RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 02-08-2019



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2019-08-01 22:32:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 2113, Տպվել է` 564, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՄԵՂ ՍՆՈՒՆԴ, ՈՐ ՆԱԵՎ ԱՌՈՂՋԱՐԱՐ Է

Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, AGBU INSIDER: Vol 10, April

Ռենին միաձուլում է բժշկությունն ու ուտելիքը

Շարունակելով հյուրընկալության եւ հյուրասիրության թեման «AGBU INSIDER» պարբերականիցՙ այս անգամ թարգմանաբար ներկայացնում ենք Էպիկուրյան փիլիսոփայությունը, այսինքն բնությունը, բնականը ճանաչելու ուսմունքին հետեւող Ռենի Չերքեզյանին, որ համահիմնադիրն ու տնօրենն է «EPICURED» (Նյու Յորք, ԱՄՆ) առողջապահական արտադրանքների ընկերության: Նա անտիկ շրջանի հույն մատերիալիստի անունից բայ է հորինել նույնիսկ եւ իր արտադրանքները անվանել «Էպիկյուրդ», ինչը նշանակում է բուժվել (cured) բնական, օրգանական սնունդ ընդունելով:

Ամեն ինչ սկսվել է, երբ Ինգլվուդ Քլիֆսում (Նյու Ջերսի) Ջորջթաուն համալսարանը (բուժքույրական ֆակուլտետ) ավարտելուց հետո նա աշխատել է փորձառություն ձեռք բերել հիվանդանոցում, որտեղ մասնավորապես օգնել է մի ընկերոջ հաղթահարելու քաղցկեղ հիվանդությունը: Նրա բուժման մաս էր կազմում որոշակի սահմանափակ սնունդը: «Մարտահրավերը այն էր, որ նրա համար ես պետք է պատրաստեի սննդարար, բայց միաժամանակ համեղ ուտելիք: Այստեղ է, որ գիտակցեցի, թե ուտելիքն էլ ունի բուժիչ հատկություն», նշում է Ռենինՙ ոգեւորված այդ հիվանդի մոտ նկատած դրական առաջխաղացումից: Որոշ ժամանակ անց որոշում է ընդարձակել իր գործունեությունը եւ ավելի լայն սոցիալական խավերին օգնել իր գիտելիքներով:

Բայց նախ բուժքույրականին զուգահեռ պետք է վարպետանար խոհարարական գիտելիքների ասպարեզում: Ընդունվել է Մանհեթենի հռչակավոր «Դեյվիդ Բըրքի Թաուն-Հաուս» ռեստորան, այնուհետեւ մեկնել է Փարիզ սովորելու Սորբոնի համալսարանում: Յուրացրել է լեզուն, մշակույթը եւ «Ritz Escoffier-ից» ստացել գերազանցության վկայական: Այստեղ էլ մտահղացել է իր երկուՙ բշժկական եւ խոհանոցային հմտությունները միավորել: «Դա չպետք է լիներ մեկի հաշվին, մյուսինՙ ի նպաստ: Ես պետք է կարողանայի օպտիմալ օգտագործել երկուսն էլՙ հասնելու համար մարդկանց առողջացնելու իմ տեսլականին»:

Արդյունքում, 2015-ին Ջորջթաունի իր նախկին դասըկներոջՙ Ռիչարտ Բենետի հետ Ռենին հիմնել է «EPICURED» ընկերությունը, որն այժմ հազարավոր հաճախորդների է սպասարկում Բոստոնից Վաշինգտոն ընկած հյուսիսային գոտում:

«Ամեն ինչ, որ անում ենք, հիմնված է փաստական ստուգումների վրա: Կազմակերպության բժշկական խորհուրդը մանրազնին քննության է ենթարկում կերակրատեսակների բաղադրամասերը, որից հետո հմուտ խոհարարները պատրաստում են առողջարար, բայց եւ համեղ ուտելիքներ»:

Մարտահրավերները շատ են: «Ցացր FOODMAP դիետային ուղենիշների համաձմայն սխտոր եւ սոխ չի կարելի օգտագործել, բայց դրանց պահանջը որոշակի սոուսների մեջ բավարարելու համար մենք օգտագործում ենք դրանցից պատրաստված հատուկ յուղեր, որոնք տալիս են դրանց համը, բայց դյուրամարս են: Նման ստեղծագործական մեթոդոլոգիայով փորձում ենք մատչելի ուտելիքներ պատրաստել հասարակության ավելի լայն խավերի համար», նշում է Ռենին, բացատրելով, որ FODMAP-ը ածխաջրածինների փոքր միացությունների խմբաքանակն է, որ սովորաբար դժվար է մարսվում բարակ աղիքում եւ պատճառում է գազեր, փքվածություն, լուծ կամ փորկապություն բոլոր այն մարդկանց մոտ, որոնք հակվածություն ունեն դրանց նկատմամբ: Ցածր FODMAP դիետան, որն այժմ լայնորեն օգտագործվում է դիետաբանների կողմից, այդ նյութերը դարձնում են դյուրամարս»: Ստամոքսաաղիքային բորբոքումների բուժման «Մաունթ Սինայի առաջավոր առողջապահական կենտրոնը» համագործակցում է EPICURED-ի հետ, համարելով, որ այն ճիշտ ծառայություն է մատուցում որոշակի խնդիրներ ունեցող մարդկանց:

«Հաճախորդները մեծապես բավարարված են, որովհետեւ գիտեն, որ մաքուր, համեղ եւ օգտակար ուտելիք են համտեսում: Նրանք վստահում են մեզ: Հաճախորդներից մեկը ցանկանում էր կիսամարաթոնային մրցումների մասնակցել, բայց էլեկտրոլիտերի անբավարար աշխատանքի պատճառով չէր կարողանում նույնիսկ մեկ մղոն վազել: Մտածում էր բուսակեր դառնալ, բայց մեկ ամիս մեր մատուցած սննդամթերքը ուտելուց հետո ուրախությամբ եկավ հայտնելու, որ անալիզների արդյունքները դրական են եւ կարող է մասնակցել մրցումներին: Նա ուրախությունից լացում էր»:

Չերքեզյանն այսօր իր FODMAP ընկերությամբ պատրաստի ուտելիքի առաքման բնագավառում առաջամարտիկ է համարվում: Նրան օգնում են Michelin ընկերության մասնագիտացված խոհարարները, որոնք ուտելիք են պատրաստում հատկապես մարսողական դժվարություններ ունեցող մարդկանց համար: Բայց Ռենին եւ իր գործընկերները փորձում են ընդլայնել իրենց գործունեությունը եւ նորանոր ճաշատեսակներ պատրաստել նաեւ շաքարախտի, սրտի անբավարարության եւ բորբոքային տարատեսակ հիվանդություններով տառապող հիվանդների համար: Նրանց մյուս երազանքն է Հայաստանի ժողովրդին մասնակից դարձնել իրենց առաքելությանը: «Հայաստանն իր զարմանահրաշ մրգերով ու տարատեսակ ուտելիքներով հարուստ երկիր է, որտեղ սնունդընդունման լուրջ խնդիրներ կան: Նպատակս է ցույց տալ հայրենակիցներիս ճիշտ սնվելու եւ առողջ ապրելու ձեւերը», ասում է Ռենին, որն իր մանկությունից սովորել է աշխատել հանուն ուրիշների բարօրության:

Ուտելիքը որպես մտավոր եւ հոգեւոր «դեղամիջոց» օգտագործելու իր փիլիսոփայությունը առաջացել է փոքր տարիքից խոհանոցում մորը ճաշ պատրաստելուց օգնելու մղումից: «Մորս եւ տատիս հետ ճաշեր պատրաստելիս ես հասկացա, թե ինչպիսի նվիրվածություն եւ սեր էին նրանք դնում այդ ամենը պատրաստելու մեջ, նաեւ զարմացա, թե ինչպես էին այդ ճաշատեսակները սերնդե սերունդ փոխանցվել եւ հասել մեր օրերը: Դրանում մեր գոյատեւման ամբողջ պատմությունն էր պարփակված: Հետագայում դրան գումարվեց նաեւ ՀԲԸՄ-ի Նուբար ամառային ճամբար հաճախելու իմ փորձառությունը: Այնտեղ ոչ միայն հայոց լեզուն էր մեզ միավորում, այլեւ մեր մշակութային ժառանգության վերաբերյալ քննարկումներն ու խոսակցությունները: Այդ բոլորն ինձ մղեցին մտածելու միջոցներ եւ մեթոդներ որոնելու, որոնք կվերացնեին մարդկանց շրջանում մարսողության հետ առնչվող վախն ու մտահոգությունը», եզրակացնում է շնորհաշատ Ռենի Չերքեզյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 02-08-2019

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ