RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #023, 2019-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 21-06-2019



ՀԱՅ ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐ

Տեղադրվել է` 2019-06-21 12:54:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 3545, Տպվել է` 270, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸՙ ՀԵՏԱԽՈՒՅԶ

ԱՐՄԵՆ ԱԼՈՅԱՆ, Պահեստի գնդապետ

II մաս

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԽՍՀՄ-ի, Սոցիալիստական ճամբարի եւ Արեւմտյան Դաշինքի կազմմանը զուգընթաց զարգանում էին այդ պետությունների հասարակությունները:

Միայն ռազմական գիտելիքները արդեն չէին բավարարում նոր պատերազմներ վարելու համար, հարկավոր էր նաեւ նոր ռազմավարություն. դիվանագիտություն, հասարակական գիտություններ, իհարկեՙ հետախուզություն եւ պատերազմի ոչ ռազմական ստվերագծեր:

Ավելի կոնկրետ` եթե երկար ժամանակ ամբողջ հասարակությունը եւ ռազմա-քաղաքական էլիտան մտածում էին, որ պատերազմում կարելի է հաղթել հերոսությամբ, քաջությամբ, դիմացկունությամբ, մոբիլիզացիայով, ապա հասկանալի դարձավ, որ հաղթանակի համար անհրաժեշտ է բանականություն, մտածելու ունակություն, կրթություն, զարգացած գիտություն: Մի խոսքովՙ ինտելեկտուալ պատերազմի բոլոր անհրաժեշտ բաղադրամասերը: Իհարկե, հրաժարվել այնպիսի որակներից, ինչպիսիք են քաջությունը, հայրենասիրությունը, ռազմաճակատում անձնուրացորեն զոհաբերել քեզ` փրկելու ընկերոջդ կյանքը, նույնպես շատ պետք է հասարակության գոյությունը պահպանելու համար: Մեր պապերը, հայրերը եւ մենք դա տեսել ենք, կարդացել` սկսած Մեծ եղեռնից, Սարդարապատից, Մեծ Հայրենականից, Արցախի պատերազմից մինչեւ 2016 թ. Քառօրյան պատերազմը: Սակայն հիմա, այսքանը միայն բավարար չէ:

Վերադառնանք հետախուզությանը: Ինչպես ասացինք, հետախուզությունը մտքերը հասկանալու եւ կառավարելու արվեստ է: Հետախուզության գործիքակազմը` կազմակերպված միջոցառումներն են, որոնց արդյունքում ստացվում է տեղեկատվություն, այնուհետեւ այդ տեղեկատվության ստուգումն է ամենայն մանրամասնությամբ, համակարգումը` որպես ամբողջականի մաս: Այս ամենը հնարավորություն է տալիս կանխատեսել իրադարձությունների ընթացքը:

Մի խոսքով, դա շարունակական փորձ է ներթափանցելու մշտական պատերազմի եւ դիվանագիտության մշուշի մեջ եւ ուրվագծելու ապագան:

Երբ Նոյը ուղարկեց աղավնուն, որպեսզի հասկանա, թե ջրերը հեղեղից հետո ետ քաշվե՞լ են, թե՞ ոչ, նա փաստորեն աշխարհում առաջին անգամ օգտագործեց օդային հետախուզությունը: Դեպի Ավետյաց Երկիր հրեաների առաջնորդելը կազմակերպելիս, Մովսեսը հետախուզական խնդիրները առաջադրեց Օսին Բեն Նույույի առջեւ: Արքայից արքա Տիգրան Մեծի հետախուզական խնդիրները իրագործում էին նրա դեսպանի պատմուճաններ հագած ենթակաները: Նապոլեոն Բոնապարտը միշտ հետաքրքրվում էր այն գեներալների բնութագրով, ովքեր ղեկավարում էին իր դեմ մղվող ճակամարտերը: Նրա հետախուզության ղեկավարը` Կառլ Շուլմայսթերը պարտավոր էր զեկուցել իրեն ամեն ինչ այդ գեներալների անձնական կյանքի եւ սովորույթների մասին:

1945 թ. մարտի 28-ին ԽՍՀՄ հետախույզը Կանադայում հանդիպում է տեղեկատուի հետ եւ մի շարք տեղեկատվությունների հետ լուր է ստանում այն մասին, որ Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Կանադա եռյակը գիտական փորձարկումներ է սկսում ատոմային էներգիան ռազմական նպատակներով օգտագործելու նպատակով: Եվ այսպես, առաջին անգամ, խորհրդային հետախուզությունը զեկուցում է Ստալինին ատոմային զենքի ստեղծման մասին: Ստալինի հրամանով ամբողջ խորհրդային հետախուզական հսկա «մեքենան» սկսում է աշխատել այդ ուղղությամբ: Երեք ամսվա ընթացքում ձեռք բերվեց բավականաչափ ինֆորմացիա, որը հնարավորություն տվեց խորհրդային գիտնականներին սկսել աշխատանքներն այդ ուղղությամբ:

Գալով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանաշրջանին, վերադառնանք հոդվածիս հիմնական հերոսին` Գեւորկ Վարտանյանին: Նա չէր սիրում, երբ իրեն անվանում էին «ռուսական լրտես», գերադասում էր ներկայանալ որպես «պրոֆեսիոնալ ոչ լեգալ հետախույզ»:

2007 թ. հոկտեմբերի 9-ին, Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայության մամլո ծառայությունում (Մոսկվա), Գեւորկ Վարտանյանին այցելեց Ուինսթոն Չերչիլի թոռնուհին` բրիտանական լրագրող, պրոդյուսեր Սելիյա Սանդեսը: Նա շնորհակալություն հայտնեց Վարտանյանին իր պապու կյանքը 1943 թ. Թեհրանում փրկելու համար: Անգլիական նկարահանող խմբին Գեւորկ Վարգանյանը մեծ հարցազրույց տվեց (անգլերեն լեզվով), որը օգտագործվեց Ստալինի եւ Չերչիլի փոխհարաբերությունների մասին ֆիլմում:

...1943 թ. ամռան վերջին Երրորդ Ռայխի վեց հոգանոց ռադիոհաղորդողների մի խումբ հայտնվեց Թեհրանից 70 կմ հեռավորության վրա գտնվող Ղոմ քաղաքի մերձակայքում: Մեկ տասնյակ ուղտերով այդ քաղաք տեղափոխվեցին նաեւ զենք, զինամթերք եւ ռադիոհաղորդիչներ: Տասն օր հետո, նրանք եւ ամբողջ բեռն արդեն Թեհրանում էր: Այդ խմբի հիմնական խնդիրն էր պատրաստել ռազմահենադաշտ Վերմախտի ամենահայտնի դիվերսանտ Օտտո Սքորցեննիի եւ նրա դիվերսիոն խմբի Իրան ժամանման համար:

Հետախույզ Նիկոլայ Կուզնեցովը Ուկրաինայի Ռովնո քաղաքից արդեն հաղորդել էր այն մասին, որ «Աբվերը» եւ Գերմանիայի Անվտանգության Չորրորդ բաժինը (ՍՍ) Արեւելքում մեծ դիվերսիոն գործառույթներ են պատրաստում դաշնակից պետությունների ղեկավարների դեմ: Հետագա վերլուծությունները եւ կանխատեսումները հաշվարկեցին թիրախ քաղաքը` Թեհրանը, որտեղ 1943 թ. աշնանը պատրաստվում էր Մեծ կոնֆերանս` ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ, որին մասնակցելու էին Ստալինը, Ռուզվելտը եւ Չերչիլը: Այդ ժամանակ Թեհրանում խորհրդային հետախուզության գլխավոր ռեզիդենտը Իվան Աղայանցն էր, որն էլ ստեղծում է երիտասարդ հետախույզների մի ջոկատ «թեթեւ հեծելազոր» անվամբ: Ջոկատը ղեկավարում էր 19-ամյա Գեւորկ Վարտանյանը: Իմիջիայլոց, ջոկատում էր նաեւ նրա ապագա կինը` Գոհարը (հետախույզ «Անիտան»): Ջոկատի առաջ խնդիր էր դրված Մեծ Բրիտանիայի (MI-6) գործակալների հետ համատեղ (այդ ժամանակ անգլիական հետախուզության գլխավոր ռեզիդենտը Իրանում Սփենսերն էր) կազմակերպել որոնումներ եւ հայտնաբերել Երրորդ Ռայխի հետախուզական կայանների գործակալական ցանցը: Հանձնարարությունը հաջողությամբ կատարվեց, ձերբակալվեցին գործակալների մեծ մասը, նույնիսկ գլխավոր ռեզիդենտ Ֆրանց Մայերը, որը կերպարանափոխվել եւ աշխատում էր Թեհրանի հայկական գերեզմանատանը որպես գերեզմանափոր:

Նացիստական ծրագրերը ձախողվեցին, Սքորցեննին եւ նրա դիվերսիոն խումբը Թեհրան «չժամանեց»: «Երկար թռիչք» դիվերսիոն հետախուզական օպերացիան, որը կարող էր փոխել երկրորդ համաշխարհային պատերազմի ողջ ընթացքը եւ կանխատեսելի վերջաբանը, չիրականացավ:

Ներկայացնեմ մի հետաքրքրաշարժ դրվագ այդ կոնֆերանսից: Կոնֆերանսի ժամանակ Ստալինը նկատում է, թե ինչպես Ռուզվելտը մի երկտող է գրում Չերչիլին: Չերչիլը կարդալուց հետո մի շարժում է անում եւ պատասխան երկտող ուղարկում: Ստալինը լինելով շատ կասկածամիտ մարդ, մտածում է, որ նրա երկու «գործընկերները» ինչ-որ դավադիր որոշում են ընդունում: Ընդմիջմանը անմիջապես իր մոտ է կանչում ռեզիդենտ Իվան Աղայանցին եւ հրամայում գետնի տակից էլ գտնել այդ գրությունները եւ զեկուցել դրանց բովանդակությունը: Մեծ դժվարությամբ հաջողվում է գտնել պատռտված թղթի կտորները, դրանք կպցնել եւ վերականգնել բովանդակությունը: Պարզվում է հետեւյալը. Ռուզվելտը գրում է. «Ձեր անդրավարտիքի շղթան բացվել է»: Չերչիլը պատասխանում է. «Ծեր արծիվը իր բնից ցած չի ընկնի»:

Սակայն սա միակ օպերացիան չէր, որ Գեւորկ Վարտանյանը եւ նրա ջոկատը հաջողությամբ իրականացրին Թեհրանում:

...«Կենտրոնում»` ստույգ տեղեկատվություն կար, որ երկրորդ համաշխարհայինի հենց սկզբից, Թեհրանում գործում է գերմանական «Աբվերի» ռեզիդենտուրաներից մեկը, որը բավական հաջող շփումներ է հաստատում եւ հավաքագրում Իրանի բարձրաստիճան զինվորականների շրջանակներում: Այդ զինվորականներից ստացվող ինֆորմացիան օգտագործվում էր Երրորդ Ռայխի դիրքերի ամրապնդման օգտին (առանց այդ էլ Իրանում գործում էին 20000 գերմանացիներ տարբեր «ծածկերի» տակ):

Այդ ռեզիդենտը Վարտանյանի «հեծելազորի» կողմից բացահայտվեց. պարզվեց որ նա Թեհրանում գործող գերմանացի հայտնի դեղագործ էր: Վերջինս օգտագործում էր հետախուզությունում ընդունված, բայց ոչ հաճախ օգտագործվող հնարքներից մեկը: Նրա երկվորյակ եղբայրը իր հետեւից տանում էր արտաքին դիտարկումը, իսկ ինքը` դեղագործ ռեզիդենտը, այդ ընթացքում անցկացնում էր օպերատիվ հանդիպումները: Այդ ռեզիդենտը ձերբակալվեց:

Սակայն Թեհրանում Գեւորկ Վարտանյանի ամենահաջող օպերացիան կարելի է համարել 1942 թվականին նրա ներթափանցումը անգլիական հետախուզական դպրոցի վեցամսյա դասընթացներ, որն Իրանում կազմակերպել էր նույն ինքը` Սփենսերը: Այդտեղ պատրաստվում էին հետախույզներ, որոնք հետագայում պետք է աշխատեին Մերձավոր Արեւելքում եւ ԽՍՀՄ-ում: Դպրոցը լուծարվեց ` ինքներդ եք հասկանում ում շնորհիվ:

1946 թ. Գեւորկ Վարտանյանն ամուսնացավ Գոհարի հետ: Նրանց առաջին պսակադրությունը տեղի ունեցավ Թեհրանի հայկական եկեղեցում, իսկ պաշտոնապես նրանք ամուսնացան 1952 թ. Երեւանում: Հետագայում, իրենց «կենսագրական առասպելը» ամրացնելու համար, նրանք եւս երկու անգամ ամուսնացան տարբեր երկրներում, տարբեր անուններով: Հետագա անլեգալ հետախուզական աշխատանքի ընթացքում, Գոհար Վարտանյանը- «Անիտան» իրականացնում էր կապը Կենտրոնի հետ: Նա համարվում էր հմուտ ռադիոհաղորդող:

...«ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի հրամանագրով, Հայրենիքի հատուկ առաջադրանքները կատարելու համար, Ձեզ շնորհվում է Խորհրդային Միության Հերոսի կոչում, «Անիտան» պարգեւատրվում է Կարմիր Դրոշի շքանշանով: Շնորհավորում ենք: Հաջողություններ ենք մաղթում հետագա աշխատանքում: «Կենտրոն»:

Պարզ, կարճ եւ անշուք ծածկագիր, որով 1984 թ. մայիսի 28-ին «Կենտրոնը» (ԽՍՀՄ ՊԱԿ-ը) տեղեկացրեց Գեւորկ Անդրեյի եւ Գոհար Լեւոնի Վարտանյաններին պարգեւատրման մասին:

Ավելի քան հարյուր երկրներում անլեգալ հետախուզական աշխատանք կատարելուց հետո, Վարտանյան ամուսինները վերադարձան Հայրենիք:

Չէի ուզենա, որ ընթերցողի մոտ տպավորություն ստեղծվի, որ որեւէ երկրում աշխատելիս, հետախույզը պարտադիր վնաս է հասցնում այդ պետության պաշտպանունակությանը, տնտեսությանը, ժողովրդի անվտանգությանը: Բոլորովին պարտադիր չէ, ամեն ինչ կախված է «թիրախ» պետության եւ հետախույզի Հայրենիքի հարաբերություններից եւ հետախույզի առջեւ դրված խնդիրներից: Դրանք կարող են լինել ռազմա-քաղաքական, տնտեսական, գիտա-տեխնիկական եւ այլն եւ այլն:

Բացի վերը նշածից, հետախույզը կարող է «դիրքավորվել»ՙ ասենք պետությունում եւ աշխատել այդ դիրքերից իր երկրի գլխավոր հակառակորդի դեմ: Ամեն դեպքում հետախույզի աշխատանքը չի կարելի տեղավորել օրենքների շրջանակներում:

Իր դասախոսություններում Գ. Վարտանյանը նշում էր, որ այսօրվա հետախուզությունում իհարկե մեծ դեր է խաղում տեխնիկական հագեցվածությունը, սակայն միեւնույն է` հետախուզության գլխավոր դերը պատկանում է մարդուն, հոգեպես ուժեղ, զարգացած, հայրենասեր մարդուն: Հետախուզությունը բիզնես չէ, որ մի տեղ կորցնես, մի ուրիշ տեղ շահես: Հետախույզը ականազերծողի նման սխալվում է մեկ անգամ: Հիմնական ձախողումները այդ արվեստում լինում են հիմնականում դավաճանության արդյունքում:

«Ես եւ Գոհարը շատ երջանիկ ենք, որ մեր կյանքը նվիրաբերեցինք այս մասնագիտությանը` հետախուզությանը»:

Գեւորկ Վարտանյանը վախճանվեց 2012 թ. հունվարի 10-ին, 88 տարեկան հասակում: Հուղակավորությանը ներկա էին Ռուսաստանի եւ Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: ՌԴ նախագահ Պուտինը անձամբ մասնակցում էր հուղարկավորությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ