RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-06 20:24:55Երևանի Արին Բերդ փողոցի 3.500 քմ տարածքում շինարարական նյութերն այրվում են
2020-08-06 18:00:37Բեյրութում սկսեց գործել ՌԴ ԱԻՆ-ի հիվանդանոցը
2020-08-06 14:45:08Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի ծեծկռտուքը (տեսանյութ)
2020-08-06 14:24:21Azgonline.am-ի զրուցակիցն է “Պայքար” օրաթերթի խմբագրական կազմի անդամ Պայծիկ Գալայջյանը Բեյրութից
2020-08-06 14:17:45Չեխ փրկարարները մեկնեցին Բեյրութ՝ տանելով նաեւ մարդասիրական օգնություն եւ 10 միլիոն կրոն
#021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #023, 2019-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 14-06-2019



ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ

Տեղադրվել է` 2019-06-13 23:35:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1933, Տպվել է` 276, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԶՈՐԱՎԱՐԺԱՆՔՆԵՐ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Ժամանակն է, որ Ռուսաստանը մտածի 1921 թ. Մոսկվայի պայմանագրի մասին

Հունիսի 7-11-ը Նախիջեւանում անցկացվեց Թուրքիայի եւ Ադրբեջանի «Մարտական եղբայրություն-2019» զորավարժությունների վերջին փուլը մարտական հրաձգությամբ: Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության մամլո ծառայության հաղորդումների համաձայն, զորավաժանքներին մասնակցել են երկու երկրների շուրջ 5000 զինծառայողներ, ավելի քան 200 միավոր տանկեր եւ այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչեւ 180 հրետանային կայանքներ, համազարկային կրակի հրթիռակայանքներ եւ ականանետեր, 21 օդանավ եւ ուղղաթիռ, անօդաչու թռչող սարքեր եւ արդիական այլ զինատեսակներ ու ռազմական տեխնիկա:

Զորավարժանքներում ներգրավված են եղել առանձին համազորային բանակի ստորաբաժանումներ, Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության զանազան ուժային կառույցներ: Նպատակը եղել է շտաբների համատեղ գործողությունների մշակումը, անձնակազմի պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացումը եւ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ստորաբաժանումների գործողությունների համակարգումը համատեղ խնդիրների կատարման միջոցով: Այդ մարտավարական զորավարժանքները միտված են ռազմական հրաձգության լրամշակմանը: Ըստ որում, նման զորավարժություններ Նախիջեւանում առաջին անգամը չէ, որ անցկացվում են: Պարզապես այս անգամ դրանք կատարվում էին Ադրբեջանում անցկավող զորավարժությունների համատեքստում: Այս տարի դրանք արդեն չորրորդն էին: Երրորդն անցկացվել էր ս.թ. մայիսի 20-24-ը Ադրբեջանի տարածքում: Հենց սա է իրավիճակի գխավոր առանձնահատկությունը:

Ադրբեջանի ներքին տարածքում անցկացվող զորավարժությունները, անկասկած, հասցեագրված են միայն Հայաստանին եւ ակնարկում են, որ Բաքուն հակված է Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել ուժային միջոցներով: Իսկ ո՞ւմ եւ ի՞նչ են ցուցադրում Ադրբեջանից կտրված Նախիջեւանում անցկացվող զորավարժությունները: Այս կապակցությամբ ադրբեջանցի ռազմական փորձագետներից շատերը նշում են, որ պատերազմի սանձազերծման դեպքում Նախիջեւանը հարմար հենակետ է Հայաստանին հարված հասցնելու համար: Բայց այդ դեպքում նման գործողությունները կբնութագրվեն որպես նախահարձակ քայլ ՀԱՊԿ անդամ պետության դեմ: Բաքվում եւ Անկարայում հիանալի գիտակցում են, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքված պայմանագրի համաձայն, Հայաստանում տեղաբաշխված ռուսական 102-րդ ռազմակայանը, Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանությունից բացի, ապահովում է Հայաստանի սահմանների պաշտպանությունը դրանց ամբողջ երկայնքով:

Ստեղծված իրավիճակը կարոտ է այլ պարզաբանումների: Ադրբեջանը ծրագիր է մշակում, ըստ որի կձգտի ԼՂ հակամարտության կարգավորման որեւիցե տարբերակի դեպքում ապահովել Զանգեզուրի միջով ելքը դեպի Նախիջեւան եւ Թուրքիա: Ըստ որում, Նախիջեւանի աշխարհաքաղաքական իրադրությունը բավական անկայուն է: Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ ընդհանուր սահման գոյություն չունի: 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի 3-րդ հոդվածով, Նախիջեւանը մտցվեց ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ իբրեւ ինքնավար տարածք: Այդ հոդվածում ասվում է. «Պայմանավորվող երկու կողմերը համաձայն են, որ Նախիջեւանի մարզը, որի սահմանները նշված են սույն պայմանագրի հավելվածում, կազմում է ինքնավար տարածք Ադրբեջանի հովանու ներքոՙ պայմանով, որ Ադրբեջանը սույն պրոտեկտորատը չի զիջի երրորդ պետության» : Այդ պայմանագիրը դեռ ոչ ոք չեղյալ չի հայտարարել: Ահա թե ինչու Արցախի հիմնահարցը վաղուց դադարել է տեղային բնութագիր ունենալուց: Հակառակ դեպքում այն վաղուց արդեն լուծված կլիներ: Ներկայումս այն դարձել է միջազգային հարց, որով զբաղվւմ է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը, դատելով ըստ ամենայնի, միջանկյալ բնույթ է կրում: Այսինքն, Արցախի ուղղությամբ Բաքվի գործողությունները շրջափակվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, իսկ Նախիջեւանի ուղղությամբՙ 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրով: Նման կառուցվածքի բեկումը անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ ամբողջ տարածաշրջանի համար: Տարօրինակությունն այն է, որ եթե Ադրբեջանը տարբեր պատճառներով կորցրել է իր տարածքի 20 տոկոսը, ապա ավելի ուշ Թուրքիայում իրադրությունը արմատապես փոխվել է: ԱՄՆ-ը միանշանակ կերպով շեշտը դնում է քրդերի վրա եւ գործը հանգեցնում է այդ երկրում դաշնապետության ստեղծմանը: Այդ դեպքում կարող է սկսվել քրդերի շրջափակումՙ ռազմակայան ստեղծելով Նախիջեւանում:

Գոյություն ունի եւս մեկ գործոն, որի մասին Բաքվին նախազգուշացնում են իր քաղաքագետներըՙ նշելով ռեալ աշխարահաքաղաքական վտանգները, որոնք կապված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իրանական քաղաքականության հետ: Թեհրանը բացասաբար է ընկալում Նախիջեւանում Թուրքիայի ակտիվ ռազմական ներկայության փաստը: Ռուսաստանցի ռազմական փորձագետների կարծիքով, պատահական չէ, որ երբ 2016 թ. սկսվեց Արցախի դեմ ուղղված ապրիլյան քառօրյա պատերազմը, Իրանը պատրաստակամ էր գործի դնել Հայաստանի հետ ռազմական գործողությունների պայմանագիրը: Դա նշանակում է, որ Իրանը պատրաստ էր օրակարգում դնել նաեւ Նախիջեւանի շրջափակման հարցը, որի գոյությունն ապահովվում է Իրանի տարածքով: Այդ ժամանակ միջանցք կբացվեր Նախիջեւանի եւ Թուրքիայի միջեւ, ինչը կհանգեցներ հակամարտության աշխարհագրական ընդլայնմանը: Ո՞վ է հավանական հակառակորդըՙ Ռուսաստանը, Հայաստա՞նը, թե՞ Իրանը, հարց է տալիս Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Ներկա փուլում առայժմ անհնար է կանխատեսել իրադարձությունների զարգացումը:

Անկարան այժմ ունի ուրիշ աշխարհաքաղաքական գերակայություններ, որոնք կապված են Սիրիայի ռազմական հակամարտության կարգավորման տարբեր կողմերի հետ: Դրան անհնար է հասնել առանց Ռուսաստանի եւ Իրանի հետ ստեղծված դաշինքի պահպանման: Ահա թե ինչու Նախիջեւանում Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ զորավարժություններն առաջացնում են տարաբնույթ զգացողություներ, եթե նկատի ունենաք դրանց պատճառական հիմնավորումները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ