RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-07-2019



ԹՈՒՐՔԻԱ

Տեղադրվել է` 2019-07-11 22:12:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2569, Տպվել է` 284, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՐԴՈՂԱՆԻ «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՐՈՀՄԱՆ ՇԵՄԻՆ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Քաղաքական նոր կազմակերպություն ստեղծելու նախաձեռնությամբ հանդես են գալիս Գյուլը, Բաբաջանն ու Դավութօղլուն

Հունիսի 23-ին Ստամբուլռւմ տեղի ունեցան քաղաքապետի ընտրություններ:Իրականում դրանք կրկնակի ընտրություններ էին, առաջինն անցկացվել էր մարտի 31-ին: Քանի որ ընտրությունններում Քեմալ Քըլըչդարօղլուի Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հաղթել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմին, ուստի Էրդողանը միջամտեց, որի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 6-ի որոշումով անվավեր ճանաչեց ընտրության արդյունքները: Բայց ապարդյուն: Մարտի 31-ին Իմանօղլուն հաղթել էր 13 հազար ձայնի առավելությամբ, հունիսի 23-ին արդեն ձայների տարբերությունը հասավ 806 հազարի:

Պարտությունը կատարյալ էր, Էրդողանի հիասթափություննՙ առավել եւս: «Ազգը» հունիսի 28-ի համարում անդրադարձել էր Ստամբուլի քաղաքապետի ընտրություններին: Արեւմտյան մամուլն այս պարտությունը համարել էր Էրդողանի անձնական պարտություն: Բայց խնդիրը սոսկ պարտությունը չէ, այլ Էրդողանի առասպելն ու նրա ժողովրդականությունը: Եթե նրա առասպելը հօդս է ցնդում, ապա ժողովրդականությունը սրընթաց անկում է ապրում: Նա այլեւս չի կարողանում տիրապետել ժողովրդական զանգվածներին, ոչ էլ լիարժեք ենթարկել իր կուսակիցներին:

Երկիրը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ: 2018թ. համեմատ դոլարի գինը թուրքական լիրայի նկատմամբ աճել է 20 %-ով, սղաճըՙ 54 %-ով, դառնալով 12.15-ից 18.71 տոկոս, գործազրկությունըՙ 10.1 մլն-ից 14.1մլն, պետբյուջեի պակասորդըՙ 2.7 մլրդ. լիրայից 12.1 մլրդ լիրա: Ընդ որում Էրդողանի փեսա, գանձարանի եւ ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի կարգադրությամբ Կենտրոնական բանկը իր պահուստային ֆոնդը փոխանցել է Պետական գանձարան, բայց գանձարանում գումար չկա, որովհետեւ ամբողջ տարվա համար նախատեսված ողջ գումարն արդեն ծախսվել է: Թանկացել են թեյի, շաքարի, դիզել վառելիքի, բենզինի, էլեկտրականության գները եւ թանկացումները կազմում են 30-50 %:

ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ լարված հարաբերությունների պայմաններում Համաշխարհային բանկն ու Միջազգային արժութային հիմնադրամը կֆինանսավորե՞ն Թուրքիային, մանավանդ որ 445 մլրդ դոլարի արտաքին պարտքը ընթացիկ տարվա մի քանի ամիսներին հասել է 520 միլիարդի: Թուրք մասնագետները լավատես չեն ֆինանսավորման հարցում, իսկ բնակչությունըՙ վերին աստիճանի դժգոհ: Ընդ որում մեղադրում են հենց Էրդողանին, մասնավորապես նրա միանձնյա իշխանությունը երկրում:Արդեն քննարկման առարկա է դարձել նախագահական համակարգի աննպատակահարմարությունը Թուրքիայում:

Երկրի քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկում են նաեւ երկրում խորհրդարանական համակարգի վերականգման հարցը: Դրա համար, սակայն, անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, իսկ դա ենթադրում է հանրաքվե: Ժողովրդա-հանրապետական կուսակցության գլխավոր նախագահ Քըլըչդարօղլուն այդ հարցը բազմիցս բարցրացրել է իր խմբակցության հետ հանդիպմանը Թուրքիայի ազգային մեծ ժողովում: Նրա օրինակին հետեւել է «Լավ» կուսակցության նախագահ տիկ. Մերալ Աքշեները: Եթե նախաձեռնություն ցուցաբերվի, ապա նրանց կպաշտպանեն նաեւ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն ու «Երջանկություն» կուսակցության փոքրաթիվ պատգամավորները:

Ի՞նչ հաջողություն կունենա այս նախաձեռնությունը, դժվար է ասել: Բայց որ տրոհման շեմին է կանգնել Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը, ակնհայտ է: Խլրտումներ կային կուսակցության ներսում, պայմանավորված Էրդողանի միանձնյա իշխանության հետ:Կառավարությունը հաշվետու չէ Մեջլիսի առջեւ, ոչ էլ կառավարության անդամներըՙ պատգամավորների առաջ, որովհետեւ նրանց նշանակել է ինքը Էրդողանը, հետեւաբար նրանք վստահության քվե ստանալու խնդիր էլ չունեին, ոչ էլ ստացել են:

Հատկանշական է, որ Էրդողանը Մեջլիսում անկողմնակալ լինելու սահմանադրական երդում է տվել, բայց իր կուսակցության գլխավոր նախագահն է նաեւ, ինչը հակասում է նրա անկողմնակալության երդման տրամաբանությանը: Բացի այդ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում միայն Ստամբուլում չի պարտվել, պարտվել է նաեւ Թուրքիայի խոշորագույն մյուս քաղաքներումՙ Անկարայում, Իզմիրում, Ադանայում, Անթալիայում:

Այս հանգամանքը եւս առաջիկա խորհրդարանական ընտրություններում իշխանությունը կորցնելու մտահոգությամբ պետք է անհանգստացնի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավորներին, հատկապես այն դեպքում, երբ խորանում է երկրի տնտեսական ճգնաժամը, իսկ Էրդողանն ու փեսանՙ Ալբայրաքը, չեն կարողանում լուծումներ առաջադրել շտկելու ստեղծված իրավիճակը:

Թվում է, թե երկրում ներքաղաքականի վերաճած տնտեսական ճգնաժամը, ժողովրդական զանգվածների համատարած դժգոհությունն Էրդողանի կառավարությունից, ընդդիմության հարաճուն ճնշումներն ու իշխող կուսակցության ներսում ծայր առած խլրտումները անխուսափելի են դարձնում «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության մասնատումը, մանավանդ որ նախորդ նախագահ Աբդուլլահ Գյուլն ու նախկին պետնախարար Ալի Բաբաջանը , ինչպես նաեւ նախկին արտգործնախարար եւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հրապարակավ արդեն հանդես են եկել նոր կուսակցություն կազմավորելու նախաձեռնությամբ:

Նրանց մեջ ակտիվը Բաբաջանն է: Նա եւ Գյուլը, ի դեպ, «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության հիմնադիր կազմի անդամներ են, այսինքն Էրդողանի վաղեմի զինակիցները: Ինչպես հուլիսի 10-ի համարում տեղեկացնում է «Սոզջու» թերթը, Էրդողանը լրագրողի հարցին պատասխանելիս գանգատվել է Աբդուլլահ Գյուլից, թե պաշտոնավարման ժամկետի ավարտին, երբ վայր դրեց նախագահի լիազորությունները, նույնիսկ չբարեհաճեց, այնուհետեւ անդամակցել կուսակցությանը:

Ինչ վերաբերում է Բաբաջանին, Էրդողանը նրա առնչությամբ էլ ասել է, որ հանդիպում էր խնդրել, եկավ հանդիպեցինք, ապա հավելել է «Հանդիպմանը ինձ ասաց, որ ընտրություններից (Ստամբուլի քաղաքապետի) հետո կուսակցության շարքերից հեռանալու դիմում է ներկայացնելու, որովհետեւ սկսել է կորցնել պատկանելիության զգացումը: Երբ ես հարցրեցի ինչն է պատճառը, տնտեսական պաճառներ բերեց»:

«Սոզջուն» դիմել նաեւ Բաբաջանին, որն էլ ասել է. «Նոր կուսակցությունը պիտի 4 ուղղվածություն ունենաՙ լիբերալ, սոցիալ-դեմոկրատական, պահպանողական եւ ազգայնական, այսինքն 1983-ին Թորգութ Օզալի կազմավորած «Մայր հայրենիք» կուսակցության պես: Որքան էլ Բաբաջանը թղթակցի հարցին ի պատասխան ասի, թե Մեջլիսում առանձին խմբակցություն կազմելու մտադրություն չունի, ի դեպ դրա համար 20 պատգամավոր է անհրաժեշտ, չար լեզուներն ասում են, որ նրա շուրջ կհամախբվեն առնվազն 30 պատգամավոր, հարկավ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության անդամներից: Բաբաջանը մտադիր է կուսակցության կազմվորման աշխատանքներն սկսել առաջիկա հոկտեմբերին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-07-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ