RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 02-08-2019



Տեղադրվել է` 2019-08-01 22:32:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 2088, Տպվել է` 565, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵԱՏՄ-Ն ԻՐԱՆՈՎ ՄՈՒՏՔ ԿԳՈՐԾԻ ՄԵՐՁԱՎՈՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Պատժամիջոցները որպես միավորիչ գործոն

Մոտ ժամանակներս Իրանը եւ Եվրասիական տնտեսական միությունըՙ ԵԱՏՄ-ն, կսկսեն աշխատել ազատ առեւտրի գոտու ռեժիմով: Համաձայնագիրն արդեն վավերացրել են ԵԱՏՄ երկրներիՙ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Հայաստանի խորհրդարանները, իսկ այս տարվա հունիս 10-ինՙ նաեւ Իրանի խորհրդարանը: Համաձայնագիրը կսկսի գործել բոլոր անհրաժեշտ արարողակարգերի ավարտման մասին ծանուցագրի ստացումից 60 օր անց:

Հիշեցնենք, որ 2018 թ. մայիսի 17-ին Աստանայում ստորագրվեց ժամանակավոր համաձայնագիր ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ: Այդ ուղղությամբ բանակցություններ էին վարվում 2016 թվականից: Դրանք դյուրին չէին, վավերացումը ձգձգվեց եւս մեկ տարի: Այսպես, եթե ՌԴ Պետդուման Իրանի հետ ժամանակավոր համաձայնագիրը վավերացրեց դեռ անցյալ տարվա նոյեմբերին, ապա Ղազախստանի խորհրդարանը դա արեց միայն ս.թ. ապրիլին: Պատճառը որոշ արտաքին գործոնների ազդեցությունն էր:

ԵԱՏՄ կոլլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը դրանք բնորոշում է հետեւյալ կերպ. «Դա մեզ համար կարեւոր փաստաթուղթ է, քանի որ փոխվել է ԱՄՆ-ի դիրքորոշումը Իրանի հանդեպ. Դա մարտահրավեր է շատ ընկերությունների համար: Մյուս կողմից, Եվրոմիությունը մշակում է Իրանի հետ աշխատելու նոր ծրագիր, որպեսզի ԱՄՆ-ի կողմից ձեռնարկվող նոր միջոցները չազդեն Իրանում գործող եվրոպական ընկերությունների վրա: Եվ իհարկե մեր ընկերությունները եւս որոշակի դժվարություններ կունենանՙ կապված հակաիրանական պատժամիջոցների հետ», մեջբերում է Ռեգնում գործակալությունը:

Ազատ առեւտրի գոտու ստեղծման իմաստն այն է, որ պայմանավորվող կողմերը նվազեցնում կամ վերացնում են մաքսատուրքերը ապրանքների համաձայնեցված ցանկի առնչությամբ: Բանակցությունների ընթացքում բարդություն էին ներկայացնում հենց այդ ապրանքների ցանկը եւ մաքսատուրքերի չափերը: Այժմ խնդիրները լուծված են, իսկ համաձայնագրի պայմանները մոտեցված են Առեւտրի համաշխարհային կազմակերպության պահանջներին: Փաստաթուղթը ձեռնտու է ամենքին, քանի որ փոխշահավետ համագործակցության հնարավորություններ են ստեղծվում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով:

Մինչեւ վերջերս Իրանի հետ ԵԱՏՄ երկրների առեւտրի ծավալները բավական փոքր էին: 2017 թվականին դրանք կազմում էին Իրանի արտաքին առեւտրի ընդամենը 2 տոկոսըՙ չհասնելով նույնիսկ մեկուկես միլիարդ դոլարի: Ըստ որում, Չինաստանի եւ Եվրոմիության հետ Իրանի առեւտրաշրջանառությունը կազմում էր համապատասխանաբար 40 եւ 13 մլրդ դոլար: Սա մեծապես պայմանավորված էր նրանով, որ Թեհրանում զգուշավորությամբ էին մոտենում Եվրասիայի ինտեգրացիոն գործընթացներին, բայց հարցը միայն դա չէ:

Իրանը 1979 թվականից ենթակա է պատժամիջոցների: Նրա տնտեսությունը ընդհանուր առմամբ հարմարվել է այդ իրավիճակին: Այդուհանդերձ, իրանցի ղեկավարները Արեւմուտքի հետ գործառնությունների որոշակի աշխուժացման ակնկալիքներ ունեին, որոնք կապված էին պատժամիջոցների հավանական չեղարկման հետ: Թեհրանը դրան էր հարմարեցնում իր տնտեսական ռազմավարությունը: Բայց հիմա, երբ ԱՄՆ-ը դուրս է եկել միջուկային բազմակողմ համաձայնագրից եւ սկսել է նոր եւ է՛լ ավելի ցավոտ պատժամիջոցներ ձեռնարկել, Իրանում հասկացել են, որ Արեւմուտքի նմանօրինակ քաղաքականությունը դառնում է երկարաժամկետ:

Ըստ այդմ, ժամանակն է գործելՙ հույս չդնելով պատժամիջոցների շրջանցման զանազան հնարքների վրա: Ուստի ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը Թեհրանի համար դառնում է առանձնապես արդիական: Չէ՞ որ ի հայտ է գալիս ոչ միայն արտադրանքի իրացման հսկայական շուկա, այլեւ պատժամիջոցների ենթարկվող նոր, հատկապես ռազմական տեխնոլոգիաների հասանելիության հնարավորություն, եւ առհասարակ ստեղծվում է հյուսիսում քաղաքական-տնտեսական բարենպաստման ռեժիմի հնարավորություն: Իրենց հերթին, ԵԱՏՄ պետությունները կարող են Իրանի տարանցիկ հնարավորություններն օգտագործել Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրներ մուտք գործելու համար:

Նշենք մի քանի կարեւոր առանձնահատկություններ: ԵԱՏՄ բոլոր երկրներից միայն Ռուսաստանն է ենթակա Արեւմուտքի ճնշումներին: Պատժամիջոցների ճնշման տակ է նաեւ Իրանը: Սկզբունքորեն, երկու երկրները կարող են դիմադրության միասնական գիծ կազմել, որը կարող է այնքան էլ դուր չգալ ԵԱՏՄ-ի ուրիշ երկրներին, մասնավորապես Ղազախստանին, որը գտնում է, որ դաշինքը չպետք է վերածվի հակաարեւմտյան կոալիցիայի: Աստանան կարող է Իրանի ներկայությանը դեմ լինել թեկուզ այն պատճառով, որ ղազախական ածխաջրածինների արտահանությամբ զբաղվող Тенгизшевройл ընկերությունում ԱՄՆ-ի բաժինը կազմում է 75 տոկոս: Բայց Իրանը ոչ թե ինտեգրվում է ԵԱՏՄ-ին, այլ ինտեգրվում է նրա հետ: Եվրասիական տնտեսական միությանը նրա միանալու հարցը թողնվում է ապագային:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 02-08-2019

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ