RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 07-06-2019



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2019-06-06 23:32:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 2422, Տպվել է` 278, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՀԱՊԱՂ ԼԻՑՔԱԹԱՓԵԼ ԵՐԵՎԱՆ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Երեւան-Ստեփանակերտ հարաբերություններում ամիսներ շարունակ տիրող երբեմն գաղջ, երբեմն սառը ու հազվադեպորեն ջերմ մթնոլորտը չորեքշաբթի օրը հասավ լարվածության գագաթնակետին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, վկայակոչելով Արցախից տարածված ֆեյսբուքյան ինչ-որ գրառում, մեղադրեց արցախյան կողմին դավադրությունների միջոցով պատերազմ հրահրելու, հողեր հանձնելու եւ, ապա, այդ հանձնման մեղքը Երեւանի իշխանությունների վրա բարդելու մեջ: Ընդունենքՙ փաստորեն դա աննախադեպ ամբաստանություն էրՙ ազգային դավաճանության բոլոր մեղսագրումներով հանդերձ: Աննախադեպՙ նույնիսկ 1998 թ.ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի ճառի հետ համեմատած, երբ ՀՀ առաջին նախագահը զգուշացնում էր բոլորին, որ իր իշխանությանը գալիս է փոխարինելու «պատերազմի կուսակցությունը»...

Վերեւի ակնարկս բոլորովին պատահական չէր: Արդարեւ, ստեղծված ներկա իրավիճակը իր շատ կողմերով հիշեցնում է 1998 հունվարի 7-8-ի ՀՀ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստին հաջորդած մթնոլորտը, որը հանգուցալուծվեց Առաջին նախագահի հրաժարականով: Միայն մեկՙ էական տարբերությամբ, որ եթե այն ժամանակ ներիշխանական կոնֆլիկտի հիմքը Արցախյան հիմնահարցի լուծման եւ բանակցային գործընթացի նկատմամբ սկզբունքային դիրքորոշումներն էին, հարցի այսպես կոչված «փուլային» եւ «փաթեթային» տարբերակների շուրջ, ապա այժմ մեր զույգ մայրաքաղաքների միջեւ լարվածության հիմքում ընկած է, իմ տպավորությամբ, համատարածՙ ՀՀ-ից մինչեւ ԱՀ միանձնյա իշխանություն ստեղծելու մարմաջը, որի առաջին դրսեւորումներից մեկը եղավ, նախորդ տարի, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի փոփոխության պահանջը, իսկ վերջինըՙ 2016-ի Ապրիլյան պատերազմի թղթածրարը վերաբացելու առաջադրանքով կազմված հատուկ հանձնաժողովի ստեղծումը: Բոլորս հիշում ենք, որ Քառօրյա պատերազմին հաջորդած օրերին նման քննություն, թեեւ ոչ առանձին հանձնաժողովի ստեղծմամբ, կատարվեց ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում, որին հաջորդեցին ոչ քիչ թվով հրամանատարների եւ ենթասպաների պաշտոնազրկումներ, մեր բանակի սպառազինության բարելավմանը ուղղված քայլեր, թեկուզ անբավարար: Հետեւաբար, երեք տարի հետո նույն կամ նման «դոսիյեի» բացումը, դարձյալ իմ տպավորությամբ, անբաղձալիներին պաշտոնազրկելու եւ պատժելու, ինչպես նաեւ Հայոց բանակի սպաներին սաստելու նպատակ է հետապնդում: Անշուշտ, միշտ էլ կարելի է վերաբացել կարեւոր դեպքերի ու մանավանդ ռազմական իրադարձությունների թղթածրարները, սակայն դատելով հանձնաժողովի ստեղծման ցուցադրական-հրապարակայնացման ներկա գործելաձեւից, այդ քննությունը չի կարող լուրջ լինել, մանավանդ որ, լուրջ լինելու դեպքում հատուկ հանձնաժողովի եզրակացությունները չեն կարող ենթակա լինել հրապարակայնացմանՙ ռազմական-պետական գաղտնիքներ չբացահայտելու նկատառումներով:

Վերեւում շարադրվածին հավելյալ հիմնավորումը կարելի է գտնել լրագրողների հետ վարչապետի նույն զրույցում արտահայտած կցկտուր մի քանի մտքերըՙ բանակցային գործընթացների մանրամասներից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության տեղյակ չլինելու եւ միայն իր միջոցով բանակցությունների վերաբերյալ փաստաթղթերին ծանոթացած լինելու մասին: Այդ պնդումներից կարելի է հետեւցնել, որ Արցախի իշխանությունները ՀՀ նախկին իշխանության կողմից փաստորեն արհամարհված եւ անտեսված են եղել: Նույնիսկ նախագահ Բակո Սահակյանը, որի «պարընկերը», ինչպես բնութագրում է վարչապետը Սերժ Սարգսյանին, նրան անտեղյակ է պահել բանակցային գործընթացներից: Անհավատալի՞ է, անշուշտ: Բայց վարչապետը դրանով չի բավարարվում: Նա փաստորեն, առանց անունը նշելու, անտեղյակության մեջ մեղադրում է Բակո Սահակյանին, որ անգամ իր քթի տակ չի նկատում, թե հենց Արցախում ովքե՞ր են ուզում դավադրությունների միջոցով պատերազմ հրահրել ու հողեր հանձնել, ապա այդ հանձնումը վերագրել ՀՀ իշխանություններին: Ամենավառ երեւակայության մեջ անգամ չտեղավորվող այս պնդումը կարող է հուշել, որ այժմվանից փորձ է կատարվում հետագա, Աստված մի՛ արասցե, պարտությունների համար «քավության նոխազ» գտնելու...

Իրերի այս մտահոգիչ կացության մեջ հազիվ թե մխիթարական լինի նախագահ Սահակյանի նույն օրը Արցախպրես գործակալությանը տված ողջախոհ եւ լրջախոհ պատասխանը ՀՀ վարչապետին, քաղաքակիրթ հերքելով նրա ասածները բանակցային գործընթացից արցախյան կողմի անտեղյակության վերաբերյալ եւ, միաժամանակ, կոչ անելով «չխարխլել մեր միասնականությունը» ու բոլոր հարցերը, ընդհուպ դավադրությունների վերաբերյալ կասկածները, համատեղ քննարկել փոխադարձ հարգանքի մթնոլորտում:

Նույնը պիտի մաղթեին Հայաստանի, ամբո՛ղջ Հայաստանի բոլոր ողջախոհ մարդիկ: Ներքին լարվածությունը պետք է լիցքաթափել անհապաղ:

«Կարթագենը մեր դռանն է»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 07-06-2019

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ