RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 31-05-2019



Տեղադրվել է` 2019-05-31 00:25:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 2471, Տպվել է` 287, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՈ՞Ւ Է ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԱՖՐԻՆԻ ՇՈՒՐՋ

Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

«Աֆրինի շուրջ կառուցվող ցեմենտաշեն պատը թուրքական վերահսկողություն սահմանելու վառ ապացույցն է: Դրանով Թուրքիան Աֆրինի բնակիչներին եւ աշխարհին հասկացնում է, որ սահմանը վերջնականորեն գծված է: Անկարան լրջորեն մտադիր է մնալ Հյուսիսային Սիրիայում: Գործնականորեն այդ պատը ապահովում է անվտանգությունը որեւէ տեսակի ապստամբական եւ Աֆրինը քուրդերի վերահսկողությանը հանձնելու գործողությունների դեմ», նշել է Օկլահոմայի համալսարանի Մերձավոր Արեւելյան ուսումնասիրությունների բաժնի վարիչ պրոֆ. Ջոշուա Լանդիսը :

Թուրքիան անցյալ ամսվանիցՙ ապրիլից սկսել է պատ կառուցել 2018-ի սկզբներից իր գրաված քրդական անկլավիՙ Աֆրինի շուրջ: Քաղաքական մեկնաբանները դրանում տեսնում են անեքսիայի դրսեւորում, որով Թուրքիան փորձում է արգելել տասնյակ հազարավոր փախստական քրդերի վերադարձը իրենց օջախները: Ներկայիս Աֆրինի քաղաքացիական գործերի վերահսկողությունը հանձնված է Թուրքիայի Հաթայ (նախկին Ալեքսանդրետի սանջակ) նահանգին: Վերլուծաբան Մուտլու Չիվիրօղլուն ընդգծում է, որ պատը գործնականորեն մեկուսացնում է Աֆրինը Սիրիայի մյուս շրջաններից, հատկապես Տալ Ռիֆաթ քաղաքի շրջակայքից, որտեղ 100 հազարից ավելի փախստականներ են ապրում ներկայիս: Ուրիշներ գտնում են, որ պատը կառուցվում է արգելելու համար Աֆրինի ազատագրական ուժերի (HRE) հարձակումները, որոնք վերջին շրջանում լուրջ վնասներ էին պատճառել թուրքական զորքերին: HRE-ն սիրիացի քրդերի ժողովրդական պաշտպանության միավորումների (YPG) ճյուղերից մեկն է, որ թիրախավորել էր թուրքական զորքերին ինչպես Աֆրինում, այնպես էլ Ազազում, որ Թուրքիան 2016-17-ին գրավել էր «Իսլամական պետությունից»:

Մինչեւ օրս սիրիական եւ ռուսական կառավարությունները խստորեն չեն դատապարտել Թուրքիայի գործողությունները, ինչը կարող է նշանակել, որ որոշակի համաձայնություն կա կողմերի միջեւ: «Թվում է, թե Մոսկվան փորձում է ընդառաջել Թուրքիային, որպեսզի կարողանա ավարտին հասցնել S-400 հրթիռների գործարքը», հավատացած է Չիվիրօղլուն:

Վերջերս անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ինքը տեղյակ չէ պատի կառուցման ծրագրից: Իսկ Լանդիսի կարծիքով հնարավոր է, որ որոշ համաձայնություն գոյություն ունի Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ Հյուսիսային Հալեպի վերահսկողությունը հանձնելու Թուրքիային, իսկ Իդլիբի վերահսկողութունըՙ Սիրիային: «Մինչ թուրքերը հարավում կճնշեն քրդերին, սիրիացիները հյուսիսում կճնշեն արաբ ապստամբներին», ասել է նա:

Ըստ Մերձավոր Արեւելքի ինստիտուտի աշխատակից Գունեյ Յըլդըզի Թուրքիայի պաշտոնատար անձինք շատ ավելի մեծ կարեւորություն են տալիս Աֆրինի վերահսկողությունը պահպանելուն, քան հյուսիսարեւմտյան ավելի ընդարձակ տարածություններին, որոնք Թուրքիան գրավել էր «Իսլամական պետությունից» «Եփրատի վահան» գործողության արդյունքում: «Թուրքերի համար առավել նախընտրելի է Էլ-Բաբը, Ջարաբլուսը կամ Ազազը վերադարձնել սիրիական իշխանություններին, քան հրաժարվել Աֆրինից: Թուրքիան ցանկանում է քրդերին որքան հնարավոր է հեռու պահել Միջերկրականից», պնդում է Յըլդըզը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 31-05-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ