RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 28-06-2019



Տեղադրվել է` 2019-06-28 18:29:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 2525, Տպվել է` 238, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՍ ԴԱՐԻ ԵՐԵԽԱՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Բակում երկու շուն կար: Մեկըՙ սեւ, մյուսըՙ սպիտակ մռութով: Բակում էլի բաներ կային, բակն էլ լուրջ մշակութային քաղաքում էր: Նման քաղաքներում բնակիչները քիչ են լինում, որովհետեւ մշակույթը չի կերակրում, համ էլ մարդը հո մոմե արձան չէ՞, որ թանգարանում ապրի:

Բակում մի փոքրիկ տղա էլ կար: Հարեւանների սիրելին, աշխարհի չարը: Չնայած ամենամոտ ընկերները շներն էին, բայց տատիկ-պապիկի մոտ ասում էրՙ ամենաշատը ձեզ եմ սիրում, հոր ու մոր մոտ էլ, թե բա ձեզ եմ ամենաշատը սիրում: Բոլորն ասում էինՙ էս դարի երեխա է, իր տեղն անպայման կգտնի, ընդ որումՙ փափուկ, բարձր, զով տեղը:

Հայհոյել սովորել էր մորական տատից: Նա քաղաքի դպրոցում հայոց լեզվի ու գրականության դասատու էրՙ մինչեւ թոշակի անցնելը: Կյանքում ամեն ինչ ներս էր քցել կինը: Բայց արդեն թոռ ուներ:

Քանդել սովորեց հորական պապից: Սովետի ժամանակներից հայտնի քանդող էր: Չնայած մի անգամ, երբ շրջկոմից կարգադրությունն եկավ, որ քաղաքի կիսաքանդ եկեղեցին պետք է քանդեն, որ տեղը դպրոց կառուցեն, դպրոցում էլ Լենինի նկարը դնեն ու կարմիր վզկապ կապեն, տղայի պապը քլունգը նետեց գետնին ու ասացՙ ես քանդող եմ, բայց սրբապիղծ չեմ: Դրանից հետո մի քանի տարի պապն ապրեց Սիբիրի մի խուլ վայրում: Հետո եկավ: Արդեն քանդելու համար ուժ չուներ: Բայց արդեն թոռ ուներ:

Կռվել սովորել էր հորից: Մի առավոտ զարթնեցինՙ տեսան հայրը տանը չէ: Նամակ էր թողելՙ «Կամ կգամ, կամ կբերեն»: Պատերազմ էր: Երկու ամսից բերեցին: Երկու ոտքն էլ չկար: Ամեն օր որդուն կռվի մասին էր պատմում, ամեն անգամ շեշտելով, որ կռիվը չի ավարտվել ու ամեն ծնված երեխա այն ավարտելու եւ կամ շարունակելու ընտրությունն է: Այդքան իմաստնացել էր հայրը: Եւ արդեն տղա ուներ:

Սիրել սովորել էր մորից: Իրենց գյուղի ամենասիրուն աղջիկն էր: Կապույտ աչքերով, սպիտակ մեծ-մեծ ժապավեններով: Իրենց գյուղի ամենասիրուն տղային էր սիրում: Բայց մի օր գյուղը դատարկվեց: Ոչ պատերազմ էր, ոչ կոտորած, ոչ էլ երկրաշարժ: Արտագաղթ էր: Ամենասիրուն տղան բռնել էր իր հոր ձեռքն ու գնացել օվկիանոսի մյուս կողմը: Հետո սիրուն աղջիկն ընդունվեց մանկավարժական տեխնիկում, հետո փողոցում տեսավ ապագա ամուսնուն, ամուսնացան, քանի որ հարազատներից մարդ էր մահացելՙ աննվագ, հետո ծնվեց տղան: Մայրն ամեն օր երազ էր տեսնումՙ օվկիանոսը: Փորձում էր անցնել մյուս կողմը, չէր ստացվում: Եւ արդեն որդի ուներ:

Ու տղան մեծանում էր: Ես չգիտեմ, թե նա պետք է հայհոյո՞ղ դառնա, քանդո՞ղ, կռվո՞ղ, թե՞ սիրող: Գիտեմ միայն, որ այդ բոլորը սովորեցնում են... Կա՛մ ծնողները, կա՛մ իշխանությունը:

Բակի շներին միայն տղան էր կերակրում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 28-06-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ