RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #023, 2019-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 21-06-2019



ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2019-06-21 12:54:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 3737, Տպվել է` 271, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊՐՈՖ. ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՆՈՐ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԱՆ, պ.գ.թ., դոցենտ, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող

Ռամկավար Ազատական կուսակցության կողմից օրերս լույս է տեսել հայտնի արեւելագետ, միջազգայնագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի «Մերձավորարեւելյան եւ արեւելաասիական քաղաքական հորձանուտում: Արեւելագետի նոթեր» ռուսերեն մենագրությունը: Գիրքը վերլուծական նյութերի եւ փաստաթղթերի ժողովածու է, որը հեղինակը հրապարակում է առաջին անգամ:

Գիրքը հստակ պատկերացում է ստեղծում 20-րդ դարի երկրորդ կեսին Լիբանանի, Իրաքի, Սիրիայի, Եգիպտոսի, Իսրայելի, Պաղեստինի Ազատագրության Կազմակերպության (ՊԱԿ), նաեւ Չինաստանի ու Ճապոնիայի հետ Խորհրդային Միության դիվանագիտակական հարաբերությունների առանձնահատկությունների, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում ընթացող բարդ ու կնճռոտ գործընթացների մասին, որոնք անմիջականորեն կապված էին հիմնականում արաբ-իսրայելական հակամարտության, Իրանի իսլամական հեղափոխության, միջազգային հարաբերություններում իսլամական գործոնի ակտիվացման եւ տարածաշրջանային մրցակցության հետ:

Մենագրության մեջ ներկայացված են պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի հանդիպումների մի շարք հետաքրքրական մանրամասներ Մերձավոր Արեւելքի ամենահայտնի գործիչների, այդ թվումՙ ՊԱԿ-ի նախագահ Յասեր Արաֆաթի, Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Խոմեյնիի, Լիբանանի խորհրդարանի խոսնակ Հուսեյն Հուսեյնիի, Լիբանանի նախկին վարչապետ Ռաշիդ Սոլհի, Լիբանանի նախագահ Սուլեյման Ֆրանժիեի, ինչպես ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների մի շարք հայտնի դիվանագետների, պետական գործիչների ու գիտնականների հետ, որոնց մեջ առանձնանում է հանդիպումը Զբիգնեւ Բժեզինսկու հետ: Գրքում զետեղված են փաստա-վավերական արժեք ունեցող բազմաթիվ լուսանկարներ:

Խորհրդային ղեկավարության առաջադրանքով եւ Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի (1974-1988 թթ.) իմացությամբ եւ աջակցությամբ Նիկոլայ Հովհաննիսյանը գործուղվել է Մերձավոր Արեւելքի մի շարք թեժ կետեր, այդ թվումՙ Լիբանան քաղաքացիական պատերազմի (1975-1990 թթ.) շրջանումՙ իրավիճակին տեղում ծանոթանալու եւ մասնագիտական գնահատականներ տալու համար: Նրա առաքելությունը կարեւոր է եղել նաեւ Լիբանանի հայ համայնքի համար ստեղծված բարդ իրավիճակում շահեկան լուծումներ գտնելու տեսանկյունից: Հատկանշական է, որ Լիբանանի քաղաքացիական պատերազմի շրջանում հայ համայնքը պահպանել է դրական չեզոքություն, ինչը հնարավորություն է տվել խուսափել ավելի մեծ վնասներից ու կորուստներից: Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Լիբանանում ԽՍՀՄ դեսպան Ա. Սոլդատովի հետ Ն. Հովհաննիսյանի հանդիպումներըՙ քաղաքական լուծումներ գտնելու նպատակով:

Գիրքն ունի սկզբնաղբյուրային բացառիկ կարեւոր նշանակություն եւ կարեւոր է ոչ միայն արաբական երկրների ժամանակակից խնդիրների ուսումնասիրության տեսանկյունից, այլեւ հնարավորություն է տալիս համապարփակ պատկերացում կազմել Խորհրդային Միության արտաքին քաղաքականության մերձավորարեւելյան ուղղության մասին: Մյուս կողմից, Նիկոլայ Հովհաննիսյանի առաքելությունը Մերձավոր Արեւելքում խորհրդային պատվիրակության շրջանակներում, ի հայտ է բերում մի շարք կարեւոր իրողություններ նախ այն մասին, որ Մոսկվան էապես կարեւորել է հայ արեւելագետների խորհրդատվությունը արտաքին քաղաքական բարդ ու խրթին հարցերի մշակման եւ լուծման հարցում, մյուս կողմիցՙ զգալի նշանակություն է տրվել Հայաստանի արդի արաբագիտության դպրոցին, որի հիմնադիրը հենց արաբագետ Նիկոլայ Հովհաննիսյանն է: Ասվածի ապացույցն է գրքում զետեղված հետեւյալ փաստաթուղթը. «Լիբանանում Խորհրդային Միության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Ալեքսեւիչ Սոլդատովին: Հարգելի դեսպան: Պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի նյութերն ուղարկեք այն տեսքով, ինչպես նա դրանք ներկայացնում էՙ առանց խմբագրական միջամտության կամ ավելացումների»:

Գիրքը պատկերացում է ստեղծում նաեւ այն մասին, թե ինչ դեր ունեին հայ մտավորականներըՙ ի դեմս Նիկոլայ Հովհաննիսյանի, Խորհրդային Միության մեջ հասարակական-քաղաքական եւ վերջապես գիտական կարծիքի ձեւավորման հարցում: Այս տեսանկյունից հիշարժան է Ն. Հովհաննիսյանի հանդիպումը խորհրդային այլախոհ գործիչ, մարդու իրավունքների պաշտպան Անդրեյ Սախարովի հետ եւ նրանց պատմական այցելությունը Արցախ եւ Սպիտակ:

Հարկ է նշել, որ Նիկոլայ Հովհաննիսյանի մասնագիտական գործունեությունը ի հայտ է բերում եւս մի հետաքրքրական իրողությունՙ գիտական դիվանագիտության կարեւորությունը բոլոր ժամանակների համար: Դիվանագիտության մյուս տեսակների (հանրային, խորհրդարանական, թվիթերյան եւ այլն) կողքին գիտական դիվանագիտությունն առանձնանում է իր ակադեմիական հենքով եւ քննական-վերլուծական մեթոդաբանությամբ: Պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի բերած փորձառությունըՙ որպես գիտնական հանդես գալ նաեւ դիվանագիտական առաքելությամբ, ծառայեցնել գիտական փորձն ու հմտությունները Հայրենիքին, ուսանելի կարող է լինել նաեւ Հայաստանի Հանրապետության արդի շրջանի եւ մեր արտաքին քաղաքականության համար: Փաստ է, որ պրոֆեսոր Հովհաննիսյանի եւ բազմաթիվ այլ նվիրյալների ջանքերով Հայաստանում ձեւավորվել են արեւելագիտական ակադեմիական բազմաթիվ դպրոցներ, որոնք իրենց մակարդակով ոչ միայն չեն զիջում միջազգային նմանօրինակ դպրոցներին, այլեւ շատ դեպքերում առաջ են անցել եւ նոր խոսք ասել մերձավորարեւելյան թե՛ արդի, թե՛ միջնադարյան հետազոտությունների ոլորտում: Այս տեսանկյունից, մեզանում ձեւավորված արեւելագիտական եւ մասնավորապես արաբագիտական դպրոցը ռազմավարական կարեւոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար:

Մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաեւ գրքի վերջում Ն. Հովհաննիսյանի մենագրությունների ցանկը: Նշենք նաեւ, որ հայ արեւելագետը մի շարք նոր ուղղություններ է բացել օրինակ միջարբական հարաբերությունների եւ միջազգային հարաբերություններում իսլամական գործոնի հետ կապված ուսումնասիրություններում: Գրքում ներկայացված են 91 աշխատությունների վերնագրեր, որոնք հայերենից բացի հրատարակվել են տարբեր լեզուներովՙ ռուսերենով, արաբերենով, գերմաներենով, ֆրանսերենով, թուրքերենով, ճապոներենով, հունգարերենով, պարսկերենով, իտալերենով, կորեերենով, ռումիներենով եւ այլն:

Գրքի ոճը եւ լեզուն նորություն է նախկինում պրոֆեսոր Ն. Հովհաննիսյանի հրատարակած հարյուրավոր հետազոտությունների մեջՙ հանդիպումների սղագրություններ, տեղեկանքներ, նոթեր, ամփոփ վերլուծություններ եւ այլն: Այն ուսանելի է նախեւառաջ արեւելագետների, միջազգայնագետների ու պատմաբանների, նաեւՙ ընթերցող լայն շրջանակների համար:

Սխալված չենք լինի, եթե փաստենք, որ Նիկոլայ Հովհաննիսյանը ոչ միայն գիտնական է, այլեւ իր ժամանակի վավերագրողը, որի ապացույցը «Մերձավորարեւելյան եւ արեւելաասիական քաղաքական հորձանուտում: Արեւելագետի նոթեր» արժեքավոր մենագրությունն է:

Մյուս կողմից, մեր սեղանին դրված աշխատությունը ի հայտ է բերում նաեւ Ն. Հովհաննիսյանի ծառայությունը ԽՍՀՄ-ի եւ արաբական մի շարք երկրների ու շրջանակների միջեւ բարեկամական կապերի հաստատման հարցում: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ հայ արեւելագետը իր գործընկերների հետ միասին որոշակի ջանքեր է ներդրել Հայաստան-Սփյուռք, նաեւՙ հայ-արաբական բարեկամական հարաբերությունների ամրապնդման ոլորտում: Կարեւոր է նաեւ Ն. Հովհաննիսյանի ծառայությունը միջազգային առանձին հարթակներում Հայաստանի արտաքին քաղաքական կարեւոր խնդիրների, այդ թվումՙ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ մեր երկրի տեսակետը ներկայացնելու հարցում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ