RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-07-2019



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2019-07-04 23:07:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2557, Տպվել է` 254, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎՐԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԶԳՈՒՇԱՎՈՐ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Մենք միշտ էլ մեր հարեւան Վրաստանին բնութագրել ենք որպես «բարեկամական թշնամու», որին Հայաստանը չափազանց զգուշավորությամբ պետք է վերաբերվի:

Պատմականորեն երկու պետությունների ժողովուրդները շատ գծերով են նման եւ անցել են համանման փորձությունների միջով: Որոշ ժամանակ միեւնույն թագավորն է իշխել նրանց, մեկ այլ ժամանակՙ գաղութացվել են միեւնույն կայսրությունների կողմից:

Հայերս հակված ենք շենացնելու այլ երկրներ, եւ Վրաստանը մեր այդ առանձնահատկությունից գլխավորապես օգտվող երկրներից մեկն է եղել: Ամբողջ 19-րդ դարի ընթացքում հայերս Վրաստանի քնած մայրաքաղաք Թբիլիսին (Թիֆլիսը) դարձրել ենք մշակութային առումով կոսմոպոլիտ կենտրոն: Բոլշեւիկյան իշխանության տարիներին վրացիները, պրոլետարական հեղափոխության քողի ներքո, մեծ ուրախությամբ խլեցին հարուստ հայերի ունեցվածքը: Իսկ դրանից հետո նրանք սկսեցին հայերին վերաբերվել որպես երկրորդ կարգի քաղաքացիների, նույնիսկ խորհրդային շրջանի հավասարության պայմաններում:

Խորհրդային կայսրության փլուզումից հետո, Վրաստանի հայկական փոքրամասնությունը ենթարկվեց խտրականության եւ ճնշումների, ի հակադրություն այն փաստի, որ տեղի իշխանությունները ձգտում էին անդամակցել Եվրոմիությանը եւ ՆԱՏՕ-ին, որոնք սովորաբար այլ ստանդարտներ են պահանջում իրենց անդամակցած երկրներից:

Առեւտուրի բնագավառում, փաստ է, որ Հայաստանի գլխավոր գործընկերը Ռուսաստանն է, եւ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը, ինչպես նաեւ մարդկանց տեղափոխությունները կատարվում են Վրաստանի տարածքով: Ավելին, Եվրոպայի հետ որեւէ ապրանքային գործարք կատարվում է վրացական նավահանգիստների միջոցով: Վրաստանի իշխանությունները յուրացրել են հատկապես Ռուսաստանի հետ առեւտրաշրջանառությունը խոչընդոտելու նուրբ մեթոդների կիրառումը:

Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց իշխանությունը, նա պաշտոնական այցով առաջինը Վրաստան այցելեց. նա նաեւ սահմանային քաղաքներում բարեկամական հանդիպումներ ունեցավ վրացի ղեկավարների հետ: Իր վերջին այցելության ժամանակ նա հիշեցրեց իր պաշտոնակիցներին, որ Հայաստանն ու Վրաստանը միակ քրիստոնյա երկրներն են, որոնք տարածաշրջանում պահպանում եւ գործադրում են քրիստոնեական արժեքներ: Բայց Վրաստանի թշնամանքը Ռուսաստանի հանդեպ ստիպում է, որ Վրաստանը անհամերաշխ քաղաքականություն վարի նաեւ Հայաստանի հետ, որը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է:

Վրաստանը միշտ էլ Հայաստանի դեմ է քվեարկել ՄԱԿ-ի նիստերի ընթացքում: Այդուհանդերձ, վերջերս ՄԱԿ-ում կայացած մի քվեարկության ժամանակ, որը վերաբերում էր իրենց պատմական վայրերը վերադառնալու վրացի փախստականների իրավունքներին, Հայաստանը, որպես բարեկամական ժեստ, ձեռնպահ մնաց քվեարկելուց: Ավելին, Հայաստանը, ճիշտ է, ճանաչել է Ղրիմի միակցումը Ռուսաստանին, բայց ոչ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պետությունները, որոնց անկախությունները ճանաչել են Ռուսաստանը, Սիրիան, Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն եւ Արցախը:

Հայաստանի առեւտրաշրջանառությունն ու տարածքային քաղաքականության մեծ մասը տուժում են հայ-վրացական հարաբերությունների պատճառով: Հունիսի 20-ից զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում Թբիլիսիում որպես հետեւանք խորհրդարանական նիստերից մեկում ռուսական ներկայության: Իրականում, ուղղափառ միջխորհրդարանական նիստում ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը , զբաղեցնելով խոսնակի աթոռը սկսեց խոսել ռուսերեն, ինչը կատաղի ցույցերի առիթ տվեց, որոնց ընթացքում ցարդ տուժել են 240 անձեր, որոնցից 80-ը ոստիկաններ են:

Սա ցույց է տալիս, թե ինչքան խորն են հակառուսական տրամադրությունները Վրաստանում: Խռովությունները պատճառ դարձան, որ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն ստիպված լինի հրաժարական տալ:

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որի թիկունքում կանգնած է նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, որ դեռեւս կուլիսների ետեւից վերահսկում է իշխանության լծակները, խռովությունների սանձազերծման մեջ Ռուսաստանին է մեղադրել, պատճառաբանելով, որ Մոսկվայի շահերից է բխում Վրաստանում ապակայունացման զարգացումներ հրահրելը, «որովհետեւ Ռուսաստանը նվաճողական քաղաքականություն է վարում եւ մեր թշնամին է»:

Ռուսաստանն, իհարկե, անտարբեր չէ այդ երկրում կատարվող զարգացումների նկատմամբ: Հակառուսական տրամադրությունների բռնկմանն ի պատասխան նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է չեղյալ համարել դեպի Վրաստան բոլոր թռիչքները:

Նախագահ Զուրաբիշվիլիի բարկությունը ուղղված է նաեւ Ադրբեջանին, որը Թուրքիայի պաշտպանության ներքո տարածքային պահանջներ է ներկայացնում Վրաստանին: Ճիշտ է, նա բառերով չի արտահայտել իր այդ բարկությունը, բայց դա բոլորին հասկանալի է: Վրաստանի իշխանության կուլիսներում «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Իվանիշվիլին գիտակցում է, որ դեպի Արեւմուտք եւ ՆԱՏՕ իր ձգտումների մեջ Թբիլիսին քաղաքական շատ մեծ ազդեցություններ է զիջել Թուրքիային եւ Ադրբեջանին, ինչը նպաստելու փոխարեն վնաս է հասցրել իր երկրին: Թուրքիան գրեթե ամբողջությամբ իրեն է մենաշնորհել Վրաստանի տնտեսությունը, իսկ Ադրբեջանն այժմ համարձակվում է ներկայացնել տարածքային պահանջներ:

Ռուս-վրացական միջադեպի հետեւանքում սերտացել է թուրք-ազերի կապը, որովհետեւ այդ միջադեպը պատճառ է դարձել, որ ընդհատվեն Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ սկսված ցածր մակարդակի բանակցությունները, որոնց արդյունքներից մեկը լինելու էր աբխազական տարածքով վերականգնել Հայաստան-Ռուսաստան երկաթգծի հաղորդակցությունները:

Քանի որ Հայաստանը պարտական է Վրաստանին, Ռուսաստանի հետ իր առեւտրաշրջանառությունը Լարսի անցակետով կատարելու համար, աբխազական այլընտրանքային այդ հնարավորությունը մեծապես թուլացնելու էր Հայաստանի տարածքային առեւտրի վրա դրված թուրք-ազերիական ճնշումը:

Թբիլիսիի կառավարությունն այժմ դժվարին կացության է մատնված: Հակառակ թուրք-ադրբեջանական ուժերի հեղձուցիչ ողջագուրմանը, երկրի արեւմտամետ որոշ շրջանակներ դեռեւս պաշտպանում են այդ երկու երկրների հետ սերտ հարաբերությունները շարունակելու քաղաքականությունը, անտեսելով մինչ այժմ երկրին պատճառված վնասը: Այդ շրջանակների ներկայացուցիչներից մեկը արտգործնախարար Դավիթ Զալկալիանին է, որ վերջերս հայտարարեց, որ Վրաստանի եւ Ադրբեջանի համատեղ զորավարժությունները համահունչ են Մ. Նահանգների, Եվրոմիության եւ Թուրքիայի շահերի հետ: Նա նաեւ հայտարարեց, որ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, ավելացնելովՙ «ներկայիս, երբ մեր տարածքները օկուպացված են Ռուսաստանի կողմից, մենք չենք կարող վտանգի ենթարկել հարաբերությունները մեր գլխավոր ռազմավարական գործընկերոջ հետ»:

Թբիլիսիի քաղաքականությունը մշակողները քաջ գիտակցելով Հայաստանի դժվարին կացությունն ու խոցելիությունը, ոչ մի դրամատիկական հակազդեցություն չեն ակնկալում նրանից:

ԵԱՀԿ-ի շրջանակներում Վաշինգտոնում վերջերս կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ոչ մի արդյունք էլ չարձանագրեց, բացի այն սովորական արտահայտություններից, որ անհրաժեշտ է շարունակել բանակցությունները եւ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով:

Սակայն, հակառակ նման հորդորներին, պատերազմի սպառնալիքը շատ ավելի զգալի է դառնում:

Վրացիները հստակորեն ակնկալում են, որ պատերազմը տեղի կունենա եւ Հայաստանը, որպես թուլակամ, կլինի պարտվող կողմը: Վերջերս, նրանք մուտքի վիզա չտվեցին պատմաբան Աշոտ Մելքոնյանին: Անցյալում նրանք նույն ձեւով էին վարվել պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ: Այս բոլոր հրահրիչ արարքներին, նաեւ ջավախքահայության նկատմամբ որդեգրված ճնշիչ միջոցներին, հայկական կողմը ոչ մի ձեւով չի արձագանքել:

«Aysor.am» կայքի լրագրողին պատասխանելիս Վրաստանի հարցերով փորձագետ Ալիք Էրոյանցը նշում է, որ հաշվի առնելով զարգացումները կովկասյան տարածաշրջանում եւ հայ-վրացական հարաբերությունների զգայուն բնույթը, թուրք-ադրբեջանա-վրացական ռազմական համագործակցությունը պետք է մտահոգության պատճառ դառնա, սակայն Հայաստանի հակադարձությունը պետք է լինի խիստ հավասարակշռված:

Այնպես որ Հայաստանի կառավարությունը պարտավոր է ծայրահեղ զգուշավորությամբ ճշգրտել իր քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ, նախ ապահովելով բաց պահել արտաքին աշխարհի հետ իր առեւտրային ճանապարհները, եւ երկրորդՙ որեւէ առիթ չընձեռելով վրացական կողմին, որ է՛լ ավելի թեքվի դեպի թուրք-ադրբեջանական դաշինքը:

Տարածաշրջանում Վրաստանի նման «բարեկամներ» ունենալով Հայաստանը թշնամիների կարիքը երբեք չի զգա:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator, 29.06.19)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-07-2019

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ