RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 07-06-2019



ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2019-06-06 23:32:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 2303, Տպվել է` 267, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՍԵՐԸ. «ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»

ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ, Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ

«Թավշյա հեղափոխությունը» բազմաթիվ տեսակետների, ենթադրությունների, դրա իրականացման սցենարների մասին վերլուծությունների ու քննարկումների առիթ է դարձել: Մեր նպատակն է ուսումնասիրել «թավշյա հեղափոխության» տնտեսական ասպեկտներըՙ վեր հանելու երեւույթի հնարավոր առանձնահատկությունները, հասկանալու «զուտ հայկական ֆենոմեն» անվանելու հավանական հիմքերը: Միաժամանակ, կարեւորում ենք անաչառորեն գնահատելու «թավշյա հեղափոխության» ձեռքբերումներն, ինչպես նաեւ բացթողումները, որոնք, միասին վերցրած, կարող են ուսանելի լինել ապագա ծրագրերը մշակելիս կամ կանխատեսումներ կառուցելիս:

Մեր դիտարկմամբ, անկախության տարիներին հայությանը մտահոգող հետեւյալ հիմնական խնդիրների շուրջ են եղել քաղաքական եւ տնտեսական զարգացումները.

- արտաքին եւ ներքին անվտանգության ապահովում,

- անկախության, պետականության քաղաքական եւ տնտեսական հիմքերի կայացում,

- արդարության, առաջին հերթինՙ սոցիալական արդարության սկզբունքի արմատավորում,

- աշխատանքի եւ աշխատատեղերի ստեղծման համար բարենպաստ պայմանների ձեւավորում,

- աղքատության մակարդակի կրճատում:

Եթե վերլուծենք անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանի ներքաղաքական զարգացումները, իշխանությունների դեմ զանգվածային բողոքի տարբեր դրսեւորումները եւ, ի վերջո, իշխանափոխությունները, ապա դրանց հիմքում վերը նշված խնդիրների տարբեր «փնջերն» են եղել: Ինչ վերաբերում է «թավշյա հեղափոխության» առանցքային խնդրին, որքան էլ որ մեր կարծիքը տարբերվի արհեստավարժ քաղաքագետների կարծիքներից, օրեցօր ավելացող ՍՈՒՏ-ն ու ԿԵՂԾԻՔ-ն էին, որը ժողովրդի, նույնիսկ իշխանական կուսակցության եւ պետական ապարատում ծառայողների մեծ մասի համար դարձան անընդունելի եւ անտանելի:

Դրա կարեւոր մի դրսեւորում էր նախորդ իշխանությունների կողմից տրված խոստումները ներդրումների եւ որպես հետեւանքՙ նոր աշխատատեղերի ստեղծման մասին: Հիշեցնենք, որ ներդրումների անվան տակ նախորդ Կառավարությունը ներակայացրել էր ընդամենը պետական բյուջեի ծախսային հոդվածները, որոնց մի զգալի մասն ընդհանրապես անմիջական կապ չունեն տնտեսության զարգացման հետ: Այսպես օրինակ, բիզնես ներդրումների անվան տակ ներկայացվել են.

- մանկատների եւ խնամքի կենտրոնների վերանորոգում եւ հիմնանորոգում,

- քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության միջոցառումների իրականացում,

- օրենսդրության կատարելագործման եւ իրավական հետազոտությունների կենտրոնի ստեղծում,

- աջակցություն Հայաստանի Կառավարությանը հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման գործում,

- ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացումը եւ քիմիկատների կայուն կառավարման շրջանակներում կայուն օրգանական աղտոտիչներով (POPs) աղտոտված տարածքների խնդիրների կարգավորման ծրագիր,

- մարզադահլիճների եւ մարզաառողջարանային համալիրների կառուցում,

- գույքի օտարման ծրագրեր, ինչպես նաեւ բիզնես ներդրումների անվան տակ ներկայացված այլ անհեթեթություններ:

Հետեւաբար, հեղափոխությունը կարելի է ընկալել նաեւ որպես ստի եւ կեղծիքի հանդեպ անհարդուժողականության դրսեւորում:

Ինչպես եւ ամեն հեղափոխություն, Հայաստանում տեղի ունեցածին եւս բնորոշ էին բազմաթիվ օրինաչափություններ, որոնց մասին շատ է խոսվել: Քիչ չեն նաեւ համեմատություններն ու ընդհանրությունները Ֆրանսիական հեղափոխության, Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության, անգամՙ Սպարտակի ապստամբության հետ: Այնուամենայնիվ, մեզ ավելի շատ հետաքրքրում է այն, թե ինչո՞վ է այն տարբերվում մյուսներից:

Եվ այսպես, որոնք են հեղափոխության առանձնահատկությունները:

Նախ, հեղափոխությունը կրել է բացառապես խաղաղ, ոչ բռնի եւ խաղաղ բնույթ: Այս իմաստով, այն կարելի է անգամ կոչել «անարյուն իրագործված հեղափոխություն»:

Պետք է նկատել, որ «անարյուն» բնույթը պայմանավորված էր նախորդիՙ իշխող ուժի կամովին հեռացմամբ, առանց առճակատման եւ ընդհարումների, ինչը թույլ տվեց նոր ուժին իշխանության գալ առանց ավանդական ցնցումների: Սա եւս այս հեղափոխության առանձնահատկություններից է:

Կարեւոր ձեռքբերումներից մեկը, թերեւս, այն է, որ տնտեսական անկում չի արձանագրվել, պահպանվել է տնտեսական զարգացման շարունակականությունը եւ ոչ միայն չեն եղել ցնցումներ, որպես այդպիսին, այլեւ առանձին ոլորտներում ավելի առաջանցիկ աճ է գրանցվել, մասնավորապեսՙ շինարարության ոլորտում:

Ֆինանսական հատվածում վստահության գործոնով պայմանավորված եւս մեկ ձեռքբերում կարելի է արձանագրել ՙ ազգաբնակչության ավանդների ծավալի աճը: 125 մլրդ դրամով աճել են ավանդները միայն ամռան ամիսների ընթացքում:

Ազգային դրամանիշը կայուն է եւ պահպանում է իր կայուն հետագիծը: Պետական պահուստները 2 միլիարդից ավելին են, ինչը ապահովության եւ անվտանգության բարձր մակարդակ է: Անցյալ մայիս ամսին, ՀՀ ԿԲ-ն ոչ թե վաճառել, այլ գնել է 44 մլն դոլար: Սա նշանակում է, որ առկա են բարենպաստ հիմքեր:

Հուլիսի 1-ից ներդրվել է կուտակային կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչը: Երկարաժամկետ հեռանկարում դրանք այն գումարներն են, որոնք կարող են եւ պետք է օգտագործվեն Հայաստանի տնտեսությունում, հատկապես արդյունաբերական ծրագրերի համար:

Այս ամենն ավելի նման է ոչ այնքան հեղափոխության, որքան աստիճանաբար տեղի ունեցող էվոլյուցիոն զարգացումների, որոնք ինչ-որ հանգրվանում պետք է խտացված դրսեւորվեին նոր որակի ձեւավորմամբ եւ որակական փոփոխություններով, որի մեկնարկը տվեց «թավշյա հեղափոխությունը»: Այլ խոսքով, հայկական իրականության մեջ ձեւավորվեց նոր ֆենոմենՙ քաղաքական գրադուալիզմ, ինչը կարելի դասել առանձնահատկությունների շարքին:

Մյուս առանձնահատկությունը, թերեւս, այն փաստն է, որ քաղաքացուն փողոց դուրս բերելը եւ առաջնորդելը, պարզվում է, ավելի հնարավոր է, քան տարիներ շարունակ քարոզչություն ծավալելն առ այն, թե որքան կարեւոր է յուրաքանչյուր ընտրողի ձայնը եւ որքան մերժելի է հաշտվողականությունն ու կաշառքով քվե տալն այս կամ այն թեկնածուին:

Կարեւոր առանձնահատկություններից մեկն էլ հենց կաշառակերության, կեղծիքների, պետական ունեցվածքի թալանի եւ կլանների, կեղեքողների դեմ քաղաքացիական հանրության համախմբումն է:

Իրականում, «թավշյա հեղափոխության» կարեւոր առանձնահատկությունն ու հաջողության արմատներն ավելի խորն են. Ժողովրդի դժգոհությունը կուտակվել է աստիճանաբար:

Անփոխարինելի նպաստող գործոնի դեր խաղացին սոցիալական ցանցերը, ինչպես նաեւ մեծ մասայականություն վայելող առցանց լրատվամիջոցները, որոնք ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում էին հեղափոխության բոլոր զարգացումները: Նախկինում ընդդիմադիր շարժումներ նախաձեռնող եւ ղեկավարող քաղաքական ուժերը կարող էին միայն երազել նման թափանցիկության եւ իրադարձությունների անաչառ լուսաբանման մասին:

Թեեւ շատերի համոզմամբ «թավշյա հեղափոխության» հիմնական պատճառները, խնդիրները եւ շարժիչ ուժերը հիմնականում տեղական բնույթ էին կրում, այնուամենայնիվ, բազմաթիվ փորձագետների վկայությամբ, ստացավ տարածաշրջանային եւ միջազգային նշանակություն:

Առանձնահատկություններից բացի, կարեւոր է անդրադառնալ նաեւ հեղափոխության հիմնական ձեռքբերումներին եւ ձախողումներին:

Անաչառությունը պահպանելու համար հեղափոխության ձեռքբերումները կմեջբերվեն իշխանության հայտարարություններից, իսկ բացթողումներըՙ ընդդիմախոսների տեսակետներից :

Եվ այսպես, կարեւորագույն ձեռքբերումներից են.

Ստեղծվել կամ ստվերից դուրս է բերվել 50000 աշխատատեղեր:

2019-ի հունվարին 2018-ի հունվարի համեմատ Հայաստանում գրանցված աշխատողների թիվն ավելացել է 9.9%-ով: Մասնավորապեսՙ

*ոչ պետական հատվածում ՙ15.8%-ով,

*պետական հատվածումՙ0.7%-ով:

10%-ով կբարձրացվեն ուսուցիչների եւ զինծառայողների աշխատավարձերը:

Չարորակ հիվանդությունների վիրահատությունն այս տարվանից անվճար է բոլորի համար: Շուրջ 200 քաղաքացու համար էլ պետությունը կվճարի արագացուցիչներով ճառագայթային բուժման գումարը, որի մեկ կուրսը 1 միլիոն ՀՀ դրամ արժե:

ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող մեքենաների թիվը կտրուկ կրճատվել է: Նախկին 50-ի փոխարեն մնացել են միայն 7-ը: ՊԵԿ-ում հաշվառված ավտոմեքենաների թիվը կրճատվել է 45-ով:

Տարածաշրջանի երկրներից առաջինը Հայաստանումՙ այսուհետ գործում է ուղղաթիռ, որը պետպատվերի շրջանակներում առողջապահական ծառայություններ է մատուցելու:

Մինչեւ 24 միլիոն դրամ իրացման շրջանառությամբ միկրո ձեռնարկությունները կազատվեն շրջանառության եւ եկամտային հարկերից:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների շրջանակում շահութահարկի դրույքաչափը կիջեցվիՙ 20-ի փոխարեն 18%:

Հարկային նոր օրենսգրքի նախագծով առաջարկվում է տաքսու անհատ վարորդներին ազատել հարկերից:

Կառավարությունը ստեղծել է գյուղական համայնքներում փոքր եւ միջին «խելացի» անասնագոմերի կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական պահպանման պետական աջակցության ծրագիր: Եթե գյուղացին, օրինակՙ 10 գլուխ խոշոր եղջերավոր անասունի համար ստեղծի 11.000.000 դրամով անասնագոմ, կառավրությունը գյուղացու 11.000.000 դրամի ծախսած 50% գումարը կանխիկ իրեն հետ է տալիս, իսկ սահմանամերձ գյուղերում 70 տոկոսն է հետ տալիս:

2019թ. հունվար-փետրվար ամիսներին շինարարության ոլորտում գրանցվել է 20%-ը գերազանցող աճ:

Ստորագրվել է ուղիղ համաձայնագիր Երեւանում նոր ջերմաէլեկտրակայան կառուցելու մասին: 250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ներդրումային նախագիծը կյանքի կկոչվի 26 ամսվա ընթացքում: Նոր ՋԷԿ-ի շինարարության մեջ կներգրավվի 1000-1200 մարդ, իսկ շահագործման ժամանակ կստեղծվի 230 աշխատատեղ:

Ինչ վերաբերում է ձախողումներին, ապա իշխանության ընդդիմախոսների վկայությամբ, դրանք հանգում են հետեւյալ երեւույթներին .

Սփյուռքը մինչ օրս ակտիվորեն ներգրավված չէ Հայաստանի տնտեսական բարեփոխումներին:

Կառավարության ծրագիրը ոչ մի կոնկրետություն չունի եւ այն բարելավելու ոչ մի առաջարկ չընդունվեց:

Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, որոնք եւս ժառանգվել են նախորդ իշխանություններից:

Տնտեսական աճը երկրում գնալով նվազում է եւ առաջընթացի հստակ ուղղություններ չկան:

Գիտության համակարգը ողբալի վիճակում է եւ որեւէ կերպ չի բարեփոխվում:

Պետական կառավարման մարմիններում համատարած «ինքնա»-պարգեւավճարները հիասթափություն են առաջացրել հեղափոխության առաջնորդների հանդեպ:

Հարկային օրենսգրքի անկատարությունը բացասաբար է անդրադառնում գործարարության եւ քաղաքացիների սոցիալական վիճակի վրա, անընդունելի է այն փաստը, որ մարդու գոյատեւման համար վճարվող նվազագույն աշխատավարձն անգամ հարկվում է:

Ժողովրդին սիրաշահելու համար կասեցվեցին արագաչափերի, կարմիր գծերի տուգանքները, պետական բյուջեի հաշվին չեղարկվեց 150000 տուգանք, իսկ հիմա կրկին վերադարձ է կատարվում հին համակարգին:

Համատարած դժգոհություն է առաջացրել համայնքների բռնի միավորումըՙ գյուղերի խոշորացումը, որը սկսել էր նախորդ իշխանությունների օրոք եւ շարունակվում է այսօր:

Մեկնաբանություններ չենք անի: Դրանք կթողնենք ընթերցողին:

... Վերջերս լրագրողներից մեկը դիպուկ համեմատություն էր կատարել, նշելով, թե մարդիկ փորձում են ընտրել տնտեսական ինչ-ինչ ձեռքբերումներ գրանցած փորձառու հանցագործի, սրիկայի եւ բազմաթիվ սխալներ թույլ տված, պետական կառավարման մեջ անփորձ, բայց չարիքների դեմ անզիջում կռիվ տվող ղեկավարի միջեւ: Ինձ մոտ հարց առաջացավ. Իսկ հնարավոր չէ՞ մեկտեղել դրականը եւ ունենալ վերջապես փորձառու, բանիմաց եւ ժողովրդի համար ապրող ու պայքարող ղեկավարներ: Թե՞ՙ անընդհատ պետք է նայենք ու երանի տանք Արեւմուտքի եւ Արեւելքի հաջողության ուսանելի օրինակներին ու այդպես էլ չկարողանանք տեղայնացնել դրանք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 07-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ