RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-07-2019



ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2019-07-11 22:12:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2589, Տպվել է` 257, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԵՐՕՐՅԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԵՐԿԱՊՆԱԿԸ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պրոֆեսոր

Ինչպես կասեր մեր ժամանակների խոսքի մեծագույն վարպետ Պարույր Սեւակը` անկեղծ ասած, այս ամենից ես հոգնել եմ: Իսկապես, արդեն այս երկրի մարդկանց, օդի ու ջրի, հարաբերությունների ու դրանց պատրաստակամ թարգմանիչ ԶԼՄ-ների քաղաքականացված պահվածքն ու գործելակերպը մեղմ ասած հոգնեցրել են: Առանց չափազանցելու յուրաքանչյուր բարեւին հաջորդում է հայտնի «բա իմացա՞րը»: Ընկերական հավաքները, հարսանիքներն ու խնջույքներն անգամ, հատկապես խորովածից հետո, պարտադիր շարունակվում են քաղաքական քննարկումներով, որոնք հաճախ այնքան բուռն ու կրքոտ են լինում, որ երբեմն տխուր վերջաբան են ունենում:

Իմ համեստ դիտարկումներով այդ ամենն սկսվեց ու նույն թափով շարունակվում է իշխանական ոլորտում, ընդդիմադիր դաշտում, հասարակ մահկանացուներիս միջավայրում: Լավ, մինչեւ ե՞րբ, մինչեւ ո՞ւր:

Եթե կան հարցեր, ուրեմն պիտի լինեն նաեւ պատասխաններ: Մերօրյա իշխանությունների շրջանում այդ նույն քննարկումները նույն կրքոտությամբ եւ անզիջում տոնով շարունակվում են, առավել անզիջումՙ վիրտուալ դաշտում, որովհետեւ նրանք դեռ չեն կարողացել դուրս գալ ընդդիմադիրի կեցվածքից: Նկատե՞լ եք, հատկապես խորհրդարանում «Իմ քայլականների» թիմը սովորաբար որքան խաղաղ կեցվածք ունի: Բայց երբ հանկարծ որեւէ մեկն իրենց հասցեին ոչ հաճելի բան է ասում, ինչպես են բոլորը մեկ մարդու նման իրար գերազանցելով եւ հատկապես անցյալից տարաբնույթ փաստեր վկայակոչելով անխնա քննադատում-ոչնչացնում: Երբեմն էլ սպառնալիքներ հնչեցնում` մոռանալով, որ դանակն էլ է իրենց ձեռքին, խնձորն էլ:

Ոչ միայն ընդդիմադիրի կեցվածք են դրսեւորում, այլեւ դրա պատվավոր կոչման համար ուժեղ մրցավազքի մեջ են նաեւ մեր խորհրդարանական մյուս երկու կուսակցությունները: Նկատե՞լ եք, թե այդ պայքարը երբեմն ինչպիսի անզիջում ձեւով է ընթանում եւ ինչ գույներ ստանում: Է՛լ փոխադարձ մեղադրանքներ` նախկինների հետ մոտ հարաբերություններ ունենալու, է՛լ նախկինների «պրոյեկտ» լինելու, տնտեսական ու քաղաքական շահարկումներին մասնակցության ու այդպիսի հազար տեսակ այլ բաներ:

Առերեւույթ իրավիճակը մի փոքր այլ է արտախորհրդարանական դաշտում: Եթե խարհրդարանականների մոտ անզիջում մրցավազք է «լավագույն ընդդիմադիրի» կոչման, ապա այստեղ` ամենախելացի, ամենահեռատես, նախկիններին ամենաշատ ու ամենաանզիջում մերժողի, լավագույն քաղաքական ծրագիր ու գործելաձեւեր առաջարկողի, կամ այլ կերպ ասած` մոտ ապագայում գործող իշխանություններին փոխարինող ամենաիրական առաջնորդի, իշխանության կրողի ու պատասխանատվությունն ստանձնողի տիտղոսների համար:

Ընդ որում այստեղ գույներն այնքան խայտաբղետ են, ծրագրերն ու գործելամեթոդներն այնքան բազմազան, որ ամենափորձված քաղաքական գործիչն անգամ կշփոթվի, էլ ուր մնաց հասարակ մահկանացուներս: Բայց մեկ բան ընդհանուր է բոլորի համար. գրեթե առանց խտրականության, քափ ու քրտինք կտրած դրանք բոլորը քննադատում են ներկա իշխանություններին, նրան մեղադրում եղած ու չեղած, հին ու նոր, իրական ու հնարովի մեղքերի մեջ: Բայց ավելի լավ չէ՞ր լինի, որ փոխանակ հավիտենական դժգոհի դերն ստանձնելու, տեղի-անտեղի ամեն բան քննադատելու, չկատարված կամ կատարվելու ընթացքում գտնվող գործերի մի ամբողջ ցանկ ներկայացնելով հանրության վրա հուսահատեցնող, ճնշիչ տպավորություն թողնելու, թե ոչինչ չի արվում, կամ` թերի եւ վատ է արվում, այսինքն` հռետորաբանությամբ զբաղվելու, քան թե ավելի շատ արված օգտակար աշխատանքները եւ ձեռք բերված արդյունքները նշեն եւ ազգին դրանցով ոգեւորեն, առանց մոռնալու, անշուշտ, թերացումները:

Այս դաշտում մի շատ կարեւոր միտում էլ է նկատելի. կան անցյալ ունեցող ինչպես նաեւ նորաթուխ քաղաքական ուժեր, որոնք ամբողջ իշխանությունն ու պատասխանատվությունը ստանձնելու լուրջ հայտ են ներկայացնում եւ այսօրվանից վստահաբար հայտարարում են` ովքեր մեզ հետ չեն, մեր դեմ են: Այսինքն այնպես, կամ գրեթե այնպես, ինչպես իշխանականներն են վարվում: Մի էական տարբերությամբ, որ նոր քաղաքական ասպարեզ իջնող ուժերն ավելի կտրուկ են, ավելի անզիջում եւ ավելի են հակված այն թեզին, որ միակ ու բացարձակ իրավացիներն իրենք են ու իրենք:

Ինչ վերաբերում է «հներին», ապա այստեղ բավականին հետաքրքրական խճապատկեր է առաջացել: Քաղաքական հնաբնակներից, անկասկած, համեմատաբար կենսունակ ու կայուն են մեր ավանդական կուսակցությունները: Դրանցից թե՛ Սփյուռքում, թե՛ հայրենիքում իմ կարծիքով ամենամարդաշատն ու հնարավորություններով հարուստը ՀՅ Դաշնակցությունն է: Նա վերջերս առանց որեւէ այլեւայլության հայտարարեց, թե պատրաստվում է արդար ընտրությունների միջոցով վերցնել ամբողջ իշխանությունն ու հետեւապես նաեւ` պատասխանատվությունը: Ի դեպ, բոլոր երկրներում, մեզանում եւս, շատ է խոսվում պատասխանատվություն վերցնելու մասին, սակայն այդպես էլ ոչ մեկն իրականում չի պատժվել իր ստանձնած պարտականությունները չկատարելու համար: Ապագայում հաջողություն մաղթելով մեր բարեկամներին ցանկանում եմ հիշեցնել, որ վերջին ընտրություններում նրանք հավաքեցին 48811 ձայն, այսինքն` 3,89 տոկոս եւ խորհրդարան չանցան: Դա իմ կարծիքով ցավալի է, որովհետեւ այդ կուսակցությունում կան բազմաթիվ պարկեշտ եւ բանիմաց մարդիկ, հմուտ գործիչներ, էլ չասենք, որ պատերազմի ժամանակ դաշնակցական ազատամարտիկները մեծ դերակատարում են ունեցել: Ո՞րն էր դրա պատճառը:

Նորություն չէ, որ Դաշնակցության ուժը գաղափարի մեջ է: Խնդիրն այն է, որ «Հայ դատի», «ծովից ծով Հայաստանի» գաղափարներում որոշակի ռոմանտիզմ կա, նաեւ` զրկանքներ կրելու պատրաստակամություն: Բայց այս ետնախորքի վրա լավ չէին նայվում կոռումպացված կառավարության մեջ դաշնակցական նախարարը, դաշնակցական օլիգարխը, դաշնակցական պրագմատիկը եւ դաշնակցական... ազատականը: Կուսակցությունը պետք է փորձի վերականգնել իր դրական իմիջը, որը ձեւավորվել էր նախորդ տարիների ընթացքում, երբ կրքոտ հակազդում էր հայտնի «փուլային տարբերակին», հայ-թուրքական արձանագրություններին եւ այլն: Սակայն առաջն նախագահի կառավարման շրջանում եթե ազգային հարցերում փոխզիջումները, կոռուպցիան, տնտեսության ընդգծված ազատական բնույթը, անհանդուրժելի էին Քոչարյանի եւ Սարգսյանի ժամանակ դարձան ընդունելի: Պատասխանը հավանաբար ավելի պրագմատիկ լինելու մեջ էր. 1998-ից հետո կուսակցության վերնախավն սկսեց օգտվել իշխանության «բարիքներից» եւ դուրս գալ սկզբունքայինի ու անզիջումի կերպարից: Բանը հասել էր այնտեղ, որ սոցիալիստ նախարարներ կային աջ, ազգայնական կառավարության կազմում: Իսկ վերջին ընտրություններում միայն կուսակցությունը հիշեց իր գաղափարական արմատները, բայց երկու շաբաթում անհնարին էր ուղղել 20 տարում խեղված կերպարը: Միանգամայն ողջունելի է, որ կուսակցությունը փորձում է վերագնահատել անցյալը, ակտիվ հանդիպումների եւ հնարավոր դաշնակիցների փնտրտուքի մեջ է, որոնք, իմ կարծիքով, նույն եռանդով եւ նույն ազնիվ մղումներով շարունակելու դեպքում հաջողություններ կապահովեն:

Հնչակյան կուսակցությունը, ցավոք, լուրջ խմորումների գործընթացում է: Որքան տեղյակ եմ, մի խումբ սրտացավ եւ կուսակցության ապագայով մտահոգ հնչակյաններ անում են ամեն ինչ կուսակցությունն այդ ոչ ցանկալի վիճակից դուրս բերելու համար, սակայն մեծ հաջողություններ առայժմ դեռեւս չեն գրանցվել: Իսկ երիտասարդ տխրունիական «հակապատմագիտական» քայլերը, կարծում եմ դարից ավելի անցյալ ունեցող կուսակցության համար փիառի լավագույն տարբերակը չի: Կուսակցականներից շատերին ճանաչելով գիտեմ, որ մեծ թվով խելացի, պարկեշտ ու գաղափարի նվիրյալներ կան, որը հույս է ներշնչում, որ մոտ ապագայում կուսակցությունը կթոթափի ոչ ցանկալի իրողությունների բեռը եւ իր ամենագործուն մասնակցությունը կունենա ինչպես Սփյուռքի, այնպես է ՀՀ քաղաքական կյանքում:

Ռամկավար Ազատական կուսակցության մասին շատ ավել մանրամասն կխոսեմ մեկ այլ առիթով (հոդվածն ավարտական փուլում է): Միայն ասեմ, որ չնայած Սփյուռքի հատվածում կուսակցությունում եղած մի քանի ոչ ցանկալի դրսեւորումներին այսօր արդեն դրանք հիմնականում հաղթահարված են: Կուսակցությունը լրջորեն նախապատրաստվում է իր ամենաակտիվ մասնակցությունը բերել ապագա քաղաքական գործընթացներին: Ռամկավարների հավատո հանգանակը իրենց խելացի, իրատեսական ու մարդասեր ծրագիրն է, համահայկական կառույց լինելու փաստը, շուրջ դարուկեսյան կենսափորձը, նվիրյալների մեծաքանակ ջոկատը եւ երիտասարդ սերնդի օրեցօր աճող հետաքրքրությունն ու նաեւ անդամակցությունը կուսակցությանը:

Ինչ վերաբերում է մյուս քաղաքական ուժերին, ապա այստեղ պարզապես լուռ անդորր է: Մի տեսակ սպասողական վիճակ կարելի անվանել եւ հարմար պահի փնտրտուքի շրջան: Նախկինի նման դրանց մեծ մասն սպասում է, որ նախընտրական փուլը սկսվի, որ միմյանց ձայն տալով արթնանան: Երբեմն-երբեմն այս կամ այն առիթով լսվում է նորաստեղծ «Մեկ Հայաստան» կուսակցության ձայնը: Վերջերս նորակազմ ղեկավարությամբ հանդես եկավ նաեւ «Ժառանգությունը»: Բայց ընդհանուր առմամբ անդորրը շարունակվում է:

Ասվածից հետեւում է, որ`

ա) իշխանական թիմը դեռեւս չի հաղթահարել ընդդիմության կերպարի բարդույթը, որն այնտեղ իրեն ավելի լավ զգալու հետեւանք է,

բ) բացի խորհրդարանում միմյանց դեմ հին ու նոր փաստեր վկայակոչելով «իսկական» ընդդիմության պայքարից, որեւէ քաղաքական լուրջ գործընթաց չկա,

գ) քաղաքական կյանքը դադարի վիճակում է նաեւ մյուս կուսակցությունների դեպքում,

դ) ենթադրելի է, որ աշունն ավելի քաղաքական ու... շոգ է լինելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-07-2019

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ