RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 31-05-2019



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2019-05-31 00:25:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 1923, Տպվել է` 286, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԺՀ-Ի ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄՆ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Աշխարհաքաղաքական նոր մեկնարկներ

ՉժՀ Պետխորհրդի անդամ եւ արտգործնախարար Վան Ին օրերս շրջագայություն կատարեց Անդրկովկասի պետություններ Ադրբեջանում, Վրաստանում եւ Հայաստանում: Չինաստանի արտաքին գերատեսչության առաջին «փաթեթային» այցը տվյալ տարածաշրջանում ունի նկատելի առանձնահատկություններ: Անդրկովկասյան մայրաքաղաքներում բանակցությունների գլխավոր հարցը տնտեսությունն է: Ներկայումս Թբիլիսիի, Բաքվի ու Երեւանի հետ Պեկինի երկկողմ հարաբերություններում արդեն ձեւավորված են հիմնարար ուրվագծերՙ հաշվի առնելով նաեւ ազգային առանձնահատկությունները: Տարածաշրջանում արդեն իրականացվում են ոչ այնքան լայնընդգրկուն համատեղ նախագծեր: Պեկինը երեք պետություններից որեւէ մեկի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք չունի: Անդրկովկասում Չինաստանի ընդհանուր քաղաքականությունը դեռ նոր-նոր է մշակվում: Այն կապված է «Մեկ գոտի, մեկ ուղի» համապարփակ նախագծի եւ տարածաշրջանային նոր մեկնարկերի որոնման հետ:

Այս տարածաշրջանում Պեկինը որպես աշխարհաքաղաքական կարգավորում ձեռնարկումներ սկսեց միայն 2010-ական թվականներին, երբ կոնկրետ քայլերի դիմեց տրանսպորտային միջանցքների ստեղծման ուղղությամբ: Նշենք, որ «Մեկ գոտի, մեկ ուղի» համապարփակ նախագիծը հիմնվում է Չինաստանից դեպի Եվրոպա եւ Հարավային Ասիա տանող վեց տնտեսական միջանցքների վրա: Կասպիական երթուղին ենթադրում է Ղազախստանի մասնակցությունը, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նավահանգիստների ներառումըՙ ելք ունենալով դեպի Սեւ ծով: Չինաստանը որոշակի հույսեր է կապում նաեւ Իրան-Հայաստան, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային մայրուղիների հետ:

Ըստ որում, Չինաստանը նկատի է առնում, որ Անդրկովկասը մտնում է Ռուսաստանի ազգային շահերի գոտու մեջ, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այնտեղ ի հայտ են եկել Իրանի եւ Թուրքիայի տարատեսակ շահերի դրսեւորումներ, ակտիվացել է նաեւ ԱՄՆ-ի ու Եվրոմիության գործունեությունը: Անցյալում Անդրկովկաս մուտք գործելը Չինաստանի համար կապված էր աշխարհաքաղաքական որոշակի վտանգների հետ, քանի որ, ի տարբերություն մյուս խաղացողների, ՉԺՀ-ն ունի տվյալ տարածաշրջանի հետ պատմական շփումների ամենափոքր աշխարհաքաղաքական փորձառությունը: Սակայն ներկա պահի եզակիությունն այն է, որ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան Չինաստանին չեն ընկալում որպես «թշնամական ուժ», նրանից չեն սպասում սպառնալիքներ, այլ ընդհակառակը, Չինաստանը համարում են ամերիկյան ազդեցության հակակշիռ:

Առավել եւս, որ չինական կողմը տարածաշրջան է մուտք գործում տնտեսական նախագծերով, որոնցով շահագրգռված են ամենքը, բացի Արեւմուտքից: Ինչպես նշվում է Քարնեգի հիմնադրամի զեկուցագրերից մեկում, խնդիրն այն է, որ ԱՄՆ-ի եւ առհասարակ Արեւմուտքի քաղաքականությունը Անդրկովկասի հանդեպ վերջին քառորդ դարում մի քանի փուլ է անցել: Առաջադրվել են հավակնոտ նպատակներ, բայց դրանք երբեւիցե չեն իրականացվել: Տարածաշրջանի կացությունը հետզհետե ավելի է բարդացել Անդրկովկասի եւ Մերձավոր Արեւելքի իրադարձությունների միահյուսման արդյունքում: Տարածաշրջանի ժողովրդավարական նորացման եւ Արեւմուտքի հետ ինտեգրմանը վերաբերյալ արվող հայտարարությունները հանգեցրին լոկ այն բանին, որ Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը սկսել են շարժվել տարբեր ճանապարհներով:

Անդրկովկասի պետությունները փաստորեն հայտնվում են վակուումի մեջ, եւ չկա կայունացնող որեւէ ուժ: Հենց այս պայմաններում Չինաստանը ներկայացավ որպես կայունացնող գործողՙ առաջարկելով «Մեկ գոտի, մեկ ուղի» աշխարհաքաղաքական նախագիծը: Բաքուն, Թբիլիսին եւ Երեւանը հավանաբար կփորձեն տարածաշրջանում թուլացնել կամ համահարթել Ռուսաստանի ազդեցությունըՙ հասկանալով, որ ԱՄՆ-ը եւ Եվրոմիությունը մնում են գործընկերներ, բայց հեռու են:

Սակայն Չինաստանը սեփական շահերը դանդաղ է առաջ մղում: 2017-ի վերջերին եւ 2018-ի սկզբներին ուժի մեջ մտավ Վրաստանի հետ Չինաստանի ազատ առեւտրի գոտին: Կարեւոր է նշել, որ ՉԺՀ-ի վրա բավական մեծ է եվրասիական տնտեսական միության ազդեցությունը ազատ առեւտրի գոտիների ձեւավորման հարցում: Մասնավորապես Անդրկասպյան երթուղին անցնում է Եվրասիական տնտեսական միության տրանսպորտային-տեխնիկական տարածքով:

Միեւնույն ժամանակ, ԵԱՏՄ-ի եւ ՉԺՀ-ի ճանապարհային համագործակցությունը առայժմ մնում է առկախ վիճակում, թեպետեւ հայտնի է, որ Անդրկովկասի պետությունների փոքր տնտեսությունները կարող են որոշակի օգուտ ստանալ չինական նախագծից: Ակնկալվող չինական ներդրումների պայմանները սպասվածից ավելի բարդ կլինեն: Պեկինը առայժմ միայն հիմքերն է գցում իր հավակնությունների նախաշեմինՙ չդրսեւորելով քաղաքական ձգտումներ:

ՉԺՀ արտգործնախարարի անդրկովկասյան ուղեւորությունը եւ բանակցությունները ցույց են տալիս, որ Պեկինը ի վիճակի է բանակցելՙ առանց հարուցելու Անդրկովկասում ազդեցություն ունեցող տարածաշրջանային տերությունների վրդովմունքը, նշում է «Ռեգնում» գործակալությունը:

Հայկական լրատվամիջոցները հաղորդում են, որ չին արտգործնախարարի երեւանյան այցի ընթացքում մասնավորապես ստորագրվել են երկու երկրների քաղաքացիների այցագրային ռեժիմի չեղարկման, երկկողմ առեւտրի ընդլայնման եւ այլ համաձայնագրեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 31-05-2019

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ