RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 31-05-2019



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2019-05-31 00:25:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 3237, Տպվել է` 295, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԴԱՇՏԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՂԱՐԱԲԱՂ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ-Երեւան

Ամեն օր դրամատիկական զարգացումներ են տեղի ունենում Հայաստանի ներքին քաղաքականության ոլորտում, բայց մարդկանց զայրույթը գագաթնակետին հասավ, երբ նախորդ շաբաթ կալանքից ազատ արձակվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին մեղադրանք էր առաջադրվել սահմանադրական կարգը խախտելու համար 2018-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ: Դատավարական նիստերը կրկեսի էին վերածվել մի կողմից Քոչարյանի կողմնակիցների ցույցերով ու սրտապնդիչ բացականչություններով, մյուս կողմիցՙ նրա ընդդիմադիրների մեղադրական կոչերով: Այդ նիստերը նաեւ թեժ քննարկման նյութ էին դարձել սոցցանցերում եւ զանգվածային լրատվամիջոցներում: Հետաքրքրական է, որ ինչո՞ւ է այսքան մեծ ուշադրություն դարձվում Քոչարյանի նկատմամբ, երբ թավշյա հեղափոխության գլխավոր թիրախը Սերժ Սարգսյանն էր («Քայլ արա, մերժիր Սերժին»): Վերջինս ազատ է, ակտիվ եւ իր Հանրապետական կուսակցության գլխին ծրագրում է իր վերադարձը քաղաքական դաշտ:

Թավշյա հեղափոխությունը սրբեց-մաքրեց Հայաստանում քաղաքական դաշտը մենաշնորհեցրած նախկին ղեկավարներին: Որոշ խմբակցություններ փորձեցին հեղափոխությունը տարածել նաեւ Ղարաբաղում, բայց գտնվեցին այնտեղ սթափ մտածողներ, որոնք ճիշտ գնահատելով տարածքի նուրբ ու վտանգավոր կացությունը, կարողացան առաջքն առնել: Բայց դա չտարհամոզեց անցյալ խորհրդարանական ընտրություններում իրենց մանդատները կորցրած կուսակցություններին փորձելու իրենց բախտը Ղարաբաղում, հիմնելով ուժային կառույցներ այնտեղ: Շարժումը սկսվեց Ստեփանակերտում անցյալ փետրվարին ՀՅԴաշնակցության գումարած համագումարից, որի ընթացքում կուսակցության հեռացող առաջնորդ Հրանտ Մարգարյանը չվարանեց հայտարարելու, որ իր կուսակցությունը տապալելու է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանությունը եւ կառավարության գործելաոճը շեղելու է իր ներկա ընթացքից:

ՀՅԴ-ն Ղարաբաղ վերադարձավ երկրորդ անգամ մայիսին, կազմակերպելով «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը, որին մասնակցեցին քաղաքական, կուսակցական եւ մասնագիտական տարբեր հայացքների տեր գործիչներ, այդ թվում նաեւ նախկին վարչապետ եւ նախագահական թեկնածու Վազգեն Մանուկյանը, որին վստահվել էր ֆորումը նախագահելու պաշտոնը: Նպատակը հասարակական կարծիք ստեղծելն էր այն մասին, որ անհրաժեշտ է Հայաստանի եւ Արցախի միջեւ պայմանագիր կնքել վերջինիս անվտանգությունը երաշխավորելու համար: Երաշխավորի եւ երաշխավորյալի միջեւ ռազմավարական դաշինք կնքելու առաջարկը լայն արձագանք չգտավ, բայց դա չէր կարեւորը, որովհետեւ կազմակերպիչների բուն նպատակն էր ուղերձ հղել, որ խորհրդարանական ընտրություններում պարտություն կրած կուսակցությունը շարունակում է իր ակտիվ գործունեությունը:

Իրադարձությունների այս թոհուբոհի մեջ հատկանշական է «Սասնա ծռեր» մարտականորեն տրամադրված կուսակցության ձեւակերպումը, որ մինչեւ Ղարաբաղում էլ իշխող քաղաքական վերնախավը չփոխվի, թավշյա հեղափոխությունը ավարտված չի կարելի համարել:

Հայաստանյան քաղաքական ուժերի այս ներխուժման մթնոլորտում, Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է զբաղվել իր առօրյա հոգսերով ու ներքին քաղաքականությամբ, որն է պատրաստվել առաջիկա նախագահական ընտրություններին: Ներկայիս նախագահ Բակո Սահակյանի այն հայտարարությունից հետո, որ չի մասնակցելու ընտրապայքարին, ասպարեզը հետեւյալ չորս հավանական թեկնածուներին է թողնված. Արայիկ Հարությունյան, Ղարաբաղի նախկին վարչապետ, որ զարգացրել է գյուղատնտեսական ենթակառուցվածքները այնտեղ եւ վայելում է ժողովրդի որոշ մասի աջակցությունը, բայց ղարաբաղյան բանակցություններին չի մասնակցել: Սամվել Բաբայան, որ պատերազմի հերոս է, բայց որի քաղաքական կարիերան խաթարված է պատեհապաշտական գործողություններով, որոնց համար երկու անգամ բանտարկվել է (Ղարաբաղում եւ Հայաստանում):

Վալերի Բալասանյան, մեկ այլ հերոս, որ կարող է զսպել Բաբայանի պատեհապաշտական նկրտումները: Եվ Աշոտ Ղուլյան, ԼՂ խորհրդարանի խոսնակը, որի հաջողության հնարավորությունները փոքր են:

Ղարաբաղյան բոլոր ընտրություններում Երեւանի կառավարության զգուշավոր միջամտությունը գործել է, չնայած մինչ օրս ազդեցությունը աննկատ է եղել: Բայց գալով Քոչարյանի կալանքից ազատելուն, թվում է, թե ժողովրդի համբերության բաժակը դրանով լցվեց եւ բացահայտվեց Հայաստանի եւ Ղարաբաղի կառավարությունների միջեւ գոյություն ունեցող ճեղքվածքը:

Տարաձայնության սերմեր ժամանակին ցանել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ քաղաքական ընդդիմության իր ամբողջ կարիերայի ընթացքում պնդել է, որ ղարաբաղյան կլանը զավթել է իշխանությունը Հայաստանում, վրդովմունք առաջացնելով տեղի բնակչության մոտ: Այդ վրդովմունքն իր արտահայտությունը գտավ Քոչարյանի դատավարության ժամանակ, երբ դատավորը նախքան վերջնական վճիռը կալանքից ազատեց վերջինիս: Մինչ Քոչարյանի կողմնակիցները ողջունեցին որոշումը, նրա հակառակորդները սկսեցին մեղադրել նախագահ Սահակյանին եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանինՙ պիտակավորելով նրանց որպես «դավադիրներ» եւ... «թուրքեր»:

Շատերը հավատացած էին, որ թավշյա հեղափոխությունը ղարաբաղյան կլանի վերջը տվել էր, սակայն Քոչարյանի ազատ արձակումից հետո նրանք այդ ճակատից ակնկալում են հետագա նենգամիտ գործողություններ: Որոշումն ինքնին տեղիք է տվել տարբեր մեկնաբանությունների եւ թեժ քննարկումների: Որոշ մարդիկ այն կարծիքին են, որ որոշումը արդյունք էր քաղաքական ճնշումներից ազատ դատական համակարգի գործունեության, որը ներկա վարչակարգի ձեռքբերումներից է: Որոշներ գտնում են, որ Փաշինյանը կորցրել է վերահսկողությունը բարձիթողի արված դատական համակարգի վրա: Երրորդ մի խումբ էլ հավատացած է, որ որոշումը նախկին վարչակազմից մնացած կաշառակեր դատավորների գործն է:

Բայց որոշակի հատկանիշներ ստիպում են ենթադրել տալ, որ ամբողջ հարցը Մոսկվայից քաղաքական ճնշման հետեւանք էր: Չմոռանանք, որ նախագահ Պուտինը Քոչարյանի ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորական երկտող էր ուղարկել, որտեղ նշված էր նաեւ իր դժգոհությունը մտերիմ ընկերոջ հանդեպ ցուցաբերված վերաբերմունքից: Կասկած չկա, որ Ռուսաստանի նախագահը Քոչարյանի հարցը քննարկել է վարչապետ Փաշինյանի հետ իր հանդիպումների ընթացքում: Պետք է խոստովանել, որ հակառակ Փաշինյանի պնդումներին, Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները այնքան էլ չեն բարելավվել Փաշինյանի իշխանության ղեկը ստանձնելուց ի վեր:

Պուտինին չի հետաքրքրում, թե ինչ քաոսային վիճակ են թողել նախկին կոռումպացված վարչակազմի առաջնորդները: Նրա տեսանկյունից, թավշյա հեղափոխությունը միեւնույն գործիքներն ու մեթոդներն էր օգտագործել ինչ Վրաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցած գունավոր հեղափոխությունները, որոնց հետեւանքում նախկին բարեկամությունը տուժում է:

Երեւի որոշ ճշմարտություն կա այս տեսակետում, որովհետեւ մեր այժմյան ժամանակներում իշխանափոխություններն ու կառավարությունների տապալումը միշտ չէ, որ իրականացվում են զենքերի կիրառմամբ: Ժամանակակից տեխնիկական միջոցները շատ ավելի կատարելագործված են ու արդյունավետ: Պետության որեւէ ղեկավար, որը հզոր մի նոր ուժի ճանապարհին խոչընդոտ է, նախ վատաբանվում է, դիվայնացվում ազդեցիկ սոցցանցերի միջոցով, ապա գործը ամբողջացնում են «բարեգործական» առաքելություն իրականացնող հաստատություններն ու մամուլի վարձկան «զինվորները»:

Պուտինի ճնշումից հետո Փաշինյանին իրավական «թզի տերեւ» էր անհրաժեշտ Քոչարյանին ազատ արձակելու համար: Այն հայթայթելու պարտականությունը իրենց ուսերին վերցրին Քոչարյանի եւ Սարգսյանի նախկին մարտական ընկերներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, որոնք հանձն առան այդ առաքելությունըՙ ակնկալելով նաեւ դատարանում իրենց հասցեին ուղղված վիրավորանքները:

Տարաձայնությունների վիհը Հայաստանի եւ Արցախի միջեւ աղետալի հեռանկար է նախատեսում, որն ամեն գնով պետք է կանխվի: Հնարավոր է, որ արտաքին ուժեր եւս խառնված լինեն այդ տարաձայնությունների առաջացմանը: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ նման կործանարար երկպառակտչությանը աչալուրջ հետեւում է Իլհամ Ալիեւը, որ մարդասպան Ռամիլ Սաֆարովի խորհրդանշական կացինը ձեռքին պահածՙ հարմար պահի է սպասում հարվածելու համար Ղարաբաղի եւ Հայաստանի ազգաբնակչությանը:

Իշխանության ղեկը ստանձնելուց ի վեր, Փաշինյանի կողմնակիցները ցանկանում են իրականացնել «անցումային արդարադատություն», որպեսզի հնարավոր լինի ազատվել նախկին վարչակազմի մնացուկներից: Քոչարյանի շուրջ ստեղծված իրարանցումը վարչապետին տվեց այդ հնարավորությունը: Մայիսի 20-ին նա հորդորեց քաղաքացիներին փակել բոլոր դատարանների դռները:

Հայաստանի սահմանադրությունը (հոդված 163-2) արգելում է մասնավոր կամ արտակարգ դատարանների ստեղծումը, որպեսզի գործադիր մարմինները չձեւավորեն բացարձակ իշխանություն: Խորհրդարանը քննարկում է այս հարցը, որպեսզի կարելի լինի առաջ շարժվել: Պատմության ընթացքում բոլոր բռնապետերն էլ խոսել են ժողովրդի անունից եւ իշխանությունը ստանձնել նրա անունից, բայց հազվադեպ են գործել ի բարօրություն այդ ժողովրդի: Կացությունը որոշակի վախ է առաջացնում, քանի որ վարչապետն իր վերահսկողության տակ արդեն ունի իշխանության ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մարմինները, իսկ դրանց հիմա ավելանալու է նաեւ դատաիրավական համակարգը, որը նշանակում է բացարձակ իշխանություն ձեւավորել: Այդ պատճառով էլ սպասողական մթնոլորտ է այժմ տիրում, տեսնելու համար, թե ինչ ընթացք կունենան գործողությունները:

Մեր պատմության մեջ Տիգրան Մեծի կայսրությունը կործանվեց հռոմեացիների հետ իր որդու դավադրական համագործակցության պատճառով: Իսկ 1375-ին Կիլիկյան թագավորությունը ընկավ մամլուքների ձեռքը, որովհետեւ իշխանների միջեւ շարունակվող վեճերը թուլացրել էին թագավորությունը: Այդ պատմական իրադարձությունները պետք է մեզ զգոն պահեն խուսափելու համար դրանց կրկնությունից: Բավական է հայացք գցեն Ադրբեջանի սահմանին, որպեսզի մեր տաք գլուխ ու կարճատես քաղաքագետներն ու երկպառակություն սերմանողները զգաստանան: Ազերիների ռազմական տեխնիկայի կուտակումները մեր սահմանում բավական հիմնավոր պատճառ պետք է դառնան շրջահայաց լինելու եւ խոհեմություն դրսեւորելու համար:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator, 21.05.19)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 31-05-2019

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ