RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-07-2019



Տեղադրվել է` 2019-07-04 23:07:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2555, Տպվել է` 252, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«FASHION FORUM YEREVAN 2019». ԿԱՄՈՒՐՋ ԴԵՊԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ

ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ

Հունիսի 25-29-ը «Նորաձեւության եւ դիզայնիպալատ» ՀԿ-ն Եվրոպական միության «ԵՄ-ը բիզնեսի համար» նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ կազմակերպել էր արդեն ավանդույթ դարձած ամենամյա «Fashion Forum Yerevan 2019» միջոցառումը:

Միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հունիսի 25-ինՙ «Որդան կարմիր» հայկական գորգերի նորաբաց թանգարանում: Բացման արարողության մասն էր կազմում «Ժառանգություն» խորագրով ցուցադրությունը, որի շրջանակում հին հայկական ձեռագործ արվեստի նմուշների կողքին ցուցադրվում էին հայ դիզայներների հագուստների ու աքսեսուարների նմուշներ, որոնց ստեղծման ակունքներում հայկական մշակույթն է: Բացման խոսքով հանդես եկան «Նորաձեւության եւ դիզայնի պալատ» ՀԿ-ի նախագահ Վահան Խաչատրյանը , Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը , ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը , Հայաստանում GIZ գրասենյանկի ղեկավար Աննե Կեմպանը , թանգարանի տնօրեն Անի Ոսկանյանը : Ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը եւ այլք:

Հունիսի 26-27-ը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ երկօրյա կրթական համաժողով, որին սեմինարներով ու ելույթներով մասնակցեցին եւ իրենց փորձը հայ դիզայներների հետ կիսեցին նորաձեւության ոլորտի ավելի քան մեկ տասնյակ միջազգային փորձագետներ, դիզայներներ, ոճաբաններ, բլոգերներ ու լրագրողներ:

Տորինոյի համալսարանի պրոֆեսոր, քիմիական գիտությունների թեկնածու Էլիանո Դիանան (Իտալիա) իր խոսքում նշեց, որ Հայաստանը քիմիայով սկսել է զբաղվել դեռ Բաբելոնի ժամանակներից, հինավուրց քիմիան հենց այս տարածաշրջանից է սկզբնավորվել: «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լիլիթ Մելիքյանն անդրադարձավ իրենց կենտրոնի գործունեությանըՙ մասնավորապես նորաձեւության ոլորտում. հայկական տարազների վերականգնում: Նորաձեւության փորձագետ, Lifestyle նորաձեւության ոճաբան, ինֆլուենսեր Մարինա Բարիկինան (Ռուսաստան) իր ելույթում նկատեց, որ նորաձեւության ամսագրերը Հայաստանում քիչ են: Ըստ նրաՙ Հայաստանում համացանցային խանութներ պետք է բացվեն, պետք է օնլայն ցուցադրվեն հայկական նորաձեւության նմուշները, դարձվեն ճանաչելի, նաեւ անհրաժեշտ է աշխատել բլոգերների հետ: Բարիկինան նշեց, որ Հայաստանը ոգեւորում է օտար մոդելարարների, բերեց մասնավոր օրինակՙ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի զգեստներից ոգեւորվածՙ իտալացի դիզայներ Անտոնիո Մարասը ստեղծել է իր հավաքածուներից մեկը: Անդրադարձավ նաեւ հայաստանյան նորաձեւության արդյունաբերության խնդիրներին, առաջարկեց լուծումներ: Նորաձեւության փորձագետ, «Marie Claire Italia» ամսագրի գլխավոր խմբագիր, Իտալիայի մի շարք բուհերում հրավիրյալ դասախոս Անտոնիո Մանչինելին (Իտալիա) նշեց, որ հայկական ձեռագործները լավագույններից են, եւ մենք պետք է դրանք պահպանենք:

Սեմինարներով ու ելույթներով հանդես եկան նաեւ «Պռեգոմեշ» ընկերության մարկեթինգի պատասխանատու Անի Մանուկյանը (Հայաստան), «Pitti Immagina» վերապատրաստման եւ խորհրդատվական ծրագրի ղեկավար Լուկա Ռիզին (Իտալիա), նորաձեւության փորձագետ, «The Blueprint» անկախ առցանց ամսագրի գլխավոր խմբագիր Յուլիա Վիդոլոբը (Ռուսաստան), Լոնդոնի արվեստի մի շարք համալսարանների պրոֆեսոր, նորաձեւության փորձագետ, լրագրող Հիլարի Ալեքսանդերը , որը Անգլիայի թագուհու կողմից պարգեւատրվել է իր մատուցած ծառայությունների համար (Անգլիա), street style լուսանկարիչ, ոճաբան եւ սոցիալական մեդիա խորհրդատու Իվան Ռոդիչը (Շվեյցարիա), նկարիչ/դիզայներ, ձեռագործ յուրօրինակ աշխատանքների հեղինակ Ասադ Ավադը (Լիբանան), ոճաբան, իմիջ խորհրդատու եւ մերչենդայզեր Լուչիո Կոլապիետրոն (Իտալիա), նորաձեւության փորձագետ, ոճաբան «Farfetch»-ում Կարինա Հարությունովան (Ռուսաստան), «7Sisters.ru» կանանց առցանց ամսագրի համահիմնադիր Իրինա Վերմիշյանը (Ռուսաստան), նորաձեւության ինֆլուենսեր, լրագրողուհի, յոգայի պրակտիկանտ, ճանապարհորդական բլոգեր, «SoulMate» ակումբի հիմնադիր Աննա Զվիժինսկայան (Ռուսաստան):

«Նորաձեւության եւ դիզայնի պալատ»-ը «La Galleria stre» խանութի հետ համատեղ իրականացնում է Հայաստանի սկսնակ դիզայներներին խրախուսելու, աջակցելու ծրագիր. նրանք «Fashion Forum Yerevan 2019»-ի շրջանակում ներկայացրին «Generation V» նախագիծը: «La Galleria stre»-ի մարկետինգի պատասխանատու Զառա Բադալյանն իր խոսքում նշեց, որ այս անգամ խրախուսում են գրաֆիկ դիզայներներին եւ իլյուստրատորներին, նպատակ են դրել օգնել երիտասարդ դիզայներների աշխատանքները ճանաչելի դարձնելու: Այս անգամ նախագծի թեման Արցախն էր, շապիկների հավաքածուն, որը ցուցադրվում էր, կրում էր «Հաղթանակի սերունդ» խորագիրը. շապիկների վաճառքից ստացված գումարի մի մասը փոխանցվելու է «Նորաձեւության եւ դիզայնիպալատ»-ինՙ կրթական ծրագրեր իրականացնելու համար, մի մասն էլՙ երիտասարդ դիզայներներին:

Հունիսի 28-ին Լուչիո Կոլապիետրոն «5 concept» հայկական դիզայներական խանութ-սրահում պալատի անդամների համար վարեց սեմինար, այնուհետեւ նույն խանութ-սրահում հայ դիզայներները, որոնց թվումՙ Վահան Խաչատրյանը , Արամ Նիկոլյանը եւ ուրիշներ, արտերկրից ժամանած գործընկերներին ներկայացրին իրենց հավաքածուները` ստեղծված հատուկ միջոցառման համար: Նույն օրը հյուրերն այցելեցին Ս. Էջմիածին, Սարդարապատ, վերջում տրվեց ընթրիք «Voskeni» գինետանը:

Հունիսի 29-ին հյուրերի հետ կատարվեց մշակութային շրջայց Տավուշի մարզումՙ այց աշխատարաններ ու տեսարժան վայրեր, հայկական խոհանոց ու ճաշ, այց Դիլիջանի աշխատարաններ ու տեսարժան վայրեր: Սմիթսոնյան ինստիտուտի «Իմ Հայաստան» ծրագրի հետ համատեղ կազմակերպված շրջայցի նպատակն էր համաժողովի միջազգային հյուրերին ներկայացնել Հայաստանը, հայկական մշակույթն ու հին հայկական ձեռագործների նմուշները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-07-2019

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ