RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-07-2019



Տեղադրվել է` 2019-07-04 23:07:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1696, Տպվել է` 246, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՈ՞Ւ ԹՐԱՄՓԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՆԵՐԵՑ S-400-Ը

Պատրաստեցՙ ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆԸ

Էրդողանին սիրաշահելու փորձեր

Օսակայում G20-ի գագաթաժողովում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո փորձագետներից շատերը սենսացիա էին սպասում Թուրքիայի կողմից ռուսական իՀԽ հ-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով:

ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կառուցելիս Էրդողանը շեշտը դնում է գլխավորապես Թրամփի վրա: Նա ընդառաջեց ԱՄՆ-ի նախագահին եւ բանտից ազատ արձակեց թուրքական ծագումով ԱՄՆ քաղաքացի Սերկան Գելգեին: Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի այդ նախկին աշխատակցին երեք տարի առաջ ձերբակալել էին Թուրքիայում 2016 թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին մասնակցած լինելու մեղադրանքով: Էրդողանն առաջարկել էր հ-400-ների գնման կապակցությամբ աշխատանքային խումբ ստեղծել, որպեսզի փարատվեն այն կասկածները, թե տվյալ համալիրը վտանգ է ներկայացնում ՆԱՏՕ-ի համարՙ ակնարկելով, որ հենց Թրամփի հետ իրեն կհաջողվի խուսափել ՆԱՏՕ-ի հետ իր երկրի պառակտման հեռանկարից:

Մեծ քսանյակի գագաթաժողովում Թրամփի հետ հանդիպում ունենալուց հետո Էրդողանը մամլո ասուլիսում հայտարարեց, որ ԱՄՆ-ը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ չի ձեռնարկի ռուսական հ-400 համակարգի ձեռքբերման համար, քանի որ պատժամիջոցները անտեղի են երկու ռազմավարական գործընկերների միջեւ: Ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփին , նա ստեղծված իրավիճակում ամեն ինչում մեղադրեց նախկին նախագահ Բարաք Օբամայի շրջապատին, որն «իրեն անազնիվ էր դրսեւորել Թուրքիայի հանդեպ, ուստի Էրդողանը ստիպված էր եղել դիմել Ռուսաստանին»: Ավելին, խոսելով ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նորագույն F-35 կործանիչ-ռմբակոծիչներ վաճառելը մերժելու մասին, Թրամփը նշեց, որ իրականում դա Էրդողանի մեղքով չէ:

Առաջին անգամը չէ, որ Թրամփը ամեն ինչում մեղադրում է իր նախորդին, թեեւ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ ձեռնարկելու նախաձեռնությամբ հանդես է գալիս հենց իր վարչակազմը: Բացի դրանից, Թրամփը Օբամային մեղադրում է նաեւ Սիրիայի հարցում, թեեւ ինքը բնավ չի հրաժարվում քրդերին օգնելուց, ինչին կտրականապես դեմ է Անկարան: Սակայն տվյալ դեպքում գլխավորն այն է, որ Թրամփը Անկարային չի մեղադրում ռուսականհ-400-ների գնման գործարքի համար: Նրան լավ հայտնի է, որ 2016 թ. հուլիսին, պետական հեղաշրջման փորձի ժամանակ, խռովարարների ձեռքին հայտնված ամերիկյան երկու F-16-ները քիչ էր մնացել խոցեին նախագահ Էրդողանի Ստամբուլ թռչող ինքնաթիռը: Ուրիշ F-16-ներ ռմբակոծեցին Թուրքիայի խորհրդարանը: 2016 թ. հեղաշրջման փորձի ժամանակ Թուրքերը նկատեցին մի տարօրինակ բանՙ Թուրքիան չունի ամերիկյան արտադրության սեփական զինատեսակներից պաշտպանվելու արդյունավետ մեխանիզմ: Այդ պատճառով Էրդողանը շահագրգռված է ձեռք բերելու ռուսական հ-400համակարգեր, որոնք ի վիճակի են հեղաշրջման փորձի դեպքում պաշտպանելու ՆԱՏՕ-ի զինատեսակներից:

Այժմ, ինչպես այդ կապակցությամբ գրում է ամերիկյան The National Interest հրատարակությունը, Թրամփը չի ուզում Էրդողանի հետ իր հարաբերություները իջեցնել ամենացածր կետին եւ դրանով իսկ Թուրքիային վանել Արեւմուտքից, թեեւ ավելի վաղ ինքը սպառնացել էր «ամայացնել»Թուրքիայի տնտեսությունը: Ահա թե ինչու այն տպավորությունն է ստեղծվում, որ Էրդողանին հաջողվեց Թրամփից կորզել քաղաքական հաղթանակՙ պահպանելով ռուսական հ-400 հրթիռների գնման համաձայնագիրըՙ ընդսմին չխզելով հարաբերությունները ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակիցների հետ եւ սեւերես դուրս չգալով Ռուսաստանի առջեւ:

Մյուս տարբերակի համաձայն, Թրամփը գիտակցաբար սկսել է սիրաշահել Էրդողանին, ինչը հաստատապես կապված է Մերձավոր Արեւելքում իր գործողություների ռազմավարության հետ: Բանն այն է, որ, ինչպես գրում է թուրքական Turkiye հրատարակությունը, Թրամփը վախենում է տարածաշրջանում ուժերի տեղաբաշխման հնարավոր փոփոխությունից, ինչը կարող է տեղի ունենալ Ռուսաստան-Թուրքիա-Իրան դաշինքի ամրապնդման դեպքում:

Հաշվի առնելով այդ երեք պետություների հնարավորությունները, Ատլանտյան եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան ուժային կենտրոնները միմյանցից բաժանող հսկայական տարածությունները, այդ պետությունների ժողովրդագրական կառուցվածքները, նրանց վերահսկողությանը ենթակա ռազմավարական տարածքները, ինչպես նաեւ Ռուսաստանի միջուկային ներուժը, Եվրասիայում կարող է ի հայտ գալ կարեւոր ուժային կենտրոն, իսկ աշխարհումՙ եռաբեւեռ կառուցվածք, գրում է Turkiye-ն: Իրադարձությունների նման ընթացքը ԱՄՆ-ի համար կարող է ունենալ աղետալի հետեւանքներ: Ուստի ԱՄՆ-ի առաջնահերթ խնդիրն է Թուրքիային դուրս բերել եռյակ դաշինքից, քանի դեռ նա չի հատել կարմիր գիծը: Այդ պատճառով Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանափակիչ միջոցառումների շրջանակը աստիճանաբար կնեղանա, նշում է Ռեգնում գործակալությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-07-2019

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ