RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-07-2019



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2019-07-26 12:19:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 2230, Տպվել է` 195, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱԽԱԳԱՀ ՊՈՒՏԻՆԸ ՍՈՍԿ ԲԱՇԱՐ ԱՍԱԴԻ ՎԱՐՉԱԿԱՐԳԻՆ ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Այլեւ նա դրանով ամրապնդում է Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությունը ինչպես Սիրիայում, այնպես էլ Արեւելյան Միջերկրականում

«Ազգ»ը մարտի 8-ի համարում, անդրադառնալով Սիրիայի քաղաքական զարգացումներին, մատնանշել էր, որ երկրում տիրող իրավիճակը չափազանց բարդ է, իսկ տեղեկատվությունըՙ ավելի քան աղտոտված: Երկրում միմյանց հետ մրցակցող միջազգային դերակատարներիՙ ԱՄՆ-ի, Ռուսաստանի կողքին կան նաեւ տարածաշրջանային դերակատարներ, ինչպիսիք են Իրանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան: Ոչ պակաս թեժ է նաեւ սրանց մրցակցությունը, որոնցից վերջին երկուսը, լինելով միեւնույն ճամբարում, միմյանց են հակադրվում: Անհաշտ մրցակցության պայմաններում միջազգային դերակատարներն անընդհատ կարծիք են փոխում, ինչը հանգեցնում է տարածայինների դիրքորոշման փոփոխությանը: Այս ամենի հետեւանքով է՛լ ավելի է խճճվում Սիրիայի առանց այդ բարդ իրավիճակը, բացառելով վերլուծությունները փոքրիշատե հիմնավորելու հավանականությունը, էլ չենք խոսում կանխատեսումների մասին: Թերեւս միակ կանխատեսումը, որ առաց վարանելու կարելի է անել, դա Սիրիայում քաոսային իրավիճակի հետզհետե խորացումն է: Դա միանգամայն ձեռնտու է միջազգային ուժերին, միայն թե վերահսկելի լինի իրավիճակը:

Թեեւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգը 2015-ի սեպտեմբերի 30-ին, շնորհիվ Ռուսաստանի միջամտության, կասեցնելով «Իրաք-Շամ իսլամական պետության» ահաբեկիչների առաջխաղացումը Դամասկոս, ոչ միայն չեզոքացրեց իշխանությունից հեռանալու վտանգը, այլեւ ձեռք բերեց Արեւմուտքի ճնշումներին դիմակայելու, միաժամանակ «Իսլամական պետության» եւ ան-Նուսրայի գլխավորած ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարելու լայն հնարավորություն: Թուրքական «Այդընլըք» հանդեսը 2017 թ. սեպտեմբերի 30-ի համարում վկայում է, որ ռուսական ռազմածովային եւ ռազմաօդային ուժերի աջակցությամբ Ասադի վարչակարքը երկրի տարածքի 85 %-ը, Հալեպը, Պալմիրան ու Դեր-Զորը ներառյալ, մաքրեց «Իսլամական պետության» եւ ան-Նուսրայի ահաբեկիչներից, ոչնչացնելով 45 հազար ահաբեկիչ, 240 դաշտային հրամանատարով հանդերձ, 800 ռազմավարժական ճամբար, 550 զինապահեստ եւ շարքից հանեց 300 նավթավերամշակման կայան ու նավթամուղ, որոնց շահագործումը իսլամական ահաբեկիչներին տարեկան 500 մլն. դոլարի եկամուտ էր ապահովում:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախքան Ռուսաստանի միջամտությունը հայտարարել էր. «Իրողությունը պահանջում է, որ Բաշար Ասադը հեռանա իշխանությունից»: Ռուսաստանի միջամտությունից հետո, սակայն, Օբաման հրաժարվեց այդ մտադրությունից, իսկ Դոնալդ Թրամփը, մի քայլ առաջ անցնելով իր նախորդից, դադարեցրեց ռազմական օգնության տրամադրումը այսպես կոչված ընդդիմադիր ուժերին, այսինքն արյունարբու մարդասպաններին: Դրանով նախաձեռնությունն ամբողջովին ԱՄՆ-ից անցավ Ռուսաստանին: Դա զգալի մեծացրեց Ասադի ուժերի պայքարի արդյունավետությունն ահաբեկչական խմբավորումների դեմ:

Ակամա հարց է ծագում, եթե այդպես է, ապա ինչո՞վ բացատրել Սիրիայում տիրող քաոսային իրավիճակի հետզհետե խորացումը: Ըստ երեւույթին ԱՄՆ-ի քրդական ծրագրերով, երկրի հյուսիս-արեւմտյան շրջաններում թուրքական զինուժի ներկայությամբ, թուրք-սիրիական սահմանի երկայնքով 32 կմ. խորությամբ համատեղ անվտանգության գոտի ստեղծելու Թուրքիայի եւ ԱՄՆ-ի համատեղ նախաձեռնությամբ, ինչպես այս գոտու, այնպես էլ քրտական ծրագրերի շուրջ շահագրգիռ կողմերի սակարկություններով եւ այդ սակարկություններին ռուսական կողմի ակտիվ մասնակցությամբ, որն ամենեւին չի նպաստում Բաշար Ասադի վարչակարգի դիրքերի ամրապնդմանը երկրում:

Հակառակ դրան ռուսական զինուժի միջամտությունը ոչ միայն նպաստել է Սիրիայում Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը, այլեւ վերջինի ազդեցությունն է տարածել երկրում: Շնորհիվ միջամտության Ռուսաստանն ընդարձակել է Թարթուսի ռազմածովային բազան, դրա հարեւանությամբ ձեռք է բերել նաեւ «Հմեյմիմի» օդատիեզերական բազան, ինչպես նաեւ 12 այլ ռազմակայաններ Դամասկոսում, Լաթաքիայում, Համայում եւ Իդլիբի շրջակայքում:

Այլ կերպՙ եթե Ռուսաստանի ռազմական միջամտությունը հնարավորություն է տվել վերջինին մինչ այդ Ուկրաինայում ծավալվող ռուս-ամերիկյան մրցապայքարը տեղափոխելու Սիրիայի տարածք, ապա Սիրիայում ռուսական ազդեցության ծավալումն էլ հնարավոր դարձրեց, որ Ռուսաստանը սիրիական տարածքից վերահսկի հարեւան ամերիկամետ երկրներին, ռազմաքաղաքական ներկայություն ապահովի Արեւելյան Միջերկրականում, միաժամանակ ստիպի Սիրիայի դեմոկրատական ուժերին, որ մերձեցման եզրեր որոնեն իր հետ:

Այդ որոնումները հատկապես ակնառու դարձան անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին, երբ նախագահ Թրամփը Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշում կայացրեց: Որոշումը վերանայվեց, ավելինՙ ԱՄՆ-ը չի հրաժարվում Եփրատից մինչեւ Իրաքի սահման ընկած տարածքը քրդական ուժերի վերահսկողությանը հանձնելու մտադրությունից, որ քրդերի միջոցով վերահսկի Վաշինգտոնը, կասեցնելու համար Իրանի առաջխաղացումը դեպի Սիրիա, բայցեւայնպես քրդական ուժերի մերձեցումը ռուսներին անխափան շարունակվում է:

Դրանում, ըստ երեւույթին, որոշակի դեր ունի Սիրիայի հյուսիս-արեւելքում անվտանգության համատեղ գոտի ստեղծելու թուրք-ամերիկյան համատեղ նախաձեռնությունը, որն անկասկած մտահոգում է քրդական ուժերին, ինչպես նաեւ Թուրքիայի վերաբերմունքը Սիրիայի դեմոկրատական ուժերին, որոնց վերջինը ահաբեկչական ուժեր է անվանում: Բացի դրանից, ռուսներն առանձնապես դեմ չեն Սիրիայի արեւելքը ինքնավարության հիմունքներով քրդական ուժերին տրամադրելու ամերիկյան ծրագրին: Այսինքն, մերձենալով ռուսներին, քրդերն ոչինչ չեն կորցնում, պարզապես ռուսական կողմն է զիջում, ի վնաս Բաշար Ասադի վարչակարգի:

Չի բացառվում, որ այդ զիջումը պայմանավորված լինի սակարկությունների արդյունքում Ղրիմի դիմաց ամերիկացիների Քրդական ինքնավարության ծրագրի հետ համակերպվելու ռուսական պատրաստակամության հետ: Դեռեւս 2017-ին բացահայտվել էր Մոսկվայիՙ քրդերին ինքնավարություն նախատեսող ծրագիրը: Ինչպես երեւում է, ռուսները համակերպվել են նաեւ Սիրիայի հյուսիս-արեւմուտքի թուրքական օկուպացիայի հետ:

Ի դեպ, 2016 թ. մարտին Թուրքիան վերակազմավորեց, այսպես կոչված, Ազատ Սիրիայի բանակը, որպեսզի այս բանակի աջակցությամբ անկաշկանդ գործի Սիրիայի տարածքում «Եփրատի վահան» գործողություններն իրականացնելիս: 2016-ի օգոստոսին սկսած ռազմական այս գործողությունները ավարտվել են 2017-ի մարտին, որոնց ընթացքում թուրքական զինված ուժերը գրավել էին սահմանակից Ջարաբլուսը, Ազազը, Ալ Բաբը, իսկ 2018-ի հունվարինՙ քրդաբնակ Աֆրինը:

Ամերիկացիները թույլ չտվեցին նրանց գրավելու Մանբիջը, իսկ ինչ վերաբերում է Իդլիբին, ապա այդ քաղաքը դեռեւս 2015-ին ԱՄՆ-ի, Թուրքիայի, Քաթարի եւ Սաուդյան Արաբիայի աջակցությամբ անցել էր ան-Նուսրայի վերահսկողության տակ: Հետագայում, ավելի շուտՙ 2018-ին, Թուրքիայի վերահսկողությանը ենթարկվեց ան-Նուսրան, հետեւաբար նաեւ Իդլիբը: Թեեւ ռուսական օդուժի աջակցությամբ Բաշար Ասադի զորքերը մի շարք հարձակումներ են ձեռնարկել Իդլիբի վրա, սակայն կոտրել ան-Նուսրայի դիմադրությունը Իդլիբումՙ առայժմ չի հաջողվում, որտեղ դիտակետեր ունեն թուրքական զինված ուժերը:

Ըստ ամենայնի ռուսներն շատ չեն շտապում Իդլիբը մաքրել Թուրքիայի կողմից հովանավորվող ան-Նուսրայի ահաբեկիչներից: Խնդիրը, իհարկե, S-400 համակարգերի վաճառքը չէ, այլ թուրքական սպառնալիքով, Սիրիայի դեմոկրատական ուժերի պահանջները Սիրիայի արեւելքում չափավորելու նկատառումներն են: Եթե ամփոփելու լինենք, ապա կստացվի, որ ռուսական ռազմական միջամտությունը, ինչ խոսք, նպաստել է երկրում նախագահ Բաշար Ասադի իշխանության պահպանմանը, բայց Ռուսաստանն էլ շնորհիվ այդ միջամտության դիրքեր է ամրապնդել Սիրիայում եւ ստացել է ինչպես հարեւան արաբական երկրներին վերահսկելու, այնպես էլ Արեւելյան Միջերկրականում ռազմաքաղաքական ներկայությունը ապահովելու լայն հնարավորություն, խլելով, ընդ որում, նախաձեռնությունը տարածաշրջանում ԱՄՆ-ից: Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ ռազմական միջամտությունից առավելապես շահել է Ռուսաստանը իր նախագահիՙ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-07-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ