RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 28-06-2019



ԴԻՏԱՐԱՆ

Տեղադրվել է` 2019-06-28 18:29:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1650, Տպվել է` 236, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՈԳԵԲԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՆՏԱՐԿՏԻԴԱՅԻՑ ԼԻՆԵԼ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Որքա՞ն կարելի է բողոքել: Չգիտեմ ինչից: Կարեւոր էլ չէ: Ասենք հին իշխանությունից կամ նոր կադրերից: Ո՞վ չգիտի, որ երեկ իշխանությունն այնպիսին էր, որ երեխաները պարտավոր էին մեծանալ, իսկ այսօր այնպիսին է, որ այդ երեխաները պարտաճանաչ կատարել են իրենց պարտականությունը: Ո՞ր բանական մարդը չի հոգնում անդադար աղմուկից, այն էլ ամռան այս շոգին, երբ աչքերդ միշտ ուզում ես փակած պահել, քանի որ միայն այդ դեպքում ես տեսնում ծովը, որն ի դեպ ազգովին կորցրել ենք: Մի՞թե հնարավոր չէ առավոտ կանուխ զարթնել, դեռ մաքուր-սառը օդը շնչել, սիրած կամ սիրելիի հետ սուրճը վայելել ու դուրս գալ աշխատանքի, որը կապված չէ քաղաքականության հետ, առավել եւսՙ քաղաքական փոփոխությունների հետ: Արդյոք չի՞ կարելի Ֆեյսբուքում խորը եւ համապարփակ գրառումներով հանդես չգալ ու սոցիալական այս ու այլ ցանցերն օգտագործել ոչ թե պետության մեջ ատելություն տարածելու, այլ հեռու եւ հեռացած բարեկամներով միավորվելու համար...

Երեւի հնարավոր չէ, քանի որ այնքան զիլ մարդիկ են լուրջ դեմքերով ատում, բողոքում, քաղաքականություն նետվում եւ այնտեղից նետում, որ հասկանում եսՙ ժաժքը համատարած է: Երկրում հեռու մի անկյուն չի մնացել, որը չի շարժվում. բոլորը պահանջում ենՙ ռոմանտիկներն արդարություն եւ թալանի վերջ, ռեալիստներըՙ անարդարների եւ թալանչիների արյուն, որն ըստ իրենց ամենեւին էլ կարմիր չէ: Պատմական արդարության ազգային փնտրտուքներից մազապուրծ եղածՙ հիմա էլ լծվել ենք երեկվա արդարության փնտրուքներին... Ու փնտրում ենքՙ դավաճանների, պիղծերի, արնախումների, գող-ավազակների, մարդասպանների: Վերջում երեւի Գրենլանդիայից հոգեբան հրավիրենք ու պետական բյուջեից լուրջ ռոճիկ տանք, որ մարդը Հյուսիսային բեւեռի սառույցներով հանգստացնի մեզ, դիպչի, որ մի քիչ սառնասիրտ դառնանք, հուշի, թե ինչպե՞ս ապրել, երբ իբր մերժել ենք մի բան, ինչի մասին ամեն օր խոսում ենք: Ինչի կամ ում...

Առաջ բազմադարյա պատմությունից էինք կախված, հիմա բազմաթալան երեկից: Ու կարեւորն այստեղ պատմությունն է: Դրանից կախվելը առաջ գնալուց հրաժարումն է... Այոՙ հետ նայել, բայց միայն մի պահ, այոՙ սովորել, բայց չկրկնելու մակարդակի եւ հանգստանալՙ հանուն էրեխեքի պետության հերն անիծող ալեհերներից, դեռ վարդագույն, բայց քաղաքականությունից բացի այլ հետաքրքրություն չգտած էրեխեքից, մի հոդված կարդալուց հետո միջազգային իրավունքի փորձագետ դարձած հոգով նարդիստներից, նարգիլեից ազատ ժամերին իշխող կուսակցություն ղեկավարող անունով ծովայիններից, գրականությունը երկրի հակառակ կողմը տանող հրատարակիչներից ու գրական կազմկոմիտեներից, հին իշխանության վերադարձն սպասող թաշկինակագործներից, նոր իշխանության անունով երդվող սուտի մտավորականներից, ազատ խոսքի մասին սեփական կարծիքը հայտնելուց առաջ կառավարություն զանգող զիլ-փորձառու լրագրողներից, գրանտատուներից, հողատուներից, անտուն-անտերներից, աջ ու ձախ, հետ ու առաջ տվողներից ու արյուն խմող մոծակներից...

Հոգեբանը կարող է նաեւ Անտարկտիդայից լինել, մանավանդ, որ այնտեղ բնակչության մեծամասնությունը սիրահարված է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 28-06-2019

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ