ԻՆՉՈ՞Ւ Է ՊԵՆՏԱԳՈՆԸ ՀԱՎԵԼՅԱԼ ԶՈՐՔ ՈՒՂԱՐԿՈՒՄ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ Նավագնացության անվտանգության խնդիրներ Պենտագոնը հավանություն է տվել Սաուդյան Արաբիա հավելյալ զինծառայողներ եւ անհրաժեշտ տեխնիկա ուղարկելու ծրագրին: Համապատասխան կարգադրությունը հաստատել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռիչարդ Սպենսերը : ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հաղորդագրության մեջ նշվում է, որ հավելյալ զինծառայողները եւ համապատասխան տեխնիկական միջոցները Սաուդյան Արաբիա կուղարկվեն այդ երկրի պաշտպանության նախարարի թույլտվությամբ: Պենտագոնում մանրամասնել են, որ նման որոշումը կդառնա հավելյալ զսպիչ գործոն եւ տարածաշրջանում կապահովի երկու երկրների ուժերի ու շահերի պաշտպանությունը: 2003 թվականին ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիայից գրեթե ամբողջությամբ դուրս էր բերել իր 10 հազարանոց զորքը, որն այնտեղ էր գտնվում Պարսից ծոցի պատերազմի ժամանակներից: 2003 թվականից հետո Սաուդյան Արաբիայում մնացել էին միայն ամերիկացի զինվորական հրահանգիչներ: Մայիսի վերջերին Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ լրացուցիչ կարգով Մերձավոր Արեւելք կուղարկվի մոտ 1500 ամերիկացի զինծառայող: Նշվում էր, որ դա անհրաժեշտ է իրանական ապառնալիքից պաշտպանվելու համար: Ապա հունիսին Պենտագոնը հայտարարեց, որ Մերձավոր Արեւելք կուղարկվի 1000 զինծառայող: Համապատասխան կարգադրությունը ստորագրել էր ԱՄՆ պաշտպանության նախարարի այն ժամանակվա պաշտոնակատար Պատրիկ Շանահանը: Ի հավելումն ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության պարտականությունների, լրացուցիչ զորաբաժինը պետք է ապահովի անվտանգ նավագնացությունը Մերձավոր Արեւելքում: Կենտրոնական հրամանատարությունը մշակում է միջազգային ծովային գործողություն, որպեսզի տարածաշրջանում նավագնացության անվտանգություն ապահովի Պարսից ծոցի վերջին իրադարձություններից հետո: Հաղորդագրության մեջ մասնավորապես խոսվում է Օրմուզի եւ Բաբ-էլ-Մանդեբ նեղուցներում, ինչպես նաեւ Ադենի եւ Արաբական ծոցերում անվտանգության ապահովման մասին: Անցյալ շաբաթավերջին Իրանը Օրմուզի նեղուցում կալանեց բրիտանական Stena Impero նավթատար նավըՙ հայտարարելով, որ վերջինս խախտել է միջազգային նավագնացության կանոնները: ԱՄՆ-ը դա համարեց Իրանի կողմից բռնության ուժեղացում եւ հայտարարեց, որ կշարունմակի Իրանին հակազդելու աշխՓատանքը: |