RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 31-05-2019



Տեղադրվել է` 2019-05-31 00:25:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 3054, Տպվել է` 288, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՔՈՒՆՙ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՈՐՈԳԱՅԹՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

«Այդքան խո՞րն է երկու ժողովուրդների ձեր թշնամանքը, որ Միկին Բաքու չի մեկնում», երեքշաբթի ինձ հարցրեց գերմանացի ծանոթներիցս մեկը, ում խորհուրդ տվեցի կարդալ իր երկրի լրագրողների Բաքվի ու Չելսի- Արսենալ ֆուտբոլային խաղի մասին անկողմնակալ հոդվածները: Հենրիխ Մխիթարյանի Բաքու չմեկնելու որոշումը նույնիսկ երեկ դեռ շարունակում էր արծարծվել գերմանալեզու մամուլումՙ առիթ տալով մեզ էլ անդրադառնալ այն քննադատությանը, որ հնչեցնում են գերմանացի մեր գործընկերները ՈՒԵՖԱ- ի, Ադրբեջանի հասցեին: Նախՙ մի ակնառու փաստ: Ոչ այնքան ֆուտբոլից էին խոսում այս օրերին, որքանՙ այն վայրից, որտեղ անցկացվում էր խաղըՙ հիշատակելով հատկապես քաղաքական դրոշմը մի երկրի, որին քննադատում են բոլորը, բայց շարունակում են հանդուրժել:

Մայիսի 29- ի խաղը հեռարձակող RTL- ի մեկնաբանները ուղիղ եթերում կրկնեցին այն, ինչ հայտնի էր բոլոր մարդկանց, որ վերջին օրերին հետեւում էին աշխարհի լրատվամիջոցներինՙ Մխիթարյանը հայ լինելու պատճառով Բաքվում չի մասնակցում խաղին: Մանրամասն տեղեկություններ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին հաղորդեցին գերմանական երկրորդ հեռուստաալիք ZDF- ը, տպագիր ու առցանց ԶԼՄ- ները: Գերմանական «Բիլդը» գրեցՙ «Այսպիսի ՈՒԵՖԱ ոչ մեկին պետք չէ»: Թերթի առցանց տարբերակում հիշեցվում էր կացնասպան Սաֆարովի պատմությունը, որ հերոսացավՙ հայրենի երկրի իշխանությունների ձեռամբ պարգեւատրվելով: Այսքան մեծ աղմուկ Ադրբեջանը չէր ակնկալում երեւի: Երկրի արդարության մարտիկներից մեկըՙ թղթակից Խադիջա Իսմայիլովան , որ մինչ այդ գոնե գերմանական լսարանին ծանոթ էր մարդու իրավունքների անխոնջ պաշտպանությամբ, թվիթերյան գրառմամբ մատնեց, որ իրականում իր դավանած մարդու իրավունքները ռասիստական հենք ունեն, իսկ Ադրբեջանը հեղինակություն փրկելու հարցում հենց նրա՛ սատարմանն է դիմում: Իսմայիլովայի թվիթերյան գրառումը իր հոդվածում զետեղեց նաեւ առցանց «Շպիգելը»: Իսմայիլովան նկատել էր տվել, թե Մխիթարյանի Բաքու մեկնելուց խուսափելը «քաղաքական նպատակ է հետանդում, ֆուտբոլն օգտագործվում է քաղաքական կեղտոտ, ռասիստական նպատակով»: Նույն հոդվածում, հենվելով «Եվրասիանեթ» պորտալի տվյալների վրա, «Շպիգելը» ներկայացնում էր, թե հայկական բռնցքամարտի ընկերության խոսնակը ( անանուն ) ֆեյսբուքում գրառում է արել, թե չի հասկանում Մխիթարյանիՙ Ադրբեջանի հանդեպ քննադատությունը, քանի որ այդ երկիրը տվել է անվտանգության երաշխիքներ: Ֆիզկուլտուրայի ինստիտուտի դոցենտ Արաքս Մարությանի քննադատությունն առավել մեղմ է եղելՙ մասնավորապես հիշատակել է չորս տարի առաջ հայ 25 մարզիկի մեկնելը Բաքու: Գերմանալեզու լրահոսում մեզ հանդիպած այս երկու հայը վստահելի են համարել Ադրբեջանի անվտանգության երաշխիքները, փոխարենը գերմանացի լրագրողները առավել հակված են ենթադրելու, թե Բաքվում Մխիթարյանի համար հեշտ չէր լինելու: Իսմայիլովայի այն դիտարկմանը, թե Մխիթարյանին անվտանգության երաշխիքներ են տվել, իսկ նա քաղաքական դրդապատճառներ ներկայացնելու հարմար առիթ է գտել, «Բիլդը» այսպես «պատասխանեց»: «Բաքու այցելել երկյուղում են նույնիսկ գերմանացի պատգամավորները: Բունդեսթագի 53- ամյա պատգամավոր Ալբերտ Վայլերը կանցլեր Մերկելի հետ չմեկնեց Ադրբեջանի մայրաքաղաք, քանի որ նրան տեղյակ էին պահել, թե օդանավակայանում կձերբակալեն:

Պատճառը ԼՂ այցելած լինելն էր: Շաբաթներ առաջ էլ Հարավկովկասյան պառլամենտական խմբի փոխնախագահ Վայլերը խուսափեց Ադրբեջան այցից», գրեց «Բիլդը»: Իսկ «Թագեսշպիգելը» անդրադառնալով Մխիթարյանի Բաքու չմեկնելու, կյանքի համար երկյուղելու փաստին, գրեց, թե հիմնապատճառը Ադրբեջանի եւ Հայաստանի խոր թշնամանքն է, որ ԼՂ-ի համար նույնիսկ պատերազմել են 1992, 1994 թվականներին: Գրեթե մոռացված այս հակամարտության հանդեպ ֆուտբոլի միջոցով միջազգային ուշադրության արժանացնելը Բաքվի իշխանություններին ձեռնտու չէ, նկատել է տալիս թերթը: Մարդու իրավունքների պաշտպան միջազգային կազմակերպությունների շարունակական քննադատությանը հորից պաշտոն ժառանգած Իլհամ Ալիեւի բռնատիրական, լրագրողների, ընդդիմության հանդեպ շաբաթներ առաջ իրականացրած ճնշումներին նորություն չեն, եւ նրանց կարծիքով, Բաքուն ֆուտբոլի միջոցով ուզում էր «մաքրվել»:

Բաքուն միջազգային հարթակ է տրամադրել Formel 1- ին, 2012- ին «Եվրատեսիլին», 2015- ի Եվրոխաղերին, բոլորն անցել են առանց քաղաքական այսքան մեծ աղմուկի: Բայց «Թագեսշպիգելի» թղթակիցը 2015- ի հունիսի 29- ի համարում լուսաբանելով մարզական այս իրադարձությունը, նշել էր, թե Բաքվում մոռանում են օլիմպիական արժեքների մասին, երբ խոսքը հայերին է վերաբերվում: «Բաքվի փողոցներում օտարների հանդեպ բարեկամական եւ հարգալից վարքի բոլոր հետքերն անէանում էին, երբ մրցասպարեզ էին ելնում հայ մարզիկները: Դրացի ոչ սիրելի երկրի մարզիկներն արժանանում էին սուլոցների, վատ վերաբերմունքի»:

ZDF-ը Կովկասի հարցերով փորձագետ Ուվե Հալբախի միջոցով վերլուծել էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ԼՂ հակամարտությունըՙ «էթնոտարածքային» բնութագրելով այն եւ նկատել տալով, թեՙ գրեթե ամբողջապես հայերով բնակեցված ԼՂ- ի հանդեպ Բաքուն վերադարձի պահանջը շարունակում է, բայց տարիների հետ վերադարձի հավանականությունը նվազում է: Հայաստանում ադրբեջանցիներ չկան, իսկ 2 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Բաքվում հազիվ 100 հայ է բնակվումՙ 70- ականների վերջին մոտ 170 000 էր հասնում նրանց թիվը, նշում է քաղաքագետըՙ պարզաբանելով, թե երկու դրացի ժողովուրդների միջեւ կապի բացակայությունը հաշտության համար դժվարություն է ստեղծում: Հակամարտությանՙ ներքաղաքական ազդեցության մասին ակնարկելիս ZDF- ը փաստարկում է, թե Հայաստանում երկու տասնամյակ իշխող «Ղարաբաղյան կլանը» 2018- ին պաշտոնանկ եղավ, իսկ Ադրբեջանում Ալիեւի ընտանիքը ջանք չի խնայում եվրոպական հարթակում «ոտնատեղ» ունենալ, ինչը ոչ միշտ, բայց մարզական միջոցառումների առումով հաջողություն գտնում է:

Բնական է, որ ֆուտբոլային այս խաղի առիթով առաջին հերթին քննադատվեց Ալիեւի բռնատիրական ռեժիմը, ներկայացվեց մամուլի ազատության սանդղակում Ադրբեջանի հետնապահ դիրքը: Այս առումով առավել ընդգծված է ներկայանում շվեյցարական swissinfo լրատվականի մայիսի 28- ի վերնագիրըՙ «Հայաստանում այսօր յուրաքանչյուրը կարող է ասել այն, ինչ ուզում է»: Հայաստանի ժողովրդավարացման, «թավշյա հեղափոխության» մեկամյակի առիթով ամեն շաբաթ գերմանալեզու մամուլում երեւակվող վերնագրերի աճը Ադրբեջանին զրկում է մեծ ու հաղթական երեւալու դիմագծից:

Մխիթարյանի շուրջ աղմուկը Բաքվի համար նյարդային լարվածություն էր ստեղծում, ուստի արտգործնախարարությունը ներկայացրեց այն որպես բեմադրված սադրանքՙ ի լուր աշխարհի իրազեկելով, թե Մխիթարյանին Բաքվում ապահով, անվտանգ լինելու երաշխիքներ էին տվել: Եթե գերմանացիները չեն հավատում այս երաշխիքի ամրությանը, հայերս ինչո՞ւ ենք այսքան վստահ, թե 25 մարզիկ թուքումուր ստացած, բայց ողջ-առողջ վերադարձան, ուրեմն... Մխիթարյանն էլ առիթը չպետք է կորցներ:

Շատ քննարկվեցՙ ինչո՞ւ Բաքվում: Ադրբեջանի ազգային հավաքականը ուժեղ թիմ դառնալու պատրանքը վաղուց է փոշիացրել: 2008- ին մարզիչ նշանակված գերմանացի Բերթի Ֆոգթցի 6, 5 - ամյա ջանքերն արդյունք չտվեցին, եւ ըստ «Թագեսշպիգելի», մարզիչը հրաժեշտից առաջ խոստովանել էր Ադրբեջանի նախագահին փոխանցածը, թե այսպեսՙ մասնագիտական կառույց ստեղծելու կամքի բացակայության պայմաններում որեւէ արդյունք չի լինի: Ֆուտբոլ խաղալ չգիտեն, բայց միջազգային կառույցներին կարողանում են համոզել, եզրակացնում է «Թագեսշպիգելը»: 2013- ին ադրբեջանական «Սոքար» կոնցեռնը ՈՒԵՖԱ- ի հետ խաղերը հովանավորելու պայմանագիր կնքեց, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ- ն, որ Դրեզդենից «խլեց» համաշխարհային մշակութային ժառանգության մաս լինելու իրավունքը մի կամրջի պատճառով, «Սոքարի» շնորհիվ Բաքվի հին քաղաքի վերանորոգված շինությունները տեսնելով չեն միջամտում, թե ինչպես են Ադրբեջանում հայության կյանքի վկայությունները սիստեմատիկ ոչնչացվում, գրում է «Թագեսշպիգելը»:

Լոնդոնից Բաքու ուղիղ թռիչքի բացակայության, ավիատոմսի թանկ լինելու, օդանավակայանիՙ այդքան շատ երկրպագու ընդունելու դժվարության մասին է ակնարկում գերմանական taz- ը: Այս թերթն էլ հիշատակում է 2015- ին Բաքվում հայ 25 մարզիկների ներկայությունը ու նրանց հասցեին հնչող ատելավառ արտահայտությունները, անհանդուրժող մթնոլորտը: Մխիթարյանի պարագայում էլ Բաքվի ստադիոնում նույնն էր լինելու երեւի, ենթադրելի է համարում թերթը:

Հենրիխ Մխիթարյանի շուրջ ծագած կոնֆլիկտն էլ մոռացության կտրվի: Այն, որ 2020- ին անցկացվելիք Եվրոառաջնության խաղերին նորից բուռն քննարկման կարժանանա այս հարցը, դժվար հավանական լինի: Բաքուն 13 խաղավայրերից մեկն է լինելու, գրում է «Թագեսշպիգելը»:

Գերմանացիները չեն սխալվում, բայց ո՞վ կարող է ենթադրելՙ ի՞նչ կլինի 2020- ին, ինչքա՞ն կդիմանա ադրբեջանցի ժողովուրդը, երբ ամեն օր օտար մամուլում Հայաստանի դեմոկրատացման մասին հոդված կարդա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 31-05-2019

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ