RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #023, 2019-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 21-06-2019



Տեղադրվել է` 2019-06-21 12:54:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 3075, Տպվել է` 271, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՈՆԻՖԱ-ՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆԵՑ Arzach-Ի ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Հունիսի 9- ին Արցախում ավարտվեցին ԿՈՆԻՖԱ-յի առաջնության խաղերը, իսկ գերմանական լրատվամիջոցները դեռ անդրադառնում են ոչ հերթապահ այդ իրադարձությանը։ («Ազգ-ի» հունիսի 7-ի համարում անդրադարձել ենք դրան)։ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մասին գերմանական մամուլը քիչ չի գրում. Մեկ տարի է, ինչ Հայաստանը խաղաղ հեղափոխության հոմանիշն է, իսկ Ղարաբաղի մասին տեղեկատվական նյութը հիմնականում չի շեղվում միջազգային ընդունված բառապաշարից։ Արդեն քանի տարի մեր հոդվածներում նկատել ենք տվել մի շատ մեծ բացՙ գերմանալեզու տարածքում ուղղակի չկա հայկական պետական պաշտոնական լուրըՙ ի՞նչ եղավ մեր սահմանին, ո՞ր կողմը խախտեց զինադադարը, փոխարենը համարյա ամեն օր կարելի է կարդալ «Ազերթաջի» լրատվությունը, որի մատուցմամբ, բնականաբար, հայկական զինուժն է հրադադարի խախտման միակ մեղավորը։ Այդ տեքստը սովորաբար պերճախոս չի կազմվում, տպավորություն է, թե ամսաթիվն է փոխվում միայն, բայց «թշնամի», «թշնամական» բառերը միշտ անխախտՙ առաջին գծում իրենց տեղն ունեն, եւ, որքան հետեւել եմ, երբեւէ չեն փոխարինվում «հակառակորդ» կամ այլ բառերով։ «Ազերթաջի» մատուցման մեջ շեշտված վերաբերմունք կա նաեւ հայկական տեղանունների հանդեպ, բնականաբար շրջանառվում է Ղարաբաղ ձեւը։

Գերմանալեզու ԶԼՄ-երում, առցանց մեդիա հարթակում գերմանացի հեղինակների արդեն չորրորդ հոդվածն ենք կարդում ԿՈՆԻՖԱ- յի առաջնության խաղերի մասին, որտեղ ԼՂ տարբերակից առավել շրջանառվեց Արցախ տեղանունը։ Միայն դա չէր նկատելի դրականը։ Առցանց «Ցայթ»- ի երկար ռեպորտաժն օրինակ Արցախում ապրող մարդկանց շատ անկեղծ դիմանկարներ էր կերտել, նաեւՙ անթաքույց համակրանքով։

Հունիսի 19- ին առցանց «Ռայնիշե փոստը» անդրադառնալով ֆուտբոլային մրցաշարին, գրում էՙ Արտգործնախարարության անհապաղ խորհուրդն է ԼՂ չմեկնելը։ Եվրոպային սահմանամերձ Հարավային Կովկասում ինքնիրեն Արցախ անվանակոչած հանրապետությունն աշխարհի որեւէ պետության կողմից չի ճանաչվել։ 11 458 քառակուսի կմ տարածքն այդ միջազգայնորեն Ադրբեջանին է պատկանում, բայց համարյա ամբողջովին հայաբնակ է։ Իրականում գոյություն չունեցողՙ նախագահական այդ հանրապետությունում զինված հակամարտությունն անընդհատ շարունակվում է։ Թերթն այնուհետ ներկայացնում է ԿՈՆԻՖԱ- յի վարչության անդամ 29-ամյա Յենս Յոքելի կարծիքն Արցախում անցկացված ֆուտբոլային Եվրոպական առաջնության մասին։ «Այնտեղ ժողովրդական տոնախմբության մթնոլորտ էր տիրում, ինչպես 2006- ին Գերմանիայում էրՙ աշխարհի առաջնության խաղերի ժամանակ, միայն շրջանակն ավելի փոքր էր»։ «Մարզական մակարդակի, հանդիսատեսի հետաքրքրության եւ կազմակերպչական տեսակետից ԼՂ-ում անցկացված առաջնությունը լավագույնն էր մեր պատմության մեջ», գնահատում է Յոքելը, որ 2015-ից ի վեր Եվրոպայի եւ աշխարհի 6 առաջնություն է ուղեկցել։

Գերմանացիների լուսաբանման կողքին հայկական լրատվամիջոցներն ու մանավանդ հեռուստատեսությունը ծույլ գտնվեցին։ Այնինչ առիթ էր գոնե արձանագրել այն օտարերկրացիների կարծիքը, որ հիացած հաստատում էին, թե Արցախի խաղաղությանն այլընտրանք չկա։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ