RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #023, 2019-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 21-06-2019



ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2019-06-21 12:54:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 4848, Տպվել է` 288, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ե՞ՐԲ Է ԿԱՌՈՒՑՎԵԼՈՒ ՉՔՆԱՂ-ԹԹՈՒՋՈՒՐ-ՁՈՐԱԳԼՈՒԽ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ

Գ. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Եթե կարողանաք առանց հայհոյելու, իսկ եթե հայհոյող չեքՙ առանց «գրողը տանի», «սատանայի բաժին դառնա» բառակապակցությունները արտասանելու կտրել-անցնել Արագածոտնի մարզի, Ապարանի շրջանի Չքնաղ-Թթուջուր-Ձորագլուխ ճանապարհատվածը, ուրեմնՙ ամուր նյարդեր ունեք, շնորհավորում եմ: Բայց, եթե այդ թշվառ ճանապարհը ձեր նյարդերի վրա չի ազդում, շատ հնարավոր է, որ կարիք կա ձեզ ոչ թե շնորհավորելու, այլՙ ցավակցելու, որովհետեւ իրեն հարգող ամեն մի նյարդային համակարգ, որքան էլ պինդ լինի, տեղի է տալիս, երբ անցնում է գաճաճների խրամատներ հիշեցնող այդ ճանապարհով:

Տարիներ շարունակ տեղի բնակինչերին իշխանությունները խոստացել են, որ «ամռանը կնորոգեն», բայց քանի որ չեն ասելՙ ո՞ր ամռանը, արդեն բազմաթիվ ամառներ են անցել, բայց սայլը տեղից չի շարժվել: Ավելինՙ տպավորություն է, որ սայլի անիվները վաղուց ինչ-որ մեկը գողացել է:

Օրեր առաջ տեղեկացանք, որ Արագածոտնի մարզի մի շարք գյուղեր տեղ են գտել ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրում - ահագին գործ է արվելու մարզում: Ինչ խոսք, հույս կար, որ արդեն երազի նմանվող ասֆալտապատ ճանապարհն իրականություն է դառնալու: Բայց արի ու տես, որ մարզում «ավելի առաջնային» խնդիրներ կային եւ կան:

Առանց հեգնանքի նշեմ, որ հաստատված տասնհինգ ծրագրերից երեքը խիստ կարեւոր ու անհրաժեշտ էին: Խոսքը Բյուրական, Արտաշավան եւ Կարբի համայնքների խմելու ջրագծի հիմնանորոգման մասին է: Սա շատ կարեւոր ու առաջնային խնդիր է, ավելի կարեւոր, քանՙ Չքնաղ-Թթուջուր-Ձորագլուխ ավտոճանապարհը:

Բայց ծրագրի մյուս կետերի առաջնայնության մասով խիստ կասկածներ ունեմ: Նույնիսկ կարծում եմ, որ այն հաստատողների մոտ անհամեմատ բարձր է եղել սուբյեկտիվիզմը, որի պատճառով էլ ամեն ինչ խեղկատակության է վերածվել: Հետաքրքրական էՙ հաստատողները վստա՞հ են, որ, ասենք, Օշականի ներհամայնքային փողոցների վերանորոգումն ավելի կարեւոր է, քան հիշյալ ավտոճանապարհի կառուցումը: Նրանք վստա՞հ են, որ Բյուրական համայնքի ցանկապատների կառուցումն ու փողոցի լույսերի ընդլայնումն ավելի կարեւոր է, քան հիշյալ ճանապարհը: Կամ ովքեր եւ ո՞ր սկզբունքով են որոշել, որ Արուճի միջհամայնքային փողոցների վերանորոգումն ավելի կարեւոր է, քանՙ հիշյալ ավտոճանապարհը:

Ե՛ւ Բյուրականի, ե՛ւ Օշականի, ե՛ւ Արուճի ե՛ւ մյուս համայնքների բոլոր խնդիները պետք է կարեւորված լինեն պետության համար, բայց, երբ միաժամանակ բոլորը լուծել հնարավոր չէ, պետք է անդրադառնալ առաջնայինին: Պատկերացնու՞մ եք, 21-րդ դարում մարդիկ հինգ կելիոմետր ճանապարհն անցնում են մոտ 20-30 րոպեում: Դա ծիծաղելի է, նույնիսկ անցյալ դարի ձիակառքերն այդքան դանդաղ չեն շարժվել:

Ժամանակին, երբ Ապարանի տարածաշջանի որոշ համայնքների ավտոճանապարներ պետական ծրագրերով վերանորոգվում էին, Աղվան Հովսեփյանը, ով մեր պետության վերնախավի անդամ էր, ամեն ինչ արել էր, որ ասֆալտն ու գազը միաժամանակ հասնեն մինչեւ Չքնաղ համայնք, որը նրա հայրական գյուղն է: Թե ինչու մյուս երկու գյուղերի տարածքը չի ասֆատապատվել, գյուղացիները շատ պատասխաններ ունեն, որոնցից ամենաանհավատալին հետեւյալն էՙ «Աղվանը չթողեց, խանգարեց»:

Հայաստանի բոլոր համայնքները մեկ են, բոլոր վայրերում էլ մեր հայրենակիցներն են ապրում: Բայց արդյո՞ք մեր իշխանությունը գիտակցում է դա: Նրանք գիտակցո՞ւմ են, որ Թթուջրում ու Ձորագլխում էլ են մարդիկ ապրում, երեխաներ մեծանում, որոնց վրա էլ դրված է մեր հայրենիքի պաշտպանության խնդիրը: Եթե գիտակցում է, ինչո՞ւ քայլեր չի ձեռնարկում: Թե՞ սպասում էՙ երբ գյուղացիները կսկսեն խոտորնակին խոտորնակ սկզբունքով հարցեր լուծել ու ճանապարհներ փակել...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ