RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 09-05-2019



Տեղադրվել է` 2019-05-09 03:38:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2937, Տպվել է` 228, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԾԵԾԵՔ ԴՈՒՌԸ, ՈՉ ԹԵ ԵՐԵԽԱՅԻՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Իսկ 3 տարեկան երեխան կարդո՞ւմ է, չգիտեմ, ասենք Զիգմունդ Ֆրոյդ կամ էլ, օրինակ Թումանյանի «Մարոն», որին, ինչպես հիշում ենք, նշանեցին, չոբան Սարոյին տվեցին, որն էլ անչափահաս իր կնոջը կոնֆետ էր բերում, տեսնես ինչո՞ւ... Իմ խորին համոզմամբՙ 3 տարեկան երեխան չի կարդում, եւ ուրեմնՙ 3 տարեկան երեխայի համար գիրք չի կարող լինել, կարող է լինել գիրքՙ 3 տարեկան երեխայի ծնողի համար:

Բայց ինձ ոչ այնքան մեծ աղմուկ հանած ու իբր 3-6 տարեկան երեխաների համար նախատեսված «Իմ մարմինն անձնական է» գիրքը, այլ ուրիշ բան է հետաքրքրում: Կշարունակվե՞ր արդյոք հայու գենը, եթե չլիներ սեքսը: Համոզված եմ, որ ոչ, քանի որ որքան էլ հայու գենը սուրբ հոգուց լինի, միեւնույն է, նույնիսկ շատ հրեաներ ու գրեթե ամբողջ Վատիկանը չեն հավատում կույս Մարիամի հղիությանՙ Աստվածաշնչային բացատրությանը: Եւ ուրեմնՙ սեքսը հայու գենի, եթե անկեղծ լինեմ, ֆիննի, հույնի, մալայզացու, մոնղոլի եւ նույնիսկ թուրքի գենի հիմքն է: Չկա սեքս, չկա գեն: Հետեւաբարՙ ես կարծում եմ, որ հայու գենի համար դոշ տվողները սեքսը սիրող-հարգող մարդիկ են, իսկ սեքսը, եթե չեք ուզում վերածվի մարմնավաճառության (անկախ սեռից), ուրեմն դաստիարակություն է: Այստեղ արդեն խնդիրներ կան: Օրինակ ե՞րբ սկսել, կամ սկսե՞լ արդյոք: Մի՞թե ավելի ճիշտ չէ թողնել երեխային, որ փողոցում իմանա այդ մասին, ինչպես մեր պապերն են իմացել, որոնք, ի դեպ, կանաչ, վիթխարի ընկուզենու տակ մեզ մաղթեցին, որ ապրենք, բայց ոչ իրենց պես ապրենք:

Անկեղծ ասածՙ երեխաներ ու սեքս թեմայով ամեն խոսակցության ժամանակ հիշում եմ մի հին անեկդոտ, երբ լողափում հանդիպում են 5 տարեկան ռուս աղջիկ երեխան եւ նույն տարիքի հայ տղա երեխան: Դեՙ քանի որ երեխաներ են լինում, ծնողներն նրանց մորեմերկ են լողափում պահում: Աղջիկը ուշադիր նայում է տղային ու հանկարծ ասում.

-Գիտե՞ս, ես չգիտեի, որ հայերն ու ռուսները այսքան տարբեր են իրարից...

Տարբեր կարծիքներ կան, թե ինչ է պետք անել, ու դա հրաշալի է: Մարդ կաՙ վստահ է, որ սեփական երեխայի հետ պետք է խոսի այդ մասին, նույնիսկ կան մարդիկ, որոնք գիտեն, թե ինչ է պետք ասել: Մարդ կա, որը համոզված էՙ երեխայի մանկությունը պետք չէ պղտորել, ու նա այդ մասին կիմանա, երբ կիմանա: Մարդ էլ կա, որ գիրք է գրում կամ թարգմանում այս ամենի մասին, բացատրելով երեխաների ծնողներին, թե ինչ է պետք ասել կամ անել սեփական երեխայինՙ նրա մարմնի տարբեր մասերի վերաբերյալ, ու կներեք, բայց սա էլ հրաշալի է: Չե՞ք հավանում գիրքը, շատ լավ, կարդացեք ու այդ մասին ոչինչ մի պատմեք ձեր երեխային, հիշեցնեմ, որ նա կարդալ չգիտի: Հավանո՞ւմ եք գիրքըՙ շատ լավ, կարդացեք ու խոսեք ձեր երեխայի հետ: Ո՞րն է խնդիրը, այն, որ նման գիրք կա՞, է, ի՞նչ անենք, արգելե՞նք: Տարբերակ է, բայց մենք հո գիտե՞նք, թե ինչ է լինում այն ամենի հետ, ինչն արգելվում է... Օրինակ, երբ ես ու քույրս փոքր էինք, մայրս կոնֆետներ էր պահում մեզնից: Երբեք ավելի համեղ կոնֆետներ չեմ կերել: Ի դեպ, քրոջս սենյակ մտնելիսՙ ես ծեծում էի դուռը, նա էլ նույնն էր անումՙ իմ սենյակը մտնելիս: Հիմա, իմ 5 տարեկան աղջկա մոտ ես մտնում եմ առանց դուռը ծեծելու, բայց դա ոչ թե որովհետեւ նա 5 տարեկան է, այլ քանի որ նա դեռ իր սեփական սենյակը չունի եւ քնում է մեր սենյակում, որը սարսափելի վատ է:

Ի վերջո գիրքը կարելի է կարդալ ու հավանել կամ ոչ, բայց չի կարելի արգելել այն, կապ չունի ինչի մասին է:

Եւ ամենակարեւորըՙ ոչ թե պետք է վատ զգալ, որ երեխան պահանջում է ծեծել իր սենյակի դուռը, նոր մտնել ներս, այլ պետք է այնպես անել, որ երեխան միշտ բացի իր սենյակի դուռը ձեր առջեւ:

...Ու մի ծխեքՙ ոչ հետո, ոչ առաջ, ոչ էլ մանավանդ ընթացքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 09-05-2019

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ