RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 02-08-2019



ՈՒՂԵԳՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2019-08-01 22:32:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 4126, Տպվել է` 564, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԻՆԱՍՏԱՆ-2

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր

ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության կազմակերպած Չինաստան այցելության ծրագրի շրջանակներում (մեր նախորդ հրապարակումը տե՛ս «Ազգ», թիվ 29(5576), 26-07-2019) տեղի ունեցան մի քանի կարեւոր հանդիպումներ: Դրանցից մեկը ՉԺՀ Արտաքին գործերի նախարարությունում Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի խորհրդական Գո Չժիցզյուի հետ հանդիպումն էր: Ջերմ ողջույններից հետո մեզ առաջարկեցին, իսկ հետո պարոն Գո Չժիցզյուն բավականին մանրամասն ներկայացրեց Չինական «հրաշքի» պատմությունը: Հաճելի էր տեսնել, թե ինչպիսի անթաքույց հպարտությամբ էր նա ներկայացնում վերջին 40 տարում իր երկրի արձանագրած աննախադեպ հաջողությունները (բանախոսի ասածներին մասնագիտական աղբյուրների հիման վրա որոշ լրացումներ են արվել մեր կողմից): Բանախոսի ասածներն ավելի տպավորիչ եւ ընկալելի էին դարձնում նաեւ նրբագեղ արտաքինով թարգմանչուհու նուրբ կանացի ձայնն ու բավական սահուն ռուսերենը:

Գիտեք, հանդարտ ու մտերմական տոնով իր խոսքն սկսեց բանախոսը, որ շուտով տոնելու ենք Նոր Չինաստանի 70-ամյակը: Սկզբում շատ աղքատ էինք` մեկ շնչի բաժնեմասը 23 ԱՄՆ դոլար էր: Ամեն ինչ սկսվեց 1978թ. դեկտեմբերին, երբ Չինաստանը հրաժարվելով «մշակութային» եւ ընդհանրապես ամեն տեսակի հեղափոխություններից, որդեգրեց ականավոր պետական գործիչ Դեն Սյաոպինի (երախտապարտ չինացիները նրան քնքշորեն անվանում են «Մեր Դենը» կամ պարզապես` Դեն) նախաձեռնած պատմականՙ բարեփոխումների եւ բաց դռների քաղաքականությունը: Դրա արդյունքում տեղի է ունեցել պատմական մեծ բեկում: Այդ ժամանակաշրջանը մեկ բառով կարելի է անվանել «չինական սպեցիֆիկայի (առանձնահատկության) տարիներ»:

Երկրի դինամիկ զարգացման 40 տարվա ընթացքում Չինաստանի ՀՆԱ-ն ավելացել է ավելի քան 30 անգամ, իսկ տարեկան միջին աճը կազմել է 9.5%: Չինաստանը հետամնաց երկրից (այն ժամանակՙ բարեփոխումների սկզբում, աշխարհի 11-րդ տնտեսությունն էր) վերածվել է աշխարհի երկրորդ տնտեսությունն ունեցող երկրի: Այսօր համաշխարհային տնտեսության մեջ Չինաստանի բաժինը կազմում է 30%: Մեր երկիրը դարձել է արդյունաբերական ապրանքների խոշորագույն արտադրողը, արտաքին առեւտրի ամենամեծ ծավալը եւ ոսկու-արժույթի ամենամեծ պաշարներն ունեցողն աշխարհում:

Միաժամանակ երկրում տեղի է ունենում ժողովրդի բարեկեցության շարունակական բարելավում: Այսպես` եթե 1978թ. մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն Չինաստանում կազմում էր ընդամենը 381 յուան, ապա 2018թ. այդ ցուցանիշն աճել է մինչեւ գրեթե 60.000 յուան (մոտ $8.800), այսինքնՙ ավելացել է 22.5 անգամ: Չինաստանը դարձել է աշխարհում միջինից բարձր եկամուտներ ունեցող երկիր: Բնակչության կենսամակարդակի կայուն բարձրացումը եւ սոցիալական ապահովության համակարգի անընդհատ կատարելագործումը թույլ են տալիս չին ժողովրդին վստահ լինել վաղվա օրվա հանդեպ, իրեն զգալ անվտանգ ու ավելի երջանիկ:

Ներքին կյանքում արձանագրած հաջողություններին զուգընթաց Չինաստանը լիովին ինտեգրված է շրջակա աշխարհին: Բաց դռների քաղաքականությամբ Չինաստանը սեփական զարգացումը սերտորեն կապում է գլոբալ զարգացումների հետՙ օտարերկրյա կապիտալի եւ առաջավոր տեխնոլոգիաների ներգրավումը համադրելով դեպի միջազգային շուկա չինական կապիտալի դուրս գալու եւ միջազգային ներդրումային համագործակցության ակտիվացման հետ, համատեղ զարգացման շանսերը կիսում է աշխարհի բոլոր երկրների հետ: Ակտիվ մասնակցություն է ունենում հօգուտ համամարդկային ճակատագրի ընկերակցության կերտման, նախաձեռնել է «Մետաքսի ճանապարհ» եւ «Մեկ գոտի մեկ ճանապարհ» (ՄԳՄՃ) տնտեսական գոտու համատեղ կառուցմանը:

Կարեւոր է նաեւ, որ Չինաստանն այլ երկրների առաջավոր փորձը փոխառելուն զուգընթաց երբեք կուրորեն չի պատճենում նրանց զարգացման մոդելները: Ավելի լավ ու երջանիկ ապրելու ձգտող չին ժողովուրդը սատարում է այդ վերափոխումները: Այդ պատճառով էլՙ աշխարհի ամենաբազմամարդ երկիրը կարողացավ դուրս գալ քաղաքական քաոսի, աղքատության եւ հետամնացության ճիրաններից: Դեն Սյաոպինը, երկրի ներսում հռչակելով շուկայական բարեփոխումների, իսկ արտաքին աշխարհի հանդեպ բացության քաղաքականություն, առաջ քաշեց «չինական առանձնահատկությամբ սոցիալիստական արդիականացման» ռազմավարությունը: Ի դեպ, Դեն Սյաոպինն իր քաղաքական երկար կարիերայի ընթացքում շնորհազրկվել է: Նրան անգամ ձերբակալել են, բայց Մաո Ցզեդունի մահվանից հետոՙ 1976թ. նա հերթական անգամ վերականգնվեց նախկին պաշտոններում, սկսեց կյանքի կոչել «չորս մոդեռնիզացիաների» (գյուղատնտեսության, արդյունաբերության, պաշտպանության, գիտության եւ տեխնիկայի) ուղեգիծը եւ սկիզբ դրեց ՉԺՀ բարեփոխումների փուլին: նա դարձավ նոր մտածողության հեղինակը, մշակեց «չինական առանձնահատկությամբ սոցիալիզմի» սկզբունքը, դարձավ տնտեսական բարեփոխումների նախաձեռնողն ու իրականացնողը: Երկրի առջեւ դրվեց չինական տնտեսության արդիականացման ֆինանսավորման համար բավարար հավելյալ արժեքի ստեղծման նպատակ:

Այնուհետեւ բանախոսը առանձնացրեց այդ թռիչքային զարգացման հիմքերը` ա) ՉԿԿ-ի ղեկավարությամբ ընտրվեց չինական առանձնահատկություններով սոցիալիզմի ուղին, բ) 1978 թ. որդեգրվեց բաց դռների քաղաքականությունը, գ) փոխշահավետ պայմաններով աշխարհի բոլոր երկրների հետ բարեկամական հարաբերությունների հաստատում, դ) չին ժողովուրդը աշխատասեր է:

Բարեփոխումների նպատակը արդիականացման, արագացված տնտեսական աճի եւ գիտատեխնոլոգիական պոտենցիալի զարգացման հիման վրա Չինաստանը զարգացած պետությունների մակարդակ դուրս բերելը եւ այդ հիմքի վրա նրա քաղաքացիների համընդհանուր բարեկեցության ապահովումն էր: Դա Դենի կարծիքով հնարավոր էր մտավոր աշխատանքի եւ հասարակության մեջ մտավորականության դերի բարձրացման միջոցով: Միաժամանակ` թույլ չտալով, որ հանրային հարստության հիմնական մասը կուտակվի հասարակության փոքր հատվածի ձեռքում: Դենը հրաժարվեց ԽՍՀՄ-ում ընդունված դոգմաներից եւ սկսեց որոնել սեփականՙ չինական առանձնահատկությամբ սոցիալիզմի մոդելը, որի տնտեսական հիմքը արտադրամիջոցների հանրային սեփականությունն էՙ զուգահեռաբար տնտեսության ոչ սոցիալիստական հատվածների (ներառյալՙ մասնավոր հատվածը) զարգացման խրախուսմամբ: Դենը հրաժարվեց նաեւ պլանի եւ շուկայի հակադրումիցՙ աստիճանաբար ընդլայնելով շուկայական հարաբերությունների դերըՙ որպես տնտեսության զարգացման գլխավոր կարգավորիչ: Խնդիր դրվեց նաեւ, որ ՉԺՀ-ում ակտիվորեն ներգրավվի օտարերկրյա կապիտալը, օգտագործվեն գիտության եւ տեխնիկայի նվաճումները, կառավարչական փորձը: Այդ ծրագիրը մշակվում էր «գետն անցնելՙ քարերը շոշափելու» մեթոդով, որը կիրառվում է որպես խնդիրների լուծման զգուշավոր մոտեցման հոմանիշ: Վերափոխումներն աստիճանական, էվոլյուցիոն բնույթ ունեին, ի տարբերություն առկա կարգերի վրա սրընթաց այն գրոհի, որն իրականացվեց Հայաստանում:

Նկատենք, որ վերափոխումների գործընթացն ուղեկցվում էր Արեւմուտքի հետ հարաբերությունների բարելավմամբ: Դենն առաջնորդվում էր «կարեւոր չէ, թե ինչ գույնի է կատուն, գլխավորն այն է, որ նա մուկ բռնի», ինչպես նաեւ Մարքսյան «պրակտիկան ճշմարտության գլխավոր չափանիշն է» սկզբունքներով: Չինական տնտեսական բարեփոխման առաջին մասը վերաբերում էր գյուղատնտեսությանը, իսկ 80-ականների կեսերից սկսվեցին բարեփոխումներ իրականացվել նաեւ քաղաքում: Դեն նետվեցին արհեստական համահավասարեցման կարծրատիպերը, տնտեսության մեջ նվազեցվեց կառավարության դերը, ձեռնարկություններում խրախուսվում էր եկամտաբեր արտադրությունը, աճեց մասնավոր սեկտորի դերը: Ճնշումն արտաքին առեւտրի վրա թուլացվեց եւ այլն :

Երկրորդ փուլում տեղի ունեցան պլանային համակարգի ապամոնտաժում եւ անցում շուկայական տնտեսության: Ստեղծվեցին դեպի արտաքին շուկա կողմնորոշված հատուկ տնտեսական շրջաններ (ՀՏՇ), ինչպես նաեւ բաց տնտեսական գոտիներ ափամերձ շրջաններում, անմաքսատուրք գոտիներ, ներդրվեց «բաց դռների քաղաքականությունը»: Թույլատրվեցին սեփականության բոլոր ձեւերը, պաշտոնապես ամրագրվեց քաղաքացիներիՙ մասնավոր սեփականություն ունենալու, անհատական գործարարություն վարելու իրավունքը: Երկիրն առաջ էր ընթանում «վագրին հեծած», բայց առանց տոտալ վերահսկողության: Իսկ գաղափարախոսական սկզբունքներն սկսեցին նվազագույն դեր խաղալ տնտեսությունում: Ավելորդ էր դառնում կաշկանդվել աբստրակտ վեճերով, անկարեւոր էր արդեն այդ ամենը սոցիալի՞զմ է, կապիտալի՞զմ, թե՞ մեկ այլ բան:

Դենը հրաժարվեց դեմոկրատիայի արեւմտյան մոդելիցՙ իշխանության երեք ճյուղերի բաժանմամբ եւ հանուն իշխանության կուսակցությունների պայքարով, այն հարմար չհամարելով չինական պայմանների համար: Նրա համար կարեւորն այն էր, որ Չինաստանը վերածվի արդիական իրավական պետության, որը կառավարվում է օրենքների հիման վրա: Կարեւորվում են զարգացումը եւ խաղաղությունը: Տնտեսական բարեփոխումները Չինաստանում բնավ նման չէին ԽՍՀՄ-ում Միխայիլ Գորբաչովի նախաձեռնած վերակառուցմանը, որտեղ գրեթե բոլոր վերափոխումները պարտադրվում էին վերեւից տրվող հրահանգով: Իսկ Չինաստանում, ընդհակառակը, բարեփոխումները նախաձեռնվեցին ներքեւից եւ քաջալերվեցին վերեւի կողմից:

Դենը մահացավ 1997թ., 92 տարեկան հասակում: Դենի ամենաիրական հուշարձանը Պուդունում է (տարածքը 523 կմ է, բնակչությունըՙ 1,5 մլն), որը 15 տարվա ընթացքում վերածվեց ողջ Չինաստանի ֆինանսական եւ գործարար կենտրոնի, իսկ այսօր արդեն Պուդունի տարեկան համախառն ներքին արդյունքը մոտենում է $100 մլրդի սահմանագծին: Բարենորոգչական միջոցները պատճենվում են այստեղից եւ տարածվում ողջ երկրում: Չինաստանում ստեղծվել է «երկարատեւ տնտեսական զարգացման» ուրույն հայեցակարգ, խորիմաստորեն համակցվում են հրամանատարավարչարարական կառավարումն ու շուկայական տնտեսվարումը: Մինչեւ 2050թ. նախատեսվում է ունենալ «միջին ունեւորության հասարակություն» եւ անհավասարության իսպառ վերացում:

Փոխշահավետ տնտեսական համագործակցության ուղիով ընթացող, գլոբալ ՀՆԱ-ի մեկ վեցերորդը եւ համաշխարհային տնտեսական աճի մոտ 30%-ը ապահովող Չինաստանը նախաձեռնել է «մեկ գոտի մեկ ճանապարհ», «հաղթության միություն» եւ «մարդկության ընդհանուր ճակատագրի ընկերակցություն» մեգանախագծերը, որոնք գլոբալ կառավարման եւ «մարդկության ընդհանուր ճակատագրի ընկերակցության» ձեւավորման գործին Չինաստանի մասնակցության կարեւոր գործիքներ են դարձել:

Բանախոսը նշեց, որ կան նաեւ դժվարություններ եւ դեռեւս լուծման կարոտ շատ հարցեր: Դրանցից են օրինակ` դեռեւս երկրի արեւմտյան հատվածում գոյություն ունեցող աղքատությունն ու անհավասարությունը: Այդ նահանգներում կենսամակարդակն զգալի զիջում է երկրի միջինին: Անչափ կարեւոր է պահպանել անվրդով զարգացման ընթացքը եւ հիմնախնդիրների լուծման խաղաղ տարբերակները` հատկապես ամենազարգացած ԱՄՆ-ի եւ ամենազարգացող ՉԺՀ-ի միջեւ: Հարկավոր է, որ բոլորը գիտակցեն` մարդկությունը մեկ Երկիր ունի եւ մեկ ճակատագիր: Չինաստանը չի ուզում, բայց եւ չի վախենում տնտեսական մրցակցությունից եւ ամեն ինչ անում է բոլոր երկրների հետ համագործակցություն ապահովելու համար: Արդեն 140 երկիր միացել է այսօր աշխարհում ամենամեծ` «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին:

Բանախոսն անդրադարձավ նաեւ հայ-չինական հարաբերություններին եւ շեշտեց, որ Հայաստանին համարում են կարեւոր դաշնակից: Օր օրի մեր երկու երկրների միջեւ քաղաքական վստահությունը խորանում է, որի առհավատչյան ամենաբարձր մակարդակի փոխայցելություններն են եւ այնպիսի սկզբունային փոփոխությունները, որոնցից են վիզային ռեժիմի վերացումը, էքստրադիցիայի կիրառումը, ապրանքափոխանակության եւ համատեղ ծրագրերի իրականացման անընդհատ ավելացումը: Հայ-չինական հարաբերությունների խորացման գործում կարեւոր դերակատարություն ունեն եւ իրենց հրապարակումներով լավագույնս պիտի նպաստեն նաեւ ԶԼՄ-ները:

Հայաստանը առավելություն ունի կադրերի եւ նոր տեխնոլոգիաների բնագավառում: Մեծ հեռանկար կա թվային տեխնիկայի եւ արհեստական գիտակցության ասպարեզում: Կարեւոր է, որ մեր հարաբերություններում պահպանվի հավասար եւ փոխշահավետ գործելակերպը: Մեծ ներուժ ունենք հատկապես մշակույթի եւ գիտության բնագավառներում, որտեղ առաջին ծիծեռնակը հայ-չինական դպրոցի հիմնումն է: Աշնանը կազմակերպվում է հին քաղաքակրթությունների երկխոսություն-համաժողով, որը, համոզված ենք, որ կնպաստի հայ-չինական հարաբերությունների էլ ավելի ընդլայնմանը:

Վերջում եւս մեկ անգամ ընդգծելով ԶԼՄ-ների էական դերակատարությունը եւ հորդորելով այսուհետեւ ավելի ուշադիր լինել Չինաստանի հաջողությունների նկատմամբ, բանախոսը հաջողություն մաղթելով բոլորին, հրաժեշտ տվեց եւ հույս հայտնեց կրկին տեսնել մեզ իրենց երկրում:

Շարունակությունը հաջորդիվ

07.07-17.07.2019

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 02-08-2019

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ