RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-06 20:24:55Երևանի Արին Բերդ փողոցի 3.500 քմ տարածքում շինարարական նյութերն այրվում են
2020-08-06 18:00:37Բեյրութում սկսեց գործել ՌԴ ԱԻՆ-ի հիվանդանոցը
2020-08-06 14:45:08Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի ծեծկռտուքը (տեսանյութ)
2020-08-06 14:24:21Azgonline.am-ի զրուցակիցն է “Պայքար” օրաթերթի խմբագրական կազմի անդամ Պայծիկ Գալայջյանը Բեյրութից
2020-08-06 14:17:45Չեխ փրկարարները մեկնեցին Բեյրութ՝ տանելով նաեւ մարդասիրական օգնություն եւ 10 միլիոն կրոն
#021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #023, 2019-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 14-06-2019



ՀՈԲԵԼՅԱՆ

Տեղադրվել է` 2019-06-13 23:35:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 4153, Տպվել է` 279, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ ԵՎ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՍԻՐՈ

ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 07.06.2019

(Պատմաբան Սուրեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի առիթով)

Լրանում է բնության կողմից արգասաբեր եւ ուրույն գրչով օժտված պատմաբանիՙ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Թարխանի Սարգսյանի ծննդյան 65-ամյակը: Մի անձնավորության, որի մեջ յուրօրինակորեն համադրված են մարդու, գիտնական-հայագետի եւ հումանիստի բոլոր անհրաժեշտ հատկանիշները միաժամանակ: Սովորաբար շատ քիչ է հնչեցվում այն տեսակետը, որ լավ գիտնական լինելը ամենեւին չի պահանջում նաեւ լավ մարդու հատկանիշներով օժտվածություն: Թերեւս կան մարդիկ, որոնք համապատասխանում են այս չափանիշներին, բայց անձամբ մեզ համար ընկալելի չի լինի իսկական հայագետի կամ պատմաբանի լիարժեք կերպար, եթե այն զերծ է մարդկային այդ բարձրագույն արժանիքներից: Եվ սա այն հասկանալի պատճառով, որ ինչպես է հնարավոր գրել սեփական ժողովրդի (եւ ոչ միայն սեփական) պատմությունը, գրել անկողմանկալ եւ անաչառՙ հեռու լինելով հայրենասիրական շնչից, կարոտի զգացողությունից, կորուստների ցավի ամոքման եւ պատմական ճիշտ հետեւությունների արդյունքում անհրաժեշտ սպեղանին գտնելու ջանքերից:

Ապրել նախ եւ առաջ նշանակում է պայքարել, որի ընթացքում էլ ավելի են հստակվում մարդու աշխարհընկալումները, ավելի հասուն են դառնում պատմության, արդի քաղաքականության, կենցաղի, ընկերության մասին պատկերացումները: Պայքարը միշտ երիտասարդ է պահում հոգին: Սուրեն Սարգսյանի պայքարը ընթացել է տարբեր ճակատներումՙ գիտության, քաղաքականության, մարդկայնության եւ այլն: Այսօր նա վստահորեն եւ հպարտությամբ կարող է հայտարարել, որ բոլոր այդ ճակատներում էլ հիմնականում հաղթական դիրքերի վրա է, որն ինքնին նշանակում է, որ արդեն ունի որպես ուսուցիչ լայն լսարաններում գրեթե միշտ հայտնվելու բնությունից շահած բացառիկ իրավունք:

Փորձենք ասվածը հիմնավորելՙ անդրադառնալով նրա գործունեությանը տարբեր հարթակների վրա:

Առաջին . Պատմաբան. հայագետի հարթակ: Այս հարթակում նախանձելի է նրա վաստակը: Նա թերեւս առաջինն էր, որ լայն ուսումնասիրությունների հենքով կյանքի կոչեց ՀՍՌԿ կուսակցության ամբողջական պատմությունը (Տես Ս. Սարգսյան, Հայ Սահմանադրական ռամկավար կուսակցություն (1908-1921թթ.), Ե., Տիգրան Մեծ տպարան, 2009թ., 242 էջ), որով լուսաբանեց այդ կուսակցության անցած ողջ ուղին, մատնանշեց նրա դիրքորոշումները հայոց պատմության ամենակարեւոր ժամանակահատվածներից մեկում, երբ հայությունն ապրեց երիտթուրքերի հետ համագործակցության կարճատեւ բերկրանքը՚ Մեծ Եղեռնը, նորանկախ պետականության մինչեւ այդ չնախատեսված պարգեւը եւ այլն: Եվ սրանով նա ոչ միայն պատմագիտական շրջանակներին, այլեւ լայն հանրությանը ցույց տվեց, որ այդ շրջանի մեր քաղաքական իրականության մեջ մենք այլ ուժեր էլ ենք ունեցել եւ որը նշանակում է, որ հայ քաղաքական մտքի ընթացքը մենք պետք է վերլուծենք ու գնահատենք առհասարակ հայ բոլոր քաղաքական կազմակերպությունների գործունեության համադրված եւ ամբողջական գնահատման արդյունքում միայն:

Այս նույն նպատակին ծառայելու անհրաժեշտությամբ ծնվեցին նաեւ նրա հետագա ուսումնասիրությունները եւ մենագրությունները (1885-1908 թթ. հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը Արմենական գործիչների գնահատմամբ, Երեւան,ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2010թ., 120 էջ, «Արմենիա» պարբերականը ազատագրական գաղափարախոսության ակունքներում, Ե., «Անտարես» հրատարակչություն, 2014, 680 էջ, Периодеческая издание "Армения" у истоков национально-освободительной идеологии, Институт Социальных Наук, Москва, 2015, 201 стр., «Մկրտիչ Փորթուգալյանի հասարակական-քաղաքական գործունեությունը եւ «Արմենիա» պարբերականը», Ե., 2018, Արեւելահայ ռամկավար մամուլը 1918-1920 թթ., Ե., ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2019, 210 էջ եւ այլն):

Ս. Սարգսյանի պատմագիտական ժառանգությանը կարելի է մոտենալ երկու տեսանկյունիցՙ ազգային-ազատագրական պայքարի պատմության եւ հայ քաղաքական կուսակցությունների (մասնավորապես Արմենական եւ Հնչակյան) կողմից պատմության ընկալումների: Ընդ որումՙ դա արել է հընթացս այդ կուսակցությունների ձեւավորման նախադրյալների, գործունեության ծրագրային դրույթների եւ արդյունքների վերլուծության: Միաժամանակ նկատենք, որ իրատես պատմաբանի հայ մամուլիՙ պատմության մեջ խորանալու եւ դրանց եղած նյութերը գնահատելու նրա օժտվածությունը բացառիկ է: Այս երկու թեմատիկաները Ս. Սարգսյանի դեպքում իրար լրացնում են: Այն, ինչ հմուտ պատմաբանը լիարժեքորեն չի դրսեւորում պատմագիտական բնույթի աշխատություններում, անում է մամուլի պատմությանն առնչվող իր վերլուծություններում, որոնց գլուխգործոցը, կարծում ենք, նրա «Արմենիա պարբերականը ազատագրական գաղափարախոսության ակունքներում», (Երեւան, 2014, 680 էջ) հիմնարար մենագրությունն է: Իսկ հայ ազատագրական պայքարի ընթացքի արմենական գործիչների գնահատմանը նվիրված (տեղյակ եմ, որ նմանաբնույթ մի գործ էլՙ հնչակյաններին վերաբերվող կհրատարակի առաջիկայում) աշխատությունը կարեւորվում է այն տեսանկյունից, որ առաջին անգամ բացահայտում է այդ գործիչներից յուրաքանչյուրի ըմբռնումները, տեսական ընդհանրացումները այդ պայքարի արդյունավետության եւ ավելի իրական ճանապարհ ընտրելու տեսանկյուններից: Անշուշտ, այս մենագրությունների ստվերի ներքո չեն մնում նաեւ նրա 100-ից ավելի հոդվածները, բազում գիտաժողովներում ունեցած ելույթները, որոնցից շատերին, ի դեպ, հենց ինքն էլ նախագահել է: Ընդ որում խոսքը վերաբերում է թե՛ Հայաստանում եւ թե՛ արտերկրում տեղի ունեցած գիտաժողովներին:

Ասվածների վկայություն եւ վաստակի յուրակերպ գնահատանք էր այն իրողությունը, որ վերջերս արժանավոր գիտնականն ընտրվել է Գիտության պետական կոմիտեի թեմատիկ ֆինանսավորման եւ գիտության բնագավառում մրցանակներ շնորհող հանրապետական մրցույթային հանձնաժողովի նախագահ: Ինչպես նաեւ այն, որ ՀՀ ԿԳՆ-ի հայտարարած «Ամենաարդյունավետ գիտնական» մրցույթում Ս. Սարգսյանը ճանաչվեց տարվա լավագույն հայագետ եւ արժանացավ պետության կողմից խրախուսական մրցանակի:

Նկատենք նաեւ, որ միայն 2018 թվականին Ս. Սարգսյանը ՀՀ-ում եւ Լիբանանում զեկուցումներով է հանդես եկել 5 գիտաժողովներում, որոնցից 3-ը` միջազգային ու համահայկական, եւ կարդացել պատմագիտության բնագավառում բոլորովին չուսումնասիրված հիմնախնդիրների վերաբերյալ զեկուցումներ, ընդ որում դրանցից 3-ը պլենար նիստերում:

Երկրորդ . Քաղաքագետի հարթակ: Այս հարթակում Ս. Սարգսյանն իրեն դրսեւորել է թե՛ որպես օժտված քաղաքագետ եւ թե՛ որպես կուսակցական գործիչ: Շատ հայ քաղաքագետների լիարժեքորեն կայացած չլինելու պատճառը հայ քաղաքական մտքին անհաղորդ լինելու հանգամանքն է եւ միջազգային քաղաքագիտական տարբեր տեսություններով տարված լինելը: Այնինչ հայ քաղաքագետը պետք է ծանոթ լինի ոչ միայն հայոց պատմությանը, հայ քաղաքական մտքի ողջ ընթացքին, տարանջատի պետական քաղաքական միտքը քաղաքական մտքից առհասարակ, որովհետեւ մի բան է, երբ պետություն ես արարում, մի այլ բանՙ երբ այդ արարման նրբություններին անհաղորդՙ քեզ ես տեսնում դրանում: Ս. Սարգսյանը որպես քաղաքական կուսակցություն ներկայացնող անձնավորություն ինքնանպատակ իշխանատենչություն չի դրսեւորել եւ միշտ գործել է պետականության դիրքերից ելնելով, քանի որ, կարծում ենք, որ ճիշտ է ըմբռնել մեր նախորդ պետականությունների կորստյան գլխավոր պատճառները: Եվ այս ըմբռնումներն ունեցող մարդը չի կարող չլինել բարձրորակ դասախոս, չի կարող չվայելել ուսանողության ջերմ սերն ու համակրանքը:

Երրորդ . Մարդասիրության հարթակ: Սովորաբար այս հարթակում արհեստական դրսեւորվել հնարավոր չի, քանի որ մարդասիրությունը բնատուր կամ աստվածատուր շնորհ է: Եթե մարդասեր չես, չես կարող հայասեր լինել եւ հակառակը: Ս. Սարգսյանը ե՛ւ մարդասեր է եւ հայասեր, որը, ինչպես նշեցինք նաեւ հայագետ լինելու, ակադեմիական պատմաբան լինելու ամենակարեւոր պայմաններից մեկն է: Նա սիրում է իր ընտանիքը, սիրում է իր ժողովրդին, սիրում է իր հայրենիքը եւ պետությունը:

Ուրեմն, ինչ է մնում մեզՙ մաղթել նրան հետեւյալըՙ ապրիր երկար, սիրելի ընկեր, շարունակիր կյանքդ այն ուղիով, որը վաղուց ընտրել ես կամոք բնության եւ որից արդեն եթե ուզենաս էլ, չես կարող շեղվել: Եվ ապրիր նորանոր գիտական անակնկալներ պարգեւելով մեզ եւ մեր պատմությամբ հետաքրքրվողներին, նպաստելով մեր ժողովրդի ուղղորդմանը դեպի այն քաղաքական ճանապարհը, որը միայն կհանգեցնի ուժեղ պետականության, խաղաղության եւ բարեկեցության:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ