RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 14-06-2019



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2019-06-13 23:35:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 3274, Տպվել է` 290, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՈՂՋ ԳՐԱՎՉՈՒԹՅԱՄԲ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ընթերցողներից ոմանք կարող են տարակուսանքի մատնվել այս վերնագրից. անորոշությունների, հակասությունների, ատելության պոռթկումների ու հակամարտության մթնոլորտում ի՞նչ գրավչություն: Բայց նրանք, ովքեր նախորդ շաբաթավերջին Դիլիջանում էին, Կենտրոնական դրամատան ուսումնահետազոտական համալիրում, կհամաձայնվեն ինձ հետ, որ դա երկօրյա յուրօրինակ ինքնամեկուսացում էր հայաստանցի մասնակիցներիս համար, գուցե փախուստՙ տագնապախռով մեր առօրյայից, մի պահՙ կրկին ներգրավվելու համաշխարհային ու համամարդկային կարեւորագույն խնդիրների ոլորտՙ իրերն ու իրողությունները դիտելու այլ բարձունքներից եւ այլ խորությամբ:

Անշուշտ դրան նպաստում էր մթնոլորտըՙ դիլիջանյան մեղմ եւ զով եղանակը, շենշող արեւը, կապտականաչավուն, անտառախիտ լեռներըՙ գագաթներին դեռ համեցող ձյան պատառիկներով: Դրան ավելացրեք համալիրի հոյակապ հարմարությունները, կազմակերպիչների հոգատար վերաբերմունքը մասնակիցների նկատմամբ, համաշխարհային հեղինակություն վայելող օտարազգի մի շարք նախկին պետական գործիչների, քաղաքագետների, իրավունքի գծով մասնագետների, վերլուծաբանների, կապի, էներգետիկայի եւ շրջակա միջավայրի ոլորտներում հայտնի հեղինակությունների, մի խոսքովՙ մտածող մի ողջ բազմության ներկայությունը:

Այո, մի մթնոլորտՙ որը, ըստ օտարազգի մասնակիցներից մի քանիսի, հիշեցնում էր ֆրանսիական Մոնբլանի փեշերինՙ Շամոնի բնակավայրում, ավելի քան 25 տարի անցկացվող միջազգային գագաթաժողովները, որոնց կազմակերպիչը, The Monthly Barometer-ի հիմնադիր Թիերի Մալըրեն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետեւողական ջանքերի ու կապերի շնորհիվ, հանդիսանում էր կազմակերպողը նաեւ դիլիջանյան հավաքիՙ Մտքերի հայկական գագաթաժողովի, նյութական օժանդակությամբ ՀՀ Կենտրոնական դրամատան, ՀԲԸՄիության եւ Հայբիզնես բանկի: «Նոր գաղափար, նոր ընկեր եւ նոր նախագիծ» բնաբանի ներքո Թիերի Մալըրեն իր բացման խոսքում շեշտեց, որ Դիլիջանյան գագաթաժողվը անհրաժեշտ է նաեւ Հայաստանի համար, նկատի ունենալով պատմական, քաղաքակրթական եւ տարածաշրջանում ազգերի ու երկրների միջեւ կամուրջ հանդիսանալու ուղղությամբ մեր երկրին վերապահված դերը:

Շատ խորհրդանշական էր նախագահ Արմեն Սարգսյանի բացման խոսքը, որը հիշեցնում էր Ջրհեղեղից հետո Նոր աշխարհի սկզբնավորումը Արարատի բարձունքներից, Նոյի առասպելական փրկարար տապանում հավաքված համախոհների միջոցով: Հայկական Նոյյան տապանը նոր սկիզբ է տալու խռովահույզ աշխարհին...

Ուշագրավ էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքում խտացված պատկերը մեր ժողովրդի մասին, որն իր պատմության անհրաժեշտ պահերին եթե զրկված էր ծովից, նավթից, ուժից ու բախտից, ապա այժմ, ինտելեկտի մեր դարում, հնարավորություն ունի կերտելու իր փառավոր վերածնունդը:

Գագաթաժողովի բացմանը հյուրընկալի հանգամանքով խոսեց նաեւ մեր պետական հիմնարկներից ամենակայուն եւ ամենաարդյունավետ կառույցիՙ Կենտրոնական դրամատան նախագահ Արթուր Ջավադյանը, շեշտադրելով տնտեսագիտական մտքի ու գաղափարների զարգացման ու միջազգային համագործակցության ասպարեզում ուսումնահետազոտական այս կենտրոնի կարեւորությունը:

Այս սյունակի ծավալները հնարավորություն չեն տալիս անդրադառնալու գագաթաժողովի ընթացքում արձանագրված ուշագրավ ելույթներին ու մտքերին, որոնք գլխավորաբար վերաբերում էին աշխարհաքաղաքական նորօրյա զարգացումներին, բարձր տեխնոլոգիաների սրընթաց առաջխաղացմանը, արհեստական բանականությանը, արդյունաբերական 4-րդ հեղափոխության դրական ու բացասական կողմերին, կլիմայի փոփոխությանը, վերականգնվող էներգիայի նպատակահարմարությանը, ձեռնարկատիրության ոլորտում կատարվող նորամուծություններին, ներդրումային քաղաքականությանը, քաղաքակրթությունների երկխոսությանը եւ աշխարհի առաջ ծառացող նոր մարտահրավերներին: Միայն պետք է ասեմ, որ գաղափարների ու մտքերի բախումն ու փոխլրացումը, որը գլխավոր խնդիրն է նման համաժողովների, իսկապես ստացվեց: Արտահայտվողները իսկապես տիրապետում էին փաստերն ու երեւույթները իմաստավորելու, դրանց փիլիսոփայական բացատրությանը ձգտելու կարողության:

Քիչ չէին նաեւ շոյիչ խոսքերը, անշուշտ օտարազգիների կողմից, մեր երկրի ու ժողովրդի հասցեին, նրա պատմական հարուստ փորձառությանը, քաղաքակրթական ծանրակշիռ դերին, հատկապես Եվրասիական տարածքում կամուրջի դեր կատարելու նրան վերապահված անփոխարինելի առաքելությանը: Չմոռացվեց նաեւ, բնականաբար, դիլիջանյան բնությունը, որը բանախոսներից մեկի բնորոշմամբ ոչ թե նման է Շվեյցարիայի բնապատկերին, այլ Շվեյցարիա՛ն է նման Հայաստանին...

Գագաթաժողովի փակման պահին, մինչ մտքումս շրջան էր անում հարցըՙ կհաջողվի՞ մեզ Հայաստանը գոնե պարբերաբար դարձնել համաշխարհային մտքի, մտածողության ու միասին մտածելու հավաքատեղիի, Երեւանից հնչեց ծանոթ լրագրողուհու շա՜տ սովորական, չափազանց հայավարի հարցը.

- Այդքան նախապատրաստություններ ու ծախսեր արժե՞ր անել, երբ Գագաթաժողովից չի բխել ներդրումային որեւէ առաջարկ ու համաձայնագիր:

- Այո՛, լավ գործերը նա՛խ ծնվում են մտքում, վերածվում են գաղափարի ու ծրագրի, ապաՙ աշխատանքի, - եղավ պատասխանս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ