RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 06-09-2019



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2019-09-10 19:43:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1974, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԿԱՏՄԱ՞ՄԲ, ԹԵ՞ ՀԱՄԱՐ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

«Հիմա ասեմ, թե որն է խնդիրը, որ մենք ունենում ենքՙ կապված սփյուռքի կառուցվածքի հետ: 30 տարի առաջ սփյուռքի 90%-ը ներգրավված էր մեր ճանաչած կազմակերպություններումՙ սփյուռքի խոշոր հաստատություններում: Այսօր սփյուռքի 90%-ը դուրս է այս կառույցներից, այսինքնՙ այսօր մենք չունենք հաղորդակցման հստակ կապեր սփյուռքահայերի 90%-ի հետ» : Այս դիտարկումը պատկանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գրի է առնվել ու հրապարակվել ֆրանսահայ պարբերականներից Nouvelle d՛Armenie-ում, հայերեն թարգմանվել «Առավոտ» կայքէջի կողմից: Առանձնացրեցի այն շուրջ 16 էջանոց հարցազրույցից, որը գրեթե համապարփակ անդրադարձ է հայկական պետության ներկայիս դիմագրաված գլխավոր մարտահրավերներինՙ ներքին բարեփոխումների, տնտեսական զարգացման, սոցիալական դժվարությունների հաղթահարման, Արցախյան հարցի, Ռուսաստանի հետ հարաբերությունների, ազգային ինքնիշխանության ամրապնդման, արեւմտյան եւ հայկական արժեհամակարգերի միաձուլման եւ այլ խնդիրների վերաբերյալ:

Մասնագետներին թողնելով հարցազրույցի առավել ընդարձակՙ ֆինանսատնտեսական հատվածի քննության գործը, իմ այս սյունակում ցանկանում եմ անդրադառնալ վարչապետիՙ Սփյուռքին վերաբերող դիտարկումներին, որոնք, ինչպես ողջ հարցազրույցը, ընդհանրապես հայեցակարգային են կամ տեսլականային: Եվ հենց որպես այդպիսինՙ տեղ-տեղ ոչ իրապաշտ, հետեւաբարՙ ոչ իրագործելի:

Առաջին հերթինՙ վարչապետի դիտարկումները որպես ելակետ ունեն այն նո՛ւյն թերությունը, որի արմատները երկարում են հետՙ մինչեւ 30, 70, անգամ 150 տարի: Չեմ ուզում անդրադառնալ արեւելահայ-արեւմտահայ պատմական շատ ցավոտ խնդիրներին, որոնք ծագել են արեւելահայերի եւ այժմ հայաստանցիների ինքնագերադասման բարդույթից: Իսկ վերջին 30 տարիներին մեր հաջորդական կառավարությունները աշխատել են Սփյուռքի նկատմամբ եւ ո՛չ Սփյուռքի համար :

Ճիշտ է որ պետականություն ունենալը գերագույն, ես կասեիՙ սրբազան առավելություն է, եւ բոլոր հայերի, դրսում թե ներսում, ազգային հոգեկերտվածքի հիմնաքարն է հանդիսանում, սակայն պետականությունը կառույց լինելուց առաջ իմաստությո՛ւն է, այսինքն հեռատեսություն, խորաթափանցություն, խելամտություն: Ու ճիշտ է նաեւ, որ արեւելահայ-արեւմտահայ հակասությունները գրեթե իսպառ վերացել են ու բաժանարար գծերը խարխլվելՙ Հայաստանում արեւմտահայերի կամ սփյուռքահայերի ներձուլմամբ, իսկ Սփյուռքումՙ սփյուռքահայ-հայաստանցի հանդուրժողականությամբ: Սակայն այդ բոլորի մեջ, պետական մոտեցման տեսակետից, մեր հաջորդական կառավարությունների դիրքը միշտ եղել է թելադրողական, նույնիսկ պարտադրողական: Եվ Ն.Փաշինյանի մոտեցումը բացառություն չէ:

Երկրորդՙ ի՞նչ է անում եւ անելու Հայոց պետականությունը սփյուռքահայերի եւ սփյուռքացածների համար: Չորրորդ սերունդն է արդեն հասունացել, եւ ավելի քան երբեւէ տալիս է նույն հարցըՙ անողոք.- «Իսկ ինչո՞ւ պետք է հայ մնամ»: Բուենոս Այրեսում, Սան Ֆրանցիսկոյում կամ Փարիզում ոչ ոք ոչ ոքի չի հարցնումՙ «ծագումով ո՞ր ազգից ես»: Համահարթեցումը (globalization) Եվրոպայից ու Ամերիկաներից տարածվում է նույնիսկ Միջին Արեւելքի հայագաղութներ եւ ուշ կամ կանուխ կհասնի նաեւ Ռուսաստան ու նախկին խորհրդային այլ երկրներ: «Ինչո՞ւ պետք է հայ մնամ». հայկական ծագմամբ ավելի շատ երեխաներ ու երիտասարդներ են այժմ տալիս այս հարցը իրենց ծնողներին, ուսուցիչներին, մեզՙ բոլորիս: Ահա այստեղ է, որ թերացել ենք որպես պետություն եւ ազգ: Ի՞նչ ենք անում, որ մեր երեխաները դրսում համոզված հայ մնան, հայ դառնա՛ն, օգնեն եւ օգտվեն իրենց հայկականությունից: Հետզհետե հալվում-մաշվում է Սփյուռքը իր եկեղեցիով, դպրոցով, ազգային կառույցներով, իր գրականությամբ, մամուլով, թատրոնով, ազգային երաժշտությամբ: Այսօր Սփյուռքում հայ երիտասարդը իրեն մի քիչ հայ զգալու համար գնում-լցնում է հայաստանցի ռաբիզ երգիչների համերգասրահները եւ որպես ազգային երաժշտություն ընդունում արաբա-պարսկա-թուրքական կլկլոցները:

Ի՞նչ ենք տալիս Սփյուռքինՙ մի քանի դասագի՞րք, ազգասիրական լոզունգնե՞ր... Ինչո՞ւ այս մասին ոչինչ չի ասում վարչապետ Փաշինյանը, եւ արդյոք գիտի՞, թե ինչի՞ կարիք ունեն սփյուռքահայերը իրենց զավակները մի քիչ երկար հայ պահելու համար: Մինչդեռ, նույն հարցազրույցում պնդում է, որ իր «խնդիրը իրական հնարավորություններ ստեղծելն է մեր ազգային ներուժը միացնելու եւ զարգացնելու համար» : Գեղեցիկ է հնչում, բայց միայն հնչում է...

Երրորդ. ես չգիտեմՙ որքան է թիվը «Իմ քայլը» կուսակցության անդամների, չեմ էլ ուզում իմանալ, քանզի իշխող կուսակցությունների անդամների թիվը միշտ էլ առաձգական է լինում, պայմանավորված հայտնի բաներով: Որպես նաեւ կուսակցապետ, պրն Փաշինյանը լավ գիտի, որ կուսակցականների քանակից շատ ավելի կարեւորըՙ կազմակերպության ազդեցիկությունն է, որը պայմանավորվում է համակիրների, հետեւորդների, հարողների բազմությամբ: Այս համատեքստում, 30 տարի առաջ Սփյուռքի 90 տոկոսը ներգրավված չի՛ եղել կուսակցությունների կամ գլխավոր մյուս կազմակերպությունների մեջ, ինչպես պնդում է վարչապետը հարցազրույցի այն հատվածում, որը մեջբերել ենք վերեւում: Այժմ, 30 տարի հետո, այդ կազմակերպություններում ներգրավվածների թիվը 10 տոկոս էլ չի կազմում, այլ շատ ավելի քիչՙ ինչպես 30 տարի առաջ: Սփյուռքի բացարձակ մեծամասնությունը անկուսակցական է եղել, ինչպես հիմա: Բայց այդ բացարձակ մեծամասնությունը, 90 տոկոս թե ավելի, հակառակ բազմաթիվ փորձերին, այդ թվումՙ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, չի ընդունել ավանդական եւ ազգային երեք կուսակցություններից դուրս որեւէ այլ ուժի ներկայությունը: Հետեւաբար, բացարձակապես դժվար չէ, ինչպես 30 տարի առաջ, Սփյուռքի հետ հաղորդակցվելը, մանավանդ ներկա ժամանակներում, մանավանդ սփյուռքահայ կազմակերպությունների հայրենադարձման, առավել եւս, ինչպես ՌԱԿ-ը, հայաստանակենտրոնության պայմաններում:

Այս պայմաններում, մեղմ ասած, տարակուսելի է նույն հարցազրույցում վարչապետի մեկ այլՙ ոչ թե դիտարկում, այլՙ հայտարարություն: « Բայց դրա համար (խոսքը վերաբերում է համազգային բյուջե ստեղծելուՙ այլապես գովելի գաղափարին- Հ.Ա.) մենք լրջագույն կառուցվածքային փոփոխություններ պիտի անենք, այդ թվումՙ Սփյուռքում, որպեսզի Սփյուռքի իրական ուժը համապատասխանի այն պատկերացմանը, որն ունեն ոչ միայն հայերը, այլ որ կա ամբողջ աշխարհում »:

Որքան ինձ է հայտնի, վարչապետը «լրջագույն կառուցվածքային փոփոխություններ» անելու վերաբերյալ դեռեւս որեւէ խորհրդակցություն չի ունեցել մեր ավանդական կառույցների հետ: Թերեւս նա, համաձայն իր սիրած ձեւաչափին, այդ խորհրդակցությունը կանցկացնի սեպտեմբերի 22-ին, ժամը 16:00-ին, Լոս Անջելեսի Grand Park-ում: Վստահեցնում եմ, այդ բազմամարդ լինելու դատապարտված հանրահավաքում շատ են լինելու Հայաստանը լքած եւ ամերիկյան կառավարության նպաստով ապրող մեր նախկին համաքաղաքացիները, որոնք, վստահ եմ, երկու ձեռքով վավերացնելու են «ժողովրդի կարծիքը»: Իսկ հետո՞:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 06-09-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ