RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 07-06-2019



Տեղադրվել է` 2019-06-06 23:32:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 2882, Տպվել է` 269, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՔՎՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ, ԵՐԵՎԱՆՈՒՄՙ «ԲՌՆՈՑԻ» ԽԱՂՈՒՄ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

2019 թվականը հարեւան Ադրբեջանը դիմավորել է զորավարժություններով, օրերս մաշեցնում է զորավարժություններով, եւ դեռ հստակ չէՙ կճանապարհի ինչով: Այս մասին դիտարկումները շատ են եղել, շատ լուրջ մարդիկ են հայտնել իրենց տեսակետները, որոնք, ցավոք սրտի, այնքան էլ մեծ հնչեղություն չեն ստացել ու զանգվածների ուշադրությունը չեն գրավել:

Հուսով եմՙ ոչ ոք չի մտածում, որ Հայաստանի ու հայերի վախճանի ծրագիրն ամեն օր կատարելագործող թյուրք Իլհամ Ալիեւի բանակն ուղղակի է զորավարժություններ անում, հենց այնպես, ավելորդ էներգիա ծախսելու համարՙ միլիոնավոր դոլարներ ծախսելով դրա վրա: Այդ գործընթացի ամբողջ ընթացքում, հատկապես այս տարի, Ալիեւի մեծ եղբայր Ռեջեփ Թայիփ Էրդողաննՙ իր բանակով կանգնած է, ինչպես թուրքերն են ասում, «Ջան Ազերբայջանի» թիկունքին: Ավելինՙ մինչ ես գրում եմ այս տողերը, այդ երկու եղբայրական երկրները մեր մայրաքաղաքից մի մեկ-երկու արկաչափ հեռավորության վրա լայնամասշտաբ զորավարժություններ են իրականացնումՙ ոչնչացնելով պայմանական թշնամուն ու գրավելով նրա պաշտպանական բնագիծը: Պարզ է, չէ՞, որ այդ պայմանական թշնամին շատ հստակորեն մենք ենք եւ մեր հայրենիքը:

Ինչեւէ, գլուխը քարը, մեր բանակն էլ ձեռքերը ծալած չի նստում, եւ եթե մեր ՊՆ-ն ամեն օր չի խոսում մեր բանակի մարտունակության մասին, դա վերջինիս բացակայությունը չի ենթադրում. ճտերն աշնանն են հաշվում: Բանակն իրենը կանի, ես դրանում մազաչափ անգամ կասկած չունեմ, իսկ քաղաքական ղեկավարությո՞ւնը: Նրանք չե՞ն պատրաստվում իրենց համերաշխությամբ կանգնել բանակի թիկունքին, հարկ եղած դեպքումՙ օրինակ ծառայել նրան, զենքը ձեռքին խրամատում կանգնել զինվորի կողքին: Կարծեսՙ ոչ: Որովհետեւ, ոմանք, որքան էլ տարօրինակ հնչի, կարծեսՙ սահմանից այն կողմ թշնամիներ չունեն, նրանց թշնամիները ներսում են, ազգությամբ հայեր:

Սա ծանր հարց է, եւ դժվար է միանշանակ պատասխան տալ: Բայց մի բան հաստատ է, պատերազմական իրավիճակում գտնվող երկրում, ինչպիսին մերն է, աթոռակռիվները երբեք լավ բանի չեն հանգեցրել: Դրա դասական օրինակը հայոց պատմությունն էՙ գրեթե իր բոլոր շրջափուլերով:

Տպավորություն է, որ 2018թ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության նպատակը ոչ թե պետության վիճակը կայունացնելն էր, այլՙ «հին հաիշվները մաքրելը»: Ես քաջ գիտակցում եմ, որ այդ դիտարկումները կարող են կատաղության նոպաներ առաջացնել իրենց հեղափոխական պատկերացնող մեր որոշ քաղաքացիների մոտ, բայց սա մաքուր ճշմարտություն է, որքան էլ վերջիններս փորձեն ժխտել դա: Արդեն մեկ տարուց ավելի է անցել, բայց, լայն առումով, ժողովուրդը նույն կերպ է սնվում, նույն կերպ հանգնվում, նույն կերպ աշխատում ու նույն կերպ վարձատրվում, չնայածՙ փոփոխություն կա. մարդիկ սկսել են խմբերի բաժանվել ու մինչեւ հոգու խորքը ատել իրար, հանուն այս կամ այն չինովնիկի, որը թքած ունի բոլորի վրա: Հիմա ձեռնարկատերերից ապօրինի մասնաբաժին պահանջող նախագահի եղբայր չունենք, բայց մարդիկ էլի մեկին «հարկ» են տալիս. ինքներդ պարզեքՙ ով է այդ մեկը:

2019թ. ցույց տվեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը միջոցներ չի խնայում տարբեր ամբիոններում արված ռազմատենչ հայտարարությունները նյութականացնելու համար: Այս ընթացքում մեր երկրի իշխանությունները տարված են նախկին իշխանավորների է «բռնոցի» խաղալով: Իշխանությունները ժողովրդի մոտ այնպիսի կարծիք են ձեւավորել, ըստ որիՙ Հայաստանի Հանրապետության զարգացման գլխավոր խանգարողները Ռոբերտ Քոչարյանը, Մանվել Գրիգորյանը, Սերժ Սարգսյանն ու նրանց համակիրներն են, եւ նյութական ու բարոյական ոչ մի միջոց չեն խնայում դա ապացուցելու համար: Սրանով միտում չունեմ արդարացնելու վերոհիշյալներին, բայց այս գործելաոճն ինձ հիշեցնում է հայտնի տան մասին հումորային պատմությունը. տանիքից ջուր է կաթում, պատեը խոնավ են, հատակը հողից է, բայց դուռը «մի փեշ փող արժե»: Կրկին ներողություն, բայց սա ճշմարտություն է:

Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, վաղը կարող է դժվար լուծելի խնդիրների առաջ կանգնեցնել մեզ: Հայաստանի Հանրապետությունը ոչ թե խանություն է կամ ամիրայություն, ինչպես պատկերացնում են ոմանք, այլՙ պետություն, որի գերխնդիրն այս պահին թուրքական օժանդակությամբ ադրբեջանական ագրեսիան կանխելը, ճնշելն ու տնտեսությունը զարգացնելն է, բայց ի հեճուկս այս կարեւորության, մեզ մոտ, որպես պետության համար թիվ մեկ խնդիրՙ որդեգրված է մի քանի հոգու հետապնդումն ու կալանավորումը, հետոՙ դատապարտումը. պետական շահի հերն էլ անիծած: Իսկ Ադրբեջանում ճիշտ հակառակն է, այնտեղ պատրաստվում են: Ես չէի ասի, թե այդ պատրաստությունը կարող է ճնշել մեր հզոր բանակին, բայց, ինչպես վերը նշեցի, բանակին թուլացնող-չթուլացնողը թիկունքն է: Նույնիսկ Մեծն Ալեքսանդրի բանակը չկարողացավ դիմանալ օրեցօր ալեկոծվող թիկունքի տված հոգեւոր դավադրություններին: Ասածներիս վառ ապացույցն է նաեւ 1993թ. Ադրբեջանում տեղի ունեցած կարճատեւ ռազմական հեղաշրջումը, որից, անհերքելի է, օգտվեց հայկական զինուժը: Եվ հիմարություն կլինի մտածելը, թե Ադրբեջանը չի օգտվի մեր ներքին պառակտություններից, ավելինՙ ես հակված եմ մտածելու, որ այս ակտիվ զորավարժություններին ու դրանցից հետո սպասվող հավանական ռազմական զարգացումներին տեղիք են տվել նաեւ հենց մեր քաղաքական խժդժությունները, որտեղ, ինչպես ասում ենՙ «բոլորը խաներ են, եւ շունը տիրոջը չի ճանաչում»:

Եվ այս իրավիճակում, երբ թշնամին պատրաստվում է ոչնչացնել քեզ, խաղաղության մասին խոսելը ավելի շատ օգնում է նրան, քանՙ պաշտպանում մեզ:

Ես հույս ունեմ, որ մեր իշխանությունը օր առաջ հաշվի կառնի ստեղծված վտանգավոր իրավիճակը եւ հնարավորինս արագ կանցնի բուն օրակարգինՙ պաշտպանել հայրենիքը վերահաս վտանգներից, իսկ գողերի, ավազակների ու արդարամիտների դատըՙ հընթացս...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 07-06-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ