RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-19 19:20:47Պուտինն ասաց, թե ինչու ՌԴ-ն ստեղծեց հիպերձայնային զենք
2020-09-19 19:18:30ՀՀ կառավարությունը վարձել է 97 ամյա նախկին սենատոր Բոբ Դոուլին
2020-09-19 17:49:34Օ՜, Լեդի Գագա, “փառք ու պատիվ” քեզ, որ հաճեցիր հայացք նետել Փարաջանովին
2020-09-19 15:41:20Հրդեհ բնակարանում․ կա տուժած
2020-09-19 15:40:23Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում
#021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #023, 2019-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 14-06-2019



S-400 = F-35

Տեղադրվել է` 2019-06-13 23:35:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 2895, Տպվել է` 280, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԵՆՏԱԳՈՆԸ ԳՐԱՎՈՐ ՎԵՐՋՆԱԳԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Թուրքական կողմը դուրս է մղվել ռազմական F-35 ինքնաթիռների համատեղ արտադրման ծրագրից

Թուրքիան բախվում է ներքին եւ արտաքին բազում խնդիրների: Դրանց մեջ առաջնայինը, սակայն, շարունակում են մնալ ռուսական S-400 հակաօդային պաշտպանական համակարգերը, որոնք նախ աննախադեպ սրել են Թուրքիայի հարաբերություններն ԱՄՆ-ի, ինչու չէ նաեւ ՆԱՏՕ-ի հետ, ապաեւ վատթարացրել տնտեսությունը:Կնշանակի Թուրքիայի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին խնդիրները փոխկապակցված են, բացասաբար են անդրադառնում միմյանց վրա:

Թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը երկրում խթանել է սղաճը, որը տնտեսագետների հաշվարկներով ընթացիկ տարվա վերջին կկազմի առնվազն 20 տոկոս: Թեեւ մասնակի կասեցվել է թուրքական լիրայի արժեզրկումը, սակայնՙ գանձարանի պահուստային ֆոնդի հաշվին, հետեւաբար կասեցումը ժամանակավոր բնույթ է կրում: Քանի որ պետությունը ֆինանսական շուկա է հանել միլիարդավոր դոլարներ, ուստիեւ պահուստային ֆոնդը 20 միլիարդից կրճատվել եւ հասել է 2 միլիարդ դոլարի: Անընդհատ կրճատվում են նաեւ երկրի տնտեսության ծավալները, այսինքն տնտեսությունը ոչ թե աճ է ապրում, այլ նահանջ, որն արդյունաբերության մեջ 2.7 տոկոս է կազմում: Այդ ընթացքում գործազուրկների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, հասնում է 8 միլիոնի:

Խիստ բացասական է ներմուծման նկատմամբ արտահանման հաշվեկշիռը: Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին 180 մլրդ. դոլարի պակասորդ էր տվել Թուրքիայի արտաքին առեւտուրը: Նման դեպքերում պակասորդը կոծկում են Միջազգային արժութային հիմնադրամից կամ Համաշխարհային բանկից ստացած վարկերով, սակայն ֆինանսական այս երկու կառույցներն էլ ԱՄՆ-ի ազդեցության տակ են: Ավելին, Թուրքիայի արտաքին պարտքը հասել է 445 մլրդ. դոլարի, որի մարման համար պետք է նախ տոկոսները վճարել:

Թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը ոչ միայն բացասական հետեւանքներ է թողնում թուրքական տնտեսության վրա, այլեւ լուրջ ներգործություն է ունենում Թուրքիայի միջազգային վարկանիշի, նրա տեղի, դերի եւ կշռի վրա տարածաշրջանում: Թուրքիայից նախապես երես էին թեքել Եգիպտոսն ու Լիբիան, հիմա արդեն երես են թեքում այնպիսի դաշնակիցներ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Քաթարը եւ հատկապես Արաբական Միացյալ Էմիրությունները: Թուրք քաղաքական դիտորդները թշնամական են համարում իրենց երկրի նկատմամբ Էմիրությունների որդեգրած քաղաքականությունը:

Գալով ռուսական S-400 համակարգերին, դրանց գնման մասին համաձայնագիրը, ըստ մոսկովյան թերթերի, ստորագրվել էր դեռեւս 2017թ. սեպտեմբերի 12-ին Սանկտ-Պետերբուրգում: Թուրքական թերթերը, սակայն, վկայակոչելով նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանին, նշում են, որ պայմանագիրը 2017-ի դեկտեմբերի 29-ին ստորագրվեց Անկարայում: Ըստ երեւույթին Սանկտ-Պետերբուրգում ստորագրվել է համակարգերն արտադրող «Rostein» ընկերության հետ համաձայնագիրը, իսկ Անկարայումՙ միջպետականը:

Ընդ որում կողմերը հակասական տեղեկություններ են հայտնում համակարգերի քանակի եւ գնի մասին: Համաձայն թուրքական կողմի, Թուրքիան համաձայնագրով Ռուսաստանից գնելու էր երկու համակարգ, 2.5 մլրդ. դոլարի ընդհանուր արժողությամբ: Հակառակ դրան, ռուսական ռազմարդյունաբերության կոմպլեքսի «Rostein» ընկերության տնօրեն Սերգեյ Չեմեզովը նշում է Թուրքիային նույն գնով 4 համակարգեր տրամադրելու մասին: Ի դեպ Չեմեզովին հաստատել էր Թուրքիայի պաշտպանության այդ ժամանակվա նախարար Նուրեթթին Ջանիքլին : Նշվում է նաեւ կանխավճար վճարելու մասին, սակայն տեղեկատվության բացակայության պատճառով հնարավոր չէ ճշտել, թե որքան:

Ռուսական S-400 համակարգերին առնչվող տեղեկատվությունն այնքան է աղտոտված, որ միջազգային մամուլում լուրեր էին տարածվում, թե ռուսական կողմը, կատարելով պատվերը, S-400 համակարգերն արդեն հանձնել է Թուրքիային: Սակայն հունիսի 11-ին հանդես գալով հայտարարւթյամբ, Կրեմլի քաղաքականության գծով խորհրդական Յուրի Ուշակովը ասաց, որ համակարգերը Թուրքիային կհանձնվեն ս.թ. հուլիսին: Պետք է ասել, որ դրանք համաձայնագրով հանձնվելու էին 2020 թվին: Ո՞րն է այս շտապողականության պատճառը: Ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ի օրեցօր սաստկացող հակազդեցությունն ու դրան դիմակայելու Թուրքիայի անզորությունը:

Դա հատկապես ակնառու դարձավ մայիսի 22-ին, երբ Վաշինգտոնը ռուսական համակարգերից հրաժարվելու եւ ստորագրված համաձայնագիրը չեղյալ հայտարարելու համար 2 շաբաթ ժամանակ տվեց Թուրքիային: Քանի որ «Ազգ»ը մայիսի 24-ին առանձին հոդվածով անդրադարձել էր այս խնդրին, ուստի հարկ չեմ համարում մանրամասնել: Պարզապես տեղեկացնեմ Վաշինգտոնի նախազգուշացմանը Թուրքիայի ղեկավարների հակասական, ոչ համարժեք արձագանքի մասին:

Նախագահ Էրդողանն ի պատասխան ասել էր, որ իրենք չեն պատրաստվում հետքայլ կատարել S-400 համակարգերի հարցում, ունեն կնքված պայմանագիր ռուսական կողմի հետ, ի վերջո այդ համակարգերը, որպես զենք, պաշտպանողական են, ոչ թե հարձակողական, հիշեցնելով ամերիկացիներին, որ իրենք 10 տարի շարունակ հրաժարվել են «Patriot» համակարգեր տրամադրել Թուրքիային: Հիրավի Թուրքիան այդ համակարգերը փորձել էր ձեռք բերել դեռեւս նախագահ Բարաք Օբամայի օրոք: 2015-ին փորձեց նաեւ չինական արտադրության համակարգեր ձեռք բերել, բայց նույնպես ապարդյուն: ԱՄՆ-ի միջամտության պատճառով այդ ծրագիրը խափանվել էր:

Ի տարբերություն Էրդողանի, սակայն, արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն , ընդառաջելով Վաշինգտոնի պահանջները, չբացառեց «Patriot» համակարգեր գնելու հավանականությունը, կրկնելով թուրք-ամերիկյան աշխատանքային խումբ ստեղծելու եւ S-400 համակարգերի հարցն այնտեղ քննարկելու առաջարկը: Ամերիկյան կողմի խիստ վերապահությունը առաջարկինՙ թուրքական կողմին ստիպեց այլ տարբերակներ որոնել: Շոշափվեց նաեւ S-400 համակարգերը գնելու, բայց Ադրբեջանին, Քաթարին կամ այլ երկրների փոխանցելու հավանականությունը:

Փոխանցման տարբերակին միջազգային մամուլի հետ ապրիլի 19-ի համարում արձագանքեց նաեւ թուրքական «Էվրենսելը», «A TV-ին», իսկ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խոսափող «Halk TV-ն» S-400-ների տեղակայմանը ենթակա երկրների թվում նշեց Վրաստանի անունը: Քննարակվեց նաեւ ռուսական համակարգերը գնելու, բայց չգործարկելու կիպրոսյան տարբերակը: Ինչպես հայտնի է, Կիպրոսի Հանրապետությունը Ռուսաստանից գնել էր S-300 համակարգեր, սակայն ԱՄՆ-ի ճնշման տակ դրանք 2007-ի դեկտեմբերին ստիպված հանձնել էր Հունաստանին: Թեեւ դրանք տեղակայվել էին Կրետե կղզում, սակայն չէին գործարկվել, այլ պարզապես հունական իշխանությունները թույլատրել էին ամերիկացի մասնագետներին, որ ուսումնասիրեն:

Ըստ երեւույթին ամերիկացիները կարիք չունեն ուսումնասիրելու S-400 համակարգերը, ոչ էլ նրանց բավարարել է թուրքական կողմի երկիմաստ արձագանքը մայիսի 22-ի նախազգուշացմանը, որ հունիսի 6-ին ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Պատրիկ Շանահանը վերջնագրի բնույթ կրող նամակով դիմեց Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարին: Foreign Policy հանդեսում հրապարակված այդ նամակը, որին արձագանքել են արեւմտյան, ռուսական եւ թուրքական թերթերը, կատարյալ շփոթմունքի մեջ է գցել դրա բովանդակությունը հանրությունից քողարկող Թուրքիայի ղեկավարներին:

Ինչո՞ւ: Հարցին պատասխանում է նամակը, միանշանակ ընդգծելովՙ «Եթե Թուրքիան մինչեւ հուլիսի 31-ը չհրաժարվի ռուսական S-400 համակարգերից, ապա 2019 թ. հուլիսի 31-ին սառեցվելու է Թուրքիայի մասնակցությունը ռազմական F-35 ինքնաթիռների արտադրման համատեղ նախագծին, կասեցվելու են ներկայումս Արիզոնայի «Luke» ռազմաօդային եւ Ֆլորիդայի «Eglin» ռազմաօդային բազաներում ուսումնամարզական պատրաստվածություն տեսնող 42 թուրք օդաչուի պարապմունքները, ԱՄՆ-ը լքելու պահանջով, արգելվելու է թուրք զինծառայողների մուտքը համատեղ նախագծին առնչվող բոլոր ռազմաբազաներ, կասեցվելու է 20 թուրք օդաչուի հունիսին, իսկ 14-ինը հուլիս-նոյեմբեր ամիսներին ծրագրված այցը Միացյալ Նահանգներ, չեղյալ է հայտարարվելու F-35 ինքնաթիռների համատեղ նախագծի առնչությամբ հունիսի 12-ին գումարվող խորհրդակցությանը մասնակցելու համար Թուրքիային ուղարկված հրավերը եւ Թուրքիան դուրս է մղվելու նշված նախագծից»:

ԱՄՆ պաշպանության փոխնախարարի նամակում ամերիկյան կողմը միաժամանակ պատասխան էր պահանջել թուրքական կողմից, բայց ապարդյուն: Արդեն 6 օր է անցել, բայց Թուրքիայի պաշտպանության նախարարը հապաղում է պատասխանել Պենտագոնի նամակին: Կնշանակի թուրքական իշխանությունները դեռեւս չեն կարողանում կողմնորոշվել: Հակառակ թուրքականի, ամերիկյան կողմը կողմնորոշվել է, որ առանց սպասելու մինչեւ հուլիսի 31-ը, հունիսի 11-ին արդեն դադարեցրել է թուրք օդաչուների պարապմունքները: Ինչ վերաբերում է թուրքական կողմի պատվիրած 100 ռազմական F-35 ինքնաթիռների արտադրությանը, ապա դա կասեցրել էր դեռեւս ս.թ. ապրիլին, եւ Թուրքիան միանշանակ դուրս էր մղվել այդ ինքնաթիռների արտադրման ծրագրից, որին 9 երկիր էր մասնակցում, եւ հանվել է «առեւտրական արտոնյալ գործընկերների» ամերիկյան ցուցակից:

Այս ամենի մասին հունիսի 11-ին նշել է «Ռոյթերը», իսկ BBC-ն տեղեկացրել էՙ «Եթե Թուրքիան նույնիսկ հրաժարվի ռուսական S-400 համակարգերից, արդեն շատ ուշ է»: Հիմա արդեն սպասվում է, որ Թորքիայի նկատմամբ կիրառվի 2007-ին Կոնգրեսի ընդունած «ԱՄՆ-ի թշնամիների դեմ պատժամիջոցներով պայքարելու» օրենքը: Միաժամանակ քննարկվում է Թուրքիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները այլ երկրներ տեղափոխելու հարցը, այդ առումով հիշատակվում է Հունաստանը, եւ դրա հետ քննարկվում է նաեւ ՆԱՏՕ-ի կազմից Թուրքիայի վտարման հավանականությունը:

Թուրքիան կկարողանա՞ դիմակայել այս փորձություններին, թե՞ տեղի կտա ԱՄՆ-ի պահանջներին, ցույց կտա ժամանակը: Բայց որ երկու տարբերակն էլ սոսկալի է լինելու նրա համար, ակնհայտ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ