RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 06-09-2019



ՏՆՏԵՍՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2019-09-10 19:43:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 946, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ... Ե՞Ս ԵՄ, Ո՛Չ, ՉԷ՛, no...

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Մերօրյա Հայաստանի Հանրապետության տնտեսությունում ծավալվող գործընթացները մասամբ անբացատրելի ու անգամ անհասկանալի են: Թեեւ «Մոդուս»-ներն ու այլեւայլ միջազգային վերլուծակենտրոններն ինչ-ինչ զարգացումներ արձանագրում են, այսուհանդերձ ՀՀ քաղաքացին ցանկանում է դրանցում իր մասնակցությունն զգալ, նոր աշխատատեղերի առկայությունը տեսնել, իր կողմից հավելյալ արժեքի ստեղծման զգացումն ապրել: Ցավոք, վերջին օրերին «Ձյունիկ» սառնարանային տնտեսությունում, «Վեգաս»-ի պահեստում տեղի ունեցած հրդեհները հաստատեցին, որ ՀՀ տնտեսությունը էապես է կախված արտերկրյա ներմուծումներից, քանզի այրվեցին ներկրված խոր սառեցված մսատեսակներից սկսած մինչեւ արդյունաբերական ապրանքներ ու հումք, որոնք տարօրինակորեն տեղում չեն արտադրվում: Անհեթեթ վիճակ, որի բացատրությունը չի տրվում: Իրավիճակի նման գնահատականը մտահոգիչ է, որովհետեւ իշխանական ուժի շրջանակներում չեն նկատվում տնտեսության ոլորտների ու ճյուղերի կայացման ու զարգացման շուրջ ոչ միայն մոտեցումներ ու ծրագրեր, այլեւ անգամ դրանց կիրառության առումով հիմնավորումներ: Որպես այս վիճակի արդարացում խոսվում է այն մասին, որ ՀՀ կառավարությունում կան տասնյակ միլիարդավոր դրամներ, իսկ ահա համայնքային ծրագրերի բացակայության պատճառով դրանք չեն ծախսվում: Պարզապես յուրօրինակ եք, պարոնայք, քանզի պետական մակարդակով մտածողության պարագայում ծրագրեր կարելի է իրականացնել նաեւ հարյուրամյակների կտրվածքով: Ասենք, մենք հիանում ենք եվրոպական երկրների քարապատ ու քարածածկ փողոցներով ու հրապարակներով, դրանց գեղարվեստական շարվածքով, որոնք իրականացվել են դարեր առաջ: Մարդկությունն այս ընթացքում ասֆալտն է հայտնագործել, որից շոգ եղանակին հատկապես մարդաշատ վայրերում բառիս բուն իմաստով խեղդվում է, մի քանի տարին մեկ պարտադիր վերանորոգում, իսկ քարակերտը կա ու կա, գրեթե հավերժ է: Սկսեք, եթե հայոցս ապագայից եք խոսում, քանզի լավ ժամանակներն այսպես են ծավալվում:

Եթե առաջիկա 40-50-ամյակը նկատի ունենանք, հարկ է առայժմ մի քանի հարյուր հեկտարների վրա անտառներ հիմնել հետագայում փայտի որակյալ շինանյութ ունենալու նպատակով: Հենց թեկուզ գինու ու կոնյակի ծավալներն ավելանալու պարագայում դրանց պատրաստման համար առաջնահերթ տակառների արտադրության կազմակերպման նպատակով, չմոռանալով կահույքի, գեղարվեստական այլեւայլ ուղղությունների, փայտամշակման հետ կապված այլ ոլորտների մասին: Վստահ եղեք, որ 21-րդ դարի երկրորդ 50-ամյակի մեր հայրենակիցը քիմիականն ու արհեստականը հիմնականում մերժելու է, այս հարցում նրան կանխապես օգնելը մեր գործն է: Բոլոր այս դեպքերում ուղղակի եւ անուղղակի առումներով ծանր աշխատանք իրականացնելու ուժեր են պահանջվում, ցուցադրեք այն: Այլապես մեր թոռներն ու ծոռները մեզ կհիշեն մեր ջայլամային պահվածքով: Այնպես որ այսօրինակ գործընթացները մասնավոր հատվածին վերապահելն անիմաստ է, նման աշխատաոճնՙ անընդունելի:

Պարզ է, որ հեղափոխական լինի թե իշխանափոխական, ժամանակահատվածն ընթանում է, իսկ տնտեսվարական ու առավել եւս տնտեսագիտական հատվածն առայժմ շփոթահար վիճակում է: Հարյուր հազարավորների հույսերը, թե մոտակա ժամանակներում արժանի աշխատանք կունենան, բավարար կվարձատրվեն, իրենց կենցաղն ու հանգիստը կբարեփոխեն, առաջիկա տարիների իրողություններ չեն, եթե անհասանելի ցանկություններ չասենք: Ստացվում է որՙ դեպի ու՞ր է գնում նորօրյա Հայաստանի Հանրապետությունն իր անբաժանելի մաս Արցախի հետ միասին հարցը ոչ միայն հիմնավորապես տրված չէ, այլեւ այն մանրամասնելու պահանջ էլ չկա: Եթե իհարկե նկատի չունենանք, ասենք մարզպետներից մեկի այն հայտարարությունը, ըստ որի մարզի գյուղոլորտում զբաղվածների ինչի՞ն է պետք հեկտարից 120 հազար դրամ եկամուտ բերող ցորենի մշակում իրականացնել, երբ կիվի կոչվող մրգից այն 4-5 մլն դրամ է կազմում: Դեռ լավ է, որ այս պտուղը գովազդելու նպատակով չի ասվում հայկական բնաշխահում այն դարեր առաջ մշակած լինելու եւ ասենք Հնդկաստան արտահանելու մասին:

Ինչո՞ւ տասնյակ այսօրինակ տարօրինակությունների պարագայում նշեցի կոնկրետ մեկ մարզպետի օրինակը: Հանրահայտ է, որ երկիր-մոլորակի պետությունների շարքում առանձնացվում են այնպիսիք, որոնք բանանային, սրճային, թեյային են անվանվում: Համաշխարհային տնտեսվարական միտքը, որը պատմականորեն կենտրոնացել է Եվրոպայում ու դրա հետնորդ ԱՄՆ-ում, այդօրինակ երկրներին համոզում է, որ իրենց արտադրանքը կայուն սպառում ունի, աճեցրեք ինչքան կարող եք, իրացման խնդիր չունեք: Գրավիչ խաբկանքի այս պարզունակ միջոցով տվյալ երկրների տնտեսությունները հայտնվում են յուրօրինակ փակուղու առջեւ, գործընթացը տասնամյակներ շարունակվում ու զարգացման նախանշաններ չի ցուցադրում: Ասենք ամեն օր ենք լսում Շրի Լանկայի թեյատեսակների պահանջարկի մասին գովազդեր, մեկը մյուսին գերազանցող գովասանքներ, համաշխարհային շուկայում գերակա դիրքի հավաստումներ: Արդյունքումՙ 1 բնակչի հաշվով երկրի տարեկան արտահանումը հազիվ 500 դոլար է կազմում, աղքատիկ բյուջեից էլ ծախսը 750 դոլար, գյուղոլորտում զբաղված է բնակչության 30 տոկոսը: Ինչ-որ առումներով համանման պատկեր է մերօրյա Հայաստանի Հանրապետությունում, որի առաջիկա 20-30 տարիները մերօրյա իշխանությունը վարդագույն երանգներով է պատկերացնում: Եվ հարցըՙ արյո՞ք այդ ճանապարհն անցնում է կիվիի այգիների միջով, հնչում է բնականաբար:

Այսօրինակ տնտեսավարման արդյունքում ո՞ւր մնաց տնտեսական բոլոր ոլորտների գործունեության գլխավոր նպատակըՙ հավելյալ արժեքի ստեղծումը: Մարզային վարչապետի կողմից թերագնահատված հացահատիկից, այն ցորեն լինի թե գարի, վարսակ թե աշորա, հաց-հացատեսակներ, թխվածքներ, մակարոնեղեն ու պիցցա են պատրաստվում, կարկանդակ ու լահմաջուն(*) են թխվում, որակյալ օղու սպիրտ է թորվում... Իվերջո այն որպես անասնակեր օգտագործելու արդյունքում կաթի, մսի, հավկիթի լրացուցիչ ծավալներ են ստացվում: Այս աշխատանքների շնորհիվ տասնյակից մինչեւ հարյուր հազարավոր մարդիկ աշխատաշուկայում սպասարկողներ են դառնում, պարզից-բարդ գործեր կատարում, գումարներ տնօրինում, դրանք շրջանառության մեջ դնում, երկրի ֆինանսական համակարգն աշխուժացնում:

Գործընթացն իհարկե կարելի է շարունակել, սակայն վերադառնանք կիվիին, որի պայմանական բացակայության պարագայում այն փոխարինենք հայկական ծիրանի օրինակով: Քաղցրահամ այս պտղի տարեկան արտադրությունը տատանվում է 40-80 հազար տոննայի սահմաններում, որոշ քանակներ արտահանվում են, մի մասն էլ վերամշակվում: Լրագրողական ուսումնասիրությունների ընթացքում հաճախ եմ եղել Արարատյան դաշտավայրի գյուղական համայնքներում, որտեղ անգամ 5-7 հեկտար ծիրանի այգիներ ունեցողներից իրենց աշխատանքից լիարժեք գոհունակության խոսքեր չեմ լսել. ասենք տան ցանկապատի ու տանիքի վերանորոգման մասին, լրացուցիչ սենյակի կառուցման ականատես էլ չեմ դարձել, այլեւայլ հոգսերի թեթեւացում էլ չեմ նկատել: Թե ինչո՞ւ, պատճառները գիտենք բոլորսՙ պարբերաբար արձանագրվող ցրտահարությունից մինչեւ կարկտահարություն, իրացումից մինչեւ վերավաճառողների հարցեր: Այդպես էլ չենք սթափվում, որ բաց դաշտավարությունն ամենուր ռիսկային է, ծախսաշատ, շատ դեպքերում բերքի պահպանման կարճ ժամկետով: Այնպես որ գիտական որոշ միջոցառումներում հնչող դիվերսիֆիկացված տնտեսություն, գիտելիքահենք արդյունաբերություն, Իսրայելի օրինակով ռազմատեխնիկական միջոցների թողարկում արտահայտություններն առայժմ ընդամենը ցանկալին որպես իրողություն ներկայացնելու փորձեր են: Սակավահող այդ երկրից հայաստանյան հանրությունը լավագույնս տեղեկացված չէ, եթե չհիշենք այնտեղ գյուղոլորտի հաջողությունները: Գերժամանակակից թռչող սարքերից շատ առաջ այստեղ տասնամյակներ շարունակ համեստ ստեպղինի (գազար) հարյուր հազարավոր տոննաներ բերք են աճեցրել, հիմա յուրաքանչյուր տարի այս մշակաբույսի 100 հազար տոննա Ռուսաստանի Դաշնություն են արտահանում, նույնիսկ ՀՀ հասցնում, երբ մեր բարեբեր հողերն անմշակ են մնում, քանզի մեզանում այս մշակաբույսի աճեցումը պատվաբեր չէ: Մենք տաղանդավոր մարդկանց երկիր կառուցողների թվում ենք, ամիսը հազար դոլար վաստակել պատրաստվող մարդկանց տեսակ, որը հանրության մի հատվածը լուրջ չի դիտարկում:

Խնդիրը թե թեման տարողունակ է առավել քան. լրագրողն ու մտահոգ քաղաքացին, ինչքան էլ նեղ մասնագիտացված լինի թե քաջատեղյակ, ընդանեը հարցեր հնչեցնող է, մասամբՙ ահազանգող: Դրանց պատասխանները ոլորտների կառավարիչներն են կոչված տալու, իրենց իսկ ձեւակերպումներովՙ որակավորված մասնագետները, հաջորդիվ գիտությունների թեկնածուները, դոկտորները, ակադեմիկոսները, պետական մրցանակակիրները, որոնց պակաս մեզանում առերեւույթ չկա: Սակայն հենց միայն տնտեսագիտական համալսարանում ծավալվող իրադարձությունները վկայում են, որ ոլորտում ու բնագավառում խնդիրները շատ են, սկսած մարդկայինից մինչեւ գիտա-մանկավարժականը: ՀՀ տնտեսությունը դեպի կայացում ու զարգացում կողմնորոշելու փոխարենՙ գիտական այս կենտրոնում հարցերի հարց է հռչակվում գիտությամբ զբաղվողների գրագողության աստիճանը, դրա շատն ու քիչը, ձեւակերպումների պարզությունն ու խրթինությունը: Այս առումով չեմ կարող չհիշել մորուքավոր տնտեսագիտության դոկտորի հետեւյալ հայտարարությունը. մենք հո խաշնարած ժողովուրդ չենք, որ անասնապահությամբ զբաղվենք: Պարզապես մարդը տեղյակ չէ Ավստրիայի ու Ֆրանսիայի, Իտալիայի ու Գերմանիայի, համաշխարհային տնտեսության այլ «խաշնարած» երկրների զարգացումներից:

Գույները չեմ խտացնում. զրուցակիցներիս, շրջապատիս շատերի կարծիքը նպաստավոր չէ ՀՀ տնտեսագիտական ու տնտեսվարական մտքի հանդեպ: Իլրումն այս վիճակի հավելեմ, որ ՀՀ վարչապետը շարունակում է պաշտոնավարել առանց տնտեսական գլխավոր խորհրդականի, որի անհրաժեշտությունը կարծես չի զգացվում: Տնտեսությունը ես եմ եւ վերջ:

Առայժմ այսքանը, որի պայմաններում ապրում ենք, երբ հաճախ կրկնվող հարստացեք եւ հարստացրեք կարգախոսի ընթացքում բառ անգամ չի ասվում արտերկրներից, անգամ մեր հանդեպ անբարյացակամ երկրներից ներկրվող առաջին անհրաժեշտության իրերն ու պարենը տեղում արտադրելու տնտեսվարական պարզ ու հասարակ պահանջի մասին:

02.09.2019 թ.

*) Հայաստանում լիբանանասիրիական այս ուտեստի անունը սխալ է գրվում եւ արտասանվում: Ուտեստի անունը ծագել է արաբերեն լահմ (միս) եւ աժին կամ աջին բառերիցՙ լահմաժին, որը այդ երկրների հայերը դարձրել են լամաջուն եւ... հայացրել, նույնիսկ միջինարեւելյան խոհարարական գրքերում կա դրա հայկական տեսակըՙ «հայկական լահմաջուն»: Եվ արդեն, թե՛ Բեյրութում եւ թե՛ Հալեպում լահմաջուն թխողները ընդհանրապես հայեր են:

Ծ.Խ.:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 06-09-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ