի բան է թվում...

Ճանապարհին տեսանք անապատի ազատ բնակիչ ուղտերի, ձնադաշտ հիշեցնող աղուտներ եւ աղի լճակներ, կանգ առանք ավազաբլուրների մոտ ու դրանց վրա վերուվար արեցինք, հիացանք ավազին քամու գծած նախշերով եւ իր տոտիկների հազիվ նկատելի հետքը թողնող բլոճիկով, չորացած սաքսաուլներից կրակ արեցինք, նախաճաշեցինք ու ետ դարձանք մեր կեցավայրը: Այստեղ գործում է մի ուղտաբուծարան (ոչ այնքան մսի, որքանՙ զբոսաշրջիկների կողմից հեծնվելու համար) եւ ջայլամաբուծարան. վերջիններին բուծում են մսի եւ հավկիթի, ավելի ճիշտՙ ջայլամկիթի համար: Ապրիլի 20-ն է, Հայաստանում Սուրբ Զատիկն են նշում: Տեղնուտեղը հորինում եմ կատակերգական ֆիլմի տեսարանՙ Զատիկին անապատում հայտնված հայերը ստիպված են ջայլամի հսկա ձվերը ներկել հսկա վրձիններով ու երկու ձեռքով գրկածՙ հավկթախաղ խաղալ...

Հեռու բնակավայրերիցՙ անապատն Իրանում միակ վայրն է, որտեղ կանայք կարող են եւ մնալ առանց գլխաշորերի... Երեկոյան բոլորվում ենք խարույկի շուրջՙ երգելով ու զրուցելով, իսկ կրակի մեջ եփվում են նրբաթիթեղի մեջ փաթաթված կարտոֆիլները... Միօրինակ, միագույն, միապաղաղ անապատում էլ կարելի է ռոմանտիկ լինել...

Անուշ Նուշաբադ

Մի տաս-տասնհինգ տարի առաջ Նուշաբադ (Անուշաբադ) փոքրիկ բնակավայրի մի բնակիչ ստորգետնյա աշխատանքներ կատարելիս պատահաբար հայտնաբերել է թաքստարաններ, որն այսօր բաց է այցելուների առջեւ եւ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հսկողության ներքո: Մինչեւ այդ լաբիրինթոս մտնելը հայտնվեցինք ջրի հսկայական պահեստում, որի հիանալի հնչականությունը ստիպեց մեզ երգեր կատարել, եւ հնօրյա պատերն արձագանքեցին հայերենով: Այնուհետեւ մուտք գործեցինք մի քանի հարկ զբաղեցնող ստորերկրյա բավիղները, որոնք թեեւ լուսավորված էին, սակայն կլաուստրոֆոբիա ունեցողները նախընտրեցին շուտ դուրս գալ (բոլորին հաճելի չի կարող լինել մրջնանոցում քեզ մրջյուն երեւակայելը): Իսկ դրսում տոն է, շիա հավատացյալները նշում են իմամ Մահդիի տոնը, մզկիթներից հնչում է աշխույժ երաժշտություն, փողոցներում մարդկանց հրամցնում են տարբեր օշարակներ... Մի տեղ հսկա կաթսայով ճաշ են եփումՙ անցորդներին հրավիրելով փայտե թիով խառնել ապուրըՙ ասելով, որ այդ պահին մտքում հայտնված ցանկությունը կկատարվի: Լավ հնարքՙ հսկա կաթսայի պարունակությունը խառնելու համար...

Չգիտենք, տոնի՞ պատճառով, զբոսաշրջիկների սակավությա՞ն, թե՞ մեկ այլ պատճառով նուշաբադցիները մեր հանդեպ չափազանց անուշ են: Հայաստանցիներիս հետ հատուկ հանդիպման է գալիս Նուշաբադի քաղաքագլուխը: Մի լուսանկարիչ զրուցելով քայլում է մեզ հետ եւ ավտոբուս մտնելովՙ ճանապարհ դնում մեզ ու հարկ համարում հայտարարել, որ իրեն համարում է Կյուրոսի շառավիղն ու նրա արժեհամակարգի կրողը..

Քաշանյան օազիսում

Նուշաբադից հետո շարժվում ենք մոտակա Քաշանըՙ հինավուրց մի քաղաք: Այստեղ էլ դիտարժան շատ բան կաՙ Ֆին այգին իր պատմական բաղնիքով, հին տները, Աղա Բոզորգ մզկիթը, շուկան... Ֆին այգին մի զովասուն օազիս էՙ խոխոջացող ջրերով եւ հսկա ծառերով: Մեր խմբի գեղեցկուհիներն աչքի են ընկնում, եւ ահա մի արաբուհի նրանց հետ զրույցի է բռնվումՙ ասելով, որ սեպտեմբերին պատրաստվում է Հայաստան ճանապարհորդել... Այս նույն այգում նաեւ իտալացի զբոսաշրջիկների խմբից մի աղջիկ, մեզնից լսելով Լուսինե անունը, անմիջապես մոտենում-հարցնում էՙ «հա՞յ եք» եւ հարյուր տարվա ծանոթի պես սկսում խոսելՙ պատմելով, որ աշխատել է Երեւանում, եղել Գյումրիում եւ Ալավերդիում: Անգամ ընդհանուր ծանոթներ ենք գտնում Միլանում եւ Գյումրիում...

Շիաների սրբուհու քաղաքում

Մեր վերջին հանգրվանն է «Իրանի Վատիկան» Ղոմ քաղաքը: Թեեւ բավականաչափ մզկիթներ տեսանքՙ մեկը մյուսից գեղեցիկ, սակայն շիա մահմեդականների երկրորդ մեծ սրբավայրը հանդիսացող Ֆաթիմա Մասումեի դամբարանն իր ճոխությամբ վեր էր ամեն պատկերացումից: Պարսիկ տիրակալները շիաների յոթերորդ իմամի սրբադասված դստեր հանգստարանի վրա եւ շուրջը կառուցվել են շքեղաշուք կառույցներ, 240 կիլոգրամ ոսկի է ծախսվել մզկիթի գմբեթի եւ մի պատի վրա, իսկ մեկ այլ պատ շլացնում է անթիվ հայելիներով...

Խիստ կրոնական այս վայրում զբոսաշրջիկները հազվագյուտ են, այնպես որ անցորդներն ուշի-ուշով ուսումնասիրում են աչքի զարնող զբոսաշրջիկներիս, ոմանք մոտենում են եւ զրույցի բռնվում: Մի մոլլա երկար-բարակ զրուցեց հետս կոտրված անգլերենով եւ բարի գալուստ մաղթեցՙ ասելով, որ այլ հավատի կրողներին նույնպես ողջունում են այդ վայրում...

Ափսոս, որ չհաջողվեց հանդիպել իրանցի գործարար պարոն Մոինին, որը հոգացել էր Ղոմում մեր հյուրընկալությունը: Իրանի «Հայքլին» անձեռոցիկ արտադրող խոշոր ընկերության սեփականատերը վերջերս Արարատի մարզի Մրգանուշ գյուղում գնել է 15 հեկտար ոչ պիտանի հողատարածք եւ իր առաջին ներդրումն է կատարել Հայաստանումՙ հիմնելով տարբեր տնկարաններ: Նա նպատակ ունի նաեւ կառուցել մրգի չորանոց, արտադրել չիր եւ արտահանել տարբեր երկրներ: Պարոն Մոնիի գնած հողատարածքում այժմ աշխատում է 15 մարդ, հետագայում այդ թիվն, անշուշտ, ավելանալու է...

Չխամրող ոգեւորություն

Մեկ շաբաթից ավելի է, ինչ վերադարձել ենք Իրանից, սակայն ստացած տպավորությունն ու ոգեւորությունը չեն խամրում ոչ միայն ինձ մոտ...

Հրաշալի է, որ Երեւանում գործում է «Կասկադ կենտրոնի» պես մի կազմակերպություն, եւ որին շունչ ու հոգի է տալիս մշտեռանդ Ժորժ Աբրահամյանը, որն իր խոսք ու զրույցով, կատակներով ու խաղերով, հայերեն ու պարսկերեն երգերով Հայաստան-Իրան երկարատեւ ուղեւորությունը դարձնում է թեթեւ, ուրախ, անմոռանալի... ա՛յն աստիճան, որ վերադարձից անմիջապես հետո իսկ սկսում ես մտմտալ հաջորդ ուղեւորությանդ մասին...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 09-05-2019

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ