RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 30-08-2019



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2019-08-29 22:36:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 927, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԿՏԻԿԱՅԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՆՈՒՄ Է

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Գրենլանդիան գնելու Թրամփի որոշումը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Դանիա կատարելիք իր այցը, քանի որ այդ երկրի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հրաժարվել էր քննարկել Գրենլանդիա կղզու վաճառքի հարցը: Թրամփը Կոպենհագեն պետք է այցելեր սեպտեմբերի 2-3-ը: «Դանիան խիստ յուրահատուկ երկիր է, եւ ժողովուրդն էլ սքանչելի է, սակայն նկատի ունենալով, որ վարչապետը շահագրգռված չէ քննարկելու Գրենլանդիայի առք ու վաճառքի հարցը, ես հետաձգում եմ մեր հանդիպումը, որը պետք է տեղի ունենար երկու շաբաթ հետո», գրել է Թրամփը իր թվիթթերյան էջում:

ԱՄՆ-ի առաջնորդի շրջապատի աղբյուրներ վկայակոչելովՙ The Wall Street Journal թերթը դրանից մի քանի օր առաջ հաղորդել էր, որ Թրամփը իբր հետաքրքրված է աշխարհի խոշորագույն կղզու ձեռքբերմամբ: Տվյալ հաղորդումը մեկնաբանելիս, ԱՄՆ-ի նախագահը խոսել է Գրենլանդիայի գնման հարցում իր երկրի ռազմավարական շահագրգռության մասին, կղզի, որը ներկայումս համարվում է դանիական տարածք:

Վարչապետ Ֆրեդերիկսենը կտրականապես մերժել է կղզու առքուվաճառքի գաղափարըՙ ընդգծելով, որ չնայած Թրամփի հայտարարությանը, Դանիան սպասում է նրա այցելությանը, քանի որ գոյություն ունեն «շատ այլ հարցեր, որոնք դանիացիները կուզենային քննարկել Թրամփի հետ, օրինակ համագործակցության խորացումը Արկտիկայում», դանիացի վարչապետի խոսքերը մեջբերում է DR հեռուստաալիքը: Ֆրեդերիկսենի հենց այդ հայտարարությունից հետո նախագահ Թրամփը որոշեց նրան պատասխանել իր թվիթթերում: «Դանիայի վարչապետը իր ուղղախոսությամբ խնայեց թե՛ իր երկրի, եւ թե՛ ԱՄՆ-ի ռեսուրսները եւ ուժերը: Դրա համար ես երախտապարտ եմ նրան. պատրաստ եմ համաձայնության գալ մեկ ուրիշ ժամանակ հանդիպելու շուրջ»:

Օրերս Բրյուսելում Եվրոհանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Նատաշա Բերտոն հավանություն է տվել Ֆրեդերիկսենի դիրքորոշմանը: Եվրոհանձնաժողովը Գրենլանդիայի խնդրի առնչությամբ լիովին պաշտպանում է Դանիայի վարչապետի եւ Գրենլանդիայի կառավարության դիրքորոշումը: Քանի որ Դանիան սահմանադրական միապետություն է, նախագահ Դոնալդ Թրամփին այցելության հրավեր ուղարկվել է թագուհի Մարգարեթ Երկրորդի անունից: Թագավորական ընտանիքը զարմանք է արտահայտել Թրամփի այցելության հետաձգման առնչությամբ:

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության Փաստերի գրքի տվյալներով, 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Գրենլանդիայում ապրում էր 57 691 մարդ, որոնց 7,8 տոկոսը կազմում էին դանիացիները: Կղզու բնակիչների գերակշիռ մեծամասնությունը (89,7 տոկոս) կազմում են գրենլանդական էսկիմոսները: Երկու առաջատար կուսակցությունները («Սիումուտ» եւ «Ինուիտ Ատակատիգիտ») հանդես են գալիս կղզու ինքնավարության հետագա ընդլայնման օգտին, ընդհուպ դրա անկախացումը հեռավոր ապագայում, սակայն ոչ ԱՄՆ-ին միանալու օգտին, նշում են փորձագետները:

ՌԴ ԳԱ Հյուսիային Եվրոպայի ինստիտուտի գիտաշխատող Վալերի Ժուռավելը Russia Today-ին ասել է. «Երբ խոսք է բացվում Գրենլանդիայի տնտեսական արժեքի մասին, սովորաբար նկատի են ունենում նավթի եւ մյուս օգտակար հանածոների պաշարները, որոնք կլիմայական բարդ պայմանների պատճառով փաստորեն չեն մշակվում: Գլոբալ ջերմացումը դյուրացնում է Արկտիկայի յուրացումը: Ըստ այդմ, մեծանում է տվյալ տարածաշրջանի ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական կարեւորությունը»:

Եթե Գրենլանդիայի սառույցները հալչեն, ապա դա կազդի առաջին հերթին Եվրոպայի վրա: Գոլֆստրիմ հոսանքի ջերմաստիճանմը կնվազի, համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա, եւ եվրոպական երկրների որոշ տարածքներ ջրի տակ կանցնեն: Սրանով է բացատրվում, որ Եվրոմիությունը միանշանակ կերպով պաշտպանեց Դանիայի դիրքորոշումը:

Ինչպես կարծում է ՌԴ Հումանիտար քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Բրուտերը , Դանիա կատարելիք ուղեւորությունը չեղյալ հայտարարելու Թրամփի որոշումը կարող է եւ չունենալ որեւէ քողարկված քաղաքական նպատակ:

Թրամփի խորհրդական Լոուրենս Կադլոուն հիշեցրել է, որ Գրենլանդիայի ձեռքբերման նկատմամբ հետաքրքրություն էին դրսեւորել նաեւ ԱՄՆ-ի նախորդ վարչակազմերը: «Տարիներ առաջ Հարրի Թրումենը ցանկացել էր գնել Գրենլանդիան: Գրենլանդիան պատկանում է Դանիային: Դանիան դաշնակից է: Կղզին ռազմավարական դիրք է գրավում, եւ այնտեղ շատ են արժեքավոր հանածոները»:

Քաղաքագետ Դմիտրի Դրոբնիցկին արձանագրում է, որ Թրամփը իր որոշմամբ փորձում է հակադրվել Չինաստանին, որը արդեն բազմամիլիարդանոց ներդրումներ է կատարել Գրենլանդիայում: Այնտեղ կան Չինաստանի մասնակցությամբ շահագործվող ուրանի հանքավայր, օդանավակայաններ եւ գործարաններ, իսկ Պեկինի համար դա շատ կարեւոր է. նա ուզում է այդպիսով ելք ունենալ դեպի Արկտիկա:

Դրոբնիցկին նաեւ նշել է Գրենլանդիայի կարեւորությունը Հյուսիսային ծովային ճանապարհի համատեքստում, որը վերջին տարիներին ավելի ու ավելի մեծ նշանակություն է ստանում: «Դա կապված է Արկտիկայի լոգիստիկ հնարավորությունների հետ, քանի որ Հյուսիսային ծովային ճանապարհի մի կողմում գտնվում է Ալյասկան, իսկ մյուս կողմում ի հայտ է գալիս Գրենլանդիան որպես վերահսկիչ անցակետ: Դա ցույց է տալիս, որ տվյալ ծովային ճանապարհը պատկանում է ոչ միայն բացառապես Ռուսաստանին, այլեւ ԱՄՆ-ին, ինչը այդ ուղին միջազգային դարձնելու նախադրյալներ է ստեղծում», ընդգծել է քաղաքագետը:

Խմբ. կողմից.- Գրենլանդիան գնելու նախագահ Թրամփի հետաքրքրության շուրջ Կրեմլի կարծիքը իմանալու համար լրագրողների հարցին շատ սրամիտ պատասխան է տվել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովըՙ «Նման շոփինգներով Կրեմլը չի զբաղվում»: Անշուշտ լրագրողները չեն հիշեցրել, որ հենց Կրեմլն էր, 141 տարի առաջ, Ալյասկան վաճառել Մ. Նահանգներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 30-08-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ