RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-07-2019



Տեղադրվել է` 2019-07-04 23:07:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2825, Տպվել է` 265, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵԿ ՊԱՇՏՈՆՙ ԵՐԿՈՒ ԸՆՏՐՅԱԼ. ՊԱՏՐԻԱՐՔԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԻԺԵՑՄԱՆ ՆՈՐ ՊԱՏՐՎԱ՞Կ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Սահակ եպիսկոպոս Մաշալյանը Կ.Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ

Հուլիսի 4- ին հայտնի դարձավ Կ. Պոլսի պատրիարքության տեղապահի ընտրության արդյունքըՙ միաբանների փակ ժողովը 13 ձայնով տեղապահ է ընտրել Սահակ եպիսկոպոս Մաշալյանին: Սա տեղապահի պաշտոնի համար երկրորդ ընտրությունն է: Առաջինը կայացել է 2017- ին, ընտրվել է Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: 2019- ի հուլիսի 4- ին մրցակցում էին երկուսը. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը անբավարարՙ 11 քվե է ստացել, փաստորեն, կամա, թե ակամա այս հանգամանքն առնչվում է մեր թերթի նախորդ համարում Հակոբ Չաքրյանի հոդվածում հրապարակված այն ենթադրությանը, թե պետությունն այս պահին միգուցե չի ուզում Աթեշյանին ( «Սոյլուի անակնկալ այցելությունը պատրիարքարան. մի՞թե պետությունն այլեւս չի ուզում Աթեշյանին» հոդվածի հեղինակը թուրք Մելինե Չափանն է): «Ազգի» նույն հոդվածում նշված էր նաեւ, թե ընտրությունը կայանալու է հունիսի 27- ին, սակայն, մեզ համար անհայտ պատճառներով, այդ օրը նախատեսված ընտրությունը հետաձգվել էր եւ անցկացվել հուլիսի 4-ին: (Այս մասին էջում կարդալ Հ. Չաքրյանի նոր հոդվածը):

Տեղապահի պաշտոնը կարեւոր է այնքանով, որ նա է կազմակերպելու Պոլսո պատրիարքի ընտրությունը, որ, թվում է, այլեւս որեւէ պատճառ չկա, որ չանցնի կանոնավոր. 1998- ից պաշտոնավարող Պոլսո աթոռի 84- րդ գահակալ Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը, որ 2008- ից ի վեր Ալցհայմեր հիվանդության պատճառով այլեւս չէր կարող պաշտոնավարել, 2019- ի մարտին մահկանացուն կնքեց:

Մութաֆյան պատրիարքը հիվանդ, բայց կենդանի էր դեռ, երբ 2017- ի մարտի 15-ին տեղապահի ընտրություն անցկացվեց եւ հաստատվեց այն ժամանակվա Գերմանահայոց առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, որ տեւական ժամանակ մնալով Կ. Պոլսում, Թուրքիայի իշխանությունների «ընդունելի մարդը» չնկատվեց, եւ Աթեշյանի ու նրան սատարող հայ համայնքի մի մասի հյուսած խարդավանքների պատճառով ստիպված վերադարձավ Գերմանիա:

Երեկ պատասխանելով մեր հեռախոսային հարցմանՙ Քյոլնում գտնվող Գարեգին արքեպիսկոպոսը հաստատեց, թե Գերմանիա գալով չի հրաժարվել տեղապահի պաշտոնից, իսկ հուլիսի 4- ի ընտրությանը չի մասնակցելՙ պաշտոնական հրավեր չստանալու պատճառով: «Եթե կանչեին, կերթայի եւ կմասնակցեի: Կշահեի, թե ոչ, ուրիշ խնդիր է, Աթեշյանը վախեցավ երեւի, թե նորից կընտրվեմ...», ծիծաղելով ասաց Բեքչյան սրբազանը: «Այլեւս արդարություն փնտրող չիկա, ամեն տեսակ եկեղեցական պատմության վրայեն կանցնին: Խայտառակություն է, ինչպես որ թրքական կեցվածքն է»: Մեր հարցին, թե չհրավիրելու պատճառ կամ հնարավոր խոչընդոտ տեսնու՞մ է իրՙ Գերմանիայի քաղաքացիություն ունենալը, Բեքչյան սրբազանն այսպես պատասխանեց. «Եթե այդպես ըլլար, առաջին ընտրությունը տեղի չէր ունենա: Իրավունքի բացահայտ խախտում է սա: Մեր ժողովուրդն էլՙ այնտեղի հավաքականությունը սկսել է ամեն ինչ տակնուվրա ընել: Լավ է, որ Սահակն ընտրվեցավ, չարյաց փոքրագույնը»:

Գարեգին արքեպիսկոպոսը հաղորդեց, թե պոլսահայերից շատերը, որ իր համակիրներն են, նաեւ Կարո Փայլանը, խոսել են իր հետ, հաղորդել, թե «շատ կուզեին, որ երթար», բայց ինքը պաշտոնական հրավերի է սպասել: Հիշեցրինք Կարո Փայլանիՙ կիրակի օրըՙ հունիսի 30- ին Քյոլնի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցում Գարեգին արքեպիսկոպոսին ուղղված պոլսահայ համայնքի անունից հնչեցրած հրապարակավ ներողությունը, եւ փորձեցինք հստակեցնելՙ այն ներկա՞, թե՞ անցյալ իրողություններին է վերաբերում: «2017- ին, երբ պետական միջամտություն եղավ, կրոնական ժողովը, 7- 8 քահանաները պիտի դիրք բռնեին: Իրենք ոչինչ չըրին», Փայլանի ներում հայցելու նախապատմությունն այսպես պարզաբանեց Գարեգին սրբազանը: «Դուք տեղապահի պաշտոնից չեք հրաժարվել, եւ Ձեր բացակայությամբ նոր ընտրություն է կայացելՙ արձանագրելով մեկ պաշտոնի համար երկու ընտրյալ, սա կարո՞ղ է այնուհետ ընտրությունն անվավեր ճանաչելու առիթ դառնալՙ ձգձգելով նաեւ պատրիարքի ընտրության բուն գործընթացը»: Մեր հարցին հետեւեց Գարեգին արքեպիսկոպոսի արագ պատասխանըՙ «Կրնա ըլլալ: Բայց հիմա պիտի կազմակերպեն, կարգադրեն, որ պատրիարքի ընտրություն ըլլա: Թեկնածուները ճշտելու պարագային ինծի ալ պետք է գրեն, երեւի այդ ժամանակ կմտածենՙ ինծի կանչել»:

Ո՞վ է Գարեգին արքեպիսկոպոսի համար Պոլսո պատրիարքության լավագույն թեկնածուն: «Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ սրբազանը», եղավ նրա պատասխանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-07-2019

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ