RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 09-05-2019



Տեղադրվել է` 2019-05-09 03:38:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1729, Տպվել է` 224, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴՈՆԲԱՍՈՒՄ ՌԴ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈ՞ՐՁ

Պուտին-Զելենսկի հեռակա վեճ անձնագրերի շուրջ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 27-ին հայտարարեց, որ ռուսական անձնագրերի շնորհման պարզեցված կարգ կարող է կիրառվել ոչ միայն Դոնբասի, այլեւ ամբողջ Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ: Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանեց, թե ռուսական անձնագրեր կարող են ստանալ քրեական անցյալ ունեցող անձինք, իսկ ուկրաինական անձնագրերՙ ազատությունը գնահատողները:

Պուտինի հայտարարությունն արվեց նրա պեկինյան այցելությունից հետո, որտեղ նա մասնակցում էր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համաժողովին: Ավելի վաղՙ ապրիլի 24-ին, Պուտինի հրամանագրով ռուսական անձնագրերի շնորհման պարզեցված կարգ էր սահմանվել Դոնբասի առանձին շրջանների համար: Գործող նախագահ Պետրո Պորոշենկոն արձագանքել էրՙ ասելով, որ դա Ուկրաինայի դեմ Կրեմլի նախահարձակման հերթական քայլի նախապատրաստությունն է, այն էՙ Դոնբասի բռնակցումը կամ Ուկրաինայի ներսում ռուսական միջնատարածքի ստեղծումը:

Պուտինի խոսքերով, տվյալ հարցը զուտ մարդասիրական բնույթ է կրում: Իսկ Պորոշենկոն կարծում է, որ Պուտինի որոշումը միտված է Ուկրաինայի արեւելքում Ռուսաստանի ռազմական ներկայության օրինականացմանըՙ ըստ Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի օրինակների:

Զելենսկին իր հերթին Մոսկվային խորհուրդ է տվել հրաժարվել Ուկրաինայի քաղաքացիներին գայթակղելու փորձերից: Նա կարծում է, որ ուկրաինացինրը այդ քայլին թերեւս կարող են դիմել փող վաստակելու կամ քրեական հետապնդումից խուսափելու նպատակով միայն: Օրինակ, շատ են պաշտոնեական դիրքը չարաշահած ուկրաինացիները, որոնք այդ ձեւով կփորձեն խուսափել արդարադատությունից:

Զելենսկին պնդում է, թե ի տարբերություն Ռուսաստանի, Ուկրաինայում գոյություն ունեն խոսքի եւ լրատվամիջոցների ազատություն, ազատ համացանց: Այնպես որ, հասկանալի է, թե «իրականում իրենից ինչ է ներկայացնում ռուսական անձնագիրը: Դա բողոքի խաղաղ ցույցի համար ձերբակալվելու իրավունք է, ազատ եւ մրցակցային ընտրություններ չունենալու իրավունք»: Զելենսկին ավելացրել է, որ ինքը իր հերթին պատրաստ է ուկրաինական անձնագրեր շնորհել ռուսաստանցիներին, նշում է BBC-ն:

Ըստ որում, նա պատրաստակամություն է հայտնել Պուտինի հետ քննարկելու երկու երկրների համագոյակցության հարցերը: Ըստ որում, ուկրաինական կողմը պատրաստ է երկու երկրների քաղաքացիների փոխանակություն կատարել «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով:

Կիեւում գտնում են, որ Մոսկվան պատրաստ չէ երկխոսություն սկսել Զելենսկու հետ: Եվրոպայի խորհրդում Ուկրաինայի ներկայացուցիչ Դմիտրի Կուլեբան թվիթերյան իր էջում գրել է. «Եթե Ռուսաստանն իրոք պատրաստ լիներ փոխզիջման, ապա ձեռնպահ կմնար իրավիճակի նոր բարդացումից եւ Զելենսկուն դիվանագիտական քայլեր ձեռնարկելու հնարավորություն կթողներ: Բայց Ռուսաստանը ձգտում է Ուկրաինայի քաոսային վիճակի խորացմանը»:

Իր հերթին Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը Интер հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր երկիրը դիվանագիտական քայլեր է ձեռնարկում անձնագրերի պատճառով պատժամիջոցների նոր փաթեթի պատրաստման նպատակով:

Պուտինը չի հավատում այն պնդումներին, թե Դոնբասի բնակիչներին ռուսական անձնագրերի շնորհումը թանկ կնստի ՌԴ բյուջեի վրա: Նրա խոսքերով, ընդհանուր ծախսերը ոչ թե մեկ, այլ մի քանի տարվա ընթացքում միայն կարող են հասնել 100 մլրդ ռուբլու: Պուտինն ասել է, որ դա առանձնակի բարդություն չի ներկայացնում եւ չի կարող հարցականի տակ դնել պետության պարտավորությունները կենսաթոշակառուների հանդեպ:

Հաշվարկների համաձայն, Դոնբասի երկու ինքնահռչակ հանրապետություններում թոշակառուների ընդհանուր թիվը 1,1 մլն է: Եթե նկատի ունենանք, որ նրանց կեսը ստանում է ուկրաինական կենսաթոշակ, իսկ մյուս կեսը կստանա ռուսական նվազագույն թոշակ, ապա Ռուսաստանի ծախսեը կկազմեն տարեկան շուրջ 60 մլրդ ռուբլի: Հաշվարկը կատարել է BBC-ի ռուսական ծառայությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 09-05-2019

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ