RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 30-08-2019



Տեղադրվել է` 2019-08-29 22:36:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1243, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԷԿՈՆՈՄ» ԽԱՎԻ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԸՙ ՔՈԲՈՒԼԵԹԻՈՒՄ

ՆԱԻՐ ՅԱՆ

«Էկոնոմ» խավի հայ ընտանիքները 17-ժամյա տաժանակիր ուղեւորությունից հետո լուսադեմին գնացքով Երեւանից հասան վրացական ծովափնյա բնակավայրերՙ Ուրեկի, Քոբուլեթի, Բաթումի: Ուղեկցորդը հայտարարեց, որ ամեն կայարանում գնացքը կանգնելու է ընդամենը 5-7 րոպե: Հայ «էկոնոմ» խավի ընտանիքները սկսեցին աճպարարի արագությամբ ծանր ճամպրուկները դուրս հանել գնացքիցՙ իրենց հետ տանելով 17 ժամյա առատ քրտնարտադրության հետեւանքները, քնաթաթախ երեխաների լացն ու ծովին տրվելու երազանքով դժոխային գիշերը մոռանալու հույսը:

Ամուսինը քարշ տալով վագոնից դուրս բերեց պայուսակն ու ճամպրուկը: Կինը մի ձեռքով գրկել էր 6-ամյա որդուն, որ դեռ քնած էր, ու բռնել 10-ամյա դստեր ձեռքը: Աղջկա երկար մազերը քրտինքից թրջվել էին, ասես հենց նոր էր լոգարանից դուրս եկել: «Մամ, բա դու միշտ ասում էիրՙ քրտնած չի կարելի դուրս գալ, կհիվանդանամ. հիմա ես ոտքից գլուխ ջուր եմ»: «Ոչինչ, բալես, մի ամբողջ գնացք ոտքից գլուխ ջուր է, եղբայրդ էլ է ջո՜ւր-ջուր: Սա լինի մեզ դաս: Էլ գանցքի անուն չլսե՜մ»:

«Էկոնոմ» խավի հայ ընտանիքը ոտքը հենց որ գնացքից դրեց կառամատույցի վրա, վրացի տաքսիստները հարձակվեցին ու սկսեցին սակարկել: Նրանք այդպիսին ենՙ իրենք գինն ասում են, իրենք էլ իրենց ասած գինը սակարկում: Գնացքում քաշածից հետո կինն ու ամուսինն ի վիճակի չէին գումարում-հանում անել. անմիջապես իրերը դրեցին առաջին պատահած տաքսու մեջ ու գնացին: Անխնա ուղեւորափոխադրումներից մաշված ու չարչարված տաքսու ընթացքը գիշերային գնացքից հետո թռչնի սահուն ճախրանք էր թվում: Վերջ, գնացքը վատ երազի պես ջնջում ենք հիշողությունից ու պատկերացնում, թե այս երիտասարդ փոքրիկ ընտանիքը ծովափնյա ի՜նչ երանելի օրեր է ունենալու:

Տաքսու մեջ կինը մի պահ կտրվեց իրականությունից, ու աչքի առաջ շարվեշարան պատկերներ անցանՙ լողափ, արեւայրուք, թերմոսով սուրճ, զբոսանք Բաթումիում, ճոպանուղի, ճամպրուկում թաքցրած կարճ շորտեր, գնումներ: Ամուսնու աչքի առաջ էլ շարվեշարան պատկերներ անցանՙ լողափ, արեւ, դե կարելի է կնոջից թաքուն նաեւ շուրջը մի քիչ տնտղել. աչքերի անմեղ զվարճանք, ուրիշ ոչինչ, սառը գարեջուր լողափին, զբոսանք: Երեխաների աչքերի առաջ երանելի պատկերներ շարվեշարան չանցան: «Մամ, էլի գնացքո՞վ ենք հետ գնալու»,- նվնվաց նրանց 6-ամյա որդին: «Հա, բա ի՞նչ, ապեր, տոմսերն արդեն առել ենք, հո չե՞նք թափելու»,- զգոն ու զգաստ պատասխանեց 10-ամյա քույրը: Ամուսիններին կարծես ինչ-որ մեկը շատ ցավոտ կճմտեց: Նրանք շանթահարվածի պես միմյանց նայեցին, հետոՙ երեխաներին: Սեփական զավակները երբեք նրանց այդքան դաժան ու բարբարոս չէին թվացել, ինչպես հիմա:

Տաքսին կանգնեց ճիշտ հասցեում: «Էկոնոմ» խավի հայ ընտանիքն ամեն տարի այս հյուրատանն է իջեւանում: Վրացուհի Մարինայի մշտական կենվորներն են, դրա համար էլ Մարինան ամեն տարի նախորդ տարվա համեմատ սենյակների գինն էժանացնում է: Վրացական բիզնեսի ճկուն մեթոդ էՙ դարձիր հավատարիմ հաճախորդ, եւ վրացուհի Մարինան իր ամենամյա զեղչերով հաճելիորեն կզարմացնի քեզ: Վրացուհի Մարինան ամեն տարի քեզ հաճելիորեն կզարմացնի նաեւ իր բիզնեսի փարթամ աճով, դու կտեսնես, թե հայ «էկոնոմ» խավի փողերով ինչպես է նա իր հյուրատան երրորդ հարկն ավելացրել, կցակառույցները բազմացրել, նոր շենք կառուցել, խանութն ընդարձակել: Դու կուրախանաս վրացուհի Մարինայի տնտեսական հաջողություններով, բայց կափսոսես. «Ախր ծովն ի՞նչ է, որ մենք չունենք: Ունենայինք էլի, մեր փողերն էլ մեր երկրում կմնային, մի հայուհի Մարինա կլիներ, նրան կհարստացնեինք. վա՞տ կլիներ»:

Հայուհի Մարինաներ, իհարկե, անծով Հայաստանում էլ կանՙ Դիլիջանում, Սեւանում, Ջերմուկում, Ստեփանավանում: Բայց «էկոնոմ» խավի հայ ընտանիքները հայուհի Մարինաների հյուրատներում հանգստանալ չեն կարող, նրանց խնայողությունները միայն վրացուհի Մարինաներին վճարելուն կբավականացնեն: Հայուհի Մարինաները թվեր են կրակում, նրանք մի սեզոնում են ուզում հարստանալ, ոչ թե վրացուհի Մարինաների նմանՙ տարեցտարի: Դրա համար էլ հայուհի Մարինաների բիզնեսը չի զարգանում, տներն էլ միհարկանի եղել են, միհարկանի էլ մնում են:

«Էկոնոմ» խավի հայ ընտանիքը բարձրացավ նախօրոք ամրագրված սենյակ: Իրենց ամեն տարվա սենյակն էՙ հարազատ, ջերմ, բայց վերանորոգված, գեղեցկացած: Ա՜խ, Մարինա, Մարինա, կենվորներիդ մինչեւ վերջ քեզնով անելու ճիշտ ձեւը գտել ես: Հյուրատունն ամբողջովին է վերանորոգված ու կահավորված, սպասքն էլ է թարմացվել: Վերջ. դեպի լոգարան ու...ծո՜վ:

Գնացքի հետեւանքները մարմիններից , սրտից ու մտքից մաքրելովՙ «էկոնոմ» խավի հայ ընտանիքը ծոփվափնյա հագուկապով ու ծովափնյա տրամադրությամբ շարժվեց ծով: Լուսաշող դեմքով հայ կենվորների շարահար շղթան տեսնելովՙ Մարինան կոտրտված ռուսերենով ասաց. «Բախտներդ բերել է, 4 օր այստեղ անձրեւ ու ցուրտ էր. տես, եղանակն այսօր ոնց է բացվել: Ոտքներդ խերով է»: Բա չարժե՞ շրջվել ու Մարինայի խանութից մի բան առնել: Իհարկե, արժե: Ամուսինը երեխաների համար քաղցրավենիք առավ, իր ու կնոջ համար էլ վրացական սառը լիմոնադ: Հալալ է քեզ, վրացուհի Մարինա:

Ծովափին փրկարարները կարմիր դրոշակ չեն տեղադրել. նշանակում է լողալ լիուլի թույլատրվում է: Ընտանիքը լողափին մի հարմար տեղ գտավ ու հովանոցը բաց արեց: Երեխաները ճիչ ու ծիծաղով ծով մտան: Կինը սկսեց ինքն իրեն տնտղել. ուրիշի, օրինակՙ իրենց աջ կողմում ավազին ձիգ պառկած բարետես, շշմեցնող արեւայրուքով ռուս կնոջ, կամ իրենց ձախ կողմում հանգիստ ծխող, մի քիչ թմբլիկ վրացուհու աչքերով նայեց իրեն: Նրանցից եւ ոչ մեկն իր կողմը չէր էլ նայում: Լողափի հասարակությունն ըմբոշխնում էր օգոստոսյան արեւը, ծովի մեղմ ծփանքն ու աղահամ տաք ջուրը: Միջավայրի անտարբեր վերաբերմունքից կնոջ ինքնավստահությունը վերականգնվեց, բայց հանկարծ մի ծակող հայացք զգաց թիկունքում: Կտրուկ շրջվեց. լայնեզր գլխարկները մինչեւ աչքերը գլխներին քաշած, թափանցիկ շղարշով մարմինները ծածկած երկու գեր կանայք զննող հայացքով իրեն էին նայում ու իրար ականջի փսփսում: Կանանց դիմացՙ սրբիչի վրա, դեղձի, արեւածաղկի ու խաշած եգիպտացորենի կույտեր կային: Նրանց կողքին ցցված փորներն արեւին արածՙ պառկած էին, հավանաբար, ամուսինները: Ամուսինների կողքին գարեջրի դատարկ շշեր էին ցիրուցան ընկած:

«Ինչո՞ւ չես ջուրը մտնում»,- ծովում մկանները մարզելուց հետո ավազի վրա պառկելովՙ հարցրեց ամուսինը: «Եսի՞մ... կմտնեմ, էլի: Լսիր, ես գնամ, դու հետեւիցս նայիրՙ հո չե՞մ գիրացել, կամ լողազգեստս շա՞տ է հնաոճ»: «Քեզ ի՞նչ եղավ: Կարեւորը ես եմ, ինձ էդպես դուր ես գալիս. այ քեզ բա՜ն»,- նեղսրտեց ամուսինը:

Ամուսնու խոսքերից կինը գոտեպնդվեց ու վազեց ծովՙ երեխաների մոտ: Կասկածելի մտքերն ու այն երկու կանանց սեւեռուն հայացքները նույն պահին մոռացավ: Երեխաները ճիչ-աղաղակով դիմավորեցին մայրիկին: Երեքով սրտների ուզածի չափ լողացին ու սուզվեցին: Կինը վերադարձավ ափՙ գոհ, ուրախ ու հրճվալից:

«Մեր հետեւում նստածները հայեր են: Չեմ ծանոթացել, բայց հայերեն խոսակցությունն ականջիս հասավ: Լսիր, դու քո մասին ես մտածում: Մի հատ ինձ նայիր. հո չե՞մ գիրացել: Տեսքս նորմա՞լ է»,- կնոջը տեսնելուն պես ասաց ամուսինը: «Ինչո՞ւ, քե՞զ էլ են տնտղել: Ինձ մի լավ ռենտգեն արեցին, քեզ էլ չեն խնայել փաստորեն»,- ծիծաղեց կինն ու գրկեց ամուսնուն: Երկուսն էլ ծիծաղեցին ու հովանոցը թեքելովՙ հայ հետաքրքրասերների տեսադաշտը փակեցին:

Ծովափնյա առաջին ժամերը ճանապարհի հոգնածությունն ու սթրեսը թոթափեցին: «Էկոնոմ» խավի հայ ընտանիքը կեսօրին վերադարձավ Մարինայի հյուրատուն: Արեւն անխնա այրում էր, հանգստանալ ու սնվել էր պետք: Կինը մտավ խոհանոց, որ արագ մի բան պատրաստի: Այնտեղ երկու կանայք կեսօրվա ճաշեր էին պատրաստում, մեկըՙ խաշլամա, մյուսըՙ հավի տապակա: «Բարեւ, հայ ե՞ս»,- հարցրեց ավելի տարիքովը: «Հա, հայ եմ. էդպես արագ ու անվրեպ ինչպե՞ս իմացաք»,-զարմացավ կինը: «Որովհետեւ էս խոհանոցում հաց-մաց են սարքում միայն հայ կանայք: Վրացիները, ռուսներն ու ուկրաինացիները դրսում են սնվում: Դրանք զահլա ունե՞ն ճաշ եփեն, աման լվան: Չէ՜, մենք. բախտի տերը թաղեմ, թե ինչի մի ռուս մարդ չառա: Էն թվերին Ռուսաստաններում էլ ապրում էինք, է՜»,- խաշլամայի կանաչին կտրատելովՙ ասաց ավելի տարիքովը: Մյուսն էլ թե. «Ասա, է՜, ասա... ինձ էլ մի մոլոկան էր ուզում, չգնացի: Չնայած հայերի մեջ մեծացած մոլոկանն ի՞նչ պիտի լիներ. տիպիկ հայ էլի»: Կինը ներողամիտ ժպտաց, թավան դրեց գազօջախի ազատ տեղում, կրակը վառեց ու 4 ձու ջարդեց: «Էս պիտի ուտե՞ք. էն երկու երեխան ու մարդը քոնը չե՞ն: 4 հոգով 4 ձվի ձվածեղ եք ուտելու ու վե՞րջ»,- անկեղծ զարմացավ տարիքովը: Կինը նրա անկեղծ զարմանքից զարմացածՙ գլխով դրական նշան արեց ու թավայի պարունակությունը դատարկեց ափսեի մեջ: Ամուսինն ու երեխաները պատշգամբումՙ սեղանի շուրջն իրեն էին սպասում: Երկու կանայք ապշահար հայացքով նրան մինչեւ պատշգամբ ճանապարհեցին:

«Էկոնոմ» խավի հայ ընտանիքը ճաշից հետո մտավ սենյակՙ մի փոքր հանգստանալու: Միասին իրերը դասավորեցին, երեխաներն իջան բակ խաղալու: Երեկոյան նորից լողափ վազեցին: Ջուրն ավելի մեղմ ու տաք էր: Վրացական խաշած եգիպտացորենին կարոտել էին: Առան-կերան: Կինը թերմոսով սուրճը պայուսակից հանեց, զգույշ լցրեց բաժակների մեջ: Սուրճը տաք-տաք այրեց կոկորդները, բայց նրանց հայացքի երանավետությունը դրանից չպակասեց: Չիմացան ինչպեսՙ թերմոսը շրջվեց, մնացած սուրճը թափվեց ավազին: Կինը հանկարծ հետ շրջվեց: Դեմքները լայնեզր գլխարկների մեջ թաղած երկու հայ կանայք դարձյալ տնտղելու գործի վրա էին: Կինը հովանոցով փակեց նրանց տեսադաշտը: Չորսով մտան ջուրը, մի լավ լողացին ու վերադարձան հյուրատուն:

Որոշեցին սառը ձմերուկ ուտել: Կինը բարձրացավ խոհանոցՙ ձմերուկը սառնարանից հանելու: Երկու կանայք դարձյալ գազօջախի մոտ էին, հիմա էլ մեծ կաթսայով նրբերշիկ էին խաշում ու մեծ թավայով փլավ եփում: Կնոջը տեսնելովՙ տարիքովը հարցրեց. «Բադի պես ամբողջ օրը ծովում ես, բա դու ե՞րբ ես հասցնում ճաշ սարքես»: «Մենք եկել ենք հանգստանալու, ծովը վայելելու, ոչ թե ճաշ ուտելու»,-ասաց կինն ու շրջվեց դեպի պատշգամբը: «Մեղա-մեղա՜, Աստված ոչ անի, քեզ նման անբան հարս ունենամ»,- շշուկով նետեց տարիքովն ու հերսոտած փլավը խառնեց: Ավելի երիտասարդը նախանձով նայեց կնոջ հետեւից ու լուռ սկսեց կարտոֆիլ կճպել:

Երկու հայ ընտանիքներն ամեն օր 2 ժամ նախաճաշում էին, 3 ժամ ճաշում, 2 ժամ սուրճ խմում, 2 ժամ ընթրում: Երկու կանայք իրենց ամուսիններին ու երեխաներին ամբողջ օրը ուտելիք էին մատակարարում, վազում Մարինայի խանութՙ թանապուրի, խմորեղենի, խինկալու պարագաներ առնելու, իսկ երեկոյան սկսվում էր խրախճանքըՙ գարեջրի, ձմերուկ-սեխի մշտական ուղեկցությամբ: Առավոտյան նրանց պարաններին շողշողում էր լվացքը, որն առավոտ վաղ պետք է արդուկած-դասավորած լիներ: Տղամարդիկ ու երեխաները գնում էին ծով, կանայք ծովից հոգնած-ջարդված վերադարձողներին դիմավորում, կերակրում, հագցնում:

Վրացուհի Մարինայի հյուրատան երրորդ հարկում երկու վրացի ու երկու ռուս երիտասարդ ընտանիքներ էին տեղավորվել: Ուտում էին յոգուրտ, մածուն, միրգ, խմում էին լուծվող սուրճ, կին-տղամարդՙ ծխում էին անխնա ու անընդմեջ: Մեկ-մեկ ամուսինները ձվածեղ էին պատրաստում, ուտում, թավան ու ափսեները լվում, տեղավորում: Նրանց կանայք երկու շաբաթվա ընթացքում այդպես էլ չիմացան, թե որտեղ է վրացուհի Մարինայի հյուրատան խոհանոցը:

(շարունակելի...)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 30-08-2019

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ