RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-07-2019



Տեղադրվել է` 2019-07-26 12:19:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2210, Տպվել է` 187, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՒՅՔԸՙ ԶԱՎԹՎԱԾ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, 23.07.2019

Երեւանի քաղաքապետարանի վերջին ամիսների գործունեության շուրջ կարծիքները երկակի են: Ոմանք գտնում են, որ իրենց բակի բարեկարգումը քաղաքային իշխանության նախընտրական խոստումների կատարման ապացույց է, մյուսները բակային կանաչապատ տարածքները ջրազրկելն ու այդկերպ պուրակները չորացնելն են նշում ու մայրաքաղաքի պաշտոնյաներին մեղադրում: Այսօրինակ խնդիրներն իրոք շատ են, այնքան հաճախ նկատվող, որ թվում է անհիմն չեն այն պաշտոնյաների արդարացումները, թե 25-30 տարիների ընթացքում կուտակված հարցերը 1-2 տարում լուծել հնարավոր չէ: Եթե նկատի ունենանք մայրաքաղաքի ուղեւորատար տրանսպորտի բարեփոխումը, մեր համաքաղաքացիներն ինչ-որ առումով հաշտվել են առաջիկա երկու տարիներին այն բարելավված տեսնելու քաղաքապետի սահմանած ժամկետի հետ: Բայց պարզվում է տրանսպորտի բարեփոխում ասվածը միայն շարժակազմը չէ, այլ դրան նպաստող այլ գործոնները եւս, որոնցից այսօր ներկայացնում ենք կանգառներում տեղադրված վահանակների վիճակը: Դրանք մեկ հիմնական նպատակով են պատրաստվել եւ ուղեւորների համար տեսանելի հատվածներում տեղադրվել. ուղեւորներին տեղեկատվություն հաղորդել տվյալ կանգառ ժամանող եւ անցնող տրոլեյբուսների, ավտոբուսների ու երթուղայինների մասին: Հիմա փորձեք նշված պայմաններից որեւէ մեկի վերաբերյալ տեղեկատվություն ստանալ տպագրված վահանակների լուսանկարներից. զուր ջանքեր: Այսպիսի տեսք ունեն մայրաքաղաքի գրեթե բոլոր կանգառներում տեղադրված մի քանի հազար վահանակները, որոնք քաղաքապետարանի սեփականությունն են, սակայն օգտագործվում են վարկատուների ու բնակարաններ վաճառողների, մազեր գնողների ու խոհանոցային գույք առաջարկողների, բեռնափոխադրումներ իրականացնողների ու ՌԴ ուղեւորափոխադրումներ կազմակերպողների, անգամ քաղաքական կոչեր ու հայտարարություններ հնչեցնողների կողմից:

Ամիսներ առաջ, դեռ գարնանը, վահանակները կարգի բերելու, դրանք իրենց բուն նպատակին ծառայեցնելու հարցով դիմեցի զեյթունաբնակ մեր հարեւան պաշտոնյային, առաջարկելով բնակիչներիս անունից հարցը բարձրացնել քաղաքապետի աշխատանքային խորհրդակցություններից մեկում, այն չկապել երկտարյա հնարավոր բարեփոխումների հետ: Ամիսներ են անցել եւ ոչ մի դրական փոփոխություն, միայն վահանակներին փակցվող հայտարարություններն են ավելացել, ամենուր տհաճ պատկեր ստեղծել:

Արդյո՞ք իրապես անհնարին է այս պարզ ու հասարակ խնդրի լուծումը, որը մեր համաքաղաքացիներին հույս կներշնչի, որ առաջիկայում կլուծվեն նաեւ առավել աշխատատար այլ հարցերը: Թե՞ այսկերպ երեւանցիներիս հասկացվում է, որ խնդիրը Երեւանի քաղաքապետարանում կայացած կադրային փոփոխությունն էր, մնացյալըՙ ըստ ցանկության: Ստացվում է, որ քաղաքապետարանի գույքը քաղաքացիների սեփականությունն է, թող օգտագործեն ինչպես կամենում են, անգամ զավթելու տեսքով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-07-2019

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ