RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #023, 2019-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 21-06-2019



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2019-06-21 12:54:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1923, Տպվել է` 264, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱՆԸ ԿԳԵՐԱԶԱՆՑԻ ՈՒՐԱՆԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Տասնօրյա հավելյալ ժամկետ ԵՄ «ներգործուն միջոցների» համար

Իրանը հայտարարել է, որ հունիսի 27-ին կգերազանցի 2015 թ. միջուկային բազմակողմ համաձայնագրով իրեն թույլատրված ուրանի հարստացման սահմանագիծը: Իրանի ատոմային էներգիայի գործակալությունը հաղորդել է, որ քառապատկվել է այն ուրանի արտադրությունը, որից կարելի է ստանալ ինչպես վառելիք, այնպես էլ միջուկային զենք: «Այսօրվանից մենք ձեռնամուխ ենք լինում ուրանի հարստացմանը եւ մինչեւ հունիսի 27-ը կգերազանցենք 300 կգ կազմող դրա պաշարի ծավալները»:

Սակայն, ինչպես տեղեկացրել է գործակալությունը, եվրոպական երկրները դեռ ժամանակ ունեն Իրանն ամերիկյան պատժամիջոցներից պաշտպանելու համար: Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան Իրանին նախազգուշացրել են, որ համաձայնագրի պայմանների խախտումն անթույլատրելի է: Հակառակ դեպքում իրենք այլ տարբերակ չեն ունենա, քան սեփական պատժամիջոցների կիրառումը:

Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ ԱՄՆ-Իրան հարաբերություններում լարվածությունը հասել է բարձրակետին: ԱՄՆ-ի իշխանությունները Թեհրանին մեղադրում են անցյալ հինգշաբթի Օմանի ծոցում նավթատար նավերի վրա հարձակում կատարելու մեջ: Իրանը հերքում է այդ մեղադրանքները:

Ինչպես այս կապակցությամբ նշում է BBC գործակալությունը, տվյալ մեղադրանքների կարեւորությունը գնահատելու համար հարկավոր է դրանք քննության առնել ամբողջ համատեքստում: Մայիսի սկզբներին Իրանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է խախտել գործողությունների համատեղ ծրագրի պայմանները: Երկուշաբթի օրը Թեհրանի իշխանությունները կրկնեցին նախազգուշացումը, սակայն տվյալ հայտարարության պահից ի վեր իրավիճակը փոխվել է: Տարածաշրջանում նավթատար նավերի վրա անընդմեջ կատարված երկու հարձակումները, որոնց համար ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին, փոխեցին շեշտադրությունը: Գոյություն ունեն երկյուղներ, թե Վաշինգտոնն ու Թեհրանը հայտնվել են ռազմական բախման շեմին:

Իսկ ինչո՞ւ Իրանը բարձրացրեց ուրանի հարստացման մակարդակը: Թեհրանը պնդում է, որ եվրոպական պետությունները չեն կատարել միջուկային համաձայնագրով իրենց ստանձնած պարտավորությունները եւ Իրանի տնտեսությունը զերծ չեն պահել ամերիկյան պատժամիջոցներից, որոնք նախագահ Դոնալդ Թրամփը վերստին գործի դրեց համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: Թրամփը փորձում է Իրանին ստիպել հրաժարվել բալիստիկ հրթիռների արտադրության ծրագրից եւ վերանայել սեփական քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում: Իրանի ատոմային էներգիայի գործակալության ներկայացուցիչը այն տեսակետն է արտահայտել, որ եվրոպական պետությունները չպիտի ակնկալեն, թե իրենց տրամադրված վաթսունօրյա ժամկետից հետո եւս վաթսուն օր կունենան: Խոսքը ամերիկյան պատժամիջոցներից իրանական նավթի արտահանությունը պաշտպանելու մասին է: Եվրոպացիները փաստորեն ստեղծել են Իրանի հետ կատարվող առեւտրի փոխանակային մեխանիզմ, երբ ապրանքների փոխանակությունը տեղի է ունենում առանց անմիջական առեւտրային գործառնությունների, սակայն տվյալ մեխանիզմըՙ Instex-ը առայժմ չի գործում:

Իրանի ատոմային էներգիայի գործակալության ներկայացուցիչ Կամալվանդին մանրամասնել է, որ Իրանը մինչեւ 5 տոկոս հարստացված ուրան կարտադրի Բուշեհրի ատոմային էլեկտրակայանի համար եւ մինչեւ 20 տոկոս հարստացված ուրանՙ միջուկային հետազոտությունների համար: Փորձագետները պնդում են, որ ուրանը 20-ից մինչեւ 90 տոկոս հարստացնելը մեծ դժվարություն չի ներկայացնում, քանի որ խտության աճին զուգընթաց գործընթացը դյուրանում է: Իրանը շարունակում է պնդել, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում:

Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը իր երկրի մտահոգությունն է արտահայտել ուրանի հարստաման թույլատրելի սահմանը գերազանցելու Թեհրանի մտադրության առնչությամբ: Գերմանիայի արտգործնախարարությունը իր հերթին իրանցիներին կոչ է արել պահպանել միջուկային համաձայնագրի պայմանները: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն , որը անցյալում ակտիվորեն պայքարել է միջուկային բազմակողմ համաձայնագրի կնքնման դեմ, կոչ է արել ամբողջ ծավալով վերականգնել հակաիրանական պատժամիջոցները, եթե Թեհրանը ձեռնամուխ լինի իր սպառնալիքների կատարմանը: «Ամեն դեպքում Իսրայելը Իրանին թույլ չի տա միջուկային զենք ունենալ», նախազգուշացերել է նա:

Իրանը Եվրոմիությանը հավելյալ 10 օր է տրամադրել «ներգործուն միջոցներ» ձեռնարկելու համար, տեղեկացնում է RT գործակալությունը: Կամալվանդին հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը միանձնյա որոշումներ է կայացնում եվրոպացիների փոխարեն: «Հենց որ Արեւմուտքը ներգործուն միջոցներ ձեռնարկի, մենք կվերադառնանք ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը»:

Քանի դեռ Եվրոմիությունը, Ռուսաստանն ու Չինաստանը փորձում են պահպանել միջուկային բազմակողմ համաձայնագիրը, նրանց համար դժվար կլինի դիմակայել Վաշինգտոնի ճնշմանը, որը ձգտում է հասնել իրեն առավել ձեռնտու պայմաններով նոր համաձայնագրի ստորագրմանը, եթե Իրանը հրաժարվի իր պարտավորություններից:

Վաշինգտոնը իր հերթին փորձում է ձեռնարկել նոր, ավելի խիստ պատժամիջոցներ, որոնք, ըստ էության, խոչընդոտում են Եվրոմիության եւ Իրանի բոլոր համատեղ նախաձեռնություններին:

Կամալվանդիի հայտարարությունը հաջորդեց եվրոպացի դիվանագետ Հելգա Շմիդտի Թեհրան կատարած այցելությանը: Շմիդտը գլխավորում է միջուկային գործարքի կատարումը վերահսկող միացյալ հանձնաժողովը: Թեհրանի սպառնալիքների կապակցությամբ Եվրոմիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերի հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին արդեն հրավիրել է ԵՄ երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների համատեղ նիստ: Թեհրանում իրադարձություների զարգացմանը հետեւում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանՙ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները, որոնք նոր խախտումների հայտնաբերման դեպքում կարող են վերականգնել ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցները:

Միեւնույն ժամանակ, Բրյուսելում իշխող է դառնում այն տեսակետը, թե Իրանի վերջնագրային քաղաքականությունը ձեւավորվում է երկրի ներքին գործոնների ազդեցությամբ, որոնք հնարավոր կլինի չեզոքացնել նոր պայմանների կիրառմամբ, ինչի շնորհիվ Թեհրանը կկարողանա դրական ելք գտնել:

Այստեղ ուրվագծվում է գործողությունների երկու տարբերակ:

Առաջին ՙ բանակցային շփումներ սկսել Վաշինգտոնի հետ, հասնել այն բանին, որ նա չեղյալ հայտարարի որոշ պատժամիջոցներ, ապա կապեր հաստատել այնպես, որ Թեհրանը համաձայնի նոր համաձայնագրի պայմաններին: Այս ուղղությամբ պետք է կատարվի զգալի ծավալի քաղաքական-դիվանագիտական աշխատանք, որի հաջողությունը մեծ չափով կախված կլինի առաջին հերթին Պարսից ծոցում տիրող կոնկրետ իրավիճակից:

Երկրորդ տարբերակ : Բրյուսելը միանգամայն ինքնուրույն խաղ է սկսում Թեհրանի հետ: Ըստ որում, առաջ է քաշվում գլխավոր պայմանը. Իրանը հրաժարվում է միջուկային համաձայնագրի խախտումից, ինչը պայմաններ է ստեղծում մանեւրելու եւ ժամանակ շահելու համար, որի ընթացքում հնարավոր կլիներ նվազեցնել լարվածությունը, ընդլայնել դիվանագիտական ճակատը մերձավորարեւելյան ուրիշ պետությունների ներգրավման միջոցովՙ խթանելով Թեհրանի հանդեպ նրանց թեկուզեւ խորհրդանշական դրական քայլերը: Բայց նույնիսկ այս դեպքում կարելի է խոսել միայն հիբրիդային դիվանագիտության մասին, որում ներգրավված կլինի նաեւ Վաշինգտոնը, քանզի քաղաքական կոնկրետ իրողությունը ակնհայտորեն ցույց է տալիս, որ Եվրոպան չունի բավարար ինքնիշխանություն:

Ի՞նչ կլինի հետո: Դժվար է ասել, թե որեւէ արդյունք կտա՞ արդյոք Իրանի վերջնագրային քաղաքականությունը, դրան ինչպե՞ս կարձագանքի Եվրոպան, եւ առհասարակ, ապագայում ո՞ր ուղղութամբ կզարգանան իրադարձությունները: Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով, ԱՄՆ-ը կշարունակի գործել ընդդեմ Իրանիՙ սրելով իրավիճակը եւ այդ երկիրը պահելով տարատեսակ ցնցումների էպիկենտրոնում: Քիչ հավանական է, որ ամերիկացիները համարձակվեն ռազմական ներխուժում կատարել այդ երկիր, ինչպես դա արեցին Իրաքում 2003 թվականին: Ինչպես կարծում են իսրայելցի մի շարք փորձագետներ, ամերիկացիները լայնորեն կօգտագործեն տարբեր հակամարտությունների ընթացքում կիրառվող մարտավարությունըՙ յուրաքանչյուր փուլում առաջ քաշելով Թեհրանի համար կանխավ անընդունելի պայմաններՙ ընդսմին բանակցելու պատրաստակամություն հայտնելով: Բացառված չէ, որ հենց բնակցությունների ընթացքում եվրոպացիների համար ստեղծվեն դրանց մասնակցելու առավելապես քաղաքական-հոգեբանական բնույթի հնարավորություններ: Բայց Իրանը կհասնի՞ արդյոք իր նպատակին, այն էՙ եվրոպացիներին դրդել չեղարկելու պատժամիջոցները եւ իրանական նավթի գնումներ կատարել: Այս հարցը հռետորական չէ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ