RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 14-06-2019



ՀԱՅ ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐ

Տեղադրվել է` 2019-06-13 23:35:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 3426, Տպվել է` 279, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԱՂՏՆԻ ՕՊԵՐԱՑԻԱՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԱՐՄԵՆ ԱԼՈՅԱՆ, Պահեստի գնդապետ

Հետախուզություն. Առասպելներ, իրականություն, հորինված ավանդազրույցներ, գաղտնի առաքելություններ

Խորհրդային տարիներին ամենաընթերցվող դետեկտիվ գրողներն էին Նիկոլայ Լեոնովը («Օմեգա տարբերակը»), Վալենտին Բերեժկովը («Թեհրան-43»), Յուլիան Սեմյոնովը («Մայոր Վիխրը», «Գարնան 17 ակնթարթը», «Իսպանական տարբերակը», «Նշանաբանը պետք չէ», «ՏԱՍՍ-ը լիազորված է հայտնել», «Ռումբ նախագահի համար»), Օլեգ Շվելյովը, Վլադիմիր Վոստոկովը («Ռեզիդենտի սխալը», «Ռեզիդենտի վերջը», «Ռեզիդենտի վերադարձը»), Վադիմ Կոժեվնիկովը («Վահան եւ սուր»), Յուրի Միխայլչիկը («Մարտադաշտում մեկն էլ զինվոր է»), Դմիտրի Մեդվեդեւը («Հոգով ուժեղները») եւ այլն: Այդ գրողները եւ նրանց գրական հերոսները, որոնցից շատերը կերտված էին իրական հետախույզներից, հակահետախույզներից, դիվերսնտներից կամ զինվորականներից, նվաճել էին Խորհրդային Միության գրեթե ողջ ժողովրդի (հատկապես երիտասարդության) սրտերն ու հոգիները: Այդ հերոսական կերպարներով դաստիարակվում եւ կրթվում էին պատանիներն ու երիտասարդները, դասավանդվում էր հերոսական պայքարը ֆաշիզմի դեմ, թանգարաններում ներկայացվում էին նրանց լուսանկարները, կենսագրականները, անձնական իրերը, անվանական զենքերը եւ այլն: Մի խոսքով, ամեն ինչ հենված էր միակ կուսակցության կողմից մշակված գաղափարախոսության վրա: Իհարկե այդ գաղափարախոսությունը շատ խոցելի էր, մշակված էր սխալ հենարանի եւ հիմքերի վրա, որի վառ ապացույցը Խորհրդային Միության փլուզումն էր 70 տարի հետո: Սակայն այդ բոլորի հետ մեկտեղ, այդ երկրում կարողանում էին շատ արագ հերոսի կերպար կերտել եւ իրական հերոսին ոչնչացնել նույն արագությամբ:

Քանի որ հոդվածի հիմնական «թիրախները» հետախուզությունն է ու հետախույզները, խոսքը նրանց մասին կլինի:

Միայն խորհրդային Միությունում չէր եւ միայն խորհրդային գրողները չէին, որ մասսայական տպաքանակով գրքեր (ինչպես նաեւ այդ գրքերի սցենարներով ֆիլմեր էին հրատարակում հետախույզների գործունեության վերաբերյալ: Նույն հաջողությամբ եւ նույն տպաքանակով եւ նույն բեմականությամբ գովերգում էին իրենց հետախույզներին նաեւ Արեւմուտքում. Լ Մոյզիշ («Ցիցերոն օպերացիան»), Է. Բազնա («Ես էի Ցիցերոնը»), Յուլիոս Մադեր («Ռեպորտաժ դոկտոր Զորգեյի մասին», «Սպիտակ մարդու հետքերով»), Մարգարետ Թրուման («Սպանություն ԿՀՎ-ում»), Ռոնալդ Փեյն («Մոսսադ»- Իսրայելի գաղտնի ծառայությունը»), Ալլեն Դալլես («Հետախուզության արվեստը») եւ այլն: Հատկապես սառը պատերազմի տարիներին, անգլո-ամերիկյան գրականության մեջ եւ կինոստուդիաներում մեծ տեղ եւ հանրամատչելիություն ստացան Յան Ֆլեմինգի «Ջեյմս Բոնդը», Ջոն Լե Կարրեի «Սմայլին», «Ալիկ Լիմասը»: Այդ հերոսները, որոնք պայքարում էին խորհրդային դաժան, անմարդկային, Արեւմուտքի համար անհասկանալի բարքերի դեմ, նույնպես որոշակի ազդեցություն ունեցան Արեւմուտքի հասարակության գաղափարախոսության եւ մշակույթի վրա:

Ամեն դեպքում, շատերի համար պարզ դարձավ, որ հետախուզությունը չափից դուրս լուրջ մասնագիտություն է եւ չի կարելի այդ մասնագիտությանը վերաբերել մակերեսորեն, միայն ռոմանտիկայով: Դա աշխատանք է, չարքաշ, քափ ու քրտինք պահանջող աշխատանք, եթե իհարկե դու ստեղծված ես այդ աշխատանքի համար, ոչ թե դու ընդունվել ես աշխատանքի, այլ քեզ ընտրել են այդ աշխատանքի համար:

Հետախուզության առաջնահերթ խնդիրներից ամենակարեւորը` իրադարձությունների կանխատեսումն է: Այդ համակարգում պետք է աշխատեն մարդիկ, որոնց միավորում են ընդհանուր խնդիրները եւ նպատակը, սկզբունքայնությունը եւ նույնատիպ աշխարհահայացքը, բարձր ինտելեկտը: Այն աշխարհում, որտեղ ապրում է հետախույզը, գիտելիքները բարձր արժեք ունեն եւ հաճախ կարող են առեւտրի առարկա դառնալ, այդտեղ կան խաղի բավական բարդ կանոններ:

Մյուս կողմից կարելի է պնդել, որ հետախուզության մեջ ոչ մի բարդ, արատավոր եւ գերբնական բան չկա, չնայած մի խորհրդավոր շղարշ է ծածկում այն:

Անգլերեն «intelligence» բառն ունի մի քանի թարգմանություն` ինտելեկտ (միտք), խելք, մտավորական, մտավոր ունակություններով արարած, ուղեղ, ինչպես նաեւՙ հետախուզություն: Այսինքն, այլ կերպ ասած, այդ բառի իմաստը (intelligence) ասոցացնում է հասկանալու ընդունակությունը, մտքերի կառավարումը, ինֆորմացիայի դիտարկումը որպես աշխատանքային նյութ, հումք:

Հետախուզություն (intelligence) բառի համար Արեւմուտքում հետաքրքրական բացատրություն կա` հետախուզությունը դա այն ստացված տեղեկատվությունն է, որը չի կարող մնալ մեկ անձի ուղեղում, այլ փոխանցվում է մեկ ուրիշին: Եվ այդ փոխանցված տեղեկատվությունը հետախուզությունում գնահատական է ստանումՙ այն արժեքավոր է, թե արժեքավոր չէ:

Երբեմն, ցավոք սրտի (դա կախված է ղեկավարների սկզբունքայնությունից) հետախուզության կադրերում են հայտնվում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով մարդիկ, որոնք 100 կիլոմետր հեռավորությամբ հատուկ ծառայության կողքով չպիտի անցնեն: Դրանց նպատակն է արտասահմանյան որեւէ երկրում «տաքուկ» ծածկի տակ լավ աշխատավարձ ստանալ (իսկ շատ հաճախ այդ աշխատավարձի կարիքն էլ չունեն, քանի որ ապահով ընտանիքից են) եւ կյանքը վայելել, մինչդեռ այնտեղ` «Կենտրոնում», այսինքն Հայրենիքում, պատասխանատվության զգացում ունեցող որոշ մարդիկ, տեղեկատվության են սպասում` համապատասխան վերլուծություններ եւ կանխատեսումներ անելու համար:

«Բարեբախտաբար» մեր երկրում այդպիսիք չկան եւ ուրիշ շատ բաներ էլ չկան...

Բայց այսօր իմ խնդիրը քննադատելը չէ եւ, քավ լիցի, գնահատական տալն էլ չէ, այլ հիշեցնել ընթերցողին նշանավոր եւ հրաշալի մարդկանց մասին, որոնք անմնացորդ նվիրվել են իրենց գործին, Հայրենիքին, գաղափարին (լավն էր թե վատն էր այն, իրենք չէին որոշողը), ժամանակն էր այդպիսին:

Խորհրդային հետախուզությունում շատ կային ազգությամբ հայ տաղանդավոր, անվեհեր մարտիկներ: Ստորեւ կներկայացնեմ նրանցից մի քանիսի մասին շատ կարճ տեղեկատվություն (այս հարգարժան մարդիկ վաղուց գաղտնիության շղարշի տակից դուրս են եկել).

Գուրգեն Սեմյոնի Աղայան , ծնված 1915 թ., Հայրենական մեծ պատերազմի մասնակից, թշնամու թիկունքում ղեկավարել է դիվերսիոն-հետախուզական ջոկատներ: Պատերազմից հետո աշխատել է Արեւելքում ու Եվրոպայում: Ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Իվան Իվանի Աղայանց , ծնված 1911 թ., տիրապետում էր ֆրանսերեն, իսպաներեն, ֆարսի, թուրքերեն լեզուներին: 1941 թ. ղեկավարել է խորհրդային հետախուզության կայանը Թեհրանում, ղեկավարել է ֆաշիստական Գերմանիայի հետախույզ-դիվերսանտ Օտտո Սկորցենիի հատուկ դիվերսիոն օպերացիայի գաղտնազերծումը եւ բացահայտումը Թեհրանում` ընդդեմ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ ԽՍՀՄ ղեկավարների:

Հայկ Բադալի Հովակիմյան , ծնված 1898 թ., գիտությունների դոկտոր, 1933-1941 թթ. աշխատել է ԱՄՆ-ում, ղեկավարել է հետախուզային կայանը, մեծ ներդրում ունի ԽՍՀՄ-ում ատոմային ռումբ ստեղծելու գործում: Ուղղակիորեն քննադատել է Իոսիֆ Ստալինի եւ Լավրենտի Բերիայի գլխակեր քաղաքականությունը` հատկապես գիտության եւ հետախուզության բնագավառներում, որի համար ենթարկվել է քաղաքական հետապնդումների:

Աշոտ Աբգարի Հակոբյան , ծնված 1915 թ. (օպերատիվ կեղծանունըՙ «Եփրատ»), Հայրենական մեծ պատերազմի մասնակից, տիրտապետում էր ֆրանսերեն, իտալերեն, ռումիներեն, թուրքերեն, բուլղարերեն, արաբերեն լեզուներին, աշխատել է եվրոպական եւ արաբական երկրներում:

Գեւորկ Անդրեյի Վարտանյան , ծնված 1924 թ., օպերատիվ կեղծանունըՙ սկզբում «Ամիր», հետո «Անրի», զինվորական կոչումըՙ գնդապետ, ընդհանուր առմամբ 45 տարի աշխատել է «հատուկ պայմաններում», Հայրենիքից հեռու, ամենաակտիվ մասնակցություն է ունեցել «Թեհրան-43» գործառույթում: 2000 թ. դեկտեմբերի 20-ին Գեւորկ Վարտանյանի անունը գաղտնազերծվեց, սակայն նրա կատարած մի շարք գործեր մինչեւ 2010 թ. կրում էին «գաղտնի» մակագիրը:

45 տարի «հատուկ պայմաններում» աշխատանք եւ ոչ մի ձախողում, ոչ մի ձերբակալություն: Հազվագյուտ երեւույթ հետախուզության պատմության մեջ:

Ընդհանրապես ԽՍՀՄ հետախույզներից միայն երեք ոչ լեգալ հետախույզներ են ստացել ԽՍՀՄ ամենաբարձր պարգեւատրումները. «Խորհրդային Միության հերոս»` Նիկոլայ Կուզնեցովը, Ռիխարդ Զորգեն, Գեւորկ Վարտանյանը:

Ահա Գեւորկ Վարտանյանի խոսքերը երիտասարդ հետախույզների լսարանում, ակտիվ հետախուզական կյանքից հետո.

«Հետախուզությունը ռոմանտիկա չէ: Առաջին հերթին դա Հայրենիքը պաշտպանելու ամենաարդյունավետ ճանապարհներից մեկն է: Դա աշխատանք է իրական հայրենասերների համար, հաստատուն համոզմունքների եւ անձնուրացության պատրաստ անձանց համար: Նման աշխատանքին չսիրահարվել անհնար է»:

Դե իհարկե ռոմանտիկա կա, բայց միայն այն դեպքում, երբ նստած ես կինոթատրոնում կամ հեռուստացույցի առջեւ, կամ խորասուզված գրքի մեջ հետեւում ես, թե ինչպես հետախույզը (որի կերպարը կերտում են Իգոր Կոստոլեւսկին, Շոն Քոնըրին, Թոմ Կրուզը կամ Փիթս Բրոսնանը) փախչում է հետապնդումից, խուսափում թշնամու դիպուկահարի կրակոցներից, ինքն անվրեպ կրակում, օգտագործում է ձեռնամարտի չտեսնված հնարքները եւ վիրավոր, արնաքամ` բայց հասնում նպատակակետին: Իսկ ինչ է տեղի ունենում իրականում, երբ հետախույզը թիրախ երկրում զգում է, որ իր ամեն մի քայլը հսկողության տակ է, հակառակորդի արտաքին դիտարկման ծառայությունը իրեն «պառկեցնում է քնելու եւ իր հետ արթնանում» եւ ուր որ է նրան կարող են ձերբակալել փողոցում, խանութում կամ սրճարանում: Համենայն դեպս կրակելը քեզ չի փրկի եւ, ինչպես իր դասախոսություններում պնդում էր Գեւորկ Վարտանյանը` այն պահին, երբ հետախույզը ձեռքը տանում է դեպի ատրճանակը, նա դադարում է հետախույզ լինելուց:

Ահա այս հրաշալի մարդու կենսագրությունը եւ անցած կյանքի ճանապարհը ինձ ստիպեց գրիչ վերցնել:

Շարունակելի:

Հաջորդիվ` «Մասնագիտությունը` հետախույզ» :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ