RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 30-08-2019



Տեղադրվել է` 2019-08-29 22:36:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 935, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՐԱՄՓԸ ԽԱՂ Է ՍԿՍՈՒՄ ՌՈՀԱՆԻԻ ՀԵՏ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անչափ յուրօրինակ քայլ է կատարել: Նա հայտարարել է, որ գոյություն ունի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ առաջիկա շաբաթներին հանդիպում ունենալու հիանալի հնարավորություն, որպեսզի քննարկվի Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման հարցը:

«Հանդիպումը կարող է տեղի ունենալ պայմանով, որ Իրանը նոր բարդությունների առիթ չտա արտերկում իր հարձակումներով», նշել է Թրամփը : Այս կապակցությամբ DW-ն հաղորդում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Հասան Ռոհանիի հետ: Վերջինս ասել է, որ պատրաստ է հանդիպում ունենալ ամեն մի քաղաքական ղեկավարի հետ, եթե հանդիպումը բխի իր երկրիկ շահերից:

Ֆրանսիայի Բիարից քաղաքում Մեծ յոթնյակի հանդիպման օրերին «անսպասելիորեն» այնտեղ է ժամանել Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը: Նախօրեին Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը պարզաբանել էր, որ Զարիֆը Բիարից կժամանի իր ֆրանսիացի պաշտոնակից Ժան-Իվ Լե Դրիանի հրավերով, սակայն մտադիր չէ հանդիպում ունենալ ամերիկյան պատվիրակության հետ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ չի եղել Զարիֆի ներկայությանը, քանի որ դա նախապես համաձայնեցված է եղել նախագահ Էմանյուել Մակրոնի հետ: Սակայն ԱՄՆ նախագահը հրաժարվել է հանդիպում ունենալ Զարիֆի հետՙ հայտարարելով, որ բանակցությունների ժամանակը դեռ չի եկել: Սա առաջին:

Երկրորդ, Վաշինգտոնը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է իր միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի ստորագրմանն ուղղված բանակցությունների անցկացմանը: Բայց գլխավորն այն է, որ ամերիկացիների «ստուգողական» դիվանագիտության արդյունքները այն համոզմունքն են ստեղծում, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը որոշակի արդյունքներ է տալիս:

Եվ երրորդ, ԱՄՆ-ը մտադիր է աստիճանաբար խաղից դուրս բերել Զարիֆին, որը լարված հարաբերությունների մեջ է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ, ինչպես նաեւ հընթացս հրաժարվել Մակրոնի միջնորդական ծառայություններից, որը իրանական գործողության հաջողության դեպքում կկարողանար ամրապնդել սեփական դիրքերըՙ դառնալով Եվրոպայի նոր առաջնորդ:

Հիմա մնում է փնտրել այն հարցի պատասխանը, թե իրանական դիվանագիտության անդրկուլիսյան շրջադարձերը կարելի՞ է արդյոք հաջողված համարել եւ դրանք չե՞ն թուլացնում Իրանի դիրքերը, որի մանեւրելու հնարավորություները սահմանափակվել են: Թրամփը կարող է խաղ սկսել Ռոհանիի հետ: Նրա խոսքերով, հանդիպումը հնարավոր է, եթե լինեն համապատասխան հանգամանքներ: Բայց ինչպիսի՞ հանգամանքներ: Մի կողմից, Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը հանգեցնում է իրանական հասարակության սոցիալ-քաղաքական համախմբմանը, իսկ մյուս կողմիցՙ այնտեղ սրվում է ներքաղաքական պայքարը: Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին օրերս հայտարարեց, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը սխալմունք է եղել, եւ որ ինքը համամիտ է իրանցիների կարծիքին:

Ավելի վաղ, The Wall Street Journal թերթը ենթադրություն էր արել, որ Թրամփը, իրանական միջուկային ծրագիրը իբրեւ պատրվակ օգտագործելով կարող է հանդես գալ առաջարկությունների փաթեթով, որոնք Թեհրանին որոշակի աշխարհաքաղաքական արտոնություններ կտրամադրեին Մոսկվայի եւ Անկարայի հետ կապերի թուլացման դիմաց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 30-08-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ