RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 23-08-2019



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2019-08-22 22:17:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 1197, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄՈՒԼՍԱՐԸ «ԱՄՈՒԼ» ՉԻ ՄՆԱ...

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հայաստանի ներքաղաքական կյանքում շրջակա միջավայրի պաշտպանության հարցերը իրենց տարբեր դրսեւորումներով օրակարգի վրա են եղել դեռեւս խորհրդային ժամանակներից, միայն այն տարբերությամբ, որ եթե նախկինում բողոքի ու պայքարի դրսեւորումները եղել են ներփակՙ գիտական ու մտավորական շրջանակների ներսում, ապա անկախության շրջանում դրանք ստացել են հրապարակային բնույթ: Սեւանի, Նաիրիտի, Վանաձորի (Կիրովական) քիմկոմբինատի, Ատոմակայանի, Արարատի ու մանավանդ Հրազդանի ցեմենտի գործարանների արտանետումենրը, շրջակա միջավայրի վրա դրանց թողած վնասակար ազդեցությունները մտահոգել են ոչ միայն մասնագետների, այլեւ նույնիսկՙ ազգային ոգով տոգորված սովետահայ պետական որոշ գործիչների: Բնավ պատահական չէ, որ 60-ական թվականների երկրորդ կեսից սկսած Հայաստանի տնտեսական զարգացման հայեցակարգի հիմքում դրվել է «աշխատատար, քիչ նյութատար, քիչ էներգատար եւ դյուրատար» կարգախոսը, որի իրականացման ուղղությամբ զգալի եւ բավական արդյունավետ ջանքեր են գործադրվել մեր հանրապետությունումՙ քիմիական ու մետալուրգիական արդյունաբերությունը հետզհետե թվային տեխնոլոգիայով ու թեթեւ արդյունաբերությամբ փոխարինելու ուղղությամբ, այն էլՙ Մոսկվայի հետ ամենօրյա բազկապրկումների պայմաններում: (Հին երկրաբանները դեռեւս հիշում են օգտակար հանածոների շատ վայրեր, որոնք պեղվելուց անմիջապես հետո փակվում-թաքցվում էինՙ հետագա շահագործումից, այսինքն շրջակա միջավայրի աղտոտումից խուսափելու մտահոգությամբ):

Նախորդ ժամանակահատվածի թռուցիկ այս անդրադարձը կարեւոր սեպեցի շեշտելու համար, թերեւս ավելորդ անգամ ընդգծելու, որ տարածքով խիստ փոքր, բնական ռեսուրսներով ոչ հարուստ մեր երկրի համար շրջակա միջավայրի մաքրության ու պահպանության հարցը ոչ թե պարագայական, մոդայիկ հարց է, այլՙ գոյութենական խնդիր, որը ազգային անվտանգության հիմնահարցից հետո կամ դրան զուգահեռ պետք է լինի, պե՛տք է լիներ, հաջորդական կառավարությունների ուշադրության կիզակետում, համալիր մոտեցմամբ: Այն պետք է լինի, պե՛տք է լիներ, նաեւ ազգաբնակչության ուշադրության կենտրոնումՙ մանկապարտեզից մինչեւ դպրոց, բուհ, աշխատավայր, տուն, փողոց, գյուղ եւ քաղաք:

Մինչդեռ մեր հաջորդական իշխանություններըՙ համապետական, քաղաքային, համայնքային թե գյուղական, շրջակա միջավայրի պահպանության խնդրին մոտեցել են կա՛մ պարագայականՙ տարբեր դեպքերի առիթով, կա՛մ էկոլոգների բերանը փակելու փութաջանությամբ, եւ կա՛մՙ մոդային տուրք տալով: Նրանց հիմնականում մտահոգել է հանքերից ու հանքավայրերից ստացվող եկամուտը, որը, ոչ պատահականորեն, կազմել եւ կազմում է պետբյուջեի գլխավոր սնուցիչը: Եվ անշուշտ դա՛ է պատճառը, որ իշխանությունները բարյացակամորեն կամ անձնական շահագրգռվածությամբ թույլատու են եղել օրենքներն ու նորմերը կոպտորեն խախտելու ներդնողների արարքներին: Ամենաբաց ապացույցըՙ Հայաստանում գործող հանքերի մեծ մասը, հատկապես անկախության շրջանում շահագործման հանձնված, բաց ռեժիմով են աշխատել եւ աշխատում, սկսած ավազահանքերից ու քարհանքերից (որոնց առաջացրած ծանր փոշին փչում է դեպի շրջապատող բնություն, դեպի մերձակա ու հեռավոր բնակավայրեր, դեպի մայրաքաղաք Երեւան, որն այսօր դարձել է աշխարհի ամենափոշոտ քաղաքներից մեկը) եւ վերջացած գունավոր մետալուրգիայի հանքավայրերով:

Ինչ վերաբերում է մեր հասարակությանը եւ ընդհանրապես հասարակական կարծիք ստեղծող լրատվամիջոցներին, ապա առաջինի պարագայում միայն որոշ շրջանակներ ու համայնքներ են էկոլոգիական հարցերի նկատմամբ միայն ժամանակավորապես լարվում, զգաստանում, երբ սպառնալիք են տեսնում իրենց շահերին կամ ապրուստին, ինչպես պատահեց Սեւանի դեպքում, եւ ինչպես պատահում է այժմ Ջերմուկի պարագայում: Իսկ ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, քաղաքական բեւեռացվածության ներկա պայմաններում նրանք, քիչ բացառությամբ, հետաքրքրված չեն նման խնդիրներով, եթե չունենան պատվեր ու պատվիրատու, որոնք շատացել են այս օրերին, ոչ միայն Ամուլսարի խնդրով...

Ամուլսարի խնդիրն այս օրերին գտնվում է ներքաղաքական օրակարգի առաջին տեղերում: Այժմ, բողոքի ցույցերի, ավտոարշավների, հանքավայրի ամրափակման շարունակական գործողությունների ստեղծած ճնշման մթնոլորտում հարցերի հարցը մնում է նույնըՙ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կգնա՞ հանքավայրը շահագործող Ledian Armenia ընկերության պայմանագիրը վերագործարկելու քայլին: Իմ կարծիքովՙ այո՛, նույնիսկ ընդդեմ յուրային որոշ պատգամավորների կարծիքի: Պատճառները բազմաթիվ են, որոնցից մի քանիսը, առաջնահերթության կարգով, հետեւյալներն են.

ա) Ամուլսարի վերաշահագործումը դրական ազդանշան կարող է դառնալ արտաքին հնարավոր ներդնողների համար եւ ապացույցՙ պայմանագրային պարտավորությունները հարգելու իշխանությունների պատրաստակամության:

բ) Հանքավայրի շահագործումից ակնկալվող եկամուտները շատ մեծ ենՙ դրանք արհամարհելու համար:

գ) Համապատասխանաբարՙ պայմանագրի չեղարկման դեպքում մեծ կլինի նաեւ կորուստը մեր պետբյուջեի համար, իսկ միջազգային արբիտրաժային դատարանում բացասական վճռի դեպքումՙ նաեւ տուգանքներն ու հարակից ծախսերը, գումարածՙ իզուր վատնված կլինեն «Էլարդ» ընկերությանը հետազոտություններ անցկացնելու համար արդեն վճարված մոտ 400 հազար դոլար գումարը:

Հետեւաբար, որոշակի պարտավորություններ ավելացնելով Ledian Armenia-ի վրաՙ կառավարությունը ամենայն հավանականությամբ կհամաձայնվի Ամուլսարի վերաշահագործմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 23-08-2019

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ