RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-07-2019



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2019-07-26 12:19:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 2327, Տպվել է` 195, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԵՐԻՑ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Դատարանների շուրջ ծավալված վերջին իրադարձությունների վերաբերյալ յոթ կուսակցությունների համատեղ Հայտարարությունը, ինչպես ընդունված է այսօրյա մեր լրագրողական բեւեռացված դաշտում, հասարակությանը ներկայացվեց խեղաթյուրված, հակադիր ճամբարների յուրօրինակ տրամաբանությամբ, ցանկալի եւ անցանկալի շեշտադրումներով, եւս մեկ անգամ փորձելով հասարակությանը զրկել Հայտարարության բովանդակությանը թափանցելու պատեհությունից, պատկերավոր ասածՙ ամեն մեկը վերմակն իր վրա քաշելով: Կծու ընդդիմադիր դիրքերից հանդես եկող մի շարք լրատվամիջոցներ, իրենց սովորության համաձայն, կոնտեքստից դուրս բերելով Հայտարարության որոշ բառերՙ հետեւյալ վերնագրով ներկայացրին այնՙ «Հակազդելու ենք իշխանության բոլոր ապօրինի գործողություններին», այնինչ յոթ կուսակցությունների Հայտարարությունը բացառապես վերաբերում էր (է) դատական համակարգի բարեփոխման անվան տակ ծավալվող իրադարձություններին, վտանգավոր ձեռնարկումներին, որոնք չարաշահելու դեպքում սպառնում են խախտել մեր պետության եռաթեւՙ փոխզսպողական ու փոխհավասարակշռողական կառույցը:

Դժբախտաբար նույն կերպ վարվեցին հակադիր բեւեռիՙ այսպես կոչված իշխանական լրատվամիջոցները, նույնիսկՙ իրենք իրենց մասին մեծ կարծիք ունեցող բլոգերները, մեկ օրից մյուսը խորաթափա՜նց պատգամավոր դարձած միջակությունները, որոնք յոթ կուսակցությունների Հայտարարությանը, ավելինՙ այն ստորագրած կուսակցություններին ներկայացրեցին, ոչ ավել եւ ոչ էլ պակաս, որպես քոչարյանական project, առանց անդրադառնալու, որ դրանով անմտորեն հաստատում են ոմանց պնդումները, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանիՙ այսպես կոչված դատաիրավական «բարեփոխումները» միտված են ՀՀ երկրորդ նախագահին իրավական պաշտպանությունից զրկելուն, նման այն հայտնի առակին, ըստ որիՙ մի գեղացի իր ամբողջ գոմն է վառում, քանի որ այնտեղ մուկ կա...

Ու քանի մկների թեման բացվեց, կուզենայի հիշեցնել մի մկան մասին, որը մեր ժողովրդական երեւակայության մեջ կոչվում է «աղի մուկ», այսինքն մի մուկ, որը գոյություն կարող է ունենալ միայն ժողովրդական պատկերացումների մեջ եւ որը, փոխ առնելով Հ. Պարոնյանի բառերը, «կնմանի բանի մը, որուն նմանը չկա»: Անձ է նա, որի անձնագրում գրված էՙ Մայք Խարաբյան: Քսանհինգ տարի շարունակ նա փորձում է խարաբ անել Ռամկավար Ազատական կուսակցությունը, անընդհատական շարժման մեջ մտնել-ելնելով մի ծակից մյուսը, պանիր գողանալու համար քծնելով սրան ու նրան, անվերջ ու անդադար խաբելով մարդկանց, հատկապես մեր պետական պաշտոնատար անձերին, մանավանդ նրանց, ովքեր սիրում են խաբվել: Վերջերս նա Երեւանում սարքեց մկների մի իսկական ժողով ու դուրս քշելով անմեղ ու անմիտ մի արարածի, նստեց նրա տեղում եւ ընդամենը 16 հոգով «ընտրել» տվեց 17 հոգանոց մի վարչություն, կատարյալ մի ֆեյք, եւ սկսեց խոսել «աշխարհասփյուռ ՌԱԿ ղեկավարի» դիրքերից, ոգեւորվածՙ ՀՀ վարչապետի կողմից ընդունելության արժանանալու փաստից: Օրերս պարզվեց, որ Սաուդյան Արաբիայի դեմոկրատակա՜ն ու դատաիրավակա՜ն հասարակության մեջ թրծված այս ֆեյքը, պաշտոնատարներին քծնելու իր անուրանալի տաղանդին հավատարիմՙ նույնպես կարծիք ունի յոթ կուսակցությունների Հայտարարության առթիվ: Այո, առթիվ եւ ո՛չ մասին: Հասկանալի է նրա նպատակըՙ ցույց տալ իշխանությանը, որ ինքը պատահական մարդ չէ, մանավանդՙ ինքը ֆեյք չէ, այլՙ «աշխարհասփյուռ» հեղինակություն, որը պատրաստ է ծառայելու ամեն գնով, միայն թե մի կտոր... պանիր տրվի իրեն կրծելու, այս պարագայումՙ Հայաստանում 28 տարի պաշտոնապես եւ օրինապես գործող մեր կուսակցությունը: Եվ դրա մեջ ոչինչ չկա զարմանալի, մանավանդ ռամկավարներիս համար:

Զարմանալին, սակայն, այն փութաջանությունն էր, որը ցույց տվեցին մեր գործընկերներ «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» թերթերը, առաջինը իր կայքէջում, երկրորդըՙ իր երեկվա համարում, նույնությամբ տարածելով «աղի մկան» հայտարարությունըՙ «Աջակցում ենք» անորոշ կամ խիստ որոշակի վերնագրի ներքո: Գիտի՞ արդյոք Հայաստանի կիսապաշտոնական օրգանը համարվող թերթի հարգարժան գլխավոր խմբագիրը, որ Մայք Խարաբյան կոչեցյալը հենց այն անձն է, որը դեռեւս 1996 թ. ապրիլին, կաշառելով ՀՀ արդարադատության նախարարության ղեկավարներից մեկին (համակարգում այդ ժամանակ էլ կային կաշառակեր պաշտոնյաներՙ ինչպես հիմա), փակել տվեց «Ազգ» օրաթերթը 13 օր եւ ծնունդ տվեց ֆեյք «Ազգ»ին, եւ միայն մեր լրագրողական հանրույթի ու մտավորականների բողոքին ընդառաջելով ՀՀ դատարանը վարույթ ընդունեց «Ազգ»ի բողոքը, եւ դատավոր Տիգրան Սահակյանը վճիռ կայացրեց (ՀՀ-ում առաջին անգամ) ընդդեմ իր վերադաս նախարարությանը (այն ժամանակ էլ կային արդարամիտ դատավորներ, ինչպես հիմա): Կարող էր «Հայկական ժամանակի» երիտասարդ խմբագրապետուհին չիմանար այս բոլորը ու չգիտակցեր, թե այդ ո՞ւմ է «աջակցում» կամ ո՞ւմ «աջակցությունն» է ուզում ստանալ, բայց «Առավոտի» կայքէջի խմբագրությո՞ւնն էլ չգիտեր, որ նույն թերթի գլխավոր խմբագիրը այդ օրերին առաջնորդող հոդվածներ էր ստորագրում ընդդեմ «աղի մկան» ու նրա նմաններին, նրանց կոչելով «Բեյրութի կոշկակարներ»...

Վերադառնալով մեր բուն թեմայինՙ 7 կուսակցությունների Հայտարարությանը, կրկնում ենք մեկ անգամ եւս. արդարադատության մեր ողջ համակարգը իրո՛ք կարիք ունի բարեփոխումների, բայց ո՛չ այն ձեւով, ինչին ականատեսն ենք վերջին շրջանում: Յոթնյակի շարքում ՌԱԿ-ի ստորագրած փաստաթուղթը պետականամետության եւ պետականաշինության փաստն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-07-2019

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ