RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 17-05-2019



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2019-05-17 00:31:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2888, Տպվել է` 248, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱՎԱԶՔ ԵՎ ՑԱՍՈՒՄՆԱԼԻ ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Մինչ ամերիկյան ռազմանավեր են տեղակայվում Պարսից ծոցի մոտակա տարածքում, է՛լ ավելի սրելու համար լարվածությունը Իրանի հետ, Կովկասն արդեն իսկ դարձել է պայթյունավտանգ վառոդաման տարածաշրջանային մրցակցության եւ դեռ չմաքրված հին հաշիվների պատճառով:

Իսրայելի գլխավոր թշնամի Իրանին ճնշելով Թրամփի կառավարությունը հետապնդում է երկու նպատակ, մեկըՙ հավելյալ սիրալիրություն ցուցաբերել իր ընկերոջըՙ Բենջամին Նաթանյահուին (Գոլանի բարձունքը նրան նվիրելուց բացի) եւ մյուսըՙ պատժելու համար Իրանին Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերություն ծավալելու համար:

Գլոբալ զարգացումների այս կոնտեքստում, Կովկասը խիստ անհանգիստ վիճակում է, որտեղ գերիշխում են քաղաքական մեքենայություններն ու պատերազմական իրավիճակի ստեղծման իրական հնարավորությունները:

Թուրքիան գլխավոր դերակատարություն ունի այս զարգացումներում ինչպես Կովկասում, այնպես էլ առավել լայն տարածաշրջանում: Նա Իրանի եւ Ռուսաստանի գործընկերն է սիրիական մարտադաշտում եւ միաժամանակ Իրանի թշնամին, երբ հարցը վերաբերում է Հայաստանի հետ նրա բարեկամությանը եւ Ադրբեջանի հետ նրա թաքուն պատերազմին:

Մինչ Մ. Նահանգներն ու Եվրոպան օղակը սեղմում են Ռուսաստանի շուրջը, Կրեմլը ժամանակավոր հանգստություն է գտնում Թուրքիայի հետ բարեկամություն ծավալելով: Թուրքիան, որ տեխնիկական առումով ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, Ռուսաստանի եւ Իրանի հետ իր մտերմությամբ խոչընդոտում է Ռուսաստանին եւ Իրանին ճնշելու Ամերիկայի ծրագրերինՙ հատկապես առաջինից զենք, իսկ երկրորդից նավթ գնելով:

Իսկ որտե՞ղ է գտնվում Հայաստանը այս հարափոփոխ սցենարում: Հայաստանի գլխավոր խնդիրը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ է, որոնց փորձում են սիրաշահել Արեւմուտքն ու Ռուսաստանըՙ յուրաքանչյուրն իր անձնական շահերից ելնելով:

Ադրբեջանի հետ բանակցությունները ցարդ ոչ մի արդյունք չեն տվել, ոչ էլ ակնկալվում է, որ տան տեսանելի ապագայում:

Մինչ ԵԱՏՄ երկրները նախորդ շաբաթ իրենց հերթական ժողովն էին անցկացնում Երեւանում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ, Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ զորավարժություններ անցկացրին Հայաստանի սահմաններում «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» ծածկագրի ներքո, բոլոր հարեւան երկրներին հիշեցնելու համար Թուրքիայի պանթյուրքական փառասիրությունների եւ նկրտումների մասին: Քաղաքական վերլուծաբանների համոզմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այնքան էլ տրամադրված չէր մասնակցելու այդ հրահրիչ գործողություններին, բայց Անկարայի դրդմամբ փոխել էր միտքը: Սա ցույց է տալիս, որ ռուս-թուրքական մրցակցության ժամանակավոր դադարը արդյունք է ոչ թե իրական փիլիսոփայական մոտեցման փոփոխության, այլ սոսկ նպատակահարմարության, այսինքն մեքենայությունների, որպեսզի է՛լ ավելի ամրապնդվի Վաշինգտոնի դեմ Թուրքիայի դիրքորոշումը, նրանից ավելի շատ զիջումներ կորզելու եւ դրանով վերականգնելու համար իր տնտեսությունը:

Իր էությամբ Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ի անխոնջ ջատագովը, որն ամբողջովին սատարում է այդ կառույցի փիլիսոփայության, ռազմավարության եւ մարտական նպատակների առաջխաղացմանը:

Ռուսական S-400 պաշտպանողական հրթիռներ գնելու Թուրքիայի հետեւողական պնդումների իսկական պատճառները դեռեւս առեղծվածային են մնում այն առումով, որ այդ գնումների հետեւանքում կարող է չեղյալ համարվել ամերիկյան F-35 տիպի ռազմական ինքնաթիռներ ձեռք բերելու պայմանագիրը, ինչը Թուրքիայի օդուժը կդարձնի Մերձավոր Արեւելքում ամենաուժեղ երկիրը, այդ երկրների թվում ներառելով նաեւ Իսրայելին:

Հայաստանում իշխանափոխության հետեւանքում կարծես լարված էին հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց վերջին շրջանում երկու կողմերի կատարած քայլերը ցույց են տալիս, որ դրանք գտնվում են համագործակցելու համար առնվազն ընդունելի մակարդակի վրա:

Երեւանին մոտիկ Էրեբունի աերոբազայում հնացած Միգ կործանիչները նորագույններով փոխարինելու Մոսկվայի որոշումը կարծես որոշ չափով հանգստացրեց Հայաստանում ռազմական գործողություններ ծրագրողներին: Ռուսաստանը առաջնակարգ SU-30 մմ ինքնաթիռներ է տրամադրելու, որոնք բազմապատկելու են Հայաստանի օդուժի կարողությունները: Ըստ ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենհաուերի , Ռուսաստանն այդ քայլին դիմում է ոչ անպայմանորեն Ադրբեջանի դեմն առնելու, այլ իր ավելի գլոբալՙ ՆԱՏՕ-ին, եւ տվյալ դեպքում դրա առաջավոր անդամներից Թուրքիային զսպելու ծրագրի շրջանակներում, քանի որ վերջինս ամեն րոպե կարող է փոխել իր կողմնորոշումը: Ռազմական հարցերի մասնագետը հավատացած է, որ Ռուսաստանը մտադիր չէ պատերազմի մեջ մտնել Ադրբեջանի հետ, որտեղ նա բազմաթիվ արժեքավոր շահեր ունի: Մոսկվան այս մասին հստակ ապացուցեց, երբ 2016-ի ապրիլին Ադրբեջանը դավադրաբար հարձակվեց Հայաստանի վրա: Ֆելգենհաուերը նաեւ հավատացած է, որ նոր զինտեխնիկայով Հայաստանը ի վիճակի կլինի հաղթական ելքով պատերազմ մղել Ադրբեջանի դեմ, բայց հորդորում է, որ հայկական կողմը զգուշավորությամբ օգտագործի դրանք, քանի որ Ադրբեջանը Զենիթ տիպի հրթիռներ ունի, որոնց դեմ նման մոդելի կործանիչները խոցելի են:

Ուրիշ մեկնաբաններ գտնում են, որ Հայաստանին զինելու Կրեմլի որոշումը իրականում բխում է ամերիկյան զենքեր գնելու Ջոն Բոլթոնի առաջարկից:

Դուշանբեում ազերի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ կայացած բանավոր համաձայնությունը ոչ ամբողջապես, բայց զգալիորեն նվազեցրել է սահմանին հրադադարի խախտումները:

«Հայաստանի եւ Արցախի սահմանների դեմ ուղղված հրադադարի խախտումները շարունակվելու են, քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, որ սանձահարի Ադրբեջանին», նշել է այդ առթիվ գեներալ մայոր Աստվածատուր Պետրոսյանը , կոչ անելով ապահովել հարեւան երկրների ներգրավվածությունը այդ պայմանագրի ստորագրման գործում: «Մինչեւ պայմանագիր չկնքվի հինգ կամ վեց երկրներիՙ ներառյալ Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Իրանի կողմից, կացությունը զերծ չի լինելու վտանգավոր հավանականություններից», ավելացրել է նա:

Շատ հնարավոր է, որ այդ բոլոր երկրները ինչ-որ ընդհանուր շահի համար միավորվեն: Ճիշտ է, նրանցից յուրաքանչյուրն ունի իր օրակարգն ու առաջնահերթությունները, եւ Հայաստանը վստահաբար վերջին տեղում է այդ ցուցակներում, հաշվի առնելով, որ շրջանցելով Հայաստանին, նրանք տնտեսական համատեղ ծրագրեր են մշակել միմյանց հետ, բայց հնարավոր է, որ ինչ-որ քաղաքական պատճառներով նրանք համագործակցեն:

Հայաստանի առեւտրական գլխավոր գործընկերը Ռուսաստանն է: Բոլոր ցուցանիշներով ակներեւ է, որ հարաբերությունները Ռուսաստանի հետ սկզբնական երերացող փուլից հետո, այժմ ամբողջովին վերականգնվել են: Ռուսաստանին դուր չի գալիս ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները, սակայն առայժմ հանդուրժում է, որովհետեւ վստահ է, որ դրանք ոչ մի տեղ չեն առաջնորդելու: Վրաստանի դեպքում տարբեր է, լարվածությունը շարունակվում է: Նախկինում Ռուսաստանի դեմ նետված Թբիլիսիի մարտահրավերը բավականին թանկ նստեց Վրաստանի վրա: Երկիրը կորցրեց որոշ տարածքներ, բայց վրացիները դեռեւս չեն հրաժարվել իրենց մարտահրավերներից: Հենց վերջերս Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին , շարունակելով նախկին վարչակազմի արտաքին քաղաքականությունը, հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի համար ոչ մի պատճառ չկա հրաժարվելու Վրաստանում ռազմաբազա հիմնելու գաղափարից: Սա էլ հենց Կրեմլին զայրացնում է: Եթե ինչ-որ հակամարտություն բռնկվի Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ, Հայաստանի տնտեսությունը լուրջ տագնապի առաջ է կանգնելու, քանի որ Հայաստանի արտաքին առեւտուրը հիմնականում կատարվում է Վրաստանի տարածքով:

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը ինքն էլ ներկայիս փորձում է իրականացնել տնտեսական հեղափոխություն, որին Մ. Նահանգները խոստացել է տրամադրել առատաձեռն աջակցություն: Մնում է, որ նոր կառավարությունը պահի իր խոստումները եւ լավագույնս օգտագործի ամերիկյան օգնությունը արդիականացնելու համար իր տնտեսական ենթակառուցվածքները: Ադրբեջանը անհանգիստ է, որովհետեւ ստատուս քվոն ի շահ իրեն չի աշխատում: Ոչ էլ ժամանակն է աշխատում ի նպաստ իրեն: Մինչեւ Հայաստանում եւ Վրաստանում տեղի ունեցածի նման մի ժողովրդական հեղափոխություն հարցերը չլուծի Ալիեւի բռնատիրական վարչակազմի հետ, Ադրբեջանը շարունակելու է իր ռազմատենչ հռետորաբանություններն ու ցասումնալի սպառնալիքները:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 17-05-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ