RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #023, 2019-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 21-06-2019



ԳԵՐՀԶՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Տեղադրվել է` 2019-06-21 12:54:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 2110, Տպվել է` 267, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ». ԱՄՆ-ՉԺՀ ԵՎ ԱՅԼՔ

ԳԱԳԻԿ ՏԵՐ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՑ, Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն

Այսօր տեղեկատվական տարածքում լայնորեն քննարկվող թեմաներից են այսպես կոչված «առեւտրային պատերազմների» վերաբերյալ հաղորդագրությունները, վերլուծությունները եւ կանխատեսումները: Ամենից շատ ներկայացվում ու մեկնաբանվում են չին-ամերիկյան տնտեսական լարված հարաբերությունները եւ այդ համատեքստում Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա ԱՄՆ-ում լրացուցիչ հարկեր սահմանելու խնդիրները: Նման իրավիճակի ստեղծումը կարելի է բնական համարել, քանի որ վերջին տարիներին Միացյալ Նահանգները հետեւողականորեն զիջում են համաշխարհային տնտեսության առաջատարի իրենց դիրքերը Չինաստանին, եւ ամերիկյան վերնախավը նման իրողությունը բավական ծանր է ընկալում: Արդեն 2018թ. գնողունակության չափանիշով հաշվարկված ՉԺՀ-ի համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ) ցուցանիշը, ըստ Արժույթի Միջազգային Հիմնադրամի տվյալների, հասել էր 25,3 տրիլիոն դոլարի եւ մոտ 5 տրիլիոնով գերազանցում էր ԱՄՆ-ի ՀՆԱ-ին (20,5 տրլն. դոլար): Ճիշտ է, բացարձակ ՀՆԱ-ի չափանիշով ԱՄՆ-ը դեռեւս գերազանցում է Չինաստանին (համապատասխանաբար 19,285 եւ 12,363 տրլն. դոլար), սակայն առկա են բոլոր միտումները, որ այս չափանիշով նույնպես տեսանելի ապագայում չինացիները առաջ են անցնելու: Նման հեռանկարի մեծ հավանականության մասին է վկայում նաեւ աղյուսակում ներկայացված այդ երկրների միջեւ առեւտրի ծավալների դինամիկան.

ԱՌԵՎՏՈՒՐԸ ԱՄՆ -ի եւ ՉԺՀ-ի միջեւ (մլրդ. դոլար)

 1985թ.1995թ.2015թ.
Արտահանում3.8611.75 116.2
Ներմուծում3.8645.54481.9
Սալդո 0.00-33,79-365,7

Ինչպես տեսնում ենք, արդեն 2015թ. Չինաստանից ԱՄՆ կատարվող արտահանման ծավալները ավելի քան 4 անգամ գերազանցում էին Միացյալ Նահանգների համապատասխան ցուցանիշը:

Վերը ներկայացվածի համատեքստում ՉԺՀ-ԱՄՆ տնտեսական հարաբերությունների լայն լուսաբանումը ԶԼՄ-ում միանգամայն տրամաբանական է: Հատկանշական է նաեւ, որ այդ թեմայի շուրջ հաղորդագրումները երբեմն ստանում են դրամատիկ երանգ, եւ դրա վառ օրինակ է հանդիսանում չինական մի խոշոր ընկերության հետ կապված զարգացումները:

Հուավեյ (Huawei)-ի նախադեպը

Նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին ԱՄՆ իշխանությունների պահանջով Կանադայի Վանկուվեր քաղաքում մտացածին մեղադրանքներով ձերբակալվեց չինական Հուավեյ (Huawei) ընկերության ֆինանսական տնօրեն տիկին Մեն Վանչժոյը (որն, ի դեպ, այդ ընկերության հիմնադրի դուստրն է): «Ազատ» եւ «առանց սահմանների» առեվտրի ամենահավատարիմ ջատագովների կողմից կատարված այս քայլն, անշուշտ, աննախադեպ էր եւ որոշակիորեն ցնցեց ոչ միայն գործարար աշխարհը, այլեւ գրեթե ողջ միջազգային հանրությունը:

Հիշենք, որ Հուավեյը հանդիսանում է աշխարհի հեռահաղորդակցման ոլորտի առաջատար եւ խոշորագույն ընկերություններից մեկը: Այն ունի հարյուրից ավել մասնաճյուղեր եւ 20 գիտահետազոտական կենտրոններ տարբեր երկրներում (որոնց թվումՙ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Շվեդիայում եւ Ռուսաստանում), իսկ աշխատակիցների թիվը հասնում է մոտ 200 հազարի: Հուավեյը առաջատար դիրքեր է գրավում հատկապես ցանցային համակարգերի, տերմինալների, պլանշետների, օպտիկական սարքերի, մոբիլ հեռախոսների (մասնավորապեսՙ նորագույն սմարթֆոնների) եւ բազմաթիվ այլ բարձր տեխնոլոգիական մշակումների եւ արտադրությունների ոլորտում: Հուավեյը ստեղծել էր նաեւ համատեղ իննովացիոն կենտրոններ կապի օպերատորների այնպիսի հայտնի ընկերությունների հետ, ինչպիսիք են, օրինակ, «Ֆրանս Տելեկոմը», «Դոյչե Տելեկոմը», «Տելեֆոնիկան» եւ այլք: Ուշագրավ է նաեւ, որ Հուավեյը իր եկամուտների առնվազն 10%-ը ներդնում է հետազոտական ոլորտում եւ այդ ջանքերը իզուր չեն անցել: Հետազոտական աշխատանքների ուղղությամբ ընկերությունը հասել է լուրջ հաջողությունների. բավական է նշել, որ ընկերության կողմից հեղինակային իրավունքներ ստանալու համար ներկայացվել է մոտ 27 հազար հայտ, ինչը ավելի քան տպավորիչ արդյունք կարելի է համարել: Այդ համատեքստում նշենք, որ ԱՄՆ քաղաքական եւ տնտեսական վերնախավը ավելի քան լավ է գիտակցում գիտատեխնոլոգիական ոլորտի կարեւորությունը, այն արդարացիորեն համարելով իրենց հզորության հենասյունը ու այդ տեսակետից մշտապես խիստ խանդոտ եւ անգամ հիվանդագին է ընկալում ՉԺՀ-ի շեշտակի եւ հետեւողական առաջընթացն այդ ոլորտում:

Պաշտոնապես ամերիկյան կողմը մեղադրում է չինական ընկերությանը լրտեսական գործունեության մեջ եւ տեղադրել է այն այսպես կոչված «սեւ ցուցակում», այդպիսով արգելելով ամերիկացիներին օգտվել վերջինիս ծառայություններից: Մասնավորապես ԱՄՆ-ում զինվորականներին եւ պետական ծառայողներին այսօր արգելված է օգտվել այդ ընկերության սարքերից եւ հաղորդակցման համակարգերից: Սակայն գործարար աշխարհում ավելի հակված են կարծելու, որ պատժամիջոցներ մտցնելու հիմնական պատճառն այն է, որ Հուավեյի արտադրած գաջետների վաճառքի ծավալները սկսել են գերազանցել ամերիկյան Apple-ի համապատասխան ցուցանիշները: Մյուս հանգամանքը, որը գուցե եւ ավելի կարեւոր է, կայանում է նրանում, որ չինացիները աշխարհում առաջինն են սկսել տեղակայել եւ շահագործել 5G նոր սերնդի ցանցերը, այդպիսով հետեւում թողնելով ամերիկյան ընկերություններին: Նման զարգացումը խիստ մտահոգել է ամերիկացիներին, եւ նրանք անգամ հնարավոր են համարում հավելյալ վճարումներ կատարել իրենց եվրոպական դաշնակիցներին, որպեսզի վերջիններս հրաժարվեն չինական տեխնոլոգիաներից:

Հուավեյի «սեւ ցուցակում» հայտնվելուց հետո նրա հետ խզել է հարաբերությունները նաեւ այդ ընկերության խոշոր մատակարարներից մեկըՙ Google-ը: Սակայն ի պատասխան դրան չինացիները մշակել եւ սկսել են արտադրել իրենց սեփական կոմպլեկտավորող դետալները, սարքերը եւ կառավարման համակարգերը:

Ամենեւին պատահական չէր նաեւ այն հանգամանքը, որ Մեն Վանչժոյի ձերբակալումը համընկավ 2018թ. դեկտեմբերի 1-ին Չինաստանի ղեկավար Սիցզիպինի եւ ԱՄՆ նախագահ Թրամփի հանդիպման օրվա հետ: Դա պայմանավորված էր ամենայն հավանականությամբ նրանով, որ Թրամփը, ելնելով հյուրանոցային բիզնեսի նախկին ղեկավարին հատուկ բնազդներից եւ պատկերացումներից, փորձում էր այդպիսով լրացուցիչ «առավելություններ» ձեռք բերել չինական կողմի հետ բանակցություններում: Սակայն ակնհայտ էր, որ չինական դիվանագիտական դպրոցի ներկայացուցիչների հետ նման մարտավարություն վարելը չէր կարող արդյունավետ լինել: Մեն Վանչժոյի ձերբակալությունը հանգեցրեց միայն ՉԺՀ պատվիրակության մոտեցումների եւ դիրքերի ավելի կոշտացմանը ու նախկինում ԱՄՆ-ի հետ ձեռք բերված որոշ համաձայնությունների խզմանը: Ավելին, որոշ ժամանակ անց չինական կողմը, հենվելով իրեն բնորոշ ռազմավարական մտածելակերպի վրա, դիմեց ասիմետրիկ գործողությունների, հայտարարելով, որ կարող է դադարեցնել այսպես կոչված «հազվագյուտ մետաղների» (որոնց հիմնական պաշարները գտնվում են Չինաստանում) արտահանումը ԱՄՆ: Նկատենք, որ նման քայլը ծանր հետեւանքներ կունենա ամերիկյան ռազմաարդյունաբերական համալիրի համար, քանի որ հազվագյուտ մետաղները պարտադիր տարր են հանդիսանում արդի ինքնաթիռների, ռազմանավերի եւ մի շարք այլ ոլորտների ռազմական տեխնիկայի արտադրությունում:

Չինաստան-Միացյալ Նահանգներ տնտեսական եւ քաղաքական հարաբերություններին մենք հետագայում, թերեւս, դեռ կանդրադառնանք: Սակայն պետք արձանագրել, որ «առեւտրային պատերազմները» արդի աշխարհում արդեն համատարած բնույթ են ընդունում: Այդ գործընթացները, բնականորեն, խիստ փոխկապակցված են եւ հատկանշական է, որ Մեն Վանչժոյին ներկայացված մեղադրանքներում առաջին հերթին նշվում է նաեւ այն հանգամանքը, որ նա իբր խախտել էր ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներից բխող պարտավորվածությունները:

Տնտեսական պատերազմներ բոլորի դեմ

Սակայն շատ ավելի վաղ, մինչեւ Իրանի հետ նախկինում կնքված պայմանագրերի չեղարկումը, Ղրիմը Ռուսաատանի հետ վերամիավորվելու առիթով ԱՄՆ-ը եւ վերջինիս հորդորումովՙ նաեւ եվրոպական երկրների մի զգալի մասը, լայն պատժամիջոցներ սահմանեցին Ռուսասատանի նկատմամբ: Այս առիթով թերեւս տեղին է նշել, որ Ղրիմի խնդիրը ռուսական ազգային հոգեկերտվածքի տեսանկյունից ունի մեծ նշանակություն: Ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները, արդեն մոտ ժամանականերս ամերիկյան օրենսդիրները, ամենայն հավանականությամբ, կսկսեն մշակել նոր պատժամիջոցներ ՌԴ-ի դեմ, կապված ռուսական բնական գազը դեպի Եվրոպա տանող «Հյուսիսային հոսքի» հետ: Հատկանշական է, որ այս վերջին հարցում որեւէ քաղաքական դրդապատճառ դժվար է գտնել, բացի այն ակնհայտ հանգամանքից, որ Եվրոպա արտահանվող ամերիկյան հեղուկացված գազը մոտ 30% ավելի թանկ է, քան ռուսական բնական գազը: Այլ խոսքովՙ Միացյալ Նահանգները այսօր զբաղված են իրենց մրցակիցներին պետական մակարդակով շուկայից դուրս մղելով: Սակայն այս համատեքստում պետք է նաեւ փաստել այն իրողությունը, որ համաձայն որոշ վերլուծաբանների հիմնավորված մոտեցումների, այս հանգամանքը մեծապես նպաստեց Ռուսաստանին, որպեսզի այն տնտեսական առումով հետզհետե ինքնաբավ երկրի վերածվի;

Գրեթե նույն տրամաբանությանն է ենթարկվում նաեւ այլ երկրների նկատմամբ վարվող ամերիկյան տնտեսական քաղաքականությունը: 2018թ. մայիսին ԱՄՆ նախագահը հայտարարեց Իրանի միջուկային ծրագրի հետ կապված համաձայնություններից դուրս գալու մասին, միաժամանակ վերականգնլով բոլոր այն պատժամիջոցները, որոնք սահմանվել էին նախկինում այդ երկրի դեմ: Համաձայն Թրամփի, նման գործողությունների նպատակն է «զրոյացնել» նավթի արտահանումը Իրանից եւ այդ կապակցությամբ նա կոչ արեց բոլորին (բացառությամբ մի քանի երկրի) հրաժարվել Իրանից նավթ ներկրելուց: Այդ մոտեցումների արդյունքում, ինչպես ցույց տվեցին Օմանի ծովածոցում նավթատար նավերի վերջին պայթեցումները, խիստ սրվել է իրավիճակը ծովային նավթատեղափոխումների ոլորտում, որտեղ իրենց ուրույն շահերն ունեն այդ տարածաշրջանի մի շարք երկրներ:

Կարող է եւ տարօրինակ թվալ, բայց զուգահեռաբար ԱՄՆ-ը տնտեսական պատերազմներ է սկսել վարել նաեւ իր հարեւանների եւ դաշնակիցների նկատմամբ: Մասնավորապես, շարունակաբար «ճշգրտվում» են տարբեր տեսակի ապրանքների մաքսատուրքերը Կանադայի, Մեքսիկայի եւ ԵՄ երկրների հետ կատարվող գործարքներում: Այս ամենը, անշուշտ, չի նպաստում գլոբալ տարածքում անվտանգության մակարդակի բարձրացմանը, սակայն դա արդեն մեկ այլ քննարկման առարկա է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ