RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #023, 2019-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 21-06-2019



ԳԱՂԱՓԱՐԱԿԻՐ

Տեղադրվել է` 2019-06-21 12:54:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 3106, Տպվել է` 270, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՀՐԱԺԵ՞ՇՏ ԵՆ ԱՅՍՕՐ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ Ո՞Վ Է ՌԱՄԿԱՎԱՐԸ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պրոֆեսոր

Վերջին շրջանում ԶԼՄ-ներում եղած հրապարակումներում եւ որոշ գործիչների բանավոր ելույթներում երբեմն անուղղակի հնչում է այն թյուր կարծիքը, որ հայ ավանդական կուսակցությունները «շատ են հնացած» եւ նոր ժամանակներում ու պայմաններում լիարժեք քննություն չեն բռնում: Հետեւապես էլ` իրենց առաքելությունն արել-վերջացրել են եւ քաղաքական դաշտում այլեւս անելիք չունեն: Ավելին, այդ նույն թեմայով բանավեճի ընթացքում, գործընկեր-մտավորականներից մեկը ավանդական կուսակցություններին համեմատեց ամուլ ծերունու հետ, որին վաղուց պետք էր ուղարկել վաստակած հանգստի...

Միանգամից ասեմ, որ բացարձակապես չեմ կիսում այդ կարծիքը եւ կփորձեմ տեսակետս համոզիչ ներկայացնել ստորեւ շարադրանքում: Իհարկե, որպես ռամկավար-ազատական գաղափարախոսության համոզված կրող ու միանշանակ կողմնակից, ավելի շատ կանդրադառնամ այդ գաղափարախոսության արմատներից 135 տարի սնվող ու անմիջապես այդ հենքով ստեղծված արդեն շուրջ մեկ դար գործող Ռամկավար Ազատական կուսակցությանը:

Ռամկավար ազատական (դեմոկրատական լիբերալ) գաղափարախոսության արմատների, համաշխարհային միջավայրում նրա դրսեւորումների ու տարբեր երկրներում տարածվածության հարցերի մասին մի քանի առիթներով հոդվածներ եմ գրել եւ հրապարակել: Այս անգամ ցանկանում եմ ներկայացնել, թե ո՞վ է ռամկավարը, ինչ խնդիրներ է կոչված լուծելու եւ այդ հենքի վրա մեկ ավելորդ անգամ եւս ցույց տալու, որ Ռամկավար Ազատական կուսակցությունը ոչ միայն ծեր ու ամուլ չէ, այլ ընդհակառակը` տարիների փորձից իմաստնացած, արյան նոր ու թարմ հոսքերից եռանդուն, կայտառ ու ստեղծագործ ավյունով լի, արարելու, կազմակերպելու եւ քաղաքական իր հայտնի` «ժողովրդի հետ, ժողովրդով եւ ժողովրդի համար» հավատամքով ուժեղ կանգնած է երկիրը շենացնելու, աշխարհասփյուռ հայությանը համախմբելու եւ դեպի ավելի լավ ապագան առաջնորդելու կայուն ու հաստատուն հիմքերի վրա:

Արդ, ո՞վ է ռամկավարը:

Ռամկավարը նախ եւ առաջ իր գործունեությունը հիմնում է ճշմարտության, արդարության ու իրավունքի վրա` ամբողջ ուժով դրանց նկատմամբ ամեն մի ոտնձգության դեմ ծառանալով: Որովհետեւ նա համոզված է, որ ռամկավարության էությունը կազմող ժողովրդավարությունը հենվում է հենց այդ երեք ճշմարտությունների վրա: Իսկ հայտնի է, որ առանց ժողովրդավարական ու ազատական սկզբունքների կիրառմանՙ միշտ էլ ձեւավորվում է բռնապետություն եւ անհատապաշտություն, որոնք ուշ թե շուտ հասնում են յուրաքանչյուր հավաքականության, կազմակերպության ու պետության տկարացման, նաեւ փլուզման:

Ռամկավարն ամբողջ հոգով եւ ուժերի ներածին չափով պայքարում է բարոյական սկզբունքները կյանքի տարբեր ասպարեզներում կիրառելու համար, որովհետեւ դրանց բացակայության դեպքում երկրի ողջ առողջ մթնոլորտը կապականվի, իսկ ապականված մթնոլորտի մեջ առողջ սերունդներ չեն կարող մեծանալ, առավել եւս` ճիշտ դաստիարակվել:

Ռամկավարն այն աշխատասեր եւ ստեղծագործ մարդ-քաղաքացին է, որն իր գործունեությամբ, սեփական ժողովրդին ծառայելու պատրաստակամությամբ, առողջ, կիրթ եւ բանիմաց սերունդ մեծացնելով իրապես համարվում է իր երկրի հավատարիմ ու պարտաճանաչ քաղաքացին: Ռամկավարն անշահախնդիր հայրենասերն է, հայկական պետականությանը եւ իր ժողովրդին բարօրություն ցանկացողը, կատարված ու դեռ կատարվող հայրենաշինական հսկա աշխատանքը ջերմորեն գնահատողը` անկախ այն բանից, թե հայրենիքում տվյալ պահին ինչ քաղաքական ուժ եւ ինչ վարչաձեւ է գործում: Որովհետեւ, հայրենիքը, քաղաքական համակարգն ու վարչաձեւը միմյանցից անկախ երեւույթներ են:

Ռամկավարը նաեւ երկրում արձանագրված յուրաքանչյուր հաջողության համար ուրախացողն ու ողջունողն է: Միաժամանակ ցանկացած վրիպումի, թերացման եւ թույլ տված սխալի դեպքում դրանց կառուցողական ու սրտացավ դիրքերից քննադատողը` առանց թշնամական որեւէ դրսեւորման, դրանք թույլ տված քաղաքական ուժի կամ կառույցի նկատմամբ:

Ռամկավարը, ինչպես տարիներ առաջ իր բոլոր ուժերն ու հնարավորությունները ներդրել էր հայրենադարձության ազգաշահ գործը կազմակերպելու գործում, այնպես էլ անում է ամեն ինչ արտագաղթն ու հայկական շեների ամայացումը կանխելու ուղղությամբ: Չվարանելով այդ գործընթացում իրականացնել քայլեր, որոնք միտված են զանազան կենցաղային եւ այլ բնույթի դժվարություններ հաղթահարելու համար: Որովհետեւ, նա հավատում է, որ միմիայն հայրենի հողի վրա համախմբվելով բազմանալն է մեր գոյատեւման ու բարգավաճման երաշխիքը: Որովհետեւ ռամկավարը հավատում է, որ նյութական, կենցաղային եւ այլ բնույթի դժվարությունները հայրենի հողը լքելու եւ արտագաղթելու համար ոչ մի կերպ արդարացի պատճառներ համարվել չեն կարող, քանի որ ի դեմս արտագաղթի եւ երկրի ամայացման, ռամկավարը տեսնում է հայրենաշինական սուրբ գործի եւ հատկապես մեր «Մեծ Երազի» խորտակումը:

Երկրում գոյություն ունեցող շարունակական գնաճը, խայտառակ մակարդակի ցածր աշխատավարձերը, պաշտոնեության ավելի շատ ցուցադրական, երբեմն ոչինչ չասող եւ ավելի հաճախ ոչ մի էական դրական տեղաշարժ չապահովող գործելաձեւերը, ամենակուլ վարկային քաղաքականությունը եւ այլ բնույթի դժվարություններն արձանագրելով հանդերձՙ ռամկավարը ճիշտ չի համարում եւ չի խրախուսում մարդկանց զանգվածաբար արտագաղթը դեպի ավելի խաղաղ, աշխատանք ու հանգիստ կյանք «ապահովող» Ռուսաստան, Ամերիկա, Կանադա եւ այլ երկրներ: Ռամկավարը խոսքով ու գործով փորձում է նաեւ լինել երկրի հավատարիմ քաղաքացին, պարտավորՙ հայրենիքի համար տագնապալի այս օրերին ցավակից դառնալ յուրաքանչյուր կորստի դեպքում, անկախ այն բանիցՙ դա լինում է բանակում, թե՞ մեկ այլ վայրում, քանի որ նա գիտակցում է յուրաքանչյուր անհատի անփոխարինելի դերն ու նշանակությունը մեր ժողովրդի համար:

Ռամկավարը Սփյուռքի ու հայապահպանության արթուն զինվորն է եւ ոչինչ չի խնայել այդ առաքելությունը սրբությամբ կատարելու համար, որովհետեւ համոզված է, որ մեր գոյատեւման համար օդի նման անհրաժեշտ են Հայրենիք-Սփյուռք անքակտելի կապն ու անբեկանելի միասնությունը: Անկախ այն հանգամանքից, թե տվյալ պահին ինչ քաղաքական ուժ եւ վարչաձեւ է տիրում երկրում, ռամկավարը հայտնելով իր անհամաձայնությունները դրանց թույլ տված սխալների ու բացթողումների նկատմամբ, հավատարիմ է մնում հայրենի պետականությանն ու ժողովրդին, քանի որ համոզված է. թե ազգային գերագույն շահն ու հավերժական հայրենիքը միշտ բարձր են կանգնած բոլոր կուսակցություններից ու վարչաձեւերից:

Ռամկավար ազատականը միշտ եղել եւ մնում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու ջերմ պաշտպանը, որը ո՛չ թե կույր կրոնամոլության հետեւանք է, այլ նրա կատարած ու կատարելիք ազգապահպանման դերի խորապես գիտակցումի եւ այն իրողության, որ նա բերել եւ բերում է ի նպաստ երկրի հզորացման, ազգի հարատեւման: Ռամկավարը Էջմիածնի Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավորությամբ եւ գերագույն իշխանությամբ Հայաստանյայց եկեղեցու միասնականության սկզբունքային ջատագովն ուժն է: Քանի որ Ս. Էջմիածինը Հայ եկեղեցու բազմադարյան կենտրոնատեղին ու վեմն է, որին խարսխված է աշխարհացրիվ հայ ժողովրդի հոգեկան ամբողջականությունը:

Ռամկավար ազատականը նաեւ հայության անբեկանելի իրավունքների պաշտպանության աննահանջ մարտիկն է: Նա ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման հետեւողական ջատագովն ու զինվորն է, այլեւ մեր մեկուկես միլիոն սրբացված նահատակների արյան վրեժի եւ, ընդհանրապես, Հայկական հարցի արդար լուծման պահանջատերը: Նա համոզված է, որ այդ հարցում, անկախ գտնվելու վայրից ու գոյավիճակից, հայ ժողովուրդը նույն ձգտումներն ունի եւ այդ հարցում նույն կերպ է մտածում: Ամբողջական մեկ հայրենիք ու մեկ հայություն հասկացությամբ զինվածՙ ռամկավարը նյութական ու բարոյական մեծագույն զոհողություններ է կատարել եւ դեռ պիտի շարունակի դրանք` ավելի հարաճուն թափով հետապնդելու համար մեր «Մեծ Երազի» իրականացումը, որի մեծագույն հավատացյալներից են եղել ռամկավարների մի քանի սերունդներ:

Ռամկավարը վստահ է նաեւ, որ հրաշքներ չեն լինում եւ այդ պատճառով տասնամյակներ շարունակ պայքարել է ու նույն կորովն ու պատրաստակամությունն ունի պայքարելու երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած սրբազան նպատակների իրագործման համար:

Ռամկավար ազատականը նաեւ հավատում է, որ Ցեղասպանությունից վերապրած եւ լուրջ տնտեսական ու սոցիալական հաջողություններ արձանագրած սերունդները, այսինքն` Ցեղասպանության զոհերի իրավատեր ժառանգորդները մի գեղեցիկ օր վերադառնալու են հայրենի եզերքներ եւ իրենց ստեղծագործ աշխատանքով շենացնելու են պապերի բնօրրանն ու պատմական հայրենիքը: Դրա համար խիստ անհրաժեշտ է ապահովել հայ ժողովրդի տարբեր հատվածների կուռ միասնությունը, հայրենի իշխանությունների սթափ, անսխալ, ժողովրդամետ ու ժողովրդասեր քաղաքականությունը եւ ընդհանրապես խրախուսել այն ամենը, ինչը կնպաստի հայկական դիմագիծը անաղարտ պահելու եւ մեր արդարացի պահանջատեր լինելու հանգամանքը երբեք չմոռանալու համար: Իսկ դա կապահովվի միայն Մայր հայրենիքի եւ մեր մյուս հատվածների ավելի սերտ համագործակցությամբ: Որովհետեւ Հայրենիքն է ծնողն ու սնողը եւ մայր արմատը հայկականության:

Հետեւաբար, հայրենիքի թերիները չափազանցելով կամ շեշտելով եւ անտեղի դրանք շեփորելով ոչ միայն օգնած չենք լինի հայրենիքում եղած սխալների ու թերությունների սրբագրմանը, այլ ընդհակառակը, նպաստած կլինենք մեր նոր սերունդներին ազգային-հայրենասիրական զգացումների խաթարմանը: Ռամկավարը չի հանդուրժում, որ հայրենիքի վերաբերյալ քննադատությունները վնաս հասցնեն հայրենասիրական զգացումին, որովհետեւ, համոզված է, որ առանց անսակարկ եւ անսահման հայրենասիրության հնարավոր չէ ո՛չ երկիրը շենացնել, ո՛չ սփյուռքի հայեցի դիմագիծը պահպանել եւ ո՛չ էլ մեզ նետված բազմաթիվ ու բազմատեսակ մարտահրավերներին դիմակայել:

Ռամկավար ազատականն այսօր էլ ազգային համերաշխության ու միասնականության ջատագովն է, քարոզիչն ու հետեւողական կենսագործողը: Ավելին, նա արեց եւ շարունակում է անել ամեն ինչ հայ իրականության մեջ դարեր ի վեր տեղ գտած հատվածական մտածողությունը հաղթահարելու ուղղությամբ, որի արդյունքում էր, որ 1950-60-ական թթ. Սառը պատերազմի ամենադժվարին ժամանակներում անգամ աշխարհասփյուռ հայության պորտալարը կապված մնաց Հայրենիքին, որի շնորհիվ էլ հայությունը պահպանեց հայեցի դեմքը, լեզուն, դպրոցն ու մշակույթը:

Նկար 2. Գերսամ Ահարոնյան

Նկար 3. Բարունակ Թովմասյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ