RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-07-2019



ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ

Տեղադրվել է` 2019-07-11 22:12:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1578, Տպվել է` 250, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԵԼ ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ

Պատրաստեց ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆԸ

Ամերիկացիներին մասամբ փոխարինելու առաջարկություն

Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին գերմանական Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում հայտարարել է, «Մենք ուզում ենք, որ Գերմանիան Սիրիա ուղարկի ցամաքային զորքեր (Սիրիայի հյուսիս-արեւելք), որպեսզի մասամբ փոխարինի մեր զինծառայողներին»: Նրա խոսքերով, Գերմանիան կարեւոր դեր է խաղում որպես դաշնակից եւ որպես գործընկեր «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում, ուստի ԱՄՆ-ը իր դաշնակցից ակնկալում է կամավոր հիմունքներով մի քանի հարյուր զինծառայողների գործուղում: Ճիշտ է, ընդսմին հատուկ ներկայացուցիչը նշել է, որ պարտադիր չէ, որ դա լինի ռազմական առաքելություն, քանի որ «Իսլամական պետությունը» հնարավոր է դուրս մղել սիրիական բանակի ուժերով, սակայն անհրաժեշտ է որոշակի միջազգային ներկայություն: Ըստ որում հայտարարվել է, որ Վաշինգտոնում Գերմանիայի պատասխանը սպասում են արդեն հուլիս ամսին: Այս կապակցությամբ ի հայտ են գալիս հետաքրքրական որոշ նրբերանգներ:

Բանն այն է, որ Գերմանիան հենց սկզբից մտել է «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի կազմած կոալիցիայի մեջ եւ մասնակցում է Սիրիայի տարածքում ջիհադիստների դեմ մղվող պայքարին: Ամերիկյան մամուլի տվյալներով, Բունդեսվերը օդային հետախուզություն է իրականացնում Հորդանանի օդային տարածքից: Իրենց հերթին, արաբական շատ հրատարակություններ հաղորդել են, որ տարբեր ժամանակներում սիրիական տարբեր տարածքներ են բերվել գերմանական հատուկ ջոկատներ, թեեւ Բեռլինը այս կապակցությամբ մշտապես հանդես է եկել հերքումներով: Այդուհանդերձ, տարածաշրջանում գերմանական զորքի ներկայությունը Բեռլինում լրջորեն քննարկվել է այն բանից առաջ, երբ 2016 թ. վերջերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Սիրիայից ամերիկացի զինծառայողների դուրսբերման մասին: Քիչ ավելի վաղ գերմանական Der Spiegel շաբաթահանդեսը մանրամասնել էր, որ Սիրիա կարող են ուղարկվել մինչեւ 1200 զինծառայող, մի քանի «Տոռնադո» հետախուզական ինքնաթիռ եւ մեկ ֆրեգատ, որը Միջերկրական ծովում պետք է օժանդակի ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրին:

Այն ժամանակ ենթադրվում էր, որ Գերմանիայի ռազմական առաքելությունը կարող է սահմանափակվել մեկ տարով, թեպետեւ հնարավոր կլիներ այն երկարաձգել: Ավելին, այն ժամանակ Բեռլինը հայտարարում էր, թե անհրաժեշտ է իշխանությունից հեռացնել նախագահ Բաշար Ասադին: Այս անգամ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը հայտարարում է, որ Սիրիայում ամերիկացիների նպատակը նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությունը չէ: Սակայն ամերիկացիները ձգտում են այն բանին, որ Սիրիայում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվեն քաղաքական բարեփոխումներ, ինչպես նաեւ իրանական զորքերը դուրս բերվեն այդ երկրից: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ այդպիսի խնդիր է դրված ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ Բեռլինի առջեւ:

Բայց ինչո՞ւ Վաշինգտոնը Սիրիա զորք ուղարկելու խնդրանքով դիմում է Գերմանիային, այլ ոչ թե Մեծ Բրիտանիային եւ Ֆրանսիային: Մանավանդ եթե նկատի ունենանք, որ անցյալում Բեռլինը հրաժարվել էր կոալիցիայի կազմում Սիրիային օդային հարվածներ հասցնելու ծրագրից, թեեւ Եվրոպայում գերմանական ռազմօդանավերը ՆԱՏՕ-ի գործողության շրջանակներում ռմբակոծել էին նախկին Հարավսլավիայի տարածքը, գերմանացիներն ակտիվորեն մասնակցել էին Աֆղանստանում եւ Իրաքում ձեռնարկված ռազմական գործողություններին (ինչը հիշեցնում էր արտերկրում գերմանական բանակի գործողությունները Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերի ժամանակ):

Ինչ վերաբերում է ներկա պահին, Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ Վաշինգտոնը փորձում է Սիրիայում գերմանացի զինծառայողների հավանական գործողությունները ներկայացնել որպես ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող դաշնակցային գործողություններ: Սակայն այն տպավորությունն է ստեղծվում, թե ի տարբերություն Լոնդոնի եւ Փարիզի, ԱՄՆ-ը փորձում է Բեռլինին Մերձավոր Արեւելքում ներքաշել քաղաքական բարդ խաղի մեջ, նրան այդ տարածաշրջանում դուրս բերել կա՛մ դիմակայության, կա՛մ էլ Մոսկվա-Թեհրան-Անկարա եռյակի հետ համագործակցության առաջնագիծ: Հնարավոր է, որ ամերիկացիները փորձում են Գերմանիայի այսպես կոչված ճգնաժամային ռեսուրսները օգտագործել այն պայմաններում, երբ Մերձավոր Արեւելքում վերաձեւավորվում են նոր գերակայություններ երկարաժամկետ հեռանկարով: Հավանաբար խոսքը Թուրքիայի եւ Իրանի հետ Գերմանիայի երբեմնի դաշինքների մասին է, որոնք անդրատլանտյան կառույցների շրջանակներից դուրս են գալիս Վաշինգտոնի ազդեցության թուլացման պայմաններում:

Եթե Գերմանիան իրոք իրեն նպատակ առաջադրի Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացի արագացումը, Դամասկոսը վերադարձնի միջազգային հուսալի գործընկերների շրջանակ, ավանդ ներդնի միջազգային ահաբեկչության դեմ մղվող պայքարում եւ սիրիացի փախստականների հայրենադարձման գործում, ապա դա կարելի է միայն ողջունել: Բայց Վաշինգտոնը Բեռլինին թույլ կտա՞ արդյոք կատարել նման քաղաքական եւ աշխահաքաղաքական շրջադարձ, դուրս գալ ԱՄՆ-ի շահագրգռությունների ոլորտից: Քանզի հենց Գերմանիայում էլ քաղաքկան ուժերը դժվար թե լիովին հավանություն տան սիրիական ճգնաժամի մեջ գերմանացիներին ներքաշելու այդ փորձերին: Շատերը արդեն այժմ ընդգծում են, որ կարող է զգալի չափով աճել բուն Գերմանիայի տարածքում հավանական ահաբեկչությունների սպառնալիքը, մտածում են, թե ինչպես կարելի է վարվել փախստականների նոր ալիքի դեպքում:

«Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում մղվող պայքարում միջազգային կոալիցիային Գերմանիայի մասնակցությունը մինչեւ օրս բավական սահմանափակ բնույթ է կրել: Հիմա ամեն ինչ կարող է փոխվել, հենց թեկուզ Սիրիայի երկնքում գերմանական ռազմօդանավերի հետախուզական թռիչքների տեսակետից: Բեռլինում հասկանում են, որ այդ դեպքում Բունդեսվերը կբախվի լուրջ պատերազմի: Սիրիայում ամերիկացիների ծրագրերին մասնակցելու համար Անգելա Մերկելի կառավարությունը պետք է ստանա խորհրդարանի համաձայնությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-07-2019

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ