RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 31-05-2019



Տեղադրվել է` 2019-05-31 00:25:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 2994, Տպվել է` 291, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՆԳՆԵԼ Է ԾԱՆՐ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Ռուսական S-400 համակարգերից չհրաժարվելու դեպքում բախվելու է ԱՄՆ-ի պատժամիջոցներին

Նախորդ համարում «Ազգը», վկայակոչելով ամերիկյան CNBC հեռուստատեսության մայիսի 22-ի հաղորդումը, տեղեկացրել էր որ պաշտոնական Վաշինգտոնը ռուսական S-400 հակաօդային պաշտպանական համակարգերի ձեռքբերման առնչությամբ Ռուսաստանի հետ ստորագրած համաձայնագիրը չեղյալ հայտարարելու համար երկու շաբաթ ժամանակ է տվել Թուրքիային: Հեռուստատեսության հաղորդմանը իսկույն արձագանքել էր նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը , մատնանշելով. «Մենք S-400 համակարգերի հարցում հետքայլ կատարելու խնդիր չունենք: Մանավանդ որ դրանք պաշտպանողական զենքեր են, ոչ թե հարձակողական»:

Մայիսի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամերիկյան հեռուստատեսությանը հերքեց նաեւ Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քըրանը : Մինչ ասուլիսին անդրադառնալը նշենք, որ Թուրքիան պատրաստվում է Ռուսաստանից գնել երկու S-400 համակարգ, 2.5 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ եւ գնման համաձայնագիրը ստորագրել է դեռեւս 2017-ի սեպտեմբերին: Ի դեպ, S-400-ի փոխարեն նախապայմանի տեսքով Թուրքիային առաջարկվող «Patriot» համակարգերից յուրաքանչյուրի արժեքը 3.5 միլիարդ է:

Ինչ վերաբերում է մամուլի ասուլիսին, որի ընթացքում փոխարտգործնախարար Քըրանը CNBC հեռուստատեսության տեղեկությունը հերքելուց զատ, թե ամերիկյան կողմը ժամկետի վերաբերյալ իրենց պաշտոնական որեւէ գրություն չի ներկայացրել, ասել է, որ Թուրքիան հետամուտ է S-400-ի հարցում որդեգրած դիրքորոշմանը, ինչը հաստատվել է դեռ 2017 թվին ստորագրված համաձայնագրով:

Այնուհետեւ Քըրանը S-400 համակարգերի առնչությամբ բանակցելու եւ երկխոսություն ծավալելու կոչ է արել ամերիկյան կողմին, գանգատվել է, որ ամերիկացիները դեռեւս անարձագանք են թողնում համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու Թուրքիայի առաջարկը: Նա միաժամանակ ափսոսանք է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հենց ասուլիսի օրն ընդունած օրինագծի առթիվ, պատճառաբանելով, թե կոնգրեսականները տեղյակ չեն S-400 համակարգերի առնչությամբ Ռուսաստանի հետ ստորագրված համաձայնագրի մանրամասներին, նրանց տեղեկացնելու նկատառումով է արվել թուրք-ամերիկյան համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու իրենց առաջարկը:

Թեեւ Թուրքիայի փոխարտգործնախարարը լրությամբ շրջանցում է, սակայն հայտնի է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը նույնիսկ օրակարգում չի ընդգրկել Թուրքիայի այս առաջարկը: Ամենայն հավանականությամբ դա կմնա անարձագանք, եթե թուրքական կողմը շարունակի համառել S-400 համակարգերի հարցում: Խնդիրը, սակայն, սոսկ աշխատանքային խումբը չէ, այլ ամերիկյան պատժամիջոցները, որոնց փաստորեն օրինականացնում է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած օրինագիծը, որն ի դեպ միանգամայն համապատասխանում է 2017-ին Կոնգրեսում ընդունված «ԱՄՆ-ի թշնամիների դեմ պատժամիջոցների ճանապարհով պայքարելու» մասին օրենքի ոգուն:

Օրինագծով Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը իշխանություններից պահանջում է ռուսական S-400 համակարգերից չհրաժարվելու, եւ փոխարենը ԱՄՆ-ից «Պատրիոտներ» չգնելու դեպքում Թուրքիային հանել ռազմական F-35 ինքնաթիռների համատեղ արտադրության ծրագրից, նրան չտրամադրել այդ ինքնաթիռների նախատեսված խմբաքանակը եւ կիրառել համապատասխան պատժամիջոցներ: Օրինագծի պահանջները միանգամայն համահունչ են իշխանությունների պահանջներին, որոնց պատճառաբանելիս ինչպես Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը, այնպես էլ պաշտոնական Վաշինգտոնը պնդում են, որ S-400 համակարգերի տեղակայումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայում սպառնալիք է Հյուսիսատլանտյան դաշինքի համար, բացի դրանից ռուսական համակարգերը չեն կարող ներառվել ՆԱՏՕ պաշտպանական համարգում, քանի որ դա միասնական ընդհանուր համակարգ է, միեւնույն զինատեսակներով են զինված ռազմական այս կառույցի անդամ երկրների բանակները:

Օգտվելով առիթից նշենք, որ համանման մեկ այլ օրինագիծ ԱՄՆ Կոնգրեսի Սենատի օրակարգում է, որքան էլ թուրքական լրատվամիջոցները փորձեն շրջանցել, այնտեղ էր գտնվում նաեւ Թուրքիայի արտգործնախարարության պատվիրակությունը, սենատորների շրջանում բացատրական աշխատանքներ կատարելու առաջադրանքով: Թե ի՞նչ արդյունքի է հասել թուրքական պատվիրակությունը, չգիտենք, որովհետեւ թուրքական աղբյուրներն ոչինչ չեն հայտնում: Բայց որ S-400 համակարգերի պատճառով Թուրքիան կանգնել է ծանր փորձության առջեւ, կասկածից վեր է: Ամերիկյան կողմը, Թուրքիայի փոխարտգործնախարար Քըրանի նշած բանակցություններն ու երկխոսությունը դեռ մի կողմ, ռուսական S-400 համակարգերի մասին լսել անգամ չի ուզում:

Ավելի քան ծանր պետք է լինի նախագահ Էրդողանի փորձությունը, որովհետեւ անհավասարակշիռ քայլերով եւ անվերջ հոխորտանքներով ինքն է սրել ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքի բոլոր դաշնակիցների հետ Թուրքիայի հարաբերությունների առանց այդ էլ բարձր լարվածությունը: Եվ դա նոր երեւույթ չէ: Դեռեւս սկիզբ է առել նախագահ Բարաք Օբամայի օրոք:

Մինչ Օբաման հայտարարում էր, որ Միացյալ Նահանգներն այլեւս պատերազմ չի վարելու Մերձավոր եւ Միջին Արեւելքում, Էրդողանը փորձում էր Սիրիայում ցամաքային պատերազմի մեջ ներքաշել ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակիցներին: Մինչ Օբաման Սիրիայի քրդերին համարում էր «ամերիկյան ցամաքային զորքեր», Էրդողանը նրանց հռչակեց ահաբեկիչներ: Նա ահաբեկչական կազմակերպություն է հռչակել նաեւ Սիրիայի դեմոկրատական ուժերին: Այնուհետեւ Էրդողանը, նկատի ունենալով ինչպես Օբամայի, այնպես էլ Դոնալդ Թրամփիՙ քրդերին հատկացրած զենքն ու զինամթերքը, «քուրդ ահաբեկիչներին զինելու միջոցով Թուրքիային մասնատելու» մեջ է մեղադրել ԱՄՆ-ին:

Այլ կերպՙ անկախ ռուսական S-400 հակաօդային պաշտպանական համակարգերից, Թուրքիան խոչնդոտ էր դարձել Արեւմուտքի սիրիական, հետեւաբար տարածաշրջանային քաղաքականության համար: Այս համակարգերը, թերեւս, համբերության բաժակը լցնող վերջին կաթիլն էին: Ըստ երեւույթին լցվել է նաեւ ՆԱՏՕ-ի համբերության բաժակը, որ վերջին շրջանում անդամ երկրները սկսել են հաճախակի քննարկել Թուրքիային կառույցից վտարելու հարցը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 31-05-2019

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ