RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019



ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2019-09-13 14:50:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1122, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՐԴԱՆԱՆՑ ԱՍՊԵՏՆԵՐ

www.kofv.org

«Վարդանանց ասպետները» եղբայրական սկզբունքների վրա հիմնված կազմակերպություն է, որը ստեղծվել է 1916 թվականի մայիսի 7-ին Ֆիլադելֆիայում (ԱՄՆ) 12 հայրենասերների կողմից, որոնց մեջ կային բժիշկներ, հոգեւորականներ, ձեռներեցներ: Գլխավոր նպատակը Ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին օգնելն էր, լեզուն, մշակույթն ու կրոնը պահպանելը: Այդ օրհասական պահին սպարարպետ Վարդան Մամիկոնյանի օրինակն է ոգեշնչել հիմնադիր անդամներին, քանզի հայրենիքը եւ հայրենակիցները նորից վտանգված էին ինչպես 451 թվականին Ավարայրի ճակատամարտի օրերին:

Տարիներ շարունակ կազմակերպությունը բարոյական եւ նյութական աջակցություն է ցույց տվել Հայ եկեղեցուն, մշակութային, կրթական, մարզական եւ բարեգործական հաստատություններին, ինչպես նաեւ շնորհալի անձանց, պահպանել եւ հարստացրել հայ ժողովրդի հոգեւոր եւ մշակութային ժառանգությունը:

«Վարդանանց ասպետներ»-ը աղանդներից հեռու, ապաքաղաքական, եղբայրական կազմակերպություն է, որ շեշտը դրել է հայրենասիրության, կարգապահության եւ ասպետականության առաքինությունների վրա, հզորացնելու համար ազգային հասարակական կյանքը:

«Վարդանանց ասպետներ»- ն ունի նաեւ քույր կազմակերպությունՙ «Վարդանանց դուստրեր»-ը, որը հիմնադրվել է 1933թ-ին եւ կրկին շատ ակտիվ գործունեություն է ծավալում: «Վարդանանց դուստրեր»-ի օրինակ է ծառայել սրբ. Շուշանիկըՙ Վարդան Մամիկոնյանի դուստրը: «Վարդանանց ասպետներ»- ի եւ «Վարդանանց դուստրեր»- ի ծրագրերը փոխկապակցված են եւ միեւնույն նպատակն են հետապնդում:

Այսօր գործում են «Վարդանանց ասպետներ»-ի 24 եւ «Վարդանանց դուստրեր»-ի 18 միավորներ ԱՄՆ-ի 10-ից ավելի նահանգներում:

ԱՄՆ-ում ամեն տարի կազմակերպության համաժողովն է կազմակերպվում, որի ընթացքում ժողովներ են լինում, քննարկվում են հետագա անելիքները:

Յուրաքանչյուր տարիՙ ապրիլի 24-ին, Նյու Յորքի կենտրոնումՙ Թայմս Սքուեր հրապարակում բողոքի ցույց է տեղի ունենում, որտեղ, բացի հայերից, ներկա են լինում ամերիկացի քաղաքապետներ, նահանգապետներ, կոնգրեսականներ ու ԱՄՆ-ում տարբեր երկրների դեսպաններ եւ այլ ազգությունների ներկայացուցիչներ: Թայմս Սքուերը հատուկ այս միջոցառման համար փակվում է, որպեսզի ոգեկոչվի Ցեղասպանության հիշատակի օրը: Այս մեծամասշտաբ միջոցառումը, որին մասնակցում են Ամերիկայում գործող բոլոր հայկական կազմակերպություններն ու կառույցները, 1985 թվականին նախաձեռնել եւ ամեն տարի իրականություն է դարձնում «Վարդանանց ասպետները»: 2015 թ` 100-րդ տարելիցի բողոքի երթին մոտ 16,000 մարդ մասնակցեց, եւ այն լայնորեն լուսաբանվեց ամերիկյան լրատվամիջոցների կողմից: Շատ անվանի մտավորականներ, գիտնականներ, կոնգրեսականներ են մասնակցում Թայմս Սքուերի հավաքներին: Նյու Յորքի սբ. Վարդան եկեղեցին նույնպես Վարդանանց Ասպետների աջակցությամբ է կաառուցվել, ուստի եւ կրում է սբ. Վարդանի անունը:

1988 թվականի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո դրամահավաք կազմակերպվեց եւ ավելի քան 150,000 ԱՄՆ դոլարի աջակցություն ուղարկվեց Գյումրի քաղաք:

Մեծածավալ ծրագրերից է նաեւ դպրոցաշինությունը: Այստեղ Վարդանանց Ասպետները համագործակցում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի հետ: Մինչ այսօր կազմակերպությունը 2,7 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն է ցուցաբերել, իսկ Համաշխարհային բանկը լրացրել է անհրաժեշտ ֆոնդը մինչեւ 33 միլիոն ԱՄՆ դոլար եւ արդեն 250-ից ավել դպրոցներ եւ մանկապարտեզներ են կառուցվել եւ վերանորոգվել:

Վարդանանց Ասպետները համագործակցում է Ֆուլեր տնաշինական կենտրոնի հետ եւ տներ կառուցում կարիքավոր, բազմանդամ ընտանիքների համար: Առ այսօր ավելի քան 18 ընտանիքներ իրենց կայուն տանիքն են կառուցել Վարդանանց Ասպետների աջակցությամբ:

Այժմ «Վարդանանց ասպետներ»-ի աջակցությամբ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր սահմանամերձ գյուղի մոտ մարզամշակութային համալիր է կառուցվում երեխաների համար:

ԱՄՆ-ում ֆինանսավորում են հայկական դպրոցներ, կրթաթոշակներ են տրվում սփյուռքահայ ուսանողներին, ովքեր սովորում են ամերիկյան տարբեր համալսարաններում: Միչիգանի համալսարանում հայկական հետազոտության կենտրոն կա, որը նույնպես ֆինանսավորվում է «Վարդանանց ասպետներ»-ի կողմից:

Կազմակերպությունը ֆինանսական օգնություն է ցույց տալիս Երեւանի պետական եւ ճարտարագիտական համալսարանների բարձր առաջադիմությամբ եւ անապահով մի խումբ ուսանողների:

Այս տարի նոր համագործակցություն է սկսվել Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողների համար:

Եւ բազում այլ ծրագրեր են իրականացվում Բերդի տարածաշրջանում, Գյումրիում, Երեւանում, ինչպես նաեւ Արցախում:

Շուտով «Վարդանանց ասպետներ»-ի ղեկավարներից եւ անդամներից մի խումբ կժամանի Հայաստանՙ ամենամյա այցերի շրջանակում: «Ազգ»-ը առիթը չի կորցնի կազմակերպության ներկայացուցիչների հետ զրուցելուՙ ընթերցողներին ավելի մոտիկից ներկայացնելու համար ազգօգուտ այս կազմակերպության ծրագրերը:

Նկար 1. Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի «Վարդանանց ասպետների» վերանորոգած դպրոցը

Նկար 2. Վարդանանց մարզամշակութային կենտրոնի տարածքը Տավուշի Վերին Կարմիրաղբյուր գյուղում

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ